Իրավունք Թերթ - Մեր մասին
Ուրբաթ, 18 Հուլիս 2014 00:00

«ՄԻ ԱՄԲՈՂՋ ՇՂԹԱ, ՈՐԸ ՍԿՍՎՈՒՄ Է ԿՈՆՉԻՏԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ԱՎԱՐՏՎՈՒՄ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ՎՏԱՆԳՆԵՐՈՎ»


Օրերս «Ազդակ» լրագրողական ակումբում տեղի ունեցավ կլոր սեղան «Աղանդավորության եւ այլասերվածության գրոհը Հայաստանի վրա» թեմայով, որի մասնակիցներն էին` ՍԻՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, «Համահայկական ծնողական կոմիտեի» նախագահ Արման Բոշյանը, «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը:


ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԳՐՈՀ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ
ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՎՐԱ


Ինչպես իր խոսքում նշեց Սիմ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հ. ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ, այսօր Հայաստանի վրա ակտիվ գրոհում ու այլասերվածություն են տարածում մի քանի ջոկատներ, որոնք են.

«Առաջինը համասեռամոլների լոբբինգով զբաղվող, վերջերս լավ անվանում է գտել Հովհաննես Գալաջյանը` Կոնչիտայի վկաների խումբն է:
Երկրորդը այլասերվածություն տարածող կազմակերպություններն են, այսպես ասած, ֆեմինիստուհիները, որոնք նույնպես պաշտպանում են համասեռամոլների իրավունքները, իբրեւ թե` կանանց իրավուքները եւ այլն: Ու միեւնույն ժամանակ, զբաղվում են տարբեր տեսակի գրականություն տարածելով, որն անհարիր է հայ կնոջ կերպարին:
Երրորդն աղանդներն են, որոնք նույնպես շատ ակտիվ են եւ գնալով` ավելի լկտի դրսեւորումներ են ցուցաբերում, նույնիսկ օրենքի խախտումներ իրենց թույլ տալով, ինչի մասին առավել մանրամասն փաստերով կներկայացնի պարոն Ամարյանը:
Չորրորդը մասոնական շրջանակներին առնչվող ուժերն են:
Հինգերորդը արեւմտյան վարձու քարոզիչներն են, այսպես կոչված, վերլուծաբանները, որոնք սեւ ցուցակներ են հրապարակում` կոչ անելով հաշվեհարդար տեսնել այս կամ այն քաղաքական գործիչների, լրագրողների հետ:
Հաջորդը արեւմտյան շահերի գործակալներն են` քաղաքական ուժերը, ովքեր փորձում են սպասարկել արեւմտյան շահերը, եւ այդ սպասարկումը համընկնում է այն գործունեության հետ, որոնք կատարում են նախորդ թվարկածս շարասյուները:
Եվ վերջապես, ԱՄՆ դեսպանը, որը վերջին շրջանում քարոզում է, որ ստատուս քվոն շատ վտանգավոր է Ղարաբաղի հարցում, ու պետք է Հայաստանը հողերը հանձնի: Բացի այդ, պարգեւատրում է վերոհիշյալ կազմակերպություններին` իրենց գործունեության համար: Օրինակ, պարգեւատրում է համասեռամոլների լոբբինգով զբաղվող կազմակերպություններին, վուլգար ֆեմինիզմի քարոզիչներին»:

«ԻՐԱՎՈՒՆՔԻ» ԴԵՄ 8 ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ` ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ
ԼՈԲԲԻՍՏՆԵՐԻ ԵՎ ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ


Ապա բանախոսը հավելեց, որ այս ուժերը վերջին շրջանում կազմակերպել են շատ նպատակային գրոհ այն կառույցների վրա, ովքեր առաջամարտիկներ են` ազգային պահպանողական գաղափարախոսությունը այս կամ այն ոլորտում ներկայացնելու առումով. ՙՕրինակ, ՙԻրավունք՚ թերթի դեմ միաժամանակ այսօր 8 դատական հայց է ներկայացվել, որոնցից 3-ը համասեռամոլների լոբբինգով զբաղվող կազմակերպությունների կողմից է, մի քանիսը աղանդավորների կողմից: Եվ նույնպիսի հարվածներ են տեղում այն հասարակական, քաղաքական գործիչների, կազմակերպությունների վրա, որոնք այսօր կանգնած են ազգային պահպանողական արժեհամակարգը պաշտպանելու դիրքերի վրա՚: Ըստ Հ. Բաբուխանյանի` վերոնշյալ կազմակերպությունների ակտիվացումը ամառվա տապին հետեւյալ նպատակներն են հետապնդում. ՙԿոտրել ազգի դիմադրությունը, լռեցնել ազգային արժեհամակարգի բոլոր պատվարները` դա լինի ՙԻրավունք՚ թերթը, թե` այլ լրատվամիջոցներ, քաղաքական, հասարակական գործիչներ եւ այլն: Այսպես ասած, ենթարկել տեռորի` դա լինի դատական տեռոր, թե` քարոզչական:
Եվ երրորդը` կաթվածահար անել պետական համակարգը, որը պարտավոր է ապահովել ազգի դիմադրողականությունը: Այսինքն` Ազգային անվտանգությունը, Ոստիկանությունը, դատական, քաղաքական համակարգը, Արդարադատության նախարարությանը վերապահված ինչ-որ ֆունկցիաները, պետք է հսկեն, որպեսզի այդ ՀԿ-ները կամ կրոնական կազմակերպությունները թույլ չտան իրենց ապօրինի գործողություններ՚: ՍԻՄ նախագահը նաեւ նկատեց, որ սա գլոբալ ծրագիր է, ինչի հետեւանքով ուզում են կատարել այնպիսի փոփոխություններ, որոնք կփոխեն ամբողջ տարածաշրջանային պատկերը. ՙԱյսինքն` թույլ չտալ Հայաստանի ներգրավումը Մաքսային եւ Եվրասիական միության մեջ, շրջել տարածաշրջանում իրավիճակը` Ղարաբաղի կոնֆլիկտի շրջանում, իրականացնել արեւմտյան, ԱՄՆ-ի զորքերի տեղադրումը Արցախում` իբրեւ խաղաղարարներ: Ճակատ բացել` նոր խառնաշփոթ ստեղծելով: Տարածաշրջանում Սիրիան, Իրաքը, Իրանը նորից ներգրավում են այս ամեն ինչի մեջ եւ ի վերջո, նպատակն է աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում փոխել` հօգուտ արեւմտյան ուժերի: Սա է ամբողջ շղթան, որը սկսվում է Կոնչիտայի պաշտպանությունից եւ ավարտվում տարածաշրջանային լուրջ եւ մեր ժողովրդի համար կործանարար վտանգներով: Մենք պետք է դրա դեմ փորձենք պայքարել ու անցնել հակահարձակման՚:

«ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՏԱԿ Է»

ՙՀամահայկական ծնողական կոմիտեի՚ նախագահ ԱՐՄԱՆ ԲՈՇՅԱՆԸ լիովին համամիտ է Հ. Բաբուխանյանի հետ, որ սա աշխարհաքաղաքական գործընթաց է. ՙԱյդ գենդեր կոչեցյալը, համասեռամոլների, աղանդների ընդհանրապես արժեհամակարգի դեմ ուղղված գործունեությունը աշխարհաքաղաքական գործընթաց է, որի նպատակն է մոտ ապագայում դեստաբիլիզացնել իրավիճակը տարածաշրջանում: Արդեն մի քանի տարի է, ինչ մեր կազմակերպությունը պնդում է, որ մեր հասարակությունը հարձակման տակ է, եւ մենք պաշտպանվող դիրքում ենք գտնվում: ՙԻրավունքի՚ դեմ այս դատական հայտերն ընդամենը ցույց են տալիս եւ եւս մեկ անգամ ապացուցում են, որ ցանկացած մարդ եւ կազմակերպություն Հայաստանում, որը երկրի սուվերենության կողմանակից է, ենթարկվում է հարձակման: Թույլ տվեք հիշեցնել, որ սուվերենության թիվ մեկ սյունը արժեհամակարգն է: Այսինքն` եթե քո ժողովուրդը չունի արժեհամակարգ, նա չի կարող սուվերեն լինել: Հետեւաբար, բոլոր այն մարդիկ, այն կազմակերպությունները, լրատվամիջոցները, որոնք արժեհամակարգի պաշտպանության հիմքերից են խոսում, նրանք դե ֆակտո կողմնակից են երկրի ռեալ սուվերենության եւ ոչ թե թղթի վրա գրված դեկլարացիայի: Հնարավոր չէ մարդկանց մանիպուլացնելով` ասել, որ մենք անկախ երկիր ենք, բայց միեւնույն ժամանակ անկախություն չունենաք: Հետեւաբար, ո±ր երկրում է հնարավոր, որ արժեհամակարգը, ազգային ինքնությունը պաշտպանող մարդիկ ենթարկվեն հարձակման: Իհարկե, այսպիսի բան հնարավոր է միայն օկուպացված երկրում: Դուք կարո±ղ եք պատկերացնել, որ ԱՄՆ-ում մի հասարակական կազմակերպություն կամ մի ուժ, որի նպատակը լինի քայքայել կամ փլուզել ԱՄՆ-ն: Երկու օր հետո դրանք բանտում կհայտնվեն: Մինչդեռ, դա հնարավոր է Հայաստանում՚: Ըստ Ա. Բոշյանի` սրա հիմնական նպատակը մեկն է. ՙԵրիտասարդ սերնդին փչացնելով, քայքայելով, իրենց արժեքները այլասերելով` ոչնչացնել ազգն ու պետությունը, քանի որ դա սուվերենության թիվ մեկ սյունն է: Էլ չեմ ասում, որ մնացած սյուները մենք արդեն հանձնել ենք՚: Կրկին անդրադառնալով ՙԻրավունքի՚ դեմ դատական հայցերին` բանախոսը հավելեց. ՙԻնչպես ասում են` ՙՉկա չարիք` առանց բարիք՚: Բոլոր այս հայցերը վկայում են, թե ինչ է իրականում կատարվում Հայաստանում: Այսինքն` մեր ժողովուրդը տեսնում է, որ մեր արժեհամակարգը հարձակման է ենթարկված: Եվ մենք պետք է անցնենք հակահարձակման եւ արդեն անցել ենք՚: Ի դեպ, Ա. Բոշյանը հպարտությամբ նաեւ նշեց, որ Մոլդովայում գործում է մի ասացվածք` ՙՎարվել հային հարիր՚, այսինքն` թե ինչպես բոլոր այդ գենդերային, համասեռամոլային կազմակերպությունների դեմն առավ Հայաստանը` ասուլիսներ, երթեր կազմակերպելով, մտավորականներին ներգրավելով, որն ի վերջո, բերեց մասամբ հաղթանակի:

ՄՈՐՄՈՆՆԵՐԻ ԿԱՅՔ-ԷՋԸ ՔԱՐՈԶՈՒՄ Է
ՄԻԱՍԵՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


ՙՔայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի՚ ղեկավար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԸ նույնպես գտնում է, որ խնդիրը լուրջ է. ՙՎերջերս մեր կառույցի կողմից բացահայտվեց մորմոնների մի կայք-էջ, որը քարոզում է միասեռականությունը: Այնտեղ տրված է հոգեւոր ղեկավարների եւ երեցների սեռական հարաբերությունները, նաեւ` թե ինչպես են ուսումնական կենտրոնում սովորում դառնալ միասեռական: Ինչ վերաբերում է Ավետարանական եկեղեցուն, մենք հիմա խոսում ենք Ղարաբաղի մասին, բայց ոչ ոք չի գիտակցում, որ 2000 թվականից ամերիկացիները Ավետարանչական ընկերակցության տակ սկսում են վերցնել մեր հողատարածքները: Բացի այդ, 2012 թվականին հայ Ավետարանական եկեղեցին ամառային ճամբարում սեռական դաստիարակություն էր անցկացնում անչափահասների հետ: Մենք մեր ազգն իսկականից փչացնում ենք: Եվ սկսեցինք փչացնել դեռ այն ժամանակ, երբ բոլոր սկավառակների խանութներում վաճառում էին ՙԽենտայի՚ մուլտերը, որոնք մանկական պոռնոմուլտեր էին, վրան էլ գրված` առանց տարիքային սահմանափակման: Արդյունքում դպրոցականները գալիս էին` 500 դրամով գնում ու խմբով պոռնո էին նայում: Հուրախություն մեզ` այսօր այդ մուլտերը չեն վաճառվում, բայց հիմա էլ կա համացանց, որտեղ ամենաթողություն է տիրում՚: Ա. Ամարյանի պնդմամբ` այսօր պետք է գրաքննություն. ՙԱյս իրավիճակը, տեսանյութերը, իրոք ազդում են մարդու հոգեկանի վրա եւ պետք են սահմանափակումներ: Մինչդեռ այսօր բոլոր հնարավորությունները կան` մարդկանց ներքաշելու, գայթակղելու, ներգրավելու վերոնշյալ կազմակերպությունների մեջ՚:

«ԱՆՀՐԱԺԵՇՏ Է 10-15 ՕՐ` ԵՐԵԽԱՆԵՐԻՆ
ԶՈՄԲԻԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»


Քննարկման ժամանակ հնչած այն հարցին, թե կա տեղեկություն այն մասին, որ ամառային ճամբարները որեւէ կապ ունեն քայքայիչ ՀԿ-ների հետ, Ա. Ամարյանը ասաց. ՙՄեր երեխան գնում  է ճամբար, իսկ թե ինչ է նրա հետ կատարվում, չգիտենք, որովհետեւ չունենք այն մասնագետները, որոնք կարող են ճիշտ որակավորում տալ: Իսկ զոմբիացման համար երեխաներին շատ բան պետք չի` ընդամենը մի երկու ժամ, որից հետո նա դառնում է ձեռքի խաղալիք: Այդ 10-15 օրվա ընթացքում երեխային հնարավոր է լրիվ հեղաշրջել եւ տուն ուղարկել: Եթե ուշադիր լինեք, կնկատեք, թե իրավապաշտպանները հիմնականում ում օգտին են հարցը բարձրացնում, նրանց օգտին, ում  ֆինանսավորում են դրսից, իսկ մի հասարակ ռամիկի իրավունքների համար նրանք չկան, ավելին` դիմելու պարագայում` ուղարկում են ՄԻՊ-ի մոտ, որովհետեւ այս պարագայում փող չկա:
Այս առումով Արման Բոշյանն էլ հավելեց, որ անձամբ խոսել է որոշ իրավապաշտպանների հետ` հենց համասեռամոլության եւ աղանդավորության թեմաներով, ովքեր նշում են, որ իբրեւ ստիպված են պաշտպանել նրանց շահերը, եւ իրականում, իբրեւ թե, զզվում  են նրանցից. ՙՆման մարդիկ ավելի վտանգավոր են, ովքեր պատրաստ են հանուն գումարի` դեմ գնալ իրենց սկզբունքներին, արժեքներին, քան ՙհինգերորդ շարասյունը՚՚:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե տարեկան կրոնական կառույցներից որքան գումար է ներս գալիս Հայաստան, ապա ըստ Ա. Ամարյանի, դրսից եկող 100 դոլարանոց ապրանքը, որպեսզի գա Հայաստան եւ չերեւա, որ գումար է մտնում այստեղ, հայտնվում է բարեգործականի անվան տակ, որպեսզի ազատվի ԱԱՀ-ից, մաքսազերծումից: Բայց, ըստ էության, այն այստեղ արժենում է ավելի թանկ 110-120 դոլար: Եվ այն ապրանքները, որոնք շատ թե քիչ պիտանի են, դրանք դրվում են վաճառքի, իսկ եթե ոչ, ապա բաժանվում դրանց ընդամենը 5-10 տոկոսը` բարեգործության անվան տակ. ՙ2011 թվականին իրականացվել է 147 միլիոն դոլարի բարեգործություն: Եթե այդ 147 միլիոնից վերցնենք միայն կեսը` 65 միլիոնը, բազմապատկենք 10-15 դոլարի, ստացվում է մոտ 1 միլիարդ դոլար, որը մուտք է գործում Հայաստան` չերեւալով: Բայց իրականում կոնկրետ թիվ ասել չենք կարող՚:
Պատգամավոր Հ. Բաբուխանյանն այս առումով նշեց. ՙՕրենքով պետք է այդ կառույցները շատ թափանցիկ աշխատեն, հաշվետվություն ներկայացնեն եւ հասանելի լինեն հանրությանը. ՙՈչ մի ՀԿ որեւէ հասանելի կերպով չի ներկայացնում իր ֆինանսական շարժի մասին: Այդ մասին ես նույնիսկ հարց եմ բարձրացրել ԱԺ-ում, նախորդ արդարադատության նախարարին` կառավարության հարց ու պատասխանի ժամանակ: Ցավոք, մինչեւ հիմա արձագանք չկա, եւ շարունակում են աշխատել օրենքի խախտումով, այսինքն հանրությանը հասանելի չեն նրանց ֆինանսական հոսքերը՚:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ