Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Չորեքշաբթի, 10 Հունիս 2015 17:42

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՓՈԽՎԻ

 

Թուրքիայում ամփոփվեց 25-րդ խորհրդարանական ընտրությունները, որի արդյունքում, ինչպես հայտնի է, 41 տոկոս ձայներով հաղթելով, այնուամենայնիվ՝ պարտություն կրեց իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը: Դա Էրդողանի թիմում այնքան ծանր են տանում, որ գրեթե վիրավորանք են սկսել համարել հաղթանակի կապակցությամբ ստացվող շնորհավորանքները: Մի խոսքով՝ Թուրքիայում ներքաղաքական դաշտը մնում է գերլարված, նախագահ Էրդողանի հանդեպ վստահությունը՝ նվազած, ինչը, հասկանալի է, իր անմիջական ազդեցությունն է սկսում ունենալ նաեւ երկրի արտաքին նկարագրի վրա: Այս իրավիճակն ինչ-որ կերպ կարո՞ղ է ազդել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում թուրքական ժխտողականության քաղաքականության վրա: Այս հարցի պատասխանները «Իրավունքը» փորձեց ճշտել հայաստանյան որոշ վերլուծաբաններից:

ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի փոխտնօրեն, թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՅԱՆԻ կարծիքով` ո՛չ քրդամետ կուսակցության եւ ո՛չ էլ հայազգի երեք պատգամավորների հայտնվելը Թուրքիայի խորհրդարանում, չեն կարող գոնե Թուրքիայի ներսում ակտիվացնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը. «Այն ուժը, որը քիչ թե շատ  այլ մոտեցում ունի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, չունի այն մեծ ընտրազանգվածն ու ներկայացվածությունը խորհրդարանում, որ կարողանա լուրջ փոփոխություն մտցնել Թուրքիայի ժխտողական քաղաքականության մեջ: Անկախ նրանից՝ Էրդողանի կուսակցությունը թուլացրել է իր դիրքերը, թե ոչ, միեւնույնն է` թուրքական ժխտողականությունը շարունակելու է առաջնորդվել այնպես, ինչպես նախկինում»:

 

Թուրքագետ ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ընդգծեց, որ ներքին ծանր քաղաքական իրավիճակում մեծ կարեւորություն ներկայացնող քաղաքական շատ հարցեր անցնում են երկրոդական պլան. «Այս դեպքում առաջնային են դառնում  ներքաղաքական հարցերը, եւ նման իրավիճակում դժվար է ակնկալել, որ Թուրքիայում տեղի կունենա Հայոց ցեղասպանության հարցի ակտիվացում: Պետք է սպասել, թե ինչ կառավարություն կձեւավորվի, որից հետո էլ հնարավոր է տալ որոշակի գնահատական: Չեմ կարծում, որ հայ պատգամավորները Թուրքիայի խորհրդարանում պատճառ կդառնան գլոբալ փոփոխությունների, մանավանդ, որ նրանք ներկայացնում են տարբեր քաղաքական ուժեր եւ ունեն տարբեր հայացքներ»:

 

Փորձագետ ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆԸ փաստեց, որ Թուրքիայի քաղաքական ընդհանուր իրավիճակով պայմանավորված` դժվար թե տեղի ունենան Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված որոշակի փոփոխություններ, քանի որ այդ ամենը պահանջում է տեւական գործընթացներ. «Խորհրդարանում ծագումով հայ պատգամավորներ են ստացել մանդատներ, բացի այդ, խորհրդարանում է հայտնվել քրդամետ կուսակցություն, որն ազատորեն խոսում է Ցեղասպանության ճանաչման խնդրի մասին եւ իրերը կոչում իրենց անունով: Կարծում եմ՝ սա լուրջ առաջընթաց է: Սակայն այս ամենն էլ հաշվի առնելով, միեւնույնն է, Թուրքիայի պետական քաղաքականության մեջ էական փոփոխություններ չեն լինի»:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ