Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
            1
2 3 4 5 6 7 8
9 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28  
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 10 Փետրվար 2015 00:00

ԴԱՏԱՎՈՐԸ ՃԻՇՏ ՉԷ՞


- Քաղաքացիական գործ կա իմ դեմ: Դատական նիստի ժամանակ դատավորն ասաց` քանի որ հայցադիմումին պատասխան չեմ գրել, որ առարկում եմ, ուրեմն հայցին համաձայն եմ: Հիմա ի՞նչ, պետք է հայցը բավարարվի՞, դա այդպե՞ս է:
Սուրեն
-Ոչ, միայն այդ հիմքով հայցի բավարարելը եւ դատական ակտ կայացնելը, կարծում եմ, կլինի ոչ իրավաչափ:
Նախ հայցին չառարկելը դեռ չի նշանակում, որ անձը համաձայն է հայցապահանջին, քանի որ համաձայնությունը ենթադրում է տվյալ անձի կողմից ակտիվ վարքագիծ, այն է. կամահայտնության դրսեւորում, ինչը տվյալ դեպքում բացակայում է: Ավելին, դատարանը վճիռ կայացնելիս իր կողմից պարզված փաստերի, ապացույցների, այս կամ այն ապացույցները մերժելու փաստարկների, ինչպես նաեւ տվյալ գործի հետ կապ ունեցող օրենքների, միջազգային պայմանագրերի եւ այլ իրավական ակտերի հիման վրա է կայացնում դատական ակտը:

ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԴԵՄ ԲՈՂՈՔԵԼ
ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է ՄԵԿ ԱՄՍՈՒՄ


- Աշխատանքից անհիմն ազատել են: Ազատման հրամանը ստանալուց հետո մեկ ու կես ամիս անց դիմել եմ դատարան, սակայն դատարանը հայցս մերժեց` պատճառաբանելով, որ բաց եմ թողել օրենքով սահմանված կարգով մեկ ամսվա ընթացքում դատարան դիմելու իրավունքը: Դուրս է գալիս, որ զրկվեցի` դատարանում իմ իրավունքների խախտման վերաբերյալ վեճը քննելու հնարավորությունից:
Արսեն (տնտեսագետ)
-Օրենսդիրը, մասնավորապես գործատուի կողմից աշխատողին աշխատանքից ազատելու դեպքում, իրավունք է վերապահում աշխատողին մեկամսյա ժամանակում դիմել դատարան` գործատուի կողմից աշխատողին աշխատանքից ազատելու ակտն անվավեր ճանաչելու վերաբերյալ: Տվյալ դեպքում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265 հոդվածով, որն իմպերատիվ նորմ է, իրավունք վերապահելով աշխատողին դատական կարգով վիճարկել աշխատանքից ազատման հրամանը, միեւնույն ժամանակ պարտավորեցնում է աշխատողին` այն վիճարկել դատական կարգով մեկ ամսվա ընթացքում, որի ժամկետը խախտելուց հետո շահագրգիռ անձը, այսինքն աշխատողը, կորցնում է տվյալ հրամանը դատարանում վիճարկելու իրավական հնարավորությունից:

ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆª ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅԱՆ
ԹԵԹԵՎ ՁԵՌՔՈՎ


- Բազմաբնակարան շենքի սեփականատեր եմ: Վերջերս իմացա, որ մեր շենքի նկուղը մոտ 120քմ սեփականաշնորհվել է շենքի բնակիչներից մեկի անունով: Փորձեցի համատիրությունից ճշտել, պատճառաբանեցին, որ շենքի որոշ բնակիչներ տվել են իրենց համաձայնությունը: Ցանկանում եմ հասկանալ, ի՞նչ է նշանակում` որոշ. արդյո՞ք իմ եւ ինձ նման այլ շատ բնակիչների, ովքեր չեն տվել իրենց համաձայնությունը, իրավունքը չի՞ խախտվել:
Սուսաննա եւ թիվ 10 շենքի բնակիչներ
-Սա առաջին դեպքը չէ, երբ համատիրության թեթեւ ձեռքով օտարվում է երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույք, առանց վերջինիս համաձայնության, որը Սահմանադրության եւ գործող իրավանորմերի կոպիտ խախտում է: Մասնավորապես.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 224 հոդվածը, ամրագրելով բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերի բաժնային սեփականության իրավունքը, չի նախատեսում բազմաբնակարան շենքի համասեփականատերերի մի մասի համաձայնությամբ` չունենալով մյուս բնակիչների համաձայնությունը, նրանց բաժնային սեփականությունից առանձնացնել բաժին եւ այն սեփականության իրավունքով փոխանցել նույն շենքի բնակիչներից մեկին:

ԵՐԲՎԱՆԻ՞Ց Է ՊԵՏՔ ՀԱՇՎԵԼ ՏՈԿՈՍՆԵՐԸ

- Դատարանի վճռով անվավեր է ճանաչվել իմ եւ իմ գործընկերոջ 2012 թվականի մի գործարք, որի ուժով ես պետք է նրան վերադարձնեմ գործարքով նախատեսված գումարը: Դատարանը կիրառել է բանկային տոկոս, այն հաշվարկելով գործարքի ուժով ինձ գումար տալու օրվանից: Ճի՞շտ է վարվել դատարանը, թե` ոչ:
Գոհար
-Քանի որ Ձեր կողմից գումարն ստացվել է կնքված գործարքի ուժով, ուստի մինչեւ այդ գործարքն անվավեր ճանաչելու պահը Դուք գումարը պահել եք օրինական հիմքով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով նախատեսված տոկոսների վճարման պարտավորությունը ոչ թե գործարքի անվավերության հետեւանք է, այլ անվավերության հետեւանքի չկատարման: Այսինքն, պայմանագրով վճարված գումարի չվերադարձման արդյունքում առաջացած պարտավորություն: Գտնում եմ, որ բանկային տոկոսները պետք է հաշվարկվեն գումարի վերադարձման պարտավորության ծագման պահից, այսինքն, դատարանի կողմից տվյալ գործարքն անվավեր ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժ ստանալու պահից:

ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
"Լեւ գրուպ" փաստաբանական
գրասենյակի հիմնադիր
նախագահ
www.levgroup.am
Հարցեր կարող եք ուղարկել նաեւ
Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար հասցեով