Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հուլիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 17 Հուլիս 2015 16:07

Ո՞ՐՆ Է ԵՐԱՇԽԻՔԸ, ՈՐ ԱՊՐԱՆՔԸ ԺԱՄԿԵՏԱՆՑ ՉԷ

 

ՀՀ օրենքով սահմանված է, որ Հայաստանում արտադրվող յուրաքանչյուր ապրանքի վրա պետք է լինի մակնշում` արտադրության եւ պահպանման ժամկետ, սակայն օրենքի ոչ բոլոր կետերն են պահպանվում: Բազմաթիվ են դեպքերը, երբ ապրանքի վրա նշված է միայն պահպանման ժամկետը, իսկ արտադրության ժամկետի մասին՝ ոչ մի նշում: Պատճառն էլ դժվար չէ հասկանալ. նման ապրանքները միշտ «ժամկետի մեջ» են, անկախ նրանից, որ կարող են մեկ-երկու տարի առաջ արտադրված լինել:

 

Օրերս ականատես եղանք հերթական նմանօրինակ դեպքին, երբ սպառողներից մեկը սուպերմարկետից գնել էր «Աթանեսյան Գնդապետ Կամո» հույժ մարտաշունչ անունով ՍՊԸ-ի կողմից արտադրվող մանանեխ, որի վրա նշված էր միայն պահպանման ժամկետը: Դե, սիրելի սպառող, արի ու գուշակիր, թե մանանեխը երբ է արտադրվել, նոր է, թե` հին:
Ավելորդ «գուշակություններից» զերծ մնալու համար «Իրավունքը» դիմեց տվյալ ՍՊԸ-ին` նշված խախտման մասին մեկնաբանություն ստանալու համար: ՍՊԸ-ի մենեջեր ներկայացած անձնավորությունը նման պատասխան տվեց. «Տվյալ ապրանքանիշի վրա մակնշումը օրենքով հաստատված է, թե տվյալ արտադրանքը մինչեւ երբ կարող է ուժի մեջ լինել: Հայաստանում, Ռուսաստանում եւ արտասահմանում գոյություն ունեն մեկ պիտակով արտադրանքեր, որտեղ նշված է, թե արտադրանքը մինչեւ երբ է պիտանի օգտագործման: Բոլոր տեղերում դա արդարացի է, կա իրավունք, որ պիտակի վրա այդպես գրվի»:
Իսկ ընկերության տնօրենը հետեւյալ կերպ մեկնաբանեց արտադրության ժամկետի բացակայությունը. «Մեր արտադրանքի մեջ կեղծված ոչինչ չկա, օրենքը կա, պահպանման ժամկետը կա: Ի դեպ, ժամկետն այնպես է գրված, որ ոչ ոք չի կարող մաքրել կամ կեղծել: Մենք այդ ապրանքանիշից արտադրում ենք երկու տեսակ, մեկի վրա գրված է արտադրության ժամկետը, իսկ մեկին` ոչ: Առաջինը գրել ենք, որովհետեւ վրան տեղ ունենք, իսկ այս մեկի վրա այդքան գրելու համար տեղ չկա. այդքան փոքր տուփի վրա ինչպես տեղավորենք ընկերության անունը, հեռախոսահամարը եւ արտադրության ժամկետը: Կան մարդիկ, որ իրենց արտադրանքի վրա ամեն ինչ գրում են, սակայն դրանք այնքան փոքր են, որ սպառողը չի կարող կարդալ»:
Փաստորեն, այս նոր «օրենքին», այն է` եթե ապրանքատեսակի վրա տեղ չկա, պետք չէ ամեն ինչ գրել, տեղյակ են միայն արտադրողները: Ինչեւէ,  նման «արդարացի» մեկնաբանություններ լսելուց հետո, «Իրավունքը» զրուցեց նաեւ «Սպառողների խորհրդատվական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանի հետ, ով փաստեց, որ Հայաստանի շուկայում ապրանքների մակնշումների առումով ոչ բարերար իրավիճակ է տիրում, քանի որ ապրանքների մեծ մասի վրա գրված է միայն արտադրության ժամկետը կամ հակառակը. «Սպառողին անհայտ է մնում, թե իր գնած ապրանքը երբ է արտադրվել, կամ, ասենք, ինչքան ժամանակ է այն պիտանի օգտագործման համար: Այս պարագայում սպառողը կարող է ձեռք բերել ապրանքներ, որոնք արտադրվել են մի քանի ամիս առաջ եւ արդեն անորակ են: Շատ ապրանքատեսակներ կան, որոնց մակնշումը կասկածելի է, նույնը վերաբերում է նաեւ ներկրված ապրանքներին: Ապրանքի վրա արտադրության եւ պիտանելիության ժամկետների նշումն ամենակարեւոր բաղադրիչն է, եւ ոչինչ չի արդարացնում այն տնտեսվարողներին, ովքեր պատճառաբանում են, թե տվյալ ապրանքատեսակի վրա տեղ չունեն` այդ բաղադիրչները նշելու համար»: Նրա խոսքով` արտադրության եւ պիտանելիության ժամկետներն ապրանքի վրա չնշելը օրենքի կոպիտ խախտում է: Կ.Չիլինգարյանը հորդորեց սպառողներին` առանց մակնշման ապրանք չգնել, քանի որ որակի առումով դրանք կասկածելի են:
Եթե սպառողները հետեւեն այս խորհրդին, ապա շատ ապրանքերից պետք է հրաժարվեն:
Եվ վերջում հավելենք՝ «Սննդամթերքի անվտանգության մասին» գործող օրենքը ¥Հոդված 9. Սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի անվտանգությանը, մակնշմանը եւ փաթեթավորմանը ներկայացվող պահանջները¤ ուղղակիորեն պահանջում է մակնշման մեջ ներկայացնել՝
«5) արտադրման ամսաթիվը.
6) պիտանիության ժամկետը...»:
Թե ինչքանով է կոնկրետ ապրանքատեսակը համապատասխանում այդ պահանջին, կարելի է պատկերացում կազմել ներկայացված լուսանկարից ելնելով:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ