Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հուլիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Երեքշաբթի, 07 Հուլիս 2015 00:00

«ԻՐԱՆԸ ՈՐՔԱՆ ԿԱՅՈՒՆ ԼԻՆԻ, ԱՅՆՔԱՆ ՄԵՐ ԵՐԿՐԻՆ ՁԵՌՆՏՈՒ Է»

 

Թեհրանի Միջուկային ծրագրի շուրջ միջազգային միջնորդների «վեցյակի» եւ Իրանի բանակցությունները գտնվում են վճռորոշ փուլում: Կողմերը երեկվա դրությամբ համաձայնության են եկել միջուկային ծրագրով համաձայնագրի հիմնական մասի, ինչպես նաեւ հինգ հավելվածներից` չորսի վերաբերյալ: Ավելին. բանակցային գործընթացի վերաբերյալ արեւմտյան բարձրաստիճան անանուն դիվանագետը հայտնել է, որ այսօր` հուլիսի 8-ին, կողմերը կհասնեն համաձայնության: Իրանը մեր անմիջական հարեւանն է, եւ համաձայնագրի ստորագրումը պետք է, որ իր անմիջական ազդեցությունն ունենա նաեւ Հայաստանի վրա: Թե ինչ ակնկալիքներ կան, փորձեցինք պարզել հայաստանյան վերլուծաբաններից:

 

Իրանագետ ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԻ խոսքով` Իրանը եւ «վեցյակը» հաջողությանը երբեք այսքան մոտ չեն եղել, ինչքան այսօր. «Եթե այս համաձայնագիրը ստորագրվի, ապա Իրանը կսկսի աստիճանաբար վերականգնել իր տնտեսությունը, ինչը հանգեցնելու է լրացուցիչ ֆինանսական միջոցների ի հայտ գալուն: Այս ամենը դրական ազդեցություն կարող է ունենալ հայ-իրանական զանազան ծրագրերի իրականացման տեսանկյունից, քանի որ այդ ծրագրերի իրագործումը սառեցված կամ դանդաղ փուլի մեջ էր գտնվում` պայմանավորված իրանական կողմի տնտեսական ծանր պայմաններով: Իրանը, որպես Հայաստանի հարեւան եւ կարեւորագույն գործընկեր, որքան կայուն լինի, այնքան մեր երկրին ձեռնտու է` հաշվի առնելով մեր բարիդրացիական, բարեկամական եւ գործընկերային հարաբերությունները: Այս տեսանկյունից Հայաստանը միմիայն կշահի, հաշվի առնելով նաեւ ԵՏՄ-ին մեր անդամակցությունը»:

 

 

Արաբագետ ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ փաստեց, որ անանուն դիվանագետի հայտարարությունը հնարավոր է՝ համապատասխանում է իրականությանը. մեծ է հավանականությունը, որ ի վերջո այդ համաձայնագիրը կստորագրվի եւ տարիների պատմություն ունեցող Իրանի միջուկային ծրագիրը կստանա իր հանգուցալուծումը. «Այս համաձայնագրով նախ եւ առաջ կբացվի Իրանի բոլոր կապանքները տարածաշրջանում, որտեղ Թեհրանն ավելի ակտիվ կգործի: Եվ ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական ոլորտներում: Այս համատեքստում բավականաչափ կարեւոր են Իրանի հարաբերությունները Հայաստանի հետ: Քանզի բոլոր տնտեսական պատժամիջոցների վերացումից հետո, Իրանը բացում է իր տնտեսական ծրագրերը` կապված Արեւմուտքի հետ: Այս պարագայում Հայաստանը կարող է տարանցիկ գոտու լուրջ դեր կատարել Իրանի համար, թե՛ Արեւմուտքի, թե՛ դեպի ԵՏՄ երկրների հետ հարաբերություններում: Մյուս կողմից էլ՝ խնդիրը պետք է դիտարկել երկկողմ հարաբերությունների համատեքստում, քանի որ պատժամիջոցների վերացումը թույլ կտա, որպեսզի Իրանի` Հայաստանի հետ կապված նախկին ծրագրերը օր առաջ ստանան գործնական բնույթ»:

 

Քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆՆ ընդգծեց, որ համաձայնագրի ստորագրումից հետո, այս կամ այն կերպ Իրանի հետ ունեցած Հայաստանի հարաբերությունների հետ կապված ԱՄՆ-ի հակադրությունը դուրս կգա հաշվից. «Բայց պետք է նկատի ունենալ, որ Հայաստանում կա մարդկանց խումբ, որ ջանքեր չի թափում Իրանի հետ մեր հարաբերությունները ավելի բարելավելու եւ խորացնելու համար: Հասկանալ է պետք, թե ինչո՞ւ մինչ այժմ Իրանի հետ ավելի մերձենալու համար համառ ջանքեր չեն գործադրում: Համաձայնագրի ստորագրումից հետո մեր պետությունը պետք է փորձի Իրանի հետ սկսել հարաբերությունների լայն շրջանակ, որը կարծում եմ` դանդաղ գործընթաց կլինի, բայց շատ օգտակար` քաղաքական եւ տնտեսական ոլորտներում»:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ