Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Չորեքշաբթի, 03 Հունիս 2015 17:27

Հունիսի 7-ին Թուրքիայում տեղի կունենա խորհրդարանական ընտրություններ: Քսան գրանցված կուսակցություններից ժողովուրդը պետք է ընտրի 550 պատգամավորների: Խորհրդարանական ընտրություններում երեք կուսակցություններ առաջադրել են նաեւ հայ թեկնածուների, ինչն էլ Թուրքիայում առաջացրել է հակահայկական տրամադրություններ: Դա էլ ավելի են սրում թուրք մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ մինչեւ իսկ ընտրողներին կոչ անելով չմասնակցել այն կուսակցությունների հանրահավաքներին, որոնք առաջադրել են հայ թեկնածուների: Անկարայի քաղաքապետն էլ ավելի առաջ է գնացել՝ դիմելով քրդերին եւ հորդորելով՝ զերծ մնալ քրդական «Ժողովուրդների  դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ) հանրահավաքներին մասնակցելուց, պատճառաբանելով, որ այդ հանրահավաքները ոչ թե քրդերինն են, այլ հայերինը, քանի որ կուսակցությունում ընդգրկված է հայ թեկնածու: Թուրքիայի նախագահը եւ վարչապետը նույնպես հակահայկական տրամադրություններ են տարածում եւ ԺԴԿ-ին մեղադրում հայկական սփյուռքի հետ համագործակցելու եւ «առեւտուր» անելու մեջ:
Թե ի՞նչ փոփոխություններ տեղի կունենան հայ-թուրքական հարաբերություններում` խորհրդարանական ընտրություններից հետո, հատկապես Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, «Իրավունքը» փորձեց ճշտել հայաստանյան որոշ վերլուծաբաններից:

 

 

ԷՐԴՈՂԱՆԸ ԵՎՍ
ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ
ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՏԱՐԱԾՈՒՄ

 


Թուրքագետ ԼԵՎՈՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ խոսքով` Թուրքիայում խորհրդարանական ընտրությունների հետ կապված` ստեղծվել է բարդ իրավիճակ, ուստի դժվար է ասել, թե  ինչ կլինի ընտրությունների արդյունքում. «Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ տեսքով կպահպանվի ներկայիս կառավարությունը: Սակայն վստահ եմ, որ առաջիկայում հայ-թուրքական հարաբերություններում որեւէ տեղաշարժ չի լինելու: Քանի որ Թուրքիայի քաղաքական օրակարգը կախված է ընտրությունների արդյունքից, չեմ կարծում, որ թուրքական իշխանություններն արտաքին քաղաքականության մեջ հանդես կգան որեւէ բան փոխելու նախաձեռնությամբ: Ամեն դեպքում՝ Թուրքիան քայլեր չի անի հայ-թուրքական հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու համար»:

 

 

Թուրքագետ ԱՆԴՐԱՆԻԿ ԻՍՊԻՐՅԱՆԸ փաստեց, որ ամեն ինչ կախված է նրանից, թե Թուրքիայի խորհրդարանական ուժերն ինչ կազմով կմտնեն խորհրդարան. «Ամեն դեպքում Հայաստանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը չի փոխվի: Հայ-թուրքական հարաբերությունները փոխելու մասին ակնարկներ այս պահին չկան: Ավելին` Թուրքիայի իշխանությունները, մասնավորապես նախագահ Էրդողանը բավականին հակահայկական տրամադրություններ է տարածում թուրքական հասարակության մեջ, գործընթացը տանելով բոլորովին հակառակ ուղղությամբ: Այսքանից հետո փորձել վերադառնալ հայ-թուրքական հարաբերությունների գործընթացին,  մոտ ժամանակների գործ չէ»:

 

 

Քաղաքագետ ԴԵՐԵՆԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆԻ կարծիքով Թուրքիայի խորհրդարանական ընտրություններից հետո հայ-թուրքական հարաբերություններում դժվար թե  զգալի տեղաշաժեր կատարվեն. «Հայ-թուրքական հարաբերություններում տեղաշարժ կլինի այն ժամանակ, երբ ընտրությունների արդյունքում իշխանության գան այնպիսի մարդիկ, որոնք տարածաշրջանում կխառնեն Թուրքիայի խաղաքարտերը: Սակայն այս ամենը գործնականում անհնարին է, միեւնույն է, հայ-թուրքական հարաբերությունները կմնան նույն մակարդակի վրա: Եթե նույնիսկ այս ընտրություններում առաջադրված հայազգի թեկնածուներն ստանան պատգամավորական մանդատներ, ապա կրկին ոչինչ չի փոխվի. պարզապես Թուրքիան միջազգային հանրությանը ցույց կտա, թե` տեսեք, մենք «ժողովրդավարական» երկիր ենք եւ պաշտպանում ենք ազգային փոքրամասնությունների իրավունքները»:

 

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ