Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Ապրիլ 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 26
27 28 29 30      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Շաբաթ, 25 Ապրիլ 2015
Շաբաթ, 25 Ապրիլ 2015 10:59 Թեմա

ՀԱՅՈՑ ԵՂԵՌՆԻ ՄԱՍԻՆ ՎԿԱՅՈՂ ԴՐՎԱԳՆԵՐ`


ԲԱՇԳՅԱՌՆԵՑԻ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀՈՒՇԵՐՈՒՄ


Նվիրվում է Հայոց Եղեռնի զոհերի հիշատակին


Գառնիի հեթանոսական տաճարի պարիսպի մի անկյունում, կամ այգու հեռավոր մի ընկուզենու ստվերում, հաճախ էին հավաքվում արդեն ծերացած` բաշգյառնեցի նախկին կամավորականները, որոնք մարտնչել էին 1914-21 թվականներին` Արևմտյան Հայաստանի ռազմաճակատներում, Սարդարապատի և Բաշ-Ապարանի համար մղած մարտերում, իսկ 1921թ. մասնակցել էին փետրվարյան ապստամբությանը: Ի դեպ, դրանք այն կամավորականներն էին, որոնք ողջ էին մնացել երկարատև կռիվներից հետո, և 1921թ. հունիսի վերջին, Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի զորախմբի հետ չէին անցել Պարսկաստան, այլ հավատալով բոլշևիկյան խորհրդային իշխանությանը, մնացել էին Հայաստանում, անցնելով խաղաղ աշխատանքի, սակայն շուտով վրա էր հասել 1937 թվականին սկսված ստալինայան «ռեպրեսիան»` քրեական հաշվեհարդարը, և Բաշգյառնիից` մոտ 50 ընտանիքներ աքսորվել էին Սիբիր: 1955թվականից սկսած, նախկին կամավորականների մեծ մասը վերադարձան սիբիրյան աքսորից, որոնց մեջ էր նաև ճանաչված անվեհեր «մաուզերիստ» Բաշգյառնեցի Ռոստոմը, որն իր քաջագործություններով աչքի էր ընկել դեռևս Մշո դաշտի ու Սասնա նախալեռների հայկական բնակավայրերի ազատագրական մարտերում:

 

Մանկություն` ծերացած կամավորականների գաղտնի հավաքատեղիում


Բաբկեն Բաբայանը` 15 տարեկանում
Եվ ահա նշված Ռոստոմը` Բաշգյառնեցի Արիստակես Առաքելյանը, որը 1937-55 թվականնսրին, ընտանիքով անցկացրել էր Նովոսիբիրսկի և Բառնաուլի աքսորավայրերում, անցյալ դարի 60-ականներից աշխատում էր որպես Գառնիի հեթանոսական տաճարի այգիների մշակող-պահակ, իսկ տաճարի պահակը առանձին էր: Հասկանալի էր, որ նախկին կամավորականները, գալիս էին հեթանոսական տաճար` Ռոստոմին տեսնելու, որն էլ նրանց բոլորին միավորող օղակն էր հանդիսանում: Կյանքի հետաքրքիր և խորհրդավոր ճանապարհ անցած` նախկին կամավորականները, նույնիսկ ծերության տարիքում էլ շատ զգուշավոր էին` չէին վստահում անծանոթներին, առավել ևս` կասկածելի անձանց: Այդ տարիներին, լինելով 13-14 տարեկան դպրոցական երեխա, ես շատ կապված էի պապիկիս հետ, քանի որ 1956 թվականի նոյեմբերին մահացավ Սոնա տատս, և իմ պատկերացմամբ` պապս որբացավ: Ես էի զբաղվում նրա խնամքով, մեր բակում, կամ այգու ծառերի ստվերում նստած` պապս հաճախ էր հանձնարարություններ տալիս ինձ, և ես չէի ձանձրանում նրան սննդամթերք, ծխախոտ, թան ու սառը ջուր հասցնելու գործում: Այդ տարիքից, պապս ինձ բավականին հետաքրքրական պատմություններով էր «գերել», պատմություններ, որոնք վերաբերվում էին Արևմտյան Հայաստանի համար ծավալված` 1914-18թթ. պատերազմին, Սերոբ Աղբյուրի, Գևորգ Չավուշի ու Զորավար Անդրանիկի մղած հերոսական–հայդուկային կռիներին: Իմ մանկական հոգին հրճվում էր, երբ լսում էի, թե Անդրանիկը հայդուկների փոքր ջոկատներով ինչպես էր հաղթում թուրքական զորքերին, տխրում էի, երբ պապս պատմում էր Սերոբ-փաշայի դավադիր սպանության մասին:
Այսպես մտերմացած` դարձել էի պապիկիս «անբաժան ընկերը», նրա պոչից կպած գնում էի ամեն տեղ, համարձակորեն գնում էի հեթնոսական տաճարի այն մասը, որտեղ հավաքվում էին նշված նախկին կամավորականները` խմբապետներ Մարտիրոսի, Մեծ Ղազարի, Մակեդոնի և Խնկոյի կամավորական վաշտերի նախկին զինվորներից՝ Ռոստոմը, «բոբիկ» Գրիգորը, Տուկանի Եգորը, Մորուք Հարութը, Դարզու Գարուշը, Թամրազի Սարոն և այլ կամավորականներ, որոնք կռվել էին Զորավար Անդրանիկի 1-ին, Դրոյի 2-րդ, Համազասպի 3-րդ, Քեռու 4-րդ. և մյուս կամավորական ջոկատներում ու գնդերում: Հետաքրքրական զրույցներն ու վեճերը հաճախ ավարտվում էին բաժակաճառերով, որի ժամանակ դերակատարություն ունեի նաև ես, քանի որ մեր տունը տաճարին մոտիկ էր, ուստի պապիկիս հանձնարարությամբ՝ վազքով մեր տուն էի հասնում և օղու բաժակներ ու սննդամթերք բերում` նախկին կամավորականների համար:

Ալեքսան Բաբայան

Չնայած իմ այդքան նվիրվածությանն ու հավատարմությանը, պապս մի օր դիտողություն ստացավ իրենց ավագ ընկեր Մորուք Հարութից.
- Ալեք, այստեղ մենք հազար ու մի բանի մասին ենք խոսում, ինչո՞ւ ես երեխային մեզ մոտ բերում, հետո էլ գնա տանը պատմի, տղադ ու հարսդ էլ մանկավարժներ են, երևի կուսակցական…
Պապս նրան հակադարձեց, որ իմ թոռնիկին վստահում եմ, նա տարված է կամավորական, հայդուկային կռիվներով, ամբողջ օրը ես նրան պատմում եմ Անդրանիկի և ֆիդայինների մասին, իսկ այստեղ գալիս է` ավելի շատ և հետաքրքիր պատմություններ լսելու համար, այնպես որ թոռնիկիս մի կասկածիր:
Ես ոգևորվեցի պապիկիս խոսքերից և աշխատում էի ավելի վստահելի ու հավատարիմ երևալ ծերունի կամավորականների աչքին:
Իմ գործողություններով հայտնվել էի նաև հայրիկիս` Արտավազդ Բաբայանի տեսադաշտում, որը ճանաչված մանկավարժ էր, Գառնիի միջնակարգ դպրոցի տնօրենը և Հայոց լեզվի ու գրականության ուսուցիչ: Նա լրջորեն հետաքրքրվեց իմ վարքագծով, թե ես ինչու եմ ամբողջ օրը անցկացնում ծերունիների կողքին:
Երբեմն հայրս զայրանում էր, տուն կանչելով դիտողություն անում ինձ, թե ինչու՞ քո տարիքի երեխաների հետ չես խաղում, կամ զբոսնում, ամբողջ օրը պապիկիդ, վարպետ Գրիգորի, կամ հեթանոսական տաճարի պահակ Ռոստոմի ու մյուս ծերունիների կողքին եմ քեզ տեսնում:
Հայրս շատ էր տուժել իր աշխատանքային որոշ ընկերների զրպարտչական՝ անանուն նամակ-մատերիալներից, որոնց «հիման վրա», իբր ինքը ռազմագերի էր եղել, և այդ «հիմքերով» նրան 1951թ. ազատել էին Գառնիի միջն. դպրոցի տնօրենի պաշտոնից և միայն 1956 թվականին էր արդարացվել` վերականգնվելով նույն պաշտոնում ու կուսակցության շարքերում, ուստի շատ զգույշ էր բոլոր տեսակի հարցերում և զբաղված էր միայն իր մանկավարժական գործերով: Մի օր էլ, այսպիսի հետաքրքրական դեպք պատահեց մեր տանը, երբ պապս հերթական պատմություններն էր անում՝ արևմտյան Հայաստանի կռիվների ու կոտորածների մասին:
Հայրս պատշգամբում նստած գիրք էր կարդում, սակայն ուշադիր լսելով պապիկիս պատմածները, թողեց գիրքն ու աթոռը և ցած իջնելով պատշգամբից, մոտեցավ ծերունուն և շատ հանգիստ ու քաղաքավարի տոնով ասաց հետևյալը.
- Հայրիկ, ախր 13-14 տարեկան երեխայի ինչի՞ն են հարկավոր այդ ահավոր կոտորածների ու կռիվների պատմությունները, թող գնա իր տարիքի երեխաների հետ խաղա, դասերը սովորի…
Հիշում եմ նաև պապիկիս պատասխանը.
- Թող մանրամասն լսի, թե ինչ զուլում եկավ մեր տաճկահայերի՝ արևմտահայերի գլխին, նա էլ կպատմի իր հասակակիցներին և հետագա սերունդներին, այնպես որ այդ բոլորը մոռանալու բան չէ որդիս…:
Անցել են երկար տարիներ, և այսօր, երբ արդեն հայոց ցեղասպանության ականատես իմ հարազտներն ու մտերիմները վաղուց հանգուցյալներ են, ուստի ես նրանց պատմած ու նկարագրած հիշողությունները նույնությամբ հանձնում եմ մամուլի էջերին, կատարելով իմ բարոյական պարտքը՝ այն մարդկանց նկատմամբ, ովքեր ինձ պատմել են այդ դառն ու տխուր, սակայն փաստացի մանրամասները:

Կամավորական պապս` Ալեքսան Բաբայանը

Ալեքսան Բաբայանը`ցարական բանակում

1972թ. Մայիսի 18-ին մահացավ Ալեքսան պապս` 86 տարեկան հասակում, թողնելով ծավալուն, հետաքրքրական հուշեր՝ Արևմտյան Հայաստանի ազատագրական կռիվների մասին, որոնց շարքում քիչ չեն նաև՝ մեր արևմտահայերի ողբերգական կոտորածների դրվագները, որոնք պատանեկան տարիքից ամուր պահելով հիշողությանս մեջ՝ 4-5 տասնամյակներ հետո, հանձնում եմ մեր ընթերցողի ուշադրությանը: Բաշգյառնեցի կամավորականների մասին գրած և Հայաստանյան մամուլում հրապարակված մի շարք հոդվածներում, ես բավականին մանրամասներ եմ նկարագրել Ալեքսան պապիկիս մասին, սակայն սույն հոդվածում նույնպես ավելորդ չեմ համարում նշել նրա մասին, քանի որ պապս է մասնակիցը՝ ազատագրական կռիվների և ականատեսը՝ ողբերգական կոտորածների:
Եվ այսպես, բաշգյառնեցի Ալեքսան Թադևոսի Բաբայանն էր պապս՝ 1886թ. ծնված, Երևանի նահանգի Կոտայքի շրջանի Բաշգյառնի գյուղում: 1907-11թթ. պապս ծառայել էր ցարական ռուսական բանակում՝ Պետերբուրգ և Ռիգա քաղաքներում: Վերադառնալով Հայաստան, մինչև 1914թ. աշունը` զբաղվել էր խաղաղ աշխատանքով, իսկ նշված ժամանակ պապս նորից զորակոչվել էր ռուսական բանակ, քանի որ այդ տարվա օգոստոսի 1-ին սկսվել էր առաջին աշխարհամարտը և Ռոսաստանը շատ արագ կերպով ռազմաճակատ էր բացել օսմանյան Թուրքիայի դեմ: Այս անգամ, Ալեքսան պապիկիս ծառայության էին ուղարկել Պարսկաստանում ձևավորվող ռուսական Կովկասյան հետևակային 2-րդ, կամ Սալմաստյան դիվիզիա, և Խոյ քաղաքում, առաջին անգամ պապս տեսել էր Զորավար Անդրանիկին, որը նույնպես հեծյալ զորամաս էր կազմավորում:
1915թ. Ապրիլի 18-ից-20-ին, նշված դիվիզիայի կազմում՝ պապս մասնակցել էր Դիլմանի ահեղ ճակատամարտին, նույն թվականի մայիսի 2-5-ին մասնակցել էր պաշարված Վանի ազատագրական կռիվներին՝ գեներալ-լեյտենանտ Թովմաս Նազարբեկովի հրամանատարությամբ, իսկ 1916թ. Փետրվարի 19-20-ին, նույն դիվիզիայի կազմում արդեն մասնակցել էր Բիթլիսի (Բաղեշի) ազատագրմանն ու հասել մինչև Մշո դաշտ և Սասնա նախալեռներ: 1918թ. Մարտին, ռուսական զորքերի ընդհանուր նահանջից հետո, էրզրումի` (Կարին) ռազմաճակատի կազմալուծման օրերին, պապս ներկայացել էր Դրոյի կամավորական 2-րդ գունդ, որտեղ ծառայության էր անցել Բաշգյառնեցիների հեծյալ-հետևակային հարյուրյակում: Բաշգյառնեցի խմբապետ Մարտիրոս Աբրահամյանի հրամանատարությամբ մարտնչող ստորաբաժանումն էր դա, և պապիկիս ծառայությունները գնահատելով՝ որպես պատերազմական գործողություններով անցած ենթասպայի, Մարտիրոսը պապիկիս նշանակել էր դասակի հրամանատարի պաշտոնում: Եվ այնուհետև, Սարիղամիշում, Սուրմալուի դաշտում, Սարդարապատի և ԲաշԱպարանի ճակատամարտերում, Հայաստանի առաջին հանրապետության անկախության համար մղված կռիվներում, ինչպես նաև 1921թ. Փետրվարյան ապստամբության ընթացքում, պապս կռվել էր Մարտիրոս Աբրահամյանի ստորաբաժանումների կազմում: Հրաշքով էր պապս ազատվել 1937թ. հաշվեհարդարներից, երբ սուտ մատնությամբ նրան կանչել էին Երևանի ՆԿՎԴ, թե իբր կասկածվում է մեկ հայ հեղափոխական-բոլշևիկի սպանության մեջ, իսկ պապս գրագետ և խելացի պատասխան էր տվել, որ եթե այդպես է, ուրեմն «սպանել եմ» Երևանի քաղաքապետարանի պատասխանատու աշխատող Արամ Շահգյալդյանին, զանգահարեք նրան և պարզեք, թե ով եմ ես: Իրականում, պապս, 1920թ. նոյեմբերին, Բաշգյառնիում փրկել էր երիտասարդ հեղափոխական Արամ Շահգյալդյանին՝ նրան մաուզերիստներից թաքցրել էր իրենց տանը, և ապա գիշերով` Ղամարլուի (Արտաշատի) շրջանով ճանապարհել Երևան: Ա. Շահգյալդյանը, որպես երախտագիտության նշան, թողել էր իր անձնական տվյալները, որ անհրաժեշտության դեպքում՝ պապս դիմեր իրեն…
Հետաքրքիր ձևով ու համեմունքներով էր պապս պատմում այս մասին, թե մինչ այդ` ինչպես էին վերաբերվել իր հետ. «Հարցաքննող ռուսախոս պոլկովնիկը` գնդապետը բաքվի հայ էր` Ավանեսով ազգանվամբ: Շատ լկտի էր պահում իրեն, խոսում էր հայհոյանքներով, թե պատմիր, «դաշնակցական գայլ», ինչպես հեղափոխական-բոլշևիկին վայր գլորեցիր ժայռից, իսկ երբ պատասխանեցի, որ այդպիսի դեպք չի եղել, իմ հասցեին դա զրպարտություն է, սուտմատնություն, նա լպիրշ ձևով սկսեց հայոյել, թե քո «դաշնակցական ծնողը…», իսկ ես նրան հակադարձեցի.
- Ձեր կուսակցությո՞ւնն է այդպես սովորեցնում, թե՞ Լենինը, այդքա՞ն է ձեր կուլտուրան, ծնողը ինչ կապ ունի այստեղ, չէ որ ծնողը մարդու համար մնում է որպես ծնող…

Զայրացա, պաշտոնական դիրքը չարաշահող այդ վայ գնդապետի վրա, և պահանջեցի, որպեսզի անմիջապես զանգահարի Արամ Շահգյալդյանին: Գնդապետը քմծիծաղով ավելացրեց, թե քիչ էլ մնա` «կոմսոմոլ կձևանաս», այնուհետև անցավ կից սենյակը և այնտեղից զանգահարեց: Հեռախոսափողում լսեցի պարզ խոսակցություն.
- Ընկեր Շահգյալդյան, բաշգյառնիից մի «դաշնակցական գայլի» ենք բերել, կասկածվում է սպանություն կատարելու մեջ, սակայն հարցաքննության ընթացքում` Ձեզ է վկայակոչում: Նույն պահին լսափողում լսվում է Արամ Շահգյալդյանի հետևյալ խոսքերը.
- Հարցրեք, եթե Բաշգյառնիից` Բաբոյենց Ալեքն է, հենց հիմա ազատեք, թող գնա իրենց տուն, նա է փրկել ինձ` 1920 թվականին: Կից սենյակից գալիս է` երիտասարդ բոլշևիկյան գնդապետը,-հաղթողի կեցվածքով շարունակում էր պապս, և բարեկիրթ անձնավորության ձև տալով իրեն դիմում է ինձ, հյուրասիրելով նաև «գատովի»` պետական ծխախոտ. «Հայրիկ, կգնաս Ձեր գյուղ և առաջինը, եթե քեզ կմոտենա գյուղխորհրդի նախագահը և կհարցնի, թե քեռի, գործերդ ինչպես եղավ, նրան կին կհայհոյես, և կասես, որ բոլորը իր սարքած գործերն է»:
Իրոք, երեկոյան կողմ, երբ պապս նստած իր ձիուն` հասել էր Բաշգյառնի և գյուղամիջյան կենտրոնական աղբյուրի մոտ կանգնել էր, որպեսզի ձին ջուր խմի, այդ պահին գյուղապետը մոտեցել էր ու հարցրել, թե քեռի, գործերդ ինչպես եղավ, պապս նրան պատասխանել էր.
- Այն գնդապետի պատվիրած հայհոյանքը կասեի քեզ, սակայն բախտդ բերեց, աղբյուրի մոտ բավականին կանայք ու աղջիկներ կան հավաքված:
Հետաքրքիր դիպված էր տեղի ունեցել պապիկիս և կամավորական տասնապետ Ռոստոմի միջև, այն օրերին, երբ պապիկիս, որպես կասկածյալ կանչել էին Երևանի ՆԿՎԴ-ի վարչություն: Զինված պահակախումբը ուղեկցելիս է լինում Ռոստոմին` Արիստակես Առաքելյանին, և հանկարծ միջանցքում տեսնելով պապիկիս` բարձրաձայնում է, թե էս Բաբոյենց Ալեքին ինչո՞ւ եք բերել, նա բոլշևիկ չի սպանել, իսկ Արևմտյան Հայաստանում կռվել է թուրքերի դեմ: Այնուհետև, նույն խոսքերը կրկնել էր ղեկավարության մոտ, ավելացնելով նաև հետևյալ բառերը, որ միևնույն է` ինձ մեղադրում եք 6-7 բոլշևիկների սպանության համար, այդ մեկն էլ ավելացրեք իմ վրա: Պապս այս բոլորը չէր մոռացել և որպես երախտագիտության նշան, Ռոստոմի աքսորից վերադառնալուց հետո, 1960 թվականին իր ձիասայլը նվիրեց նրան, և մեզ` երեխաներիս համոզելով, որ Ռոստոմը իրեն մեծ լավություն է արել ժամանակին:
Ինչպես նշել եմ սկզբնամասում, պապս 1914-17թթ. մարտնչել էր ռուսական դիվիզիայի կազմում և ազատագրական մարտերով հասել մինչև Մշո դաշտ ու Սասնա նախալեռներ, իսկ կամավորական զորամաս էր եկել 1918թ. մարտ ամսից: Հասկանալի է, որ ռուսական զորամասերում մարտնչած 3 տարիների ընթացքում նա ազատ չի եղել կամավորականների պես, այսինքն` չէր կարող ազատ շրջել հայկական բնակավայրերով և տեսներ թուրքերի կատարած բոլոր տեսակի բարբարոսությունները, ուստի պապիկիս պատմած հուշերում` ռազմական գործողությունների մասին հիշողությունները գերակշռում են: Հետաքրքրական հիշողությունների շարքից է պապիկիս պատմածներից` «Ես Բիթլիս է կերթամ լաո~…», և մի քանի այլ հատվածներ, որտեղ արտացոլվում է Զորավար Անդրանիկի և մյուս հայ զորահրամանատարների քաջագործությունների մասին` հատկապես արևմտյան Հայաստանի ազատագրական ռազմաճակատներում:
Ըստ իր հիշողությունների հերթականության, 1917թ. փետրվար-մարտ ամիսներին, ռուսական առաջապահ զորամասերը համարյա ազատագրել էին արևմտյան Հայաստանը՝ հասնելով Տիգրիս և Եփրատ գետերի ափերը, պատմում էր Ալեքսան պապս.
- Մեր զորքերին այլևս չդիմադրող, այլ հետ փախչող թուրք ասկյարներին հայհոյելուց բացի, ասում էինք նաև, որ ձեր «վարդանյոխն էլ եկավ», այսինքն՝ ձեր վերջն էլ եկավ թուրք զինվորներ: Սակայն կատարվեց ամենասարսափելին ու անսպասելին՝ 1917թ. փետրվարյան հեղափոխությունը անբուժելի խոլերայի պես թափանցեց ռուսական բանակի շարքերը: Եթե թուրքական քայքայված բանակում իշխում էր սովն ու համաճարակը՝ իսկական խոլերայի, ապա ցարական ռուսական երբեմնի հզոր բանակի շարքերը սկսեցին քայքայել` անհնազանդությունը, դասալքությունը, դավադրությունն ու դավաճանությունը:
Խորը ափսոսանքով էր նկարագրում պապս՝ այս ամենը, ինչ որ կատարվել էր առաջավոր ազատագրական ռազմաճակատներում.
- Մի քանի ամսում քայքայվեցին ռուսական ցարական բանակի գեներալներ` Չերնոզուբովի, Նիկոլաևի, Տրուխինի, Նազարբեկովի, Լեբեդինսկու Աբացիևի և մյուս գեներալների հրամանատարությամբ մարտնչող հարվածային դիվիզիաները: Դասալքությունը դարձավ «անբուժելի հիվանդություն» ռուսական բանակի շարքերում, իսկ ռուսական բանակի սպաները միասնական այսպիսի կարգախոս հորինեցին, որը և դարձրեցին իրենց դավաճանությունն ու դավադրությունն արդարացնող պատճառաբանություն…, որի մասին նույնիսկ խորը ծերության տարիքում չէր մոռացել Ալեքսան պապս և հաճախ էր մտաբերում ռուսերենով. «Նետու ցարյա Նիկոլայա-վտորովո, դլյա կովո բոլշե բուդեմ վոյեվատ, զնաչիտ վսյո տովարիշչի դոմոյ…»:
Ահա այսպիսի խայտառակ կարգախոսը դարձնելով «ընդունելի», ռուսական բանակի զորամասերը ոչ թե կազմակերպված նահանջ էին կատարում, այլ` անկազմակերպ փախուստ, որից օգտվելով, կործանման եզրին հասած թուրքական բանակը անցավ հակահարձակման, և խախտելով 1917թ. իրենց իսկ խնդրանքով դրված դեմարկացիոն սահմանագիծը` թուրքական զորքերը 1918թ. փետրվարի վերջին դուրս եկան Էրզրումի մատույցները, և չնայած նոր կազմավորվող հայկական բանակային կորպուսի փառաբանված հրամանատար, գեներալ-լեյտենանտ Թովմաս Նազարբեկովի ու մյուս զորահրամանատարների ջանքերին, մարտի 25-ին, թուրքական զորքերը գրավեցին ժամանակի հզոր բերդաքաղաք Էրզրումը՝ հայկական պատմական Կարին քաղաքը: Հատկապես Հայաստանի անկախանալուց հետո, այսինքն՝ վերջին 20-25 տարիներին, մի քանի տասնյակ հոդվածներում նկարագրել և վերլուծական ենք տվել՝ 1914-18թթ. արևմտյան Հայաստանի ռազմաճակատներում կատարված մարտական գործողությունների մասին, ինչպես նաև՝ Սարդարապատի և ԲաշԱպարանի ճակատներում տարած մեր հաղթանակների մասին, ուստի սույն հոդվածը ցանկանում եմ ավարտել պապիկիս այն հիշողություններով, որոնք վկայում են Հայոց ցեղասպանության մասին: Առավել ազդեցիկ տպավորություն էին թողել պապիկիս վրա՝ արևմտյան Հայաստանում տեսած, մեր հայերի կոտորածները՝ Վան քաղաքի ազատագրման ժամանակ, Մշո դաշտում, և Եփրատ գետի վարարած ջրերի մեջ տեսած բազմահազար հայ կանանց ու երիտասարդ աղջիկների սպանված ու խեղդամահ եղած դիակաները: Ահա, թե ինչ էր պատմում Ալեքսան պապս` Վանի ազատագրման օրերից .
- Գեներալ Նազարբեկովի հրամանատարությամբ՝ 1915թ. Ապրիլի 18-ից 20-ին Դիլմանի ճակատամարտում հաղթանակ տանելուց հետո, մեր Սալմաստյան դիվիզիայի զորամասերը Մայիսի 3-ին հասան թուրքական զորքերով պաշարված Վան քաղաք, որտեղ նաև կռվում էին Անդրանիկի, Դրոյի և մյուս կամավորական ջոկատներն ու զորամասերը: Ճիշտ է ասում էինք Վանը ազատագրեցինք, սակայն ինչպիսի զոհերի գնով, որքան անմեղ կանանց ու երեխաների, ծերերի դիակներ էին փռված բակերում ու փողոցներում, ահավոր էր նայել այդ օրերի այն Վանին, որը եղել էր արվեստի ու ճարտարապետության, հարուստ վաճառականների, մեծամեծերի քաղաք, սակայն մենք «ազատագրեցինք» թալանված ու կողպտված Վան քաղաքը, որի կենսախինդ թաղամասերը՝ թուրքական վայրագ ոհմակները ավերակների ու գերեզմանոցների էին վերածել: Վանի հին բնակիչների զրույցից՝ պապս հիշում էր հետևյալ խոսակցությունը, որ վանեցիները այնքան հարուստ էին եղել, որ եթե կպնեիր ցանկացած վանեցու գրպանին, պետք է լսեիր «ոսկու զրնգոցը», այսինքն՝ Վանը եղել էր արհեստավորների ու վաճառականների հարուստ քաղաք և ժողովուրդը` մեծամասամբ լավ էին ապրել: Նաև՝ այսպիսի զրույց էր հիշում պապս, որ վանեցիները իրար հարցնում էին` հավաքածդ կերա՞ր, թե՞ թալանի բաժին եղավ…:
Պարզվում էր, որ 1915թ. գարնանը, Օսմանյան բռնակալական իշխանության հրեշավոր ծրագրերի մեջ` մտավորականությանը և զինգործին պիտանի տղամարդկանց ոչնչացնելու, բնիկ հայերին իրենց բնակավայրերից տեղահան անելու հետ միասին, կարևոր կետ է եղել նաև՝ հարուստ քաղաքների ճնշումն ու նյութական թալանը, որոնց շարքում առաջիններից է հանդիսացել Վան քաղաքը: Այստեղ խորամանկել էին աղվես ու շնագայլ մահմեդական քրդերի նախապես կազմակերպված ու զինված ջոկատները, որոնք «որպես հարևաններ», պատրաստակամություն էին հայտնել, որ կաջակցեն ապստամբած Վանի պաշտպանությանը, սակայն չարաշահելով վանեցիների վստահությունը, գիշերները հարձակվել էին հայերի տների վրա, շատ դեպքերում սպանել ու թալանել նրանց ունեցվածքը: Վանեցիները պատմել էին իրենց ազատագրած հայ զինվորներին, թե ինչպես էին մահմեդական քրդերը թալանում հայերի ունեցվածքը, ձիերին ու ջորիներին բարձած պարկերով, տանում էին հատկապես Վանեցիների ոսկիները, իսկ հազարավոր դիմադրող հայեր սպանվեցին՝ դավադիր ու ավազակ քրդերի ձեռքով:
Պապիկս միայն գոհ էր ռուս-կազակական զորքերից, որոնք թե Դիլմանի ճակատում և թե Վանի ազատագրական մարտերում՝ անխնա ջախջախել էին թուրքական զորքերին: Հատկապես գովաբանում էր կազակական հեծելազորին, ասելով, որ կազակ հեծյալները սրարշավ հնձում էին թուրքական զորքին, մեկ կազակ հեծյալը սուսերամարտում, իր քաջությամբ ու հնարամտությամբ՝ հանգիստ ոչ միայն հաղթում էր երեք թուրք հեծյալի, այլ՝ երեքին էլ սատկացնում էր, դրա համար էլ` թուրքական զորքերը շան պես վախենում էին կազակական հեծելազորից:
Հետո պատմում էր նաև, որ ծառայելով ռուսական զորքում, լավ հարաբերությունների մեջ է եղել ռուս կազակների հետ, 1915թ. ամռան ամիսներին, նրանց հետ ձիերն են լողացրել Վանա ծովի ջրերում, և որ կազակները շատ հարգալից են եղել հայ բնակչության նկատմամբ, իսկ նույն թվականի աշնան նահանջի ժամանակ, յուրաքանչյուր հեծյալ կազակ 2-3 հայ երեխա է ձիով տեղափոխել Սուրմալու և Իգդիր, հանձնելով նրանց՝ համապատասխան ծառայություններին:

Վասպուրականի պատումները

Ալեքսան Բաբայանը`իր տան մուտքի մոտ

Վանի վիալեթի, այսինքն՝ Վասպուրականի, Մշո դաշտի ու Սասնա նախալեռների հայ ազգաբնակչության նկատմամբ կատարված գազանություններին, կոտորածներին մենք կանդրադառնանք մեր հետագա հոդվածներում, ավելի մանրամասն նկարագրելով Բաշգյառնեցի կամավորների հուշերը, թե նրանք Հայոց եղեռնի ինչպիսի դեպքերի ու տեսարանների էին ականատես եղել` 1915-16թթ. ընթացքում, վերը նշված հայկական բնակավայրերի ու տարածքների համար ծավալված մարտական գործողությունների ժամանակ:
Սույն հոդվածի եզրափակիչ մասում, ցանկանում եմ ավելացնել հետաքրքրական դրվագ, որը անցյալ դարի 60-ականներին հաճախ էր կրկնվում պապիկիս և նրա հասակակից ընկերոջ՝ Վանից Բաշգյառնի ներգաղթած Վարդան Շահնազարյանի միջև…
Վանեցի ամուսիններ Վ. Շահնազարյանն ու Աստղիկ Ավետիսյանը փրկվել էին կոտորածներից և ներգաղթելով արևելյան Հայաստան, ժամանակի ընթացքում դարձել էին մանկավարժներ ու բնակություն հաստատել Բաշգյառնի գյուղում: Անցյալ դարի 50-ականների սկզբից եմ հիշում նրանց, որ Գառնիի միջնակարգ դպրոցի տարրական դասարանների Հայոց լեզվի և գրականության գրագետ ու բարեխիղճ ուսուցիչներ էին նրանք, դասավանդել են նաև մեր դասարանին:
Նրանց միակ դուստր Սեդա Ավետիսյանն էլ մանկավարժ էր և ամուսնանալով Բաշգյառնեցի Բատիկ Հովհաննիսյանի հետ, կազմել էին բավականին գրագետ և հաջողակ ընտանիք՝ իրենց 5 զավակների հետ միասին:
Հաճախ էին Շահնազարյան վանեցի ամուսինները հյուրընկալվում մեր տանը, սակայն ես շուտով պետք է հասկանայի, որ նրանց մեր ընտանիքի հետ կապողը` պապիկիս հուշերն էին` ավերված և բռնազավթված Վանի և Վանա ծովի մասին:
Տիկին Աստղիկը զրուցում էր կանանց հետ, իսկ Ալեքսան պապս ու Վարդան Շահնազարյանը առանձնանում էին մի անկյունում, իսկ ամռանը՝ մեր բակի մի ծառի ստվերում:
Նրանց թեման անփոփոխ էր, հիշում էին Վանի կոտորածներն ու թալանը, իսկ որպես նրանց «հավատարիմ օգնական», ես ոչ միայն ժամանակին հասցնում էի նրանց ծխախոտն ու սննդամթերքը, այլ նաև աշխատում էի լսել այն բոլոր պատմությունները, որոնք վերաբերվում էին արևմտյան Հայաստանում կատարված կոտորածներին և տվյալ պարագայում,` Վանին ու Վասպուրականի հայությանը: Շահնազարյանը, թե ինչպիսի զգացումներով ու կարոտով էր լսում պապիկիս հուշերը, ինձ, որպես 14-15 տարեկան պատանու` դժվար չէր հասկանալ, կամ պատկերացնել, քանի որ նրանց զրույցի ավարտին, ես հաճախ էի տեսնում Վարդան Շահնազարյանի հուզված հայացքը, անվերջ կարոտ արտահայտող նրա արցունքակալած աչքերը: Հասկանում էի նաև, որ նա վերապրում էր ոչ միայն իր հարազատների կոտորածը, այլ նրա հոգում նստած էր ամբողջ արևմտյան Հայաստանի այդ մեծ ողբերգության վիշտը:
Անցել են երկար տասնամյակներ, և ես արդեն 68 տարեկան եմ, սակայն աչքիս առաջ են ծերացած պապիս և Վարդան Շահնազարյանի բարի հայացքները, և ես հաճախ եմ վերհիշում նրանց հետաքրքիր, սակայն շատ տխուր ու խորհրդավոր պատմությունները՝ Վանի կոտորածների մասին, ականջներիս մեջ են կարծես ապրում նրանց անմոռանալի զրույցները:
Հատկապես, երբեք չեմ մոռացել նրանց զրույցի մաս կազմող հետևյալ նախադասությունները.
- Ալեք ջան, նահանջի ժամանակ, որ հետ եկաք Վանի հողով, մեր գյուղի՝ Ավանցի մայր եկեղեցին կանգուն էր, թե այդ անիծված թուրքերը արդեն ավերել էին…
Ալեքսան պապս, կարծես թե լարում էր իր հետ «ծերացող» հիշողությունը, սկզբում լուռ ծխում էր և ապա թեզբեհի հատիկները կամաց-կամաց քաշելով, այսպես էր պատասխանում իր մտերիմ ընկեր Վարդան Շահնազարյանին.
- Վարդան ջան, 1917թ. աշնանը, արդեն նահանջում էինք՝ գլուխներս կորցրած, ռուսական զորքը քայքայվել էր, այլևս կարգ ու կանոն չկար, պարզապես հետ էինք փախչում, իսկ այդ պայմաններում միայն մտածում էինք ողջ, մնալու մասին: Այնպես որ, սուտ չեմ կարող ասել, հետ նահանջելուց` ձեր գյուղով չենք անցել, իսկ մնացածի մասին քեզ պատմել եմ, թե ինչպես եմ 1918թ. մարտին հասել Էրզրումի ճակատ և բերդաքաղաքի հանձնումից հետո ներկայացել Դրոյի կամավորական 2-րդ. գունդ և այնուհետև մարտնչել բաշգյառնեցիների հարյուրյակում:
Բարի, հյուրասեր ու հայասեր մարդ էր` Ալեքսան պապս, առավոտյան լվացվելիս անպայման երեսը խաչակնքում էր և արտասանում. «Բոժե ցարյա խրանին», որպես քրիստոնյա ու ռուսական բանակում 7 տարի ծառայած զինվոր, իսկ երեկոյան ընթրիքից հետո` դիմում էր Տեր Աստծուն.
- Դու պահպանես ու փրկես մեզ` քրիստոնյաներիս, օգնես ու կերակրես խեղճերին, աղքատներին, սովյալներին:
Խորհրդային իշխանության տարիներին` այնքան էլ չէին վստահել պապիկիս, որպես դաշնակցական բանակի ենթասպայի և 1921թ. փետրվարյան ապստամբության մասնակցի, չնայած նրա գրագետ և աշխատասեր լինելուն, ընդամենը` պապիկիս վստահել էին Գառնիի կոլտնտեսությունում հողաչափի պաշտոնը, իսկ ծերության տարիներին` կոլտնտեսության խաղողի այգիներում որպես պահակ էր աշխատում:
Համեստ կյանքով էր ապրել պապս, իսկ ծերության տարիքում ընդամենը 20 ռուբլի թոշակ էր ստանում, այն էլ` Հայրենական պատերազմում կրտսեր որդու` լեյտենանտ Նորայր Բաբայանի անհայտ կորած համարվելու համար:
Հոդվածը ցանկանում եմ ավարտել հետևյալ հետաքրքրական վերջաբանով:
1967թ. Նոյեմբերի 25-ի առավոտյան, համագյուղացիներով` Գառնիի կենտրոնական կանգառից բանակ էին ճանապարհում մեզ` 15-20 գառնեցի զինակոչիկների: Ճանապարհելու էր եկել նաև` 82 ամյա պապս` Ալեքսան Բաբայանը, որը հրաժեշտից և մեկնելուց առաջ համբյուրեց ինձ` հայտնելով իր երկար տարիների պահած գաղտնիքներից մեկը.
- Որդիս, վանեցիներից նվեր ստացած 7 ոսկիները` նվիրել եմ հարսներիս, քեզ նվիրելու ոչինչ չունեմ, ուստի Զորավար Անդրանիկի բախտն եմ քեզ ցանկանում, որ ուր էլ գնաս` թշնամու գնդակը թող քեզ չկպնի…
Ահա այն անգնահատելի հարստությունը, որ ինձ նվիրեց Ալեքսան պապս, որն այնքան թանկ է ու նվիրական ինձ համար:

 

ԲԱԲԿԵՆ ԲԱԲԱՅԱՆ
Արցախյան պատերազմի մասնակից
Կազակական զորքերի գնդապետ.


Շարունակելի

Մանրամասն...
Վերջին Թարմացում ( Շաբաթ, 25 Ապրիլ 2015 11:47 )