Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Ուրբաթ, 05 Հունիս 2015 16:27

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Արդի աշխարհը, այդ թվում եւ Հայաստանը, այսօր գտնվում է այնպիսի վիճակում, երբ խնդիր է դրված ունենալու սոցիալապես ապահովված, ապահովագրված, անվտանգությունն ապահովված հասարակություն: Ո՞րն է այն նոր աշխարհի մոդելը, որը պետք է լինի ուղենիշ: Այսօր աշխարհի գործող լավագույն մոդելը Եվրոպական մոդելն է, որն, ըստ իս, ոչ միայն իրեն սպառել է, այլեւ դեմոկրատիայի, ազատության անվան տակ կատարվող գործառույթները կործանարար են լինելու եւ ամայացնելու այդ տարածաշրջանը: Ձեռնպահ մնալով խոսել մնացյալ տարածաշրջանների մասին, որտեղ համեմատած եվրոպական մոդելի` սոցիալական անարդարությունները բերել են աղքատության, չքավորության, իսկ այն երկրները, որտեղ սոցիալական արդարությունը չի զիջում եվրոպականին, ով այն ապահովում է երրորդ երկրներին վախեցնելու, ճզմելու գործառույթներով: Եթե այսօր նավթի գործոնն է բերում աշխարհի տարբեր երկրներում դեմոկրատիայի անվան տակ, այսպես ասած, տաք գոտիներ ստեղծելուն, վաղը խմելու ջրի սակավությունն է բերելու նույնատիպ գործողությունների:

Պետք է փաստել, որ աշխարհը դանդաղ, բայց հաստատուն իր երկրային օրենքներով, սահմանված կարծրատիպերով, ավելի ու ավելի է ընկղմվում ու խորտակվում, չնայած գիտական թռիչքներին: Երանի այն պետությանը կամ այն համայնքին, որի ստեղծած նոր մոդելը լինելու է փարոս բոլոր նրանց համար, ովքեր մեկտեղվելու են եւ կերտելու արեւային երկիր, որտեղ կրոնի համար չեն ցեղասպանվելու, որտեղ մաշկի գույնի համար չեն ոչնչացվելու, որտեղ հանրահայտ է լինելու, որ բոլորը ծնվել են հավասար:
Ես ունեմ իմ բանալին:
Երկրի եւ պետության համար, որպես պետական իրավունքի բաղկացուցիչ մաս, պետք է թագավորի հետեւյալ իրավանորմը.
Երկնքում հաստատված աստվածային կարգը պարտադիր է երկրի վրա: Բոլոր երկրային օրենքները պետք է փորձաքննություն անցնեն Աստծո ստեղծած օրենքի հետ, եւ այնպիսիները, ովքեր կհակասեն երկնային օրենքներին, պետք է ճանաչվեն առ ոչինչ: Այսինքն, գերական պետք է լինի ոչ թե մարդու կողմից հնարած հիմնական օրենքն ու մնացյալ իրավական ակտերը, այլ Բացարձակի կողմից ստեղծված օրենքի դիկտատուրա, որովհետեւ կյանքը ցույց տվեց, որ այն հնարովի օրենքները, որոնք չեն համապատասխանում իրավունքին, իսկ իրավունքը երկնքում ամրագրված է, կամ մնում են թղթի վրա, կամ էլ դառնում են կործանարար հասարակության, պետության, երկրի, երկրագնդի համար:
Փաստեմ, որ երկնային օրենքով ապրող հասարակությունը, պետությունը, ունենալու է հատուկ դրված խաղի կանոններ բոլոր բնագավառների համար, ինչու չէ, զարգացնելու է այդ խաղի կանոնները, ստեղծագործելու է, բացառապես ի նպաստ իր շրջապատի, համայն աշխարհի բարօրության եւ հզորության համար, ուստի նման պայմաններում որքան լայն ու խոր տրվի ազատությունը, այնքան բարձր կլինի մաքրագործվելու տոկոսային արժեքը:
Իշխանությունը իրավունքի վրա հենված ուժ է:
Իրավունքի տեսակներն են.
1. կյանքի իրավունք
2. անձի ազատություն
3. մտքի, խոսքի եւ համոզմունքի ազատություն
4. ընտանեկան իրավունք
5. սեփականության իրավունք
6. աշխատանքի իրավունք
7. արժանապատվության իրավունք


1. Կյանքի իրավունք
Փաստեմ, որ ապրելու իրավունքն աստվածային այն կարեւոր իրավունքն է, որն Աստծո կողմից է տրված մարդուն եւ ենթակա է վերցնելու մարդու կողմից, ուստի այն երկրներում, որտեղ կիրառվում է մարդուն օրենքով կյանքից զրկելու իրավանորմը, հակասում է կյանքի իրավունքին եւ ենթակա է վերանայման:
Կյանքի իրավունքի խախտման ինքնուրույն տեսակ է ցեղասպանությունը, բնակչության առանձին խմբերի կազմակերպված եւ կանխամտածված ոչնչացումը` պայմանավորված ազգային, ռասայական, կրոնական եւ այլ հատկանիշներով:
Կյանքի իրավունքի խախտման ինքնուրույն տեսակ են ինչպես արտագաղթը, այնպես էլ ինքնասպանությունները:
Համարձակվում եմ փաստել, որ կյանքի իրավունքի խախտում չէ անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության վիճակում անձին կյանքից զրկելը:
Կյանքի իրավունքի բաղկացուցիչ մաս պետք է կազմի նաեւ բոլոր մարդկանց հավասարությունը գործող օրենքի առջեւ:
Հայաստանյան իրականության մեջ մարդկանց որոշակի զանգված արտագաղթում է երկրից հենց այս իրավանորմի չգործելու հետեւանքով ինչպես պետական լիազոր մարմինների կողմից, այնպես էլ` դատական իշխանության կողմից:
Ավելին, երբ պետական լիազոր մարմնի կողմից կայացրած անօրինական իրավական ակտը կամ անգործությունը վիճարկվում է դատական կարգով, իսկ դատական իշխանությունն օրենքը հարմարեցնում է տվյալ իրավական ակտին, կամ դատական հավասար մրցակցությունը ենթադրյալ է, քանի որ դատավորի դարակում արդեն պատրաստի դատական ակտն առկա է, ապա տվյալ պետության մեջ գործելու է ամեն ինչ, բացի աստվածային իրավանորմից` բխող բոլոր կործանարար հետեւանքներով:
Կյանքի իրավունքի հետ կապված թեպետ ոչ բոլոր դետալներն ու բաղադրիչները ներկայացվեցին, սակայն այդ ամենը պետք է դառնա կրողը հետեւյալ աստվածային իրավունքի.
1. Չսպանել,
2. Տարբերակել եւ սահմանազատել ինքնասպանությունն ինքնազոհաբերումից,
3. Ողորմածությունը, ներողամտությունը պետք է մտցվի յուրաքանչյուրի վարվելակերպի մեջ, իսկ դրա բացակայության պայմաններում կիրառվի օրենքով նախատեսված սանկցիաներ,
4. Զայրույթը, ագրեսիան ոչ միայն արգելված չեն մեր օրենսդրությամբ, այլեւ դարձել են մեր կենցաղի մասը` բխող բոլոր կործանարար հետեւանքներով:


2. Անձի ազատություն
Ազատության սահմանափակումներն ուղիղ համեմատական կախվածության մեջ են մեղսագործության աստիճանից եւ ընդհակառակը, ազատությունն այնքանով է լայն ու խոր, որքանով ակնհայտ լիարժեք է մեղքից մաքրվելու փաստը:
Ուստի այն կարծիքները, որ Աստվածաշնչում մարդն իբր ազատազուրկ է, այդպես չէ:
Աստվածաշնչյան կանոնը, լինել հնազանդ, պետք է հասկանալ ոչ թե որպես ծառա կամ ստրուկ, այլ լինել օրինապաշտ, իսկ այն զանցողները, անկախ իրենց քսակից կամ դիրքից, պետք է պատասխանատվության ենթարկվեն: Ավելին, հնազանդ լինելու պայմանով է միայն հնարավոր, որ մարդը երբեւիցե չըմբոստանա իր նմանի նույնատիպ իրավունքների դեմ:
Կարեւոր է գիտենալ, որ բացարձակապես ձեւականորեն, աննպատակ ու անբովանդակ ընկալված ազատությանն է դեմ աստվածաշնչյան իրավանորմը, ուստի ազատության մեջ արգելքները պետք է լինեն, սակայն ոչ ավելի, քան սահմանված են ի վերուստ:
Մասնավորապես, օրենքի ուժով պետք է արգելվի երկրային կուռքեր ստեղծելու ինստիտուտը, որը չքնաղ ձեւով զարգանում է հիմնականում հետամնաց երկրներում:
Մարդուն ի վերուստ տրված է նաեւ սայթաքելու, սխալվելու, կրկին ոտքի կանգնելու իրավունքը, եւ ինչպես Աստված է հանդուրժում շատ բաներ, որոնք բացակայում են օրենքով, այնպես էլ մեր օրենսդրության մեջ այն պետք է ներառվի, որպես անձի ազատության բաղկացուցիչ մաս:
Հիսուս Քրիստոսի հայտնության հետ կապված իր ուրույն մեկնումը կա հոգեւոր հարթության վրա, իրավական հարթության վրա Քրիստոսի հայտնության խորհուրդը Աստծո օրենքով մարդուն պարտադրած եւ պարտադիր պայման դիտվող այլ ազատությունների սահմանափակումները պետք է դառնան մեր առօրյայի բաղկացուցիչ մաս, ինչի կրողն ու կիրառողը պետք է լինենք մենք:

3. Մտքի, խոսքի եւ
համոզմունքի ազատություն

Ընդունելով հանդերձ, որ ճշմարտությունը չի կարող մեկից ավելին լինել, պարտավոր ենք ընդունել եւ օրենքի ուժ տալ, որ ճշմարտությունը յուրաքանչյուրի մոտ ընկալվում է յուրովի, ուստի անձը կարող է քննադատվել իր նմանի կողմից` մտքի, խոսքի, համոզմունքի համար, սակայն չի կարող դրա համար դատապարտվել:
4. Ընտանեկան իրավունք
Աստվածաշնչյան այս կարեւորագույն իրավանորմն այնքան է աղավաղվել, անգամ ստացել է օրենքի ուժ, ազատության անվան տակ խրախուսելով նույնասեռականների ամուսնությունը, մինչդեռ Աստված Ադամին տվեց Եվա` տալով ինչպես իրավունքներ, այնպես էլ պարտականություններ, որով էլ հիմք դրեց իր օրենքը, որն իմպերատիվ է: Այն է.
ա). Ընտանիքը երկու անձանց` տղամարդու եւ կնոջ միությունն է:
բ). Ընտանիքը կողմերի ազատ կամքով ստեղծված միությունն է:
գ). Ընտանիքը սերունդների ծննդյան ու դաստիարակության հիմքն է:
դ). Ընտանիքը միասնական եւ անբաժանելի միավոր է:
ե). Ընտանիքը հիերարխիկ կառույց է:
զ). Ընտանիքը համատեղ տնտեսություն վարելու կազմավորում է:
է). Ընտանիքը մի միություն է, որը հաստատվում է Աստծո օրհնությամբ:


5. Սեփականության իրավունք
Սեփականության իրավունքը, թեպետ ամրագրված է երկրների գլխավոր օրենքներում, ոչ միայն հաճախ խախտվում է, այլեւ տվյալ անձին դարձնում է օրենքով բոմժ, որը դատական իշխանությունը կատարում է սիրով` տվյալ անձին դարձնելով կամ պոտենցիալ հանցագործ, կամ էլ` պոտենցիալ արտագաղթող:
Մինչդեռ Աստվածային օրենքի ուժով մարդուն տրվել է սեփականության իրավունք, այն փոխանցվել է վերջինիս ընտանիքին տնօրինել իր հայեցողությամբ, պայմանով, որ այն ուղղված պիտի լինի իր տունն ու կյանքը բարեկարգելու նպատակով: Այսինքն, արգելված է օրենքով բոմժ դարձնել այն անձին, ով ցանկանում է շենացնել իր ընտանիքը: Ավելին, պետք է խրախուսել, պետք է պայմաններ ստեղծել, առավել եւս, երբ երկիրն իրեն կոչում է սոցիալական: Սեփականության իրավունքի պաշտպանությունը ոչ միայն կայանում է տվյալ անձի գույքի պաշտպանության համար օրենքներ ստեղծելը, այլեւ արգելելը մարդուն ունեզրկել:
Գույքային հարաբերությունների կարգավորման գործում պետք է գերակայի ոչ թե անձին ունեզրկելը, այլ արդարության վերականգնումը: Արդարության պահանջը համընդհանուր է եւ չպետք է կախման մեջ ընկնի այլ հանգամանքներից:

Այսինքն, եթե Հյուսիսային պողոտան կառուցելու համար այնտեղ գտնվող պետական գերակա շահ ճանաչված տների սեփականատերերին պարտադիր պետք է վտարեին իրենց տնից, ապա պարտավոր էին վճարել տվյալ գույքի շուկայական արժեքը, այլ ոչ թե կառուցապատողի քմահաճույքով նախատեսված ինչ-որ գումար, որը կրկին դատական իշխանության կողմից օրինականացվեց` դառնալով կործանարար տվյալ հասարակության համար:
Սեփականության աղբյուրը պետք է կապված լինի մարդու այնպիսի հատկանիշների հետ, ինչպիսին են նրա աշխատասիրությունը, հնարամտությունը, հնազանդությունը: Մինչդեռ, իրական կյանքում, առավել եւս հետամնաց երկրներում, այն բացառապես կախված է ինչ-որ անձի կամ անձանց կամքից, որն ուղղակի արգելվում է երկնային օրենքով: Ավելին, նման ճանապարհներով հարստություն ձեռք բերած անձինք իրենց շրջապատող անձանց նետելով որոշ փշրանքներ, ինքնաստորացնում են իրենց, որն անթույլատրելի է եւ իրավամբ պետք է դասվի ծանր հանցագործությունների դասին:

6. Աշխատանքի իրավունք
Աշխատանք, աշխատել ասելով ոչ թե ուղղակի պետք է հասկանալ այն գործառույթը, որը կատարվում է տվյալ պահին, այլ դրա տակ պետք է առաջնահերթ հասկանալ ստեղծագործելու ունակությունը:
Մասնավորապես, բանանը ծառից հավաքելը, կեղեւից մաքրելը եւ ուտելը որոշակի աշխատանք է իրենից պահանջում, որը կատարվում է եւ մարդու, եւ կենդանիների կողմից, սակայն բանանի ծառ տնկելու, կամ բանանի կամ այլ ծառի վրա պատվաստումներ կատարելու, որպեսզի այլ որակի բերք ստացվի, մենաշնորհը ի վերուստ է տրված մարդկանց: Համարձակվում եմ ամրագրել, որ մարդու մեջ Աստծո պատկերն ամենացայտուն կերպով արտահայտված է նրա ստեղծագործելու ունակության միջոցով: Ստեղծելը Աստծո իրավազորության մեջ է, եւ դրվել է իր կողմից ստեղծվող էակի` մարդու մեջ:
Այստեղից մի կարեւոր իրավանորմ.
Աշխատանքն իբրեւ գիտակցված գործունեություն, երկրի վրա լինելով միայն մարդուն բնորոշ եւ նրան մնացյալներից տարբերակող հատկություն, համարվում է որպես մարդկային որակական հատկանիշ:
Աշխատանքի նմանօրինակ իրավունքն ու անսահման հնարավորությունը Հոր կողմից տրվեց մարդուն, եւ տարբերվելու, եւ իր տեսակի մեջ մնալու, եւ որպես բարեկեցիկ կյանք ապահովելու միջոց:
Հետեւություն.
Ի վերուստ տրված է մարդուն ամենը, որպեսզի վերջինս ստեղծի, աշխատի, արարի, որը լինելով բարեկեցիկ ապրելու նախապայման, օգտակար գործողության գործակիցը լինելու է մոտ զրոյի, եթե պետական մակարդակով չի դրվել խաղի կանոնները` աշխատանքային պայմանների եւ վարձատրության հետ կապված: Տվյալ դեպքում պետությունը, լինելով միասնական մարմին, պետք է ավելի քան պարզեցված ձեւով հնարավորություն տա գործատուին աշխատատեղ ստեղծել, հսկողություն սահմանի տվյալ աշխատանքային պայմանների վերաբերյալ, իսկ վարձատրության չափը պետք է լինի բարձր: Փաստենք, որ այսօր գործում է հետեւյալ մոդելը. պետությունը հնարավորինս մաքսիմալ քաշում է, ընդհուպ պարտքերի ու վարկերի տակ գցելով իր գործատուին, գործատուն հաճախ նաեւ օբյեկտիվ պատճառներով ցածր է վճարում իր աշխատողին, աշխատողը լավագույն ցանկության դեպքում չի կարող նվիրված աշխատել իր աշխատատեղում, եթե աշխատավարձով ընտանիքի մինիմալ պահանջները չի բավարարում, որի արդյունքում բոլորը դժգոհ են, իսկ աստվածաշնչյան տվյալ շնորհը` աշխատելու, ստեղծագործելու, չի գնահատվում:
Մինչդեռ, դեռեւս Մովսեսի օրենքում աշխատանքի իրավական կարգավորման ոլորտում պարտադիր պայման են դիտվել աշխատանքային պայմանները, հանգստի իրավունքը, վարձատրությունը: Տվյալ իրավանորմով գործատուն պարտավոր էր ապահովել աշխատանքի համար հանդուրժելի պայմաններ, բացառել դաժան վերաբերմունքը, հնարավորություն ընձեռել հանգստանալու: Վարձատրության հետ կապված այն պետք է լինի արդար եւ ժամանակին:
Թե այսօր այս կարեւորագույն իրավանորմը որքանով է ստացել օրենսդիրի կողմից դիտվող պարտադիր պայման, հետեւությունները թողնում եմ Ձեզ:
Ցանկանում եմ փաստել, որ տվյալ գործառույթների պատասխանատուն համարվում է այն երկիրը, որտեղ աշխատում, ստեղծագործում են մարդիկ: Առավել եւս սոցիալական համարվող պետությունները, որոնք իրենց սահմանադրությամբ ամրագրել են «սոցիալական» եզրույթը, ուղղակի պատասխանատվություն են կրում երկրի քաղաքացու եւ աշխատանքային պայմանների եւ նրանց պաշտպանության եւ բարեկեցիկ ապրելու համար:

7. Արժանապատվության իրավունք
Այս բառի մեկնումը տրված է տարբեր ձեւաչափերով: Ինձ համար արժանապատվությունը Աստծո կողմից մարդուն փոխանցված Աստվածային հատկությունների հանրագումարն է, ուստի երկրային գլխավոր օրենքով պետք է ամրագրվի, որ պետությունը պարտավոր է ապահովել մարդու ապրելու, ազատ լինելու, մտածելու եւ արտահայտվելու, ընտանիք ունենալու, աշխատելու եւ սեփականություն ունենալու իրավունքը: Դրանցից մեկի սահմանափակման կամ բացակայության պայմաններում խախտվում է անձի արժանապատվությունը, որի կրողն ու պատասխանատուն պետք է լինի իշխանությունը:
Ահա արեւային երկրի այն մոդելը, որը ես պատկերացնում եմ, որը եւ պետք է լինի ՀՀ Սահմանադրության բաղկացուցիչ մասը:
ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Լեւ գրուպ» փաստաբանական
գրասենյակի հիմնադիր նախագահ
www.levgroup.am

Հարցեր կարող եք ուղարկել նաեւ
Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար հասցեով