Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 12 Հունիս 2015 00:00

ԳՈՄԵՇԻ ՄԱԾՈ՞ՒՆ, ԹԵ...

Օրերս «Իրավունքին» էր դիմել սպառողներից մեկը, խնդրելով «Էջմիածին կաթ» ՍՊԸ-ից ճշտել, թե վերջինիս արտադրած «գոմեշի մածուն» ապրանքատեսակն իրո՞ք համապատասխանում է ներկայացվածին: Սպառողն իր մտահոգությունը բացատրեց այս կերպ. «Իմ բնակության վայրի (Ազատության պողոտա) մի քանի խանութներում վաճառվում է գոմեշի մածուն: Դա հուշում է, որ մայրաքաղաքի բազում այլ խանութներում եւս նույն ապրանքը պետք է, որ լինի: Բայց մի՞թե Հայաստանում կա գոմեշների այն քանակությունը, որ հնարավոր լինի արտադրություն կազմակերպել»:

 

 

Հարցը մեզ էլ հետաքրքրեց նաեւ այս տեսանկյունից. գաղտնիք չէ, որ Հայաստանի կաթնամթերք արտադրողները չեն էլ թաքցնում, որ մեծ մասամբ կաթի փոշի են օգտագործում: Բայց սա չի կարող այդ դեպքը լինել, քանի որ, ինչպես ներկայացված էր քաղաքացու կողմից մեզ տրամադրված համապատասխան պիտակի վրա, այդ «գոմեշի մածունը» արտադրվել է անարատ կաթից:Պարզաբանում ստանալու համար, բնականաբար, նախ դիմեցինք արտադրողին՝ «Էջմիածին կաթի» ղեկավար Սամվել Հովհաննիսյանին: Սակայն մեր զրուցակիցը, չգիտես ինչու, նախ սկսեց դժգոհել իր արտադրանքի հետ կապված սպառողի բարձրացրած հարցից: Եվ միայն այն բանից հետո, երբ հարկադրված էինք մեր զրուցակցին հիշեցնել, որ խոսքը, ի վերջո, հանրային սննդի մասին, եւ ցանկացած ոք ամեն մի տեղեկություն ճշտելու իրավունք ունի, Ս. Հովհաննիսյանը որոշ բացատրություններ տվեց. «Մեր մածունն արտադրված է գոմեշի կաթից, որ մթերում են Գենջոյան ֆերմայից: Գործարանի դռները միշտ բաց են մարդկանց առջեւ, կարող են գալ եւ տեսնել արտադրանքը, սակայն ամեն մի շառլատան (?) չի կարող մտնել գործարան: Այսօր Հայաստանում կաթի փոշու բոլոր գործարանները փակ են, որտեղի՞ց կաթի փոշի: Ես այնքան հարուստ չեմ, որ շաբաթվա բոլոր օրերին գոմեշի մածուն արտադրեմ, շաբաթական երեք օր եմ արտադրում եւ բաժանում մի քանի խանութների»:Այդպես էլ չհասկացանք, թե ինչ իմաստ ունեն «որտեղի՞ց կաթի փոշի» արհատայտությունը կամ դա Հայաստանի կաթի փոշու գործարանների փակ լինելու հետ կապելը: Եթե անգամ Հայաստանում տոննաներով կաթի փոշի արտադրվեր, դա հաստատ գոմեշի կաթից չէր լինի այն պարզ պատճառով, որ արտադրական համապատասխան պաշարներ չկան: Իսկ ներկրված կաթի փոշի Հայաստանում առավել քան շատ է, ու ինչ վերաբերում է գոմեշի կաթից արտադրված փոշուն, ապա նման ծավալուն արտադրություններ մասնավորապես Հնդկաստանում կան: Եվ երկրորդը` նույն այդ ուղղությունից գոմեշի մսի ծավալուն ներկրումներ կան, եւ ոչ մեկը չի բացառել, որ հնարավոր է նաեւ գոմեշի կաթի փոշի բերել:Չէ, սրանք միայն փաստեր են եւ ոչ թե կարծիք կամ կասկած, որ հիշատակված արտադրանքը գոմեշի կաթի փոշուց է արտադրված¤ պարզապես ընդգծում ենք, նման բան առհասարակ հնարավոր է, եւ սպառողն էլ կարող է կասկածել, որ մածունը կաթի փոշուց է պատրաստվել: Առավել եւս, որ պարոն Հովհաննիսյանն էլ նկատեց, որ նույնիսկ չկա համապատասխան լաբորատորիա, որ որեւէ մեկը «ստուգի ու իմանա մածունն ինչից է պատրաստված»: Եվ, առհասարակ, որ այս թեմայով խոսելը կարող է նման պատճառ ունենալ. «Ես ունեմ հարյուր չուզող` մրցակիցներ, որոնք այս կամ այն ձեւով ցանկանում են վնասել»: Բայց ամեն դեպքում, նա այդպես էլ գաղտնիք պահեց, թե, իր ասածով, շաբաթվա երեք օրերին արտադրելով, այնուամենայնիվ, ինչ ծավալով է գոմեշի մածուն հանում շուկա:Մնում էր դիմել պարոն Հովհաննիսյանի հիշատակած Գենջոյան ֆերմային՝ Տիգրան Գենջոյանին, պարզելու համար, թե նա ի՞նչ քանակի կաթ է արտադրում, որը մի շարք այլ գնորդների վաճառելուց զատ, դեռ բավարարում է մածունի արտադրության համար: Այն հարցին, թե շաբաթական քանի լիտր կաթ են արտադրում, Տ. Գենջոյանը նշեց. «Այսպես հեռախոսով չեմ կարող ասել, եկեք գոմեշներին տեսեք` պարզ կլինի: 50-60 գլուխ գոմեշ ունեմ, շաբաթվա մեջ մի քանի անգամ կաթ եմ տալիս «Էջմիածին կաթին»: Եվ որպես ամենակարեւոր փաստարկ. «Ինձ հեռուստացույցով շատ են ցույց տվել, ո՞նց չեք տեսել»: Ինչ ասենք, բախտներս չի բերել:  Բայց մեկ է, երկրորդ անգամ հարցը հնչեցրինք, թե 50-60 գլուխ գոմեշից որքա՞ն կաթ է ստանում Տ.Գենջոյանը եւ որքա՞ն է կարողանում մատակարարել «Էջմիածին կաթին»: Այդ թվերը, հազիվ թե, մեր զրուցակիցն անգիր չիմանար, բայց էլի միայն նշեց, որ դժվարանում է պատասխանել ու անգամ մոտավոր թիվ ասել:Ահա այս «պարտիզանական գաղտնիքների» պայմաններում էլ խառնաշփոթ իրավիճակից դուրս գալու համար դիմեցինք ՀՀ  գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գրիշա Բաղյանին` գոնե նրանից պարզելու համար, թե Հայաստանում գոմեշաբուծությունն այնքան զարգացա՞ծ է, որ գործարանային արտադրանք թողարկելու հնարավորություն տա:Գ. Բաղյանի խոսքով՝ Հայաստանում այսօր բուծվում է հազիվ 4000-4500 գլուխ գոմեշ. «Գոմեշներ հիմնականում բուծվում են Արմավիրի տարածաշրջանում եւ Տավուշի մարզում»: Բայց նաեւ. «Ընդհանրապես գոմեշի ընդհանուր կաթնատվությունը շատ ցածր է, սակայն բարձր է յուղայնությունը: Ճիշտ է, այսօր մենք չունենք գոմեշաբուծության ընդհանուր ծրագիր, փոխարենը կա տավարաբուծության ծրագիր, որի շնորհիվ էլ ցանկանում ենք բարձրացնել անասունների կաթնատվությունը: Գոմեշը կերի նկատմամբ շատ խիստ պահանջարկ ունի եւ բնակվում է հիմնականում ճահճոտ եւ արգավանդ գոտիներում: Այդ պատճառով էլ  հանրապետությունում գոմեշաբուծությունը կրում է սիրողական բնույթ»,- նշեց պարող Բաղյանը: Նրա խոսքով` այն մարդիկ ովքեր Հայաստանում գոմեշի կաթից մածուն են պատրաստում, վաճառում են  հիմնականում հյուրանոցներին, ռեստորաններին. «Գոմեշաբուծությունը այդքան զարգացող ճյուղ չէ, որ ասեմ հանրապետությունում դրանով լուրջ զբաղվում են»,- եզրափակեց մեր զրուցակիցը:
Պարոն Բաղյանի նկարագրած պատկերը այս իրավիճակն է հուշում. ունենք գոմեշների չնչին գլխաքանակ, այսինքն՝ նաեւ կաթի չնչին արտադրություն: Այնուհետեւ. գոմեշաբուծությունը համեմատաբար թանկ հաճույք է, այսինքն՝ կաթն էլ պետք է բարձր ինքնարժեք ունենա: Մեզ դիմած քաղաքացին նշել էր, որ կես լիտր ծավալով գոմեշի մածունի համար վճարել է 470 դրամ, որը նկատելիորեն թանկ է սովորական մածունի գնից: Դա խոսում է «Էջմիածին կաթի» օգտին: Բայց այն փաստը, որ այդպես էլ չտեղեկացանք արտադրության ծավալների մասին, հնարավորություն չի տալիս վերջնական եզրահանգման գալ. եթե կա կաթի փոքր ծավալ, որ «վաճառում են  հիմնականում հյուրանոցներին, ռեստորաններին», դրանից հետո գործարանային արտադրանքի համար այն կբավարարի՞: Մինչդեռ, շեշտում ենք, մենք եւս այդ ապրանքի առկայությունը ֆիքսել ենք մեզ դիմած քաղաքացու հիշատակած փոքր հատվածի մի քանի վաճառակետերում:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ