Իրավունք Թերթ - Զարկերակ | |||
Ուրբաթ, 03 Հուլիս 2015 16:05 | |||
ՈՒՐ ԿՀԱՍՆԻ ՀԾԿՀ-Ի ԵՎ «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-Ի ԼԵԶՎԱԿՌԻՎԸ Այն բանից հետո, երբ ՀԷՑ-ում աուդիտի հեռանկարը մտավ օրակարգ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ¥ՀԾԿՀ¤ եւ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը սկսել են իրար հետ բավականին կոշտ, մեղադրանքների լեզվով խոսել: Նախ՝ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի կառավարման խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկը գրոհի անցավ, թե ՀԷՑ-ի վնասները ոլորտի կանոնակարգման համակարգի արդյունք են, պարզ ասած՝ ՀԾԿՀ-ի մեղքով է: ՀԾԿՀ-ն էլ հակադարձեց, թե՝ լավ է` ձեր Բիբինի վատ աշխատանքին նայեք: Թե ուր կտանի այս լեզվակռիվը՝ կարելի է ենթադրել: Համենայնդեպս՝ հայաստանյան որոշ վերլուծաբաններից փորձեցինք պարզել, թե այս ամենը չի՞ սկսում նմանվել աուդիտի արդյունքում չարաշահումներ հայտնաբերելու դեպքում պատասխանատվությունն իրար վրա գցելու փորձի: Տնտեսագետ ՎԻԼԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ փաստեց.- Աուդիտն անցկացվում է հենց հնարավոր չարաշահումների փաստերը հայտնաբերելու եւ արձանագրելու համար, ուստի բնական եւ սպասելի էր, որ դրանից առաջ ՀԾԿՀ-ի եւ ՀԷՑ-ի ղեկավարներն սկսեցին միմյանց մեղադրել: Այսինքն՝ աուդիտից հետո հնարավոր է տեղի ունենա երկու կողմերի շահերի բախում, այդ պատճառով էլ ինքնապաշտպանական դիրքեր են գրավել: Գործողությունները կախված կլինեն աուդիտի ներկայացրած ցուցանիշներից, ինչն իմ կարծիքով` արագ ընթացող գործընթաց չէ: Փորձագետ ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆՆ ընդգծեց. - Երկու կողմերն էլ ցանկանում են չքմեղանալով ցույց տալ, որ ՀԷՑ-ում տիրող այսօրվա իրավիճակի հետ ընդհանրապես առնչություն չունեն: Փաստորեն՝ ուզում են տպավորություն ստեղծվի, թե կուտակված պարտքերի համար պատասխանատուներ չկան: Սա խոսում է Ռ. Նազարյանի հանձնաժողովի կողմից քաղաքական անպատասխանատվության եւ ռուսական կողմի «անմեղսունակության» մասին: Այլ բան հնարավոր էլ չէր սպասել: Քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԸ միայն ասաց. - ՀԷՑ-ի հետ կապված որեւէ մեկնաբանություն չեմ կարող տալ, քանի որ դրա մասնագետը չեմ: Սա ավելի շատ տնտեսական եւ տնտեսագետների խնդիրն է, որը նրանց կողմից ավելի ճիշտ կմեկնաբանվի:
|