Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 27 28
29 30          
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 26 Հունիս 2015 18:24

«ՄԻ ԲԱԺԱԿ ՋՈՒՐ ԱՎԵԼ ԽՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՆԵՑԻՆԵՐՈՎ ԿՌԻՎ ԵՆՔ ՏԱԼԻՍ»

Նախորդ համարում անդրադարձել էինք Արարատի մարզի Ոսկետափ գյուղի գյուղապետի անհանգստությանը: Նա ահազանգում էր, որ այս «շոգին եւ տապին» զրկված են խմելու ջրից: Հրապարկումից անմիջապես հետո խմբագրությունը նույն մարզի տարբեր համայնքներից մոտավորապես նույն ահազանգերը ստացավ: Ավելին. եթե Ոսկետափի գյուղապետն ասում է, թե իրենց գոնե մի քանի ժամով ջուր տալիս են, ապա օրինակ՝ Փոքր Վեդիում, Խաչպհար, Գետափնյա համայնքներից այս բողոքներն են լսվում. «Ոնց որ անապատում լինենք, մի բաժակ ջուր ավել խմելու համար տնեցիներով կռիվ ենք տալիս. դե պատկերացրեք` ինչ վիճակում ենք:

 

 

Դիմել ենք գյուղապետին, ինքն էլ պատասխանում է, որ իրեն էլ ասել են, որ էդպես պետք է լինի, պետք է հարմարվենք, որ չորս օրը մեկ էլ տալիս են, պետք է գոհ ու երջանիկ լինենք: Ջրի եղածն ինչ է, որ էդ էլ են կտրում ամբողջ օրը արեւի տակ համբալություն անող գյուղացուց»,- մեզ հետ զրույցում բավական վրդովված ասաց Փոքր Վեդու բնակչուհի տիկին Ռոզան:
Թե ի վերջո որն է պատճառը, որ փաստորեն Արարատի մարզի համայնքների մեծ մասին բնակիչներն այսօր կանգնել են խմելաջրի խնդրի առաջ, փորձեցինք պարզաբանումներ ստանալ Արարատի մարզպետարանի Քաղաքաշինության վարչության պետ Լյովա Խաչատրյանից, ով մեզ հետ զրույցում չհերքեց, որ խնդիրն իսկապես օրակարգային է.  
- Այո, այսօր մեզ մոտ խմելու ջուրը խնդիր է, բայց դրանով զբաղվում ենք, այս պահին եւս աշխատանքներ են իրականացվում: Շուրջ քառասուն տոկոսով այսօր չենք կարողանում ապահովել ջրի մատակարարումը: Ինչ վերաբերում է նրան, թե մի քանի ժամով են տրամադրում, ապա դա կախված է գրաֆիկից, իսկ եթե լինում են վթարներ, բնականաբար, խախտվում է նաեւ գրաֆիկը:
- Բայց կան համայնքներ, որ չորս օրը մեկ են ջուր ունենում, այն էլ՝ որոշակի ժամերի: Դա ինչպե՞ս կբացատրեք:
- Կասեմ, որ բնակիչները ուռճացնում են, հնարավոր է, որ գրաֆիկով տալու պարագայում` մարդը լինում է դաշտում կամ իր աշխատանքներով է զբաղված լինում, եւ այդ պահին, երբ ջուրը միացնում են, տանը մարդ չի լինում եւ նրանց թվում է, թե այդ օրը ընդհանրապես ջուր չի եղել: Գոնե երեկոյան ժամերին աշխատում ենք, այո, մի քանի ժամով, բայց գյուղացիներին ջուր մատակարարել:
- Բայց մարզի բնակիչները նշում են, որ նմանատիպ խնդրի առաջ կանգնում են գրեթ ամեն տարի այս ժամանակահատվածում:
- Դե բնականաբար սպառումները ամռան ընթացքում ավելի շատ են լինում ու, ցավոք, կան անպատասխանատու մարդիկ, որոնք բաց են թողնում ջրագծերը եւ ժամերով չեն հետեւում դրան: Ներկա պահին որեւէ հիմնավոր պատասխան չեմ կարող ներկայացնել, մինչեւ վերջնական ուսումնասիրություննրի արդյունքները չունենանք:
Ու տեսնես քանի՞ տարի է պետք այդ արդյունքներն ունենալու համար: Կամ, եթե պատճառն այդպես էլ չգիտեն, այդ ի՞նչ աշխատանքներ են «այս պահին եւս իրականացվում»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ