Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 25 26 27 28
29 30          
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Չորեքշաբթի, 24 Հունիս 2015 00:00

«ԶԵԿՈՒՅՑԸ ԶՈՒՐԿ Է ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԱԴԵԿՎԱՏ ԱՐՏԱՑՈԼՈՒՄԻՑ»

 

Ստրասբուրգում շարունակվում են երեկ մեկնարկած ԵԽԽՎ ամառային նստաշրջանի աշխատանքները: Երեկ` հունիսի 23-ին, ԵԽԽՎ լիագումար նիստում քննարկման է դրվել «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունն Ադրբեջանում» զեկույցի նախագիծը, որի վերաբերյալ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատգամավորական պատվիրակության ղեկավար ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԻ ելույթը փոխանցվել է քարտուղարությանը` շեշտադրելով հայկական պատվիրակության դժգոհությունը զեկույցի առնչությամբ:


Տիկին Նաղդալյանը մասնավորապես ընդգծել է. «Պարոն Ագրամունտի եւ պարոն Իվինսկու կողմից մշակված` «Ադրբեջանում ժողովրդավարական հաստատությունների գործունեության» վերաբերյալ զեկույցը ափսոսանք եւ դառնություն է առաջացնում: Համազեկուցողները բացարձակ անտեսել են Վեհաժողովի արժեքներն ու սկզբունքները:
Խորը մտահոգության եւ հիասթափության առիթ է այն, որ զեկույցը զուրկ է Ադրբեջանում քաղաքական իրավիճակի ադեկվատ արտացոլումից` մարդու իրավունքների եւ ժողովրդավարության առումով: Փաստաթղթի հիմնական էությունը պետք է լիներ երկրում ժողովրդավարական կառույցների վիճակը, փոխարենը` զեկույցի հենց առաջին պարբերության մեջ հեղինակներն անդրադառնում են էներգետիկ ռեսուրսներին, որոնք «առանցքային դեր» են խաղում երկրում, ինչպես նաեւ` Լեռնային Ղարաբաղի խնդրին: Նրանք փորձում են «աշխարհաքաղաքական պատճառներով» արդարացնել դատապարտելի իրավիճակը հիմնարար ազատությունների ոլորտում, ինչը որեւէ առնչություն չունի ժողովրդավարական հաստատությունների գործունեության հետ` առկա ներքին քաղաքական խնդիրների ողջ պատասխանատվությունը գցելով Հայաստանի ու հայերի վրա»: Ըստ Հ. Նաղդալյանի` սա պարզ արտացոլումն է Ադրբեջանի պետական քարոզչության. «Ինչպե՞ս կարող է պարոն Ագրամունտի եւ պարոն Իվինսկու դիրքորոշումն այդքան տարբերվել մարդու իրավունքների Հանձնակատար Մուիժնիեկսի եւ ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի գնահատականներից, ովքեր խստորեն դատապարտել են Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը, ներառյալ` հարյուրավոր քաղբանտարկյալների առկայությունը: Այդուհանդերձ, զեկուցողները որեւէ մտահոգություն չեն հայտնում երկրում ստեղծված իրավիճակի աննախադեպ բացասական գնահատականների շուրջ, որոնք տրվել են մարդու իրավունքների միջազգային դիտորդների կողմից»: Միեւնույն ժամանակ, ԱԺ փոխնախագահը նշել է. «Բավական տխրեցնող է, որ ադրբեջանական քարոզչության սիրված դրույթները հնչեցնելով` մեր գործընկերները իրենց ցուցադրել են որպես ադրբեջանական ավտորիտար ռեժիմի անձնական ներկայացուցիչներ: Ավելին` Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն անդրադառնալիս` զեկուցողներն ամբողջությամբ անտեսել են միջազգային հանրության` մասնավորապես խնդրին առնչվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը: Զեկույցում տեղ գտած ձեւակերպումը բավականին միակողմանի է: Հետեւաբար, փաստաթղթում չի կարելի չնկատել հակահայկական կեցվածքն ու կողմնակալությունը եւ զեկուցողների հուսահատ փորձերը` շեղելու Ադրբեջանի իշխանությունների պատասխանատվությունը երկրում առկա խնդիրներից, այդ թվում` մարդու իրավունքների սարսափելի վիճակից: Այս երկրի իշխանությունները ամեն ժողովրդավարականի ժխտման քաղաքականության գագաթնակետին են: Վերջերս նրանք ԵԱՀԿ-ին մեկ ամիս ժամանակ են տվել` դադարեցնելու իր գործունեությունը երկրում: Եվ սա նախքան խորհրդարանական ընտրությունների ամիսներն են, որոնք տեղի են ունենալու այս տարվա աշնանը: Պատկերը շատ պարզ է` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունը չի ողջունվում Ադրբեջանում»: Եզրափակելով խոսքը` ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարը դիմել է հարցադրմամբ. «Փաստերը հստակ հարց են առաջացնում` ինչպե՞ս կարող է հանդուրժվել Եվրոպայի խորհրդի անդամ պետության նման վարքագիծը: Մենք կոչ ենք անում գործընկերներին հավատարիմ մնալ ԵԽԽՎ առաքելությանն ու նպատակներին եւ խուսափել կողմնակալ ու կոռումպացված փաստաթղթերի ընդունումից, ինչը վարկաբեկում է մեր կազմակերպությանը»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ