Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 25 26 27 28  
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 24 Փետրվար 2015 00:00

ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԵՂԾՎԵԼ Է ԱՍՏԾՈ ԿԱՄՔՈՎ ԵՎ ԴՐՎԵԼ ՄԱՐԴ ԷՈՒԹՅԱՆ ՄԵՋ


Բարոյականությունը գիտություն է ոչ թե այն մասին, թե ինչպես դարձնել քեզ երջանիկ, այլ` ինչպես մենք երջանիկ լինելու արժանի լինենք:
Ի. Կանտ
Տարիներ առաջ Մոսկվայում, հրեա մի ակադեմիկոս, բաժակ բարձրացնելով` խմեց հայ ազգի կենացը եւ հայտնեց, որ անձամբ բնագրից է կարդացել, որ ՔՐԻՍՏՈՍՆ աղոթել է հայերեն, իսկ թե ինչի է աշխարհը դրա մասին լռում, դա արդեն այլ թեմա է: Հայտնի է, որ հանճարեղ հումանիստ գրող Բայրոնն աղոթել է հայերեն եւ իր շրջապատին խորհուրդ է տվել սովորել այդ լեզուն եւ այդ լեզվով աղոթել, որպեսզի զգացվի աղոթքի ողջ հմայքը եւ ուժը:
Ի տարբերություն շատ լեզուների, հայերենում "բարոյականություն" եւ "բարի" բառերն ունեն նույն արմատը: Եթե իրավունքը գիտություն է բարու եւ արդարի մասին, ապա ստեղծվող օրենքներն ու իրավական ակտերը պետք է լինեն բարոյականության չափանիշներով:
Այն թյուր կարծիքը, որ բարոյականությունը եւ իրավունքը տարբեր ոլորտներ են, պետք է տարանջատել դրանք, ոչ միայն չեմ կիսում, այլ նաեւ համարում եմ կործանարար: Այն, որ բարոյականությունը եւ օրենքը տարբեր ոլորտներ են, դա փաստ է, բայց չի կարող առանց բարոյական հիմքի գրվել իրավանորմ:
Տարիներ առաջ Գրողների միության պոլիկլինիկան գրողների ձեռքից վերցրին եւ վաճառեցին այլ անձի: Երբ գրողները բարձրաձայնեցին, թե որքանով է բարոյական` գրողների ձեռքից այն վերցնելը, այն ժամանակվա մի բարձրաստիճան պաշտոնյա հայտարարեց, որ բարոյականությունը գրողների կողմն է, բայց օրենքը` ոչ: Հետագայում, միայն դատական ճանապարհով այն ետ վերադարձվեց գրողներին: Նմանատիպ օրինակներն աշխարհի մասշտաբներով բազմաթիվ են: Ավելին, գլոբալ առումով կարելի է հիշել ճիզվիտների շրջանը, երբ կապելով բարոյականության աչքերը` օրենքի ուժով այրում էին կենդանի մարդկանց միայն նրա համար, որ համարձակվում էին կարծիք հայտնել, որը հակառակ էր գործող ռեժիմի կողմից տարվող քաղաքականությանը: Կամ, օրինակ, Խաչակրաց պատերազմը, որտեղ քրիստոնեական արժեքներ դավանող պետական այրերը տասը փակի տակ պահելով բարոյականությունը` օրենքի ուժով կոտորեցին ոչ քրիստոնյա ազգերին: Կամ քսաներորդ դարում Արեւմտյան Հայաստանը բռնազավթած, ցեղասպանություն իրագործած թուրք-բաշիբոզուկները, որոնք օրենքի ուժով թույլ տվեցին ցեղասպանել, որովհետեւ իրենց հրապարակած օրենքներում իսպառ բացակայում էր բարոյականությունը: Այժմ եւս արդի Եվրոպայի եւ աշխարհի իրավագիտակցության մեջ բարոյականության տարրերը ենթադրյալ են, կամ էլ` վիրտուալ:
Անհրաժեշտ է փոխել այդ կարծրատիպը, բայց... մինչ այդ պարտադիր պայման է գնալ ետ, ետ դեպի սկզբնաղբյուր, քանի որ ինչպես իրավունքը (չշփոթել երկրային օրենքների հետ), այնպես էլ բարոյականությունը չեն ստեղծվել մարդու կողմից: Մարդն իր ողջ գիտակցական կյանքում պրպտումների, ստեղծագործությունների մեջ է գտնվում, որի արդյունքն իր իսկ կողմից ստեղծած գյուտերն են, որոնք իրավամբ դիտվում են զարգացման կամ բարեկեցիկ ապրելու հիմք, սակայն երբեք մարդու կողմից չի ստեղծվել հավերժական շարժիչ" բնության օրենքին հակառակ:
ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆ. Բարոյականությունը ստեղծվել է ԱՍՏԾՈ կամքով եւ դրվել մարդ էության մեջ:
Իրավունքը երկնքում ամրագրված իրողություն է, իսկ մարդու կողմից գրված օրենքները, եթե չհամաձայնեցվեն իրավունքի հետ, օրենքը լավագույն դեպքում կմնա թղթի վրա եւ չի գործի, իսկ վատագույն դեպքում այն կվերածվի կործանարար ուժի:
ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆ. Իրավունքի եւ բարոյականության հիմքը ԱՍՏՎԱԾԱՅԻՆՆ է, որի լավագույն կրողն ու տարածողը եղավ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԸ:
Ահավասիկ, մի բանաձեւ բարոյականության եւ իրավունքի մասին, որի կիրառման արդյունքում պետության կողմից լինելու է մարդու իրավունքի երաշխավորվածությունը, որի հիմքով իշխանության լծակն աշխատելու է, որպեսզի քաղաքացին ստեղծի արժանավայել կյանքի անհրաժեշտ պայման, իսկ քաղաքացին պարտավոր է լինել օրինապաշտ: Բարոյականությունն ու իրավունքը պետք է լինեն ուղիղ համեմատական եւ լրացնեն մեկը մյուսին, հակառակ պարագայում ունենալու ենք հասարակությունից օտարված իշխանություն, իշխանությանը չհանդուրժող հասարակություն:
ՀԱՐԿԱՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ.
Արդի իրավագիտակցությունը չպետք է մոռացության մատնի իր հոգեւոր արմատները, հակառակ պարագայում դրա կործանարար հետեւանքները չեն ուշանա պետական, հասարակական եւ միջազգային բոլոր ոլորտներում: Ավելին, իր ուրույն խոսքն ունի ասելու Եկեղեցին, որը, անկախ նրանից, թե օրենքի ուժով անջատ է պետությունից, թե` ոչ, պարտավորություն ունի այս գործառույթներին մասնակցելու եւ բարեկեցիկ, հզոր պետության համար պատասխանատվություն կրելու ուղղությամբ:
Եթե երկրում կան օրինական միլիոնատերեր, իսկ հասարակությունը վատ է ապրում, ուրեմն պետական կառավարումն անբավարար է: Եթե երկիրը կոչվում է սոցիալական, իսկ երկրի քաղաքացին պաշտպանված չէ պետության կողմից, օրինակ, բնական աղետներից, ընկնում է բանկային սարդոստայնիկի մեջ` դառնալով օրենքով բոմժ. եթե գյուղի ակումբը կիսաքանդ է, իսկ գյուղապետը հիսունհազարանոց մեքենա է քշում, վերջապես, եթե երկրում լավ ապրելու մենաշնորհը տրված է եզակի անձանց, իսկ ինժեներն ու բժիշկը, ժուռնալիստն ու ուսուցիչը` երկրի իրական տերերը, մի վարկով մյուսն են փակում, այդպիսի երկիրը չի կարող կոչվել սոցիալական: Պետությունը պետք է մոբլիզացնի բոլոր առողջ ուժերը, համարձակություն ունենա լսելու առողջ քննադատություն, ծրագրեր, ձերբազատվի նրանցից, որոնց համար կարեւորն իրենց գրպանի բյուջեն է, եւ կարճ ժամանակ անց մեր արժանապատիվ քաղաքացիների հետ կունենանք Արեւային Երկիր:

ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
"Լեւ գրուպ" փաստաբանական գրասենյակի հիմնադիր նախագահ
www.levgroup.am
Հարցեր կարող եք ուղարկել նաեւ
Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար հասցեով