Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Ապրիլ 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Ուրբաթ, 10 Ապրիլ 2015 00:00

ԵՎ Ո՞ՒՄ ՍՐՏՈՎ ՉԷ ԳԱՐՈՒՆԸ...


- Հարգելի բժիշկ, ո՞ւմ սրտով չէ գարունը: Ինչպե՞ս զերծ մնալ, այսպես ասած, գարնանային սրացումներից. արյան զարկերակային բարձր ճնշում, տրամադրության անկում, ախորժակի բացակայություն: Ի՞նչ քայլեր խորհուրդ կտաք ձեռնարկել վերոնշյալ գանգատների դեպքում:
Հարցին պատասխանել է ԵՊԲՀ նյարդաբանության ամբիոնի վարիչ,
բ.գ.դ., պրոֆեսոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՎԵԼՅԱՆԸ.
-Կան մի շարք հիվանդություններ, որոնք սկսում են ակտիվանալ գարնանը: Պատճառը` մեր օրգանիզմում կատարվող ֆիզիոլոգիական փոփոխություններն են:
Մեր օրգանիզմն ունի իր սեփական կենսաբանական ժամերը, որոնք պետք է համապատասխանեն բնության կենսաբանական ժամերին: Եվ երբ այդ ժամերն առաջ կամ ետ են ընկնում` զարգանում է սթրես, եւ, սովորաբար, այդ հիվանդությունները գլուխ են բարձրացնում:
Նյարդաբանական տեսակետից գարունը վտանգավոր է գլխացավերի համար: Տասը հիվանդից մեկը, որ դիմում է բժշկի, տառապում է գլխացավերով: Գոյություն ունեն տարբեր գլխացավեր. հարկ է ճիշտ ախտորոշել:
Գարնանը նկատում ենք նաև զարկերակային ճնշման բարձրացումներ: Կա իշեմիկ ինսուլտների առաջացման վտանգ: Ինչպես ցույց է տալիս փորձը, ինսուլտների թիվը, սովորաբար, գարնան ամիսներին ավելի է աճում: Ի դեպ, նրանք ունեն վտանգավոր ընթացք. դրսում լավ եղանակ է, բարձր տրամադրություն եւ մարդը չի էլ նկատում, որ ունի ճնշման բարձրացում: Մասնագետի են դիմում միայն այն ժամանակ, երբ արդեն զարգացել է հիվանդությունը:
Հաջորդ խնդիրն այն է, որ գարնանը մենք ունենք վիտամինների պակաս. նոր մթերքի բացակայություն, ինչի արդյունքում ունենում ենք գարնանային ավիտամինոզ:
Գաղափարը` գարնանն ընդունել վիտամիններ բավականին առողջ է: Վիտամին Դ-ի պակասը, որ մենք գրանցում ենք, սարսափելի տարածված է: Այն պատճառ է դառնում քրոնիկական ցավային համախտանիշների:  Սակայն չեմ հորդորում, որ մարդիկ վերցնեն առանց կարիքի եւ սկսեն ընդունել վիտամիններ: Ամեն ինչ պետք է լուծվի համապատասխան հետազոտություններից հետո: Հարկ է դիմել գրագետ մասնագետի օգնությանը` ընտանեկան բժշկի խորհրդատվությանը:
Օգտակար կլինի գտնել ուղղություններ եւ կոմպենսացնել արյան զարկերակային ճնշումը, ստանալ առողջ սնունդ, արեւի տակ շատ գտնվել:  Գարնանային արեւն ամենաանվտանգն է, ի տարբերություն ամռան կիզիչ արեւի: Այն կարող է մաշկի քաղցկեղ առաջացնել: Գարնանային  արեւը չունի ուլտրամանուշակագույն ճառագայթների մեծ քանակ, առողջարար է:
Բացի դրանից, արեւի տակ գտնվելով, մենք փոխում ենք մեր ներքին ժամերը: Իսկ երբ սեփական օրգանիզմի եւ բնության ժամերը կարգավորված են, կա հարմոնիա` մարդն առողջ է:

Հարցին պատասխանել է նաեւ ԵՊԲՀ բժշկական հոգեբանության
ամբիոնի վարիչ, հ.գ.թ., դոցենտ, INTRA հոգեկան առողջության
կենտրոնի գլխավոր հոգեբան
ԽԱՉԱՏՈՒՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ.
-Ընդհանրապես, սեզոնային փոփոխությունները կամ, այսպես կոչված, եղանակային փոփոխություններն ազդում են մարդու հոգեկան աշխարհի վրա: Այս հանգամանքը եւս մեկ անգամ փաստում է, որ մարդը տիեզերքի մի մասնիկն է, որովհետեւ այն, ինչ կատարվում է ամբողջ մոլորակի վրա կամ տիեզերքում, մարդը չի կարող անմասն մնալ այդ փոփոխություններից: Մյուս կողմից, կան յուրաքանչյուրիս անհատական հոգեբանական եւ ֆիզիոլոգիական պարամետրեր, որոնք շրջադարձերի ժամանակ կարող են մի փոքր ավելի կրիտիկական վիճակում հայտնվել: Ընդ որում` ասեմ, որ հոգեկան ոլորտի խնդիրներ մենք նկատում ենք  աշնան եւ գարնան ամիսներին` ծանր հոգեախտաբանական երեւույթների դրսեւորմամբ. կա անհրաժեշտություն` միջամտելու: Խնդիրն այն է, որ մենք բոլորս կարող ենք զգալ որոշակի փոփոխություններ, բայց բոլորս չէ, որ կարող ենք ունենալ պաթոլոգիական դրսեւորումներ: Ազգաբնակչության մեջ կան, այսպես ասած, խոցելի խմբեր: Այդ խմբերի մեջ առանձնացնում ենք երեխաներին, որոշ տարիքային առանձնահատկություններից ելնելով, ինչպես նաեւ ծերունական հասակի մարդկանց, սակայն միջին հասակի տարիքային խմբերում էլ գիտենք, որ նույնպես կարող են լինել այնպիսի մարդիկ, ովքեր ավելի զգայուն են եղանակային փոփոխությունների նկատմամբ:
Բնության զարթոնքի հետ միասին օրգանիզմի պաշարները ձմռան ընթացքում, կարծես թե, սպառվում են: Եվ եթե մենք այդ նոր զարթոնքին պատրաստ չենք, ապա կարող ենք ունենալ որոշակի հոգեբանական եւ ֆիզիոլոգիական դրսեւորումներ:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ