Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 27 28
29 30          
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Ուրբաթ, 26 Հունիս 2015 00:00

ԴՈՒՍՏՐՍ ՈՒԶՈՒՄ Է ՆՄԱՆՎԵԼ ԱՄՍԱԳՐՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ՄՈԴԵԼՆԵՐԻՆ


- Դուստրս խիստ սննդակարգ է պահպանում, չնայած չափազանց նիհար է: Շարունակ կալորիաներ է հաշվում. ուզում է նմանվել ամսագրում հայտնված մոդելներին: Ի՞նչ վտանգներով է հղի այս անիրական թվացող ցանկությունը:

 

Հարցին պատասխանել է ՀՀ ԱՆ Ֆիզիկական բժշկության եւ կուրորտաբանության ԳՀԻ սննդաբան, գաստրոէնտերոլոգ ՎԱՐԴԱՆՈՒՇ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ.

 

- Մեր կյանքն ու գոյությունը իմաստավորող ամենակարեւոր էակները` երեխաները, միշտ էլ ունենում են մեր հոգատարության, սիրո եւ ուշադրության կարիքը` անկախ տարիքից: Իսկ ինչպե՞ս վարվել, եթե նրանք մերժում են այդ հոգատարությունն ու ուշադրությունը: Այս խնդիրը հիմնականում ծագում է ծնող-երեխա հարաբերության մեջ երեխայի հասունացման տարիքում, եւ այս անցումային շրջանը կարեւորագույններից մեկն է ոչ միայն ծնող-երեխա հետագա հարաբերությունների մեջ, այլեւ որոշիչ ու բեկումնային հենց դեռահասի հետագա ողջ կյանքի համար: Հասունացման տարիքը երեխայի հոգեկերտման համար խոցելի շրջան է: Այս դարի սննդային խանգարումներից մեկը` անորեքսիան, հիմնականում կապված է հենց այս տարիքային շրջանի հետ եւ հիմնականում իգական սեռի ներկայացուցիչների շրջանում (իհարկե, անորեքսիան տարածված է բոլոր տարիքային խմբերում, նաեւ արական սեռի ներկայացուցիչների շրջանում, բայց ցավոք դեռահասության տարիքում այս հիվանդությամբ տառապողների տոկոսային թվերն ավելի քան խոսուն են):

Անորեքսիան սննդի ընդունման խանգարումներից մեկն է: Այն զարգանում է սկզբում աննկատ: Դեռեւս հայտնի չեն դրա ճշգրիտ պատճառները, հիմնականում դրանք էմոցիոնալ, հոգեբանական խնդիրներ են` նաեւ կախված շրջակա աշխարհի հետ ունեցած հարաբերություններից:
Սեռահասունության շրջանում այնքան շատ է կարեւորվում կողմնակի կարծիքը, եւ այն, թե ինչ է մտածում շրջապատն իր մասին: Մի փոքր թմբլիկ դեռահասի հասցեին հնչած գուցե աննշան կողմնակի բացասական ռեպլիկն անգամ (հատկապես, եթե ռեպլիկի հեղինակը հակառակ սեռի ներկայացուցիչ է ու հատկապես այն մեկը, ում համակրում է դեռահասը), կարող է դառնալ մահացու: Այստեղ իրականում «մահացու»-ն ճոռոմացրած բառ չէ, անորեքսիան կարող է դառնալ ոչ միայն մի շարք առողջական ծանր խնդիրների, այլեւ նույնիսկ մահվան պատճառ: Բարդութավորված դեռահասը ամեն գնով ուզում է ազատվել այդ «ավելորդ քաշից», որը «տգեղացնում» է իրեն` իր համար այնքան «կարեւոր» մարդու աչքում: Նա ուզում է նմանվել ամսագրում հայտնված մոդելներին, նիհարում է ամեն գնով եւ ոչնչի առաջ կանգ չառնելով, ոչինչ հաշվի չառնելով եւ էլ չի կարողանում կանգ առնել ու զգալ սահմանը:
Հիվանդի մոտ նկատվող հիմնական ախտանիշներն են.
* խիստ սննդակարգի պահպանում, չնայած չափազանց նիհարությանը,
* անասելի վախ` քաշ ավելացնելու հանդեպ,
* դեպրեսիա, անհանգստություն կամ դյուրագրգռություն,
* մարսողությունն արագացնող, փսխեցնող, լուծողական հաբեր կամ դիետիկ սննդային հավելումների օգտագործում,
* կատարելության ձգտում` զուգակցված խիստ ինքնաքննադատմամբ,
* քաշի մեծ կորուստ շաբաթներ կամ ամիսներ շարունակ,
* ոչ ադեկվատ սննդային սովորություններ, օրինակ` թաքուն ուտելու, կալորիաներ հաշվելու,
* հասարակությունից օտարում,
* առողջության վատթարացում,
* ֆիզիկական վիճակի վատթարացում` ցրտադիմացկունության անկում, փշրվող մազեր եւ եղունգներ, որին հակառակ` մարմինը պատվում է մազերով, չոր կամ դեղնող մաշկ, անեմիա, փորկապություն, այտուցված հոդեր:
Եթե ձեր երեխայի մոտ բավականին երկար ժամանակ նմանատիպ ախտանիշներ են նկատվում, քայլեր ձեռնարկեք եւ դիմեք մասնագետների:

 

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ