Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Ապրիլ 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Ուրբաթ, 17 Ապրիլ 2015 00:00

"ՆՐԱՆՔ, ՈՎՔԵՐ ՇՈՒՆ ՈՒՆԵՆ, ԱՌՈՒՅԳ ԵՆ..."


- 40-ն անց կին եմ, ապահովված եմ աշխատանքով: Կարելի է ասել` խնդիրներ չունեմ, բայց կորցրել եմ ինքնավստահությունս. ունեմ տագնապի, վախի զգացողություն: Արագ նյարդայնանում եմ, չեմ կարողանում նույն բանի մասին երկար մտածել: Ինչպե՞ս կարող եմ դուրս գալ այդ իրավիճակից:


Հարցին պատասխանել է հոգեբան ՆԱՏԱԼԻ ԳՈՆՉԱՐ-ԽԱՆՋՅԱՆԸ.


-Մինչեւ 40 տարեկանը մարդկանց մոտ իմացության, ինֆորմացիայի եւ փորձի կուտակման ժամանակաշրջան է: 40-ից հետո գալիս է գիտակցության, կտրուկ փոփոխությունների եւ ինքնաիրացման ժամանակաշրջանը: Կյանքում յուրաքանչյուր էական փոփոխություն բերում է անհանգստություն, մտահոգություն եւ սթրես: Ինչպես տհաճ, այնպես էլ հաճելի իրադարձությունները կարող են դառնալ ներքին լարվածության, տագնապի պատճառ:

40-ից հետո կնոջ օրգանիզմում էստրոգենները (սեռական հորմոն) սկսում են նվազել եւ դրանից առաջանում են հոգեբանական անհարմարություն, նյարդայնացում: Դրանից կանանց մոտ ի հայտ են գալիս անհանգստություն, վախի զգացողություն, ճնշվածություն, կարծես հողը ոտքերի տակից փախչում է: Սա հոգեբանական խնդիր է, որը կապվում է նաեւ մի շարք առասպելների եւ միֆերի հետ, որոնք թեեւ վաղուց հնացել են, բայց մեր ենթագիտակցության մեջ են: Որոշ կանանց մոտ այդ ապրումներն առաջանում են այն պատճառով, որ նրանք չեն մայրացել, առաջ է գալիս տրված հնարավորության կորստի զգացողություն: Կանացիությունը, կին լինելն առաջին հերթին կապվում է մայրանալու գաղափարի հետ, եւ դա խոր նստած է կնոջ գիտակցության մեջ, հատկապես մեզ մոտ` Արեւելքում, ուր մինչեւ վերջերս կնոջ ազատ, անկախ, գործունյա կերպարը մերժվում էր: Ամուսնացած կանանց մոտ 40-ից հետո գալիս է հասունացած երեխաներից բաժանվելու սթրեսը, քանի որ զավակները սկսում են ինքնուրույն կյանք վարել եւ չեն ցուցաբերում նախկին կախվածությունը:  Կյանքի նոր էտապի անցման եւ ամրապնդման հաջողությունները մեծամասամբ կախված են կնոջ ադապտացիայի ունակությունից, նրա մասնագիտական եւ այլ հետաքրքրությունների խորությունից, "պահանջարկի" մակարդակից: Որպես օրենք` առաջին պլանում մասնագիտությունն է: Հավաքված է մեծ փորձ, ուժերը բավարար են, նոր ինքնագիտակցումը հնարավորություն է տալիս ռացիոնալ կազմակերպել փոխհարաբերությունները շրջապատող աշխարհի հետ: Լրջորեն խանգարել կարող են սեփական ուժերին չհավատալը եւ վախը, որը կարելի է եւ պետք է հաղթահարել: Ցավոք, մեր կանայք հազվադեպ են դիմում հոգեբանի, որի պատճառը ամաչկոտությունն է, ֆինանսական նեղվածությունը: Բայց պետք է հիշենք, որ մեզանից յուրաքանչյուրն ինքն իր լավագույն հոգեբանն է: Միշտ լինում են այլընտրանքային միջոցներ (դրանք կարող են լինել յոգան, շեյփինգը, պարի դասերը), որպեսզի վերագտնեք ձեր ոգեշնչումը եւ կենսուրախությունը:
Ցանկալին եւ երազածը, որը ձեզ դեռ չի պատահել, անպայման կպատահի: Հիշեք, դուք ձեր կյանքի ռեժիսորն եք: Ձեր գիտելիքները, հմտություններն ու փորձը կարող եք կիսել աճող սերնդի հետ, եւ նրանք կարձագանքեն շնորհակալությամբ եւ ուշադրությամբ:  Ընդլայնեք ձեր պրոֆեսիոնալ հնարավորությունները, յուրացրեք համակարգչային նոր ծրագրեր, օտար լեզուներ կամ էլ նույնիսկ նոր մասնագիտություն, որը կլինի հետաքրքրաշարժ զբաղմունք: Ձեր կողքին ունեցեք նաեւ կենդանի: Ապացուցված է, որ նրանք, ովքեր շուն ունեն, առույգ են զգում եւ 3-4 տարի երիտասարդª իրենց կենսաբանական տարիքից:  Ձեր անցած 40 տարիները դիտեք ոչ թե որպես անցյալում եղած հնարավորությունների կորուստ, այլ կապիտալ` ապագա մուտք գործելու համար: Հայտնի բանաձեւ կա. "Կյանքը սկսվում է 40-ից հետո":

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ