Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Մայիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 30 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 29 Մայիս 2015 00:00

"ՍԵՎԱՆԻ ԱՀՌԵԼԻ ԱՐԺԵՔ ՈՒՆԵՑՈՂ
ԿՈԼԵԿՏՈՐԸ ՉԿԱ, ՄԱՍ-ՄԱՍ ԹԱԼԱՆՎԵԼ Է"


Ժամանակին կար Սեւանի օղակաձեւ կոլեկտոր, որը կարող էր լուրջ դեր ունենալ Սեւանի մաքրման, ճահճացման, մի խոսքովª բնապահպանական ահռելի խնդիրների հարցում, այսօր գոյություն չունի: Այն պարզ պատճառով, որ հսկայական արժեք ունեցող կոլեկտորը, ըստ մեզ հասած տեղեկությունների, "աչքից հեռու" կամաց-կամաց ապամոնտաժվել վաճառվել է, որի հաշվին, ըստ մեր աղբյուրի, շատերն են գրպաններն ուռճացրել:
Այս պատմության ուսումնասիրությունը, իհարկե, տարողունակ է, քանի որ դա արվել է տարիներ շարունակ, եւ գրեթե տեսանելի չէ հետքը, թե ումից սկսվեց, ով ապամոնտաժեց առաջին խողովակը: Բայց դե, փորձենք կամաց-կամաց գլուխ հանել` սկզբի համար զրուցելով Բնապահպանության երբեմնի նախարար, ներկայումսª "Հանուն կայուն մարդկային զարգացման" ասոցիացիայի նախագահ, բնապահպան ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ: Մեր զրուցակիցը միանգամից հաստատեց.
- Այո, այն, որ Սեւանի կոլեկտորը չկա, մաս-մաս տարբեր անձանց կողմից թալանվել է, ճիշտ է, եւ դա նոր բան չէ: Գիտեք, մի ընթացք եղավ, որ հարց դրվեց կամ այդ կոլեկտորը պետք է գործեր, կամ` ոչ: Սակայն այդ հարցի շուրջ միասնական կարծիքի այդպես էլ չգալով` ընթացքում այդ կոլեկտորը սկսեցին թալանել բնակիչները եւ այլք: Պարբերաբար դարձած թալանի արդյունքում այդ հսկայական կոլեկտորը վերացավ: Երկու տեսակետն էլ ճիշտ էր: Այսինքնª մի կողմը պնդում էր, որ կոլեկտորը անհրաժեշտ է, մյուս կողմը` ոչ: Այնպես, որ միանշանակ չէ, որ կոլեկտորը իսկապես անհրաժեշտ էր Սեւանին:
- Այնուամենայնիվª խոսվում է նաեւ, որ այդ կոլեկտորը բավական մեծ գումար արժեր, եւ, Դուք, որպես բնապահպանության նախկին նախարար, բնապահպան, հետաքրքրվե՞լ եք, թե ովքեր են այդ թալանի, ապամոնտաժողների հեղինակները:
- Այո, այդ կոլեկտորը, ինչ խոսք, ահռելի գումար արժեր: Բայց գիտեք ինչ, այնտեղ ապամոնտաժում, համենայնդեպս որքան, որ ես եմ հիշում, առանձնապես չի արվել, քանի որ կոլեկտորն ամբողջությամբ հավաքած չէր. ուղղակի բերել փռել էին խողովակները, եւ դրանց վրա աշխատելուց հետո միայն կոլեկտորը կդառնար լիարժեք. շինարարությունն ընթացքի մեջ էր:
- Իսկ ի՞նչ եք կարծում, եթե այսօր այդ կոլեկտոր կոչվածը լիներ, Սեւանի աղտոտվածության հարցը, որը մշտապես բարձրաձայնվում է ինչպես Ձեր, այնպես էլ մի շարք բնապահպանների կողմից, լուծված չէ՞ր լինի, առավել եւս այս հանգստյան սեզոնին:
- Լավ կլիներ` կոլեկտորը մնար: Հիմա Եվրոպական բանկից վարկ են վերցնում, որ կառուցեն մաքրող կայաններ, տարածքի կեղտաջրերը մաքրեն տեղում եւ նոր լցնեն Սեւան: Եթե աշխատի այդ ծրագիրը` ուրեմն լավ է, բայց եթե չաշխատի, եւ շարունակվի Սեւանի աղտոտումը, իհարկե վատ է: Ինչ վերաբերում է Սեւանի աղտոտվածությանը, վերջին տարիներին, քանի որ լճի մակարդակը սկսեց բարձրանալ, լիճը սկսեց առողջանալ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ջրի որակը սկսել է լավանալ, եւ նույնիսկ ջրի թափանցիկությունն է խիստ բարձրացել: Բայց ամեն դեպքում, Սեւանի սանիտարահիգիենիկ վիճակը բարվոք չէ:
- Լավ, ըստ Ձեզ, ի վերջո ովքե՞ր են պատասխանատու, հսկայական կոլեկտորի թալանի համար:
- Այդ հարցին կդժվարանամ պատասխանել. ե՛ւ բնակիչները, ե՛ւ մարդիկ, ովքեր տեսնելով, որ տարածքը չի վերահսկվում, ինչ ուզել` արել են:
Իհարկե այն, որ մեր զրուցակիցը բավական հանգիստ եւ մեղմ էր արտահայտվում բնապահպանական մեծ արժեք ներկայացնող կոլեկտորի լինել-չլինելու մասին, կարելի է հասկանալ. ի վերջո ժամանակին նա էլ է եղել դրա պատասխանատուների թվում: Բայց նաեւ նկատենքª մոնտաժվա՞ծ էր կոլեկտորը, թե՞ իրոք ընդամենը "բերել փռել էին խողովակները", էական չէ. մեկ է, խոսքը բնապահպանությունից զատ, հսկայական նյութական արժեքի մասին է, եւ շեշտենք` պետական արժեքի: Եվ քանի որ տիկին Դանիելյանը չհիշատակեց այդ ամենը վաճառելու մասին պետական եւ ոչ մի որոշման մասին, կարող ենք ֆիքսել, որ այդ ամենը պարզապես թալանվել է, ընդ որում, թալանվել է բոլոր պատկան մարմինների աչքի առաջ: Եվ դա էլ է վկայում մեր աղբյուրի տեղեկատվության մասին, որ այդ հսկայական թալանից շատ չինովնիկներ են գրպանները լցրել:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ