Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հուլիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
28 29 30 31    
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Երկուշաբաթի, 27 Հուլիս 2015
Երկուշաբաթի, 27 Հուլիս 2015 12:49 Թեմա

ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐՈՎ ՎԵՐԱԾՆՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆ
(Բյուրավոր որդիներիդ խենթ քաջության ու արյան գնով…)

451թ. Մայիսի 24-ի Ավարայրից սկսվեցին հաղթանակներդ` Հայաստան,
1918թ. մայիսին, օսմանցի դահիճներից հրաշքով փրկվեցիր Հայաստան
1945թ. մայիսին, խիզախ որդիներիդ ֆաշիզմի որջում հաղթական քոչարի պարեցին.
1992թ. մայիսին, նորօրյա վրիժառուներդ` չքնաղ Շուշիդ ազատագրեցին Հայաստան.
Սույն թվականի մայիսի 22-ից 28-ին լրաó³í Սարդարապատում և Բաշ Ապարանում, Օսմանյան Թուրքիայի բարբարոս-զավթիչ զորքերի նկատմամբ` մեր տարած փայլուն հաղթանակի և առաջին հանրապետության հռչակման 96-րդ տարեդարձը, իսկ մայիսի 9-ին միաժամանակ լրաó³í 1941-1945թթ. Հայրենական պատերազմում մեր տարած հաղթանակի 69-րդ. և Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձը: Հայ ժողովուրդը ոչ միայն լավ է հիշում մայիսյան մեր հաղթանակների անմոռանալի ու նվիրական օրերը, այլ նաև` մեծ հարգանքով ու խանդավառությամբ է նշում այդ տոները, քանի որ դժվար թե լինի այնպիսի հայ ընտանիք, որի պապերից, ծնողներից և մերօրյա որդիներից մասնակցած, կամ զոհված չլինեն այդ պատերազմներում, հատկապես Արցախի ու Շուշիի անկախության և ազատագրության պայքարում:


ՕԴԱՄԱՐՏԻ ԱՍՊԵՏԸ` ՆԵԼՍՈՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Նախորդ հոդվածներում մենք մանրամասն նշեցինք, թե ինչպիսի մասնակցություն են ունեցել հայ ժողովուրդը և նրա հերոսական որդիները` 1941-1945թթ. Հայրենական պատերազմում, ուստի ներկայումս նպատակահարմար եմ համարում, Շուշիի ազատագրման տոնի առթիվ, տպագրել Շուշիի մեծ որդու` ԽՍՀՄ կրկնակի հերոս, ծովային ավիագնդի հրամանատար, գվարդիայի փոխգնդապետ Նելսոն Ստեփանյանի սխրանքների առասպելից հատվածներ, համոզված լինելով, որ Հայաստանյան գրականությունը` այնքան էլ հարուստ չէ Օդամարտի անվեհեր հայ ասպետի առասպելական դրվագներով: Ի դեպ, նշեմ, որ Նելսոն Ստեփանյանի ծննդյան 90-ամյակին նվիրված հոդվածը 2003թ. ներկայացրեցի «Զինվոր» թերթի խմբագրություն, սակայն համապատասխան բաժնի լրագրողը մերժեց տպագրել, ասելով հետևյալ խոսքերը.
- Հերոսի մարտական օդաչու ընկերը պատվիրել է, որ քանի դեռ ինքը ողջ է, ոչ ոք չփորձի Նելսոն Ստեփանյանի մասին հոդված գրել…
Ես չվիրավորվեցի, պարզապես զարմացա, որ սրբազան գործն էլ ոմանց մոնոպոլիան կարող է դառնալ: Նշված հոդվածը մնաց չտպագրված գրավոր նյութերի շարքում` շուրջ 11 տարի: Եվ ահա մեծ հերոսի ծննդյան 100-ամյակն էլ անցավ` 2013թ. մարտի 28-ին, սակայն որպես Արցախյան պատերազմի մասնակից և նախկին ռազմաճակատային սպա, չեմ կարող անտարբեր մնալ Հայոց մեծերի` Զորավար Անդրանիկի, Դրոյի, Գարեգին Նժդեհի, մարշալներ Հովհաննես Բաղրամյանի, Համազասպ Բաբաջանյանի, ԽՍՀՄ ծովակալ Հովհաննես Իսակովի և Արցախյան նորօրյա գոյամարտի հերոսների գործունեության ու հիշատակի նկատմամբ` համապատասխան առիթներով հաճախ եմ հոդվածներով հանդես գալիս Հայաստանյան մամուլում: Եվ այսօր, երբ անկախացած Հայաստանի բանակը իր մարտական պատրաստականությամբ և սպառազինությամբ դիտվում է որպես մեր տարածաշրջանի հզոր բանակներից մեկը, մեր ռազմական կործանիչները և գրոհային ինքնաթիռներն ու հրթիռայինները հուսալի կերպով պաշտպանում են մեր երկրի օդային սահմանները, ես շատ եմ ցանկանում, որ Հայոց Բանակի երիտասարդ ռազմական օդաչուները շատ բան իմանան Նելսոն Ստեփանյանի և «նրա դպրոցի» խիզախ հայ օդաչուներ Բուռնազյանի, Գազազյանի, Կասաբովի և մյուսների մասին, իրենց հայրենասիրությամբ և խիզախությամբ նմանվեն Նելսոն Ստեփանյանին: Քանի որ Բալթիկայի մրրկահավ ծովային օդաչու Նելսոն Ստեփանյանը ոչնչով չի զիջել ռուսական «օդային ասեր» ռազմական օդաչուներ Կոժեդուբին և Պոկրիշկինին, որոնց պարզապես ԽՍՀՄ եռակի հերոսի կոչում էր շնորհված, իսկ Ն.Ստեփանյանն ու կապիտան Գաստելլոն նույն ճակատագրին արժանացան` իրենց այրվող ինքնաթիռներով խոյահարելով թշնամու ռազմանավին ու Մոսկվայի երկինք ներթափանցած ռազմական օդանավին:
Հայկական սովետական հանրագիտարանի 11-րդ հատորի 130-րդ էջում, Նելսոն Ստեփանյանի հերոսական գործունեության մասին, եթե ոչ աղքատիկ, ապա շատ համեստ բովանդակությամբ ու սահմանափակ նյութ է տպագրված, քանի որ նրա խիզախումների առասպելներից կարելի էր վեպեր գրել նաև: Հերոս հայորդին ծնվել է 1913թ. մարտի 28-ին, Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում, որն հայտնի է շատերին` որպես բնության գեղատեսիլ բնակավայր և հայության հինավուրց մշակույթի կենտրոն: Փոքրիկ Նելսոնը ընդամենը մեկ տարեկան է եղել, երբ նրանց ընտանիքը մշտապես բնակություն է հաստատել Երևանում: Որպես ելակետային տվյալներ, հանրագիտարանից ևս մեկ անգամ վերցնենք հանրահայտ փաստեր և թվեր, որոնք անհերքելի են ու անբաժան Ն. Ստեփանյանի հերոսական կենսագրությունից: 1930թ. ավարտել է Անդրկովկասյան ռազմանախապատրաստական դպրոցը, իսկ 1335թ. Բատայսկի քաղաքացիական նավատորմի օդաչուների դպրոցը: 1935-1938 թթ. աշխատել է Բատայսկում որպես օդաչու-հրահանգիչ, իսկ 1938-1941թթ. Մին Վոդիի ԽՍՀՄ քաղաքացիական օդային նավատորմի օդաչուական բարձրագույն դասընթացներում: Հայրենական պատերազմի առաջին օրերից մեկնել է ռազմաճակատ և մարտնչել որպես գրոհային ավիացիայի օդաչու: Մասնակցել է Զապառոժեի, Պոլտավայի, Օդեսայի, Կախովկայի և Նիկոլաևի պաշտպանությանը: 1941 թ. սեպտեմբերից որպես օղակի հրամանատար, Բալթիական նավատորմի 8-րդ ավիաբրիգադի 57-րդ գնդի, 2-րդ էսկադրիլիայի կազմում` պաշտպանել է Լենինգրադը և այդ մարտերում ցուցաբերած խիզախության և արիության համար արժանացել է հերոսի կոչման: 1942թ. աշնանը կապիտան Ստեփանյանը նշանակվել է էսկադրիլիայի հրամանատար, իսկ 1943թ. ստացել է մայորի կոչում և 1944թ. նշանակվել գրոհային ավիագնդի հրամանատար: 1944թ. ապրիլին իր գրոհային ավիագնդի հետ միասին գործուղվել է Ղրիմ, որտեղ աչքի է ընկել հատկապես Սևաստոպոլի, Թեոդոսիայի և Սուդակի շրջանում մղված մարտերում: 1944 թ. մայիսին վերադարձել է Բալթյան նավատորմ և իր ավիագնդով ակտիվ մասնակցություն ունեցել թշնամու ջախջախմանը` Ֆիննական ծովածոցում և Մերձբալթիկայի ազատագրման մարտական գործողություններում:
Աչքի ընկնող մարտական ծառայությունների և անձնական խիզախության համար երկրորդ անգամ` 1944 թ. օգոստոսի 20-ին ներկայացվել է հերոսի կոչման: Զոհվել է Բալթիկ ծովում` այրվող օդանավով մխրճվելով թշնամու նավախմբի մեջ:
Մինչև 1944թ. օգոստոսի 18-ը, կատարել է 239 մարտական թռիչք, 53 խմբովին, իսկ անձամբ 13 թշնամու նավ է ջրասույզ արել, ոչնչացրել 80 տանկ, 600 ավտոմեքենա և 27 մարտական օդանավ: Ծովի վրա օդային մարտերում ցուցաբերած խիզախության և թռիչքային բարձր վարպետության համար ստացել է «Բալթիկայի մրրկահավ» պատվանունը: Նելսոն Ստեփանյանի բրոնզե կիսանդրին կանգնեցվել է Շուշիում, Ստեփանակերտում և Երևանում, հուշարձանը` Լիևպայում, անունը շնորհվել է խոշոր ձկնորսանավի, պիոներական ջոկատների: Նելսոն Ստեփանյանին Սովետական Միության հերոսի կոչում է շնորհվել 1942թ. նոյեմբերի 23-ին, իսկ 2-րդ անգամ հետմահու` 1945 թ. մարտի 6-ին (այսքանը հանրագիտարանից ): Նրա անվեհեր խիզախության մասին են վկայում նաև այն փաստերը, որ գերմանաֆաշիստական հրամանատարությանը ոչ միայն զգուշացել է Նելսոն Ստեփանյանի թռիչքներից, այլ նաև սարսափել է օդային անվեհեր ասպետից, և այդ մասին մեր օդային ու բանակային հետախուզությունը հաճախ է որսացել «ռադիո-պերեխվատով» ֆաշիստների գաղտնի հաղորդագրությունը, թե ինչպիսի ահ ու սարսափի մեջ է Նելսոնը պահել ֆաշիստական զորքին ու հրամանատարներին: Այսպես, փաստերը վկայում են,որ Սևծովյան և Մերձբալթյան ռազմաճակատների համապատասխան տեղամասերում, ուր մարտնչել է հայոց անմահ արծիվը` գրոհային օդաչու Նելսոն Ստեփանյանը, հաճախ է հնչել գերմանական սարսափած հաղորդագրությունը.
- Ախթունգ, ախթունգ, ուշադրություն, ուշադրություն, Նելսոնը օդում է.
Իսկ դա նշանակում էր, որ հարկավոր է թաքստոց տանել ամեն ինչ, այլապես նա կարող է կոտորել ու ոչնչացնել օդային և վերերկրյա ցանկացած օբյեկտ ու նպատակակետ: Հատուկ զգուշացում էր հաղորդվում Նելսոն Ստեփանյանի մասին նաև այսպիսի բովանդակությամբ, որ նա կարող է հայտնվել գետնից աներևակայելի ցածր ու սահմանափակ բարձրությունների վրա, գնդացրային խուզող կրակով կարող է ոչնչացնել հետևակայիններին, մեքենաներին, կարող է անսպասելիորեն հայտնվել նույնիսկ անտառի բացատներում գտնվողների գլխավերևում, ամենակարևորը, որ դիպուկ ռմբահարությամբ կարող է ոչնչացնել գերմանական նավերը, տանկերին և ցանկացած շարժվող տեխնիկա ու անշարժ կրակակետեր:
Այժմ նկարագրեմ, թե ինչպիսի արժեքավոր հերոսական-առասպելական պատմություններ, գրքեր ու հոդվածներ կարդացի Լենինգրադում, Մոսկվայում, հիասքանչ ու լիարժեք պատկերացում կազմելով մեծ հայորդու` անզուգական հերոս Նելսոն Ստեփանյանի մասին: 1980 թ. սկզբին` ուսման և աշխատանքային-ծառայողական գործերով հաճախ էի լինում նշված մեծ քաղաքներում, իսկ 1985-1986թթ. ընտանիքով բնակվում էինք Լենինգրադի մարզի Վսեվոլոժսկ քաղաքում: Հարգանքով էի վերաբերվում այդ քաղաքի ամեն մի շենքի, փողոցի, ծառի ու թփի հետ, ինքս իմ մեջ քննադատելով, թե ինչ բարոյական իրավունքով է վերանվանվել Լենինգրադ, չէ որ սա Պյոտր առաջինի հիմնադրած քաղաքն է` 1703 թ., նա 1709 թ. Պոլտավայի տակ ջախջախեց շվեդներին, լուսամուտ բացեց դեպի Եվրոպա, նավատորմ ստեղծեց, հզորացրեց լայնարձակ ու մեծ Ռուսիան: Այս մտքերով ծանրաբեռնված Վսեվոլոժսկ քաղաքից 25 կմ, էլեկտրագնացքով գալիս էի ֆինլանդսկի վոկզալ, իսկ այնուհետև ոտքով շրջում էի պատմական հուշարձանների, արվեստի ու գիտության քաղաքի փողոցներով, ուր ամենուրեք տեսնում էի Պյոտր 1-ի ձեռքը, զգում նրա հզոր շունչը և այս քաղաքը կոչվում էր Լենինգրադ: Անցնում էի Նևսկի պրոսպեկտով, ուր հրետանային ակադեմիան էր և այլ հետաքրքիր կառույցներ, այնուհետև գնդապետ Անիչկինի կամուրջը, քիչ ներքևում ֆելդմարշալ Կուտուզովի ու Բարկյալ դե Տոլլի պատմական արձաններն են, դոմ Լենինգրադսկոյ տարգովլի, մեծ փոստատունը, իսկ նրա դիմաց Կովկաս մեծ ռեստորանն է, ավելի ներքև, այսինքն` Նևսկի պողոտայի հյուսիս-արևմտյան եզրին` Հեղափոխության հրապարակն է և Ադմիրալտեյսկի ծովային նավատորմի կառույցները:
Անցել է 27-28 տարի, սակայն հիշողություններս պահպանվել են, հատկապես Նելսոն Ստեփանյանի հետ կապված, երբ Լենինգրադի գրքի տանը և մյուս գրախանութներում տեսա այդքան գրքեր` ծովային օդաչուների և հյուսիսային նավատորմի ռազմական օդաչուների մասին: Ուշադրությունիցս չէր վրիպում` հայեցի հայացքով, խելացի աչքերով, սև բեղավոր ռազմական օդաչուի նկարներով և ոչ մի գիրք, որոնք Նելսոն Ստեփանյանի ու նրա մարտական ընկերների մասին էին…
Այդ տարիներին կարդացի ռուսական գրականության բազմաթիվ դրվագներ, որոնք նվիրված էին հատկապես ռազմական օդաչուներին: Սիրով մեր հետաքրքրասեր ընթերցողին եմ տրամադրում վերը նշված հետաքրքրական հուշերը` ԽՍՀՄ կրկնակի հերոս Ն.Ստեփանյանի մասին: Նա իր մարդկային բարձր հատկանիշներով` ազնվությամբ, քաջությամբ ու ընկերասիրությամբ արժանացել էր իր մարտական ընկերների և ենթակա ռազմական օդաչուների անկեղծ հարգանքին: Նրան հավատարիմ եղբոր պես էր հարգում իր մարտական ընկերը` հյուսիասյին նավատորմի ծովային օդաչու, ԽՍՀՄ հերոս գնդապետ Սաֆոնովը, որը ամենուրեք խորին հարգանքով էր հիշում Ն. Ստեփանյանի և իր նվիրական մարտական ընկերությունը ու խորը ցավ էր ապրում նրա զոհվելու կապակցությամբ: Նելսոն Ստեփանյանին անկեղծորեն հարգում էին նաև դաշնակից զորքերի Նորմանդիա-Նեման ավիագնդի ֆրանսիացի և անգլիացի ռազմական օդաչուները` տեսնելով նրա մարդկային ու խիզախ մարտական անգերազանցելի հատկանիշները: Մարտական ընկերները այսպիսի անմոռանալի հրաշք դեպքեր են պատմում նրա մասին, որ իրենց էսկադրիլան նոր ավիագնդի կազմում երբ օդամարտի էր մասնակցել, նոր հրամանատարը` չճանաչելով խիզախ Նելսոն Ստեփանյանին, նախ նրա հասցեին սխալ արտահայտույթուն էր արել, և ապա տեղում ներողություն էր խնդրել…

ԲԱԼԹՅԱՆ ՄՐՐԿԱՀԱՎԻ ՄԱՐՏԵՐԸ

Ինչ էր կատարվել իրականում:
Օդամարտի ավարտից հետո, գրոհային օդանավերը վերադառնում և վայրէջք են կատարում սեփական նշանակված օդանավակայանում: Վայր իջնելով օդանավերից` օդաչուները շտապում են զեկույց տալու մարտի, կամ հանձնարարության կատարման մասին, սակայն էսկադրիլայի հրամանատարը ամուր նստած է իր օդանավում և վայր իջնելու ոչ մի փորձ նույնիսկ չի կատարում: Ավիագնդի հրամանատար ռուս գնդապետը նայելով կապիտան Նելսոն Ստեփանյանի օդանավի կողմը, օդաչուների ներկայությամբ այսպես է արտահայտվել.
- Վախկոտ կովկասցի է, թռիչքից առաջ սպիրտային խմիչք է օգտագործել երևի, այժմ էլ չի կարողանում վայր իջնել օդանավից:
Քիչ անց Նելսոնը, ի զարմանս գնդապետի, իջնում է օդանավից և լրջորեն զեկույց է տալիս հետևյալի մասին.
- Մարտի ընթացքում իմ օդանավի ձախ թևի ղեկի բռնակը հակառակորդի արկի բեկորից վնասվեց, և մեքենան սկսեց դեպի աջ տանել ղեկը, ես անմիջապես ձախ ռիչագը գոտիով կապեցի ձախ ոտքիս և շարունակեցի օդամարտը: Արդյունքում եղավ այն, որ ձախ ոտքս թմրել էր և երկար ժամանակ չէի կարողանում վայր իջնել օդանավից:
Գնդապետը նախ շատ էր զարմացել այդպիսի արագ և խելացի հնարամտության վրա, և ապա ներողություն խնդրել իր նախնական ոչ ճիշտ եզրակացության համար: Պատերազմի առաջին օրերից այսպիսի խելացի միտք ծագեց և այն արագ իրականացվեց: Ինչպես հավատալ ռազմական օդաչուին, նա կարող է չափազանցեցնել և նույնիսկ ստել, ապա ինչպես համոզվել, որ խփել է թշնամու օդանավին, ոչնչացրել է տեխնիկա: Ուստի, արագ այս հարցի պատասխանը տվեցին գիտությունն ու տեխնիկան, որ մարտնչող օդաչուն պետք է միացնի ֆոտոկամերան և նկարահանի իր գործողությունները: Նշված տեխնիկան ինչպես էր վարպետորեն օգտագործում օդամարտի մեծ հնարամիտ, խիզախ-ասպետ Նելսոն Ստեփանյանը` հիշենք նրա իրականացված որոշ դրվագներից: Օդամարտի հերթական հաղթական ավարտով Նելսոնի էսկադրիլան վերադառնում է դեպի սեփական նշանակության օդանավակայան: Օդաչուներից շատերը չնկատեցին, թե ինչպես էսկադրիլայի հրամանատարը օդային մանյովր կատարեց, և իր գրոհային Իլ-2 օդանավը դուրս բերելով թռչող խմբի առջևից, բոլորովին այլ ուղղությամբ անցավ գրոհի: Հետո պարզվեց, որ բազեի պես ճարպիկ ու սուր տեսողություն ունեցող Նելսոնի աչքից ինչպես կարող էին խուսափել գերմանաֆաշիստական 2 ծանր ռմբակոծիչ «յունկերսները», որքան էլ որ ցանկանային թաքնվել, կամ անտառի կանաչ ֆոնի վրայով քողարկված թռչել: Նելսոնը վարպետորեն գրոհում և ոչնչացնում է ֆաշիստական նշված երկու ծանր ռմբակոծիչներին, որոնք այնքան հանդուգն-լկտի էին պահում իրենց, որ արդեն թռչում էին առանց կործանիչների ուղեկցության: Նշված օդամարտը պարզ է, որ նկարահանում է և ներկայացնում վերադաս հրամանատարությանը և ստանում համապատասխան խրախուսանք ու պարգևատրում:
Եվս մեկ հետաքրքրական դրվագ նկարագրենք Նելսոն Ստեփանյանի օդամարտից, թե նա ինչպես է ողջ մնում, իր խորամանկությամբ` փախուստի մատնելով թշնամու մարտական Մեսսերշմիդտ կործանիչին: Ավարտվում է հերթական օդամարտը և նրա օդանավի գնդացիրը կրակել է վերջին փամփուշտը, դատարկ վիճակ է, և այդ պահին անսպասելիորեն ֆաշիստական կործանիչը մոտենում է Նելսոնի գրոհային օդանավին` այնպիսի տարածության վրա, որ օդաչուները իրար պարզ տեսնում են: Ամենայն հավանականությամբ ֆաշիստը երևի հասկացած է եղել, որ Նելսոնի մոտ չկան կրակային միջոցներ և որ ինքը կարող է սովետական օդաչուի հետ ցանկացած ձևով հաշվեհարդար տեսնել, կամ էլ օդում հենց ծաղր ու ծանակի ենթարկել նրան: Բայց ինչ իմանար այդ ողորմելի ֆաշիստական օդաչուն, թե ինչ խորամանկ ու հնարամիտ մարդ էր իր հակառակորդ օդաչուն: Այդ ծանր իրավիճակում, վարկենական, արագ կողմնորոշվելով, Նելսոնը վերցնում է ձեռքի երկու ազդանշանային հրթիռները և լուսամուտից ուղղում թշնամու օդանավի վրա: Այդ գերմանացի «Քաջ Նազարը» երևի մտածելով, որ ռուսները նորագույն-գաղտնի սպարազինությամբ են արդեն օդ բարձրանում, ժամանակի լավագույն ճանաչված «Մեսսերշմիդտը» արագ չքվում է Նելսոնի տեսադաշտից, իսկ Նելսոնը նկարահանում և յուրայիններին է բերում նաև այդպիսի օդամարտի «կոմեդիա»:
Ինչպես նշել ենք հոդվածի սկզբնամասում, անվերջ են առասպելական մեր հերոսի` Նելսոն Ստեփանյանի սխրանքների դրվագները, ուստի մենք վերհիշում ենք առավել կարևորները ու կաշխատենք նաև նյութը ավարտել հետաքրքրական վերջաբանով:
Մեր հերոսի զոհվելու կապակցությամբ, խորը վիշտ են ապրել նաև նրա մարտական ընկեր և ենթակա օդաչուները, որը արտահայտվել է գրավոր ձևով, ուղղված Նելսոն Ստեփանյանի ծնողներին ու հարազատներին: Ռազմական օդաչուների մի մեծ խումբ այսպես է գրել.
- Հարգելի Գեորգի Ստեփանյան և հարազատներ, մենք` Նելսոն Գեորգիչի մարտական ընկերներով, այսօր արտասվում ենք նրա կորստյան համար, սակայն մեզ որպես զինվորի և ռազմական օդաչուի սազական չէ լացը, ուստի երդվում ենք վրեժ լուծել թշնամուց` մեր սիրելի մարտական ընկերոջ համար…
Ներքևում տասնյակ կոչումներ, ստորագրություններ և ազգանուններ:

Ուշագրավ է նաև հետևյալ տողերը, ուղղված մեր սիրելի հերոսսին.
- Նելսոն, դու ընդամենը 31 տարեկան էիր, երբ զոհվեցիր, բայց ընդմիշտ մնացիր ջահել, իսկ ես 80-ին մոտ ծերուկ եմ արդեն, - իր հուշերում գրել է Ն. Ստեփանյանի մարտական ընկեր, ռուս օդաչու, պաշտոնաթող գնդապետ Իվանովը, - շարունակելով հետևյալ հետաքրքրական խոսքերը.
- Սիրելի Նելսոն, 1955 թ. ես եղա քո հայրենիքում, երբ Երևանում բացվում էր հերոսի քո կիսանդրին: Գիտես թե որքան սրտառուչ ու հուզիչ տեսարան էր հավաքվածների համար...
- Պատկերացնում ես, որդիդ` փոքրիկ Վիլիկը, կիսանդրուդ բացումից անմիջապես հետո բացականչեց.
- Ինձ վեր բարձրացրեք, ես ուզում եմ հայրիկիս տեսնել:
Մարդիկ նրան անմիջապես թևերի վրա վեր բարձրացրին, և տղադ փարվելով կիսանդրուդ, ձեռքով շոյեց քո դեմքը ու շշնջաց.
- Ես տեսա իմ հերոս հայրիկին:

Հայոց օդամարտի անվեհեր ասպետի մասին, հետաքրքրական տեղեկություններ են հանդիպում` Մերձբալթյան առաջին ռազմաճակատի հրամանատար, բանակի գեներալ, 1955 թ. Մարտից` ԽՍՀՄ մարշալ, կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյանի ռազմական հուշերում: Ահա թե ինչ է նշում 1944 թ. Աշնանը, մարշալ Բաղրամյանը` Մերձբալթյան առաջին ռազմաճակատի մարտական գործողությունների մասին:
- Ամեն կերպ սեղմում էինք ֆաշիստական զորքերի պաշարման օղակը, որպեսզի գերմանական ոչ մի դիվիզիա չկարողանար դուրս պրծնել Կուռլանդական շրջափակումից, և այդ նպատակով հաճախ էինք ռմբակոծում Լիեպայայի ու մյուս նավահանգիստները: Ռմբակոծության նպատակով մասնակցում էին հարյուրավոր ռազմական օդանավեր Մերձբալթյան երկու ռազմաճակատներից, Բալթյան նավատորմից և նույնիսկ հեռավոր գործողության ավիացիայից: Եթե ռազմաճակատային ավիացիան զբաղված էր հակառակորդի ցամաքային օդանավակայանների ռմբակոծությամբ, որպեսզի նրանք չխանգարեին մեր ծովային օդաչուներին, ապա մեր նավատորմի ավիատորները ամբողջ ուժերը կենտրոնացրել էին ծովային նավահանգիստների ռնբակոծության վրա, հատկապես Լիեպայայի նավահանգստի: 1944 թ. դեկտեմբերի 14-ին այսպիսի մեծ օպերացիա կազմակերպվեց մեր կողմից,- գրում է մարշալ Հ. Բաղրամյանը:
- Բալթյան նավատորմից միայն այդ օպերացիային մասնակցում էին 200 մարտական օդանավ: Լիեպայայի նավահանգստում մեր օդային հետախուզությունը արշալույսին հայտնաբերեց թշնամու տրանսպորտային և ռազմական նավերի մեծ խմբեր: Գեներալ-գնդապետ Մ.Ի. Սամոխինը իր գրոհայինների զգալի մասը և ռմբակոծիչներին ուղարկեց ֆաշիստական ռազմանավերին ոչնչացնելու: Դա հասարակ խնդիր չէր կատարման համար, քանի որ Լիեպայայի շրջանը հզոր զենիթային հրետանու և կործանիչ ավիացիայի պաշտպանության տակ էր գտնվում: Բոլոր դեպքերում մեր օդանավերը ճեղքեցին հակառակորդի պաշտպանությունը և հասան նշանակված նավահանգստին:
Առաջին խմբի գրոհային օդաչուներին մարտի էր տանում փառաբանված օդաչու, Սովետական միության հերոս, փոխգնդապետ Նելսոն Ստեփանյանը, 2-րդ խմբին` կապիտան Պիսինինը, իսկ 3-րդ խմբին` կրտսեր լեյտենանտ Բորիսովը: Նշված երեք գրոհային խմբերին հանձնարարված էր մաքրել ճանապարհը և ճնշել ռազմանավերի զենիթային միջոցները: Նրանք մինչև նպատակակետերին հասնելը հանդիպեցին դիմակայող 30 մեսսերների: Ուղեկցող կործանիչների աջակցությամբ մեր գրոհայինները մի կերպ հաղթահարեցին առաջին պատնեշը և անցան ռազմանավերի զենիթային միջոցների կասեցնող կրակի ճեղքմանն ու հաղթահարմանը: Շուտով մեր գրոհային օդանավերը ռմբահարությամբ և դիպուկ համազարկերով ֆաշիստական ռազմանավերի զենիթային կրակակետերի մեծ մասը լռեցրին, որը և հեշտացրեց մեր վրա հասնող ռմբակոծիչ օդանավերի գործը: Գրոհային և ռմբակոծիչ մեր օդանավերի համատեղ և ուժգին հարվածների արդյունքում մեկը մյուսի հետևից ծովի հատակ սուզվեցին գերմանական ծանր տրանսպորտային նավերը:
Շուտով վեց նավեր թշնամու, 24 հազար տոննա ջրատարողությամբ ` սուզվեցին ջրի տակ, այդ ժամանակաընթացքում, օդում խփվել էր ֆաշիստական 21 օդանավ:
Դժբախտաբար զոհեր ունեցանք նաև մենք` գրոհողներս: Այդ օրը զոհվեց նաև Նելսոն Ստեփանյանը: Գրոհներից մեկի ժամանակ խփվել էր նրա Իլ-2 օդանավը, սակայն անվախ օդաչուն` այրվող մեքենան ուղղել էր թշնամու ռազմանավի վրա և պայթեցրել այն: Ես անձամբ ճանաչում էի այդ տղամարդկային մարդուն, դրա համար էլ շատ ցավալի էր ինձ համար նրա զոհվելու լուրը լսելը:

Ներկայումս ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի բրոնզաձույլ կիսանդրին կանգնեցված է նրա հայրենիքում` Շուշի քաղաքում: Ահա այսպիսի տողերով է ավարտվում մարշալ Հովհաննես Բաղրամյանի հուշերը` Նելսոն Ստեփանյանի մասին: Այս հիասքանչ տողերը` փառաբանված մարշալ Հ.Բաղրամյանը երևի գրել է խորհրդային երկրի ծաղկուն տարիներին, երբ հայերը բավականին մեծ հեղինակություն ունեին ԽՍՀՄ-ի ղեկավարաման գործում` ինքը պաշտպանության նախարարի տեղակալն էր, Համազասպ Բաբաջանյանաը հասնում էր արդեն բրոնետանկային զորքերի մարշալի պաշտոնին, դեռ ողջ էր ԽՍՀՄ-ը ծովային նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովը, բարձր պաշտոններ էին զբաղեցնում Անաստաս և Արտյոմ Միկոյանները, էլ չենք խոսում գիտության և արվեստի բնագավառների ներկայացուցիչներ Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, ատոմային փորձարկման նախարար Պետրոսյանցի և էլի շատ նշանավոր հայ գործիչների մասին: Սակայն գալու էին անցյալ դարի 90-ական թվականները, փլուզվելու էր ԽՍՀՄ և գորբաչովյան ստահակները կատարելու էին իրենց սև գործը: Դեռևս 1982թ. սեպտեմբերի 12-ին վախճանված ` հեղինակավոր ԽՍՀՄ մարշալ, կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյանի հուղարկավորությանը մասնակցելու փոխարեն, գենսեկ Լ.Ի.Բրեժնևը, առանց անհարմար զգալու, այդ օրերին Բաքվում խնջույք էր անում Հ.Ալիևի հետ, մոռանալով, որ 1943-1944 թթ. երբ Բաղրամյանը կանգնած էր մարշալներ Գ.Կ.Ժուկովի, Կ.Կ.Ռոկոսովսկու, Ա.Մ.Վասիլևսկու և մյուսների կողքին, ռազմաճակատ էր ղեկավարում, այդ ժամանակ ինքը ընդամենը գեներալներ Լեսելիձեի և Գրեչկոյի ղեկավարած բանակի քաղվարչության պետն էր:
Եվ ինչ իմանար մարշալ Հ.Բաղրամյանը, որ կեղծավոր, խորամանկ Հ.Ալիևը իր կենդանության օրոք բարեկամ էր ձևանում, Բաքվում և Ղարաբաղում դիմավորելիս մարշալին հաճոյանում էր.
- Ընկեր Բաղրամյան, Ձեր հայրենի Չարդախլու գյուղում տուն-թանգարան եմ բացելու Ձեզ համար, որպես փառապանձ զորավարի:
Այդ նույն Ալիևը և նրա գործի շարունակողները ինչ էին անելու մեր օրերում: Տեսանք թե ինչպես 1989 թ. սկսած, հայաթափեցին Չարդախլուն, Գետաշենը և մյուս հայաբնակ գյուղերը, իսկ 1992 թ. պատերազմ սկսեցին Ղարաբաղի հայության դեմ: Հետաքրքիր է, որ «գերոիչեսկիե սինովյա սովետսկովո Ազերբայջանա» գրքում Ալիևը Արցախցի և մյուս շրջանների 30 հայ հերոսների ներկայացրել է որպես Ադրբեջանի հերոսների, մյուս 30-նն ռուսներ ու այլազգիներ են, 90-ից միայն` 30-նն է ադրբեջանցի:
Ժամանակը ցույց տվեց ազերի բարբարոսների իսկական դեմքը: Նրանք սրբապղծեցին հայ հերոսների արձաններն ու շիրմաքարերը, վայրագ- գազանությամբ հոշոտեցին նաև մարշալներ Հ.Բաղրամյանի և Հ.Բաբաջանյանի արձանները` ինչպես նրանց ծննդավայրում, այնպես էլ Գանձակում, հասնելով մինչև հայկական Նախիջևանի` Նոր Ջուղայի խաչքարերի ոչնչացմանը, և այդ բոլորը այսօրվա քաղաքակիրթ աշխարհի աչքի առջև, օրը ցերեկով: Այս գեղեցիկ տոնակատարության, մայիսյան հաղթանակների օրերին, ցանկանում եմ անկեղծ սրտի խոսք ասել մեր սիրելի և անմոռաց հերոս, մեծ հայորդի Նելսոն Ստեփանյանի հիշատակին:
- Սիրելի Նելսոն, դու ընդամենը 6 տարեկան ես եղել, երբ քո հայրենի Շուշին 1919թ. գարնանը զավթել են Օսմանյան բանակի Նուրի փաշայի զորքերը` կարմիր փետրավոր ազերի մուսաֆաթականների հետ միասին: Շատ ափսոս, որ քո գրոհային ավիագնդին վիճակված չէր վրեժ լուծելու օսմանցիներից ու ազերիներից: 73 տարի անց` ազերիների թուրքական գարշահոտությունից ազատագրեցինք քո չքնաղ հայրենի Շուշին, որը ժամ առ ժամ ծաղկում ու բարգավաճում է, վերականգնելով իր փառքը դարերի: Հավերժ փառք քեզ, սիրելի հերոս, և փառք քո հերոսական գործը շարունակող արցախյան պատերազմի հերոսներին, որոնք ազատագրեցին Շուշին ու Արցախը:
Հայրենական պատերազմում տարած հաղթանակի գործում, բավականին մեծ է հայ ժողովրդի մասնակցությունը, որը մեզ բարոյական իրավունք է տալիս վերհիշելու այդ մասին` հատկապես մայիսյան տոներին: Միայն այն փաստերը, որ առաջին համաշխարհային պատերազմից արյունաքամ ու ջլատված դուրս եկած Հայաստանը` կարողացավ վեց ազգային դիվիզիա, 600 հազար մասնակից ապահովել ռազմաճակատի համար, միլիոնավոր ռուբլիների ներդրումներ անել խորհրդային բանակին, ռազմաճակատի համար` ապահովելով մի քանի տանկային շարասյուներ ու ավիաէսկադրիլիա Ն.Ստեփանյանի և գեներալ Հ.Բաղրամյանի ղեկավարած բանակի ու ռազմաճակատի ուժեղացման նպատակով, միաժամանակ տալով մոտ 300 հազար զոհ և 111 սովետական միության հերոսներ, խոսում է այն մասին, իր հնարավորությունների սահմաններում Հայաստանն ապահովեց անգնահատելի ցուցանիշներ: Վերլուծելով Հայրենական պատերազմում տարած հաղթանակի արդյունքները, պարզ տեսնում ենք Ի.Վ.Ստալինի, Լ.Բերիայի և նրանց համախոհ բորենիների անբարյացկամ վերաբերմունքը Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ: Փաստ է, որ Ստալինի և Բերիայի հրամաններով, դեռևս 1936-1937 թթ. գնդակահարվեցին հայ ժողովրդի տաղանդավոր զավակներ Աղասի Խանջյանը, ռազմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, բանակի գեներալ Հայկ Բժշկյանցը, իսկ 1945 թ. Սեպտեմբերին, Բերիայի նախաձեռնությամբ ձերբակալվեց մարշալ Մերեցկովի հետ միասին ճապոնական կվատունյան մեկ միլիոնանոց բանակի ջախջախմանը ակտիվ մասնակցած, 12-րդ օդային բանակի հրամանատար, հայ ժողովրդի տաղանդավոր զավակ, ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցը: Դեռևս 1941-1942 թթ. Բերիան ցինիկաբար հայտարարել էր հրամանատարությանը, որ քիչ է մնում ամեն մի երկրորդ, կամ երրորդ հայի` Սովետական միության Հերոսի կոչում շնորհեք, հերիք է, բավարարվեք` նրանց մեդալների ու շքանշանների ներկայացնելով: Հասկանալի է, որ մարշալ Հ.Բաղրամյանը, ծովակալ Հ.Իսակովը, սև մետալուրգայի նախարար Հ.Թևոսյանը չէին ենթարկվել անհիմն ռեպրեսիայի, քանի որ տաղանդավոր գործիչները «գնահատվում» էին Ստալինի ու Բերիայի, և նրանց համախոհ բորենիների կողմից: Ցավալի է, բայց փաստ է, որ Ստալինի ու Բերիայի, և նրանց համախոհների չար կամքով էր, որ հայ ժողովուրդը ոչինչ չօգտվեց մեր համատեղ տարած հաղթանակի արդյունքներից` Արևմտյան Հայաստանի բռնազավթված հողերից անգամ մեկ սանտիմետր չազատազրկվեց, միակ մխիթարանքը որ մնաց, դա այն էր, որ հայ ժողովրդի այդ օրինակ ակտիվ մասնակցությունը Հայրենական պատերազմին, ապահովեց նրա անվտանգությունը թուրքական նոր ագրեսիայից ու բռնազավթումից:
Գերագույն գլխավոր հրամանատար Ստալինը, 1945թ. հունիսի 24-ի երեկոյան կազմակերպված հաղթանակի զորահանդեսից հետո տրված կառավարական ճաշկերույթի ժամանակ, մեկ շնորհակալական խոսք անգամ չասաց հայ ժողովրդի հասցեին, որն այդքան զոհեր ու հերոսներ է տվել մեր հաղթանակի համար: Ավելին ասեմ, որ ափսոսաց նաև` մարշալի կոչում շնորհել Մերձբալթյան առաջին ռազմաճակատի հրամանատար, բանակի գեներալ Հովհաննես Բաղրամյանին, որին նա արժանի էր` իր հերոսական ծառայություններով ու տաղանդով հատկապես: Միայն ԽՍՀՄ քառակի հերոս, մարշալ Գ.Կ.Ժուկովը իր ռազմական հուշերում` արդարացի և օբյեկտիվ գնահատական տվեց հայ ժողովրդի հերոսական որդիներին, որը նույնությամբ արձանագրում ենք` եզրափակելով այսքան ծավալուն և հետաքրքրական նյութը մեր մայիսյան հաղթանակների մասին:
- Հայ զինվորականությունը, սկսած շարքային զինվորից մինչև մարշալ, 1941-1945 թթ. Հայրենական պատերազմի ռազմաճակատներում իրենց պսակեցին քաջության ու սխրանքների անթառամ փառքով:

ԲԱԲԿԵՆ ԲԱԲԱՅԱՆ
Արցախյան պատերազմի մասնակից
Կազական զորքերի գնդապետ


Մանրամասն...