Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հուլիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 22 23 24 25 26
27 28 29 30 31    
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Քրեական
Երեքշաբթի, 21 Հուլիս 2015 17:29

6 ԱՆԳԱՄ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾԸ ԿԱԶՄԱԿԵՊՈՒՄ Է ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՆԳԻՍՏԸ

 

Օրերս «Իրավունքը» ահազանգ ստացավ Հանքավանի «Մարմարիկ» հանգստյան տան տնօրինության կողմից, ըստ որի՝ հուլիսի 8-ին հանգստյան տուն են դիմել «Հուսո առագաստ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները եւ պայմանավորվածություն են ձեռք բերել, որ իրենց հիմնադրամի 89 երեխաները 15 օր իրենց հանգիստն անցկացնեն «Մարմարիկում»: Ամեն ինչ միանգամայն նորմալ կլիներ, եթե հաշվի չառնենք, որ հիմնադրամի տնօրենն է նախկին դատապարտյալ ԳԵՎՈՐԳ ԿՈՇԿԵՐՅԱՆԸ, ով վերջին բանտարկությունից դուրս գալուց հետո` 2005 թվականին որոշում է ստեղծել կալանավայրերից վերադարձածների եւ նրանց ընտանիքների օգնության «Հուսո առագաստ» հասարակական կազմակերպությունը:

 

 

ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ ՃԱՄԲԱՐ
Կոշկերյանը 17 տարի անցկացրել է վանդակաճաղերից այն կողմ՝ խմբակային բռնաբարության, սպանության մասնակցության համար եւ այլն. վեց պատժաժամկետ: Նա, ի դեպ, ժամանակին Մանկավարժական ինստիտուտի Կուլտուրայի բաժնի ուսանող է եղել, եւ իր անցյալի ու բարեգործական ներկայի մասին լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել է. «Չորրորդ կուրսի ուսանող էի, չհասկացանք` բռնաբարություն խմբակային, զուգորդված սպանությամբ: Կյանք է, չեմ արդարանում, բայց խորտակվեցի... Հիմա ուզում եմ օգնեմ էն երեխեքին, որոնք կանգնած են հանցագործության շեմին: Թող ոչ մի մարդ այս կյանքում հանցագործ չդառնա»:
Բայց չէ, այս հույժ բարեպաշտական մտորումներն իսկական չարագործություն դարձավ «Մարմարիկի» համար, եւ` ոչ միայն: Տնօրեն Սանամյանի փոխանցմամբ՝ հիմնադրամի կազմակերպիչների հետ բացի նախնական գումարային պայմանավորվածությունից, եղել է նաեւ գրավոր պայմանագիր, ըստ որի՝ պարտավորվել են մինչ հանգստի ավարտը վճարել հասանելիք գումարը: «Արդեն անցել է 9 օր, սակայն ոչ մի կոպեկ չենք ստացել: Մենք էլ ի վիճակի չենք ծախսեր ու գնումներ կատարել ու հայտնվել ենք աբսուրդ իրավիճակում: Մինչդեռ՝ երեխաներին կերակրել է պետք, աշխատողներին աշխատավարձ է պետք տալ, կոմունալ վճարումների ժամանակն է մոտենում, էլ որն ասեմ...»,- վրդովված ասաց հանգստյան տան տնօրենը եւ հավելեց, որ դա էլ հերիք չէր, իրեն օրեր առաջ զանգում է մի տղամարդ եւ ներկայանալով ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի օգնական՝ կարգադրում է, որ իրավունք չունեն այդ երեխաներին դուրս հանել եւ պարտավոր են մինչեւ վերջ նրանց պահել:

«ԶՈՆ ՆԱՅՈՂԸ»՝ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՇՏԱՐԱՐ
Պարզաբանումների ակնկալիքով կապ հաստատեցինք նախկին ռեցեդեվիստի հետ, ով ցանկություն հայտնեց անձամբ գալ խմբագրություն: Եկավ, եւ ահա թե ինչ է տեղի ունեցել ըստ Կոշկերյանի. նա ամեն գնով ուզում է լավություն անել անապահով ընտանիքներին ու հատկապես նրանց երեխաներին. «Դե, ամառ ա, արձակուրդ ա, էտ երեխեքը պե՞տք ա հանգստանան, թե` չէ»: Նրան ուղեկցող հիմնադրամի աշխատակցուհի Քրիստինեն էլ իր հերթին էր փորձում ամեն գնով «հարթեցնել» իրավիճակը, թե իրենք այդ մարդիկ չեն եւ անպայման գումարը կվճարեն: Իսկ թե ինչու նախապես չեն վճարել, ում ու ինչի հույսով են գնացել հանգստյան տուն, այստեղ միջամտեց կրկնահանցագործը ու ասաց. «Էն, ով պետք ա փողը տար, հովանավորեր, մահացել ա: Եթե պետք ա՝ մահվան վկայականն էլ կբերեմ կտեսնեք, որ չեմ խաբում: Հիմա դրա համար սենց վիճակի մեջ ենք հայտնվել»: Ինչ խոսք, սա արդարացում չէ, քանի որ գումարը պետք էր ունենալ նախապես, եւ էլի միջամտեց աշխատակցուհին, թե իրենք մի շարք բարեգործների հետ են համագործակցում, իսկ այս դեպքի առնչությամբ դիմել են տարբեր տեղեր, բայց դեռ ոչ մի դրական արձագանք չեն ստացել:
Իսկ թե ինչու ընտրեցին «Մարմարիկ» հանգստյան գոտին, դա եւս, մեղմ ասած, զավեշտալի պատմություն է հիշեցնում. «Դե, վեր կացանք մի օր գնացինք Հանքավան ու սկսեցինք հերթով մտնել ճամբարներն ու հանգստյան տները: Դրանցից մեկն էլ Ավետարանական եկեղեցու ճամբարն էր, որից մենք անտեղյակ էինք, բայց չցանկացանք նրանց հետ կապ ունենալ: Մեզ ճամբարներից մեկում ասացին, որ հիմա ոչ մի տեղ չենք կարող գտնել, քանի որ բոլոր ճամբարները խիստ զբաղված են, լավ կլինի նման սոցիալապես անապահով երեխաներին տանեք «Մարմարիկ», նրանք կընդունեն: Այդպես էլ գտանք»:

Սա դեռ այս պատմության ծաղիկներն են: Երբ հարց ուղղեցինք, թե Դուք ինչպես եք պատկերացնում բարեգործությունը, մեկի հաշվին՝ մյուսների՞ն... «Դե, հիմա ի՞նչ անեմ, ի՞նչ եք առաջարկում, որ անեմ: Որ տենց ա, հեսա կգնամ «զոն նայողի» մոտ, տեսնեմ` ինչ եմ անում...»:
Բայց չէ, նաեւ պետական օղակների հետ «խորը կապեր կան»: Օրինակ՝ մեզ ասացին, որ համագործակցում են Սոցապ նախարարության հետ, սակայն նախարարությունից հերքեցին՝ ընդգծելով, որ նման հիմնադրամի մասին տեղեկություններ չունեն: Դե, եթե չգիտեն, ծանոթանալ է պետք. եւ ահա մեր զրուցակիցները խոստացան, որ կգնան Սոցապ նախարարություն եւ կփորձեն այս հարցին լուծում տալ: Բայց մի կես ժամից վերադարձան՝ ասելով, որ Սոցապի փոխարեն Արդարադատության նախարարություն են հասել՝ հանդիպելով փոխնախարար Արման Քրմոյանի հետ եւ ներկայացրել տեղի ունեցածը. «Մեզ Քրմոյանը ասեց՝ գնացեք ոչ թե ձեռագիր, այլ տպագիր տարբերակով երկկողմանի պայմանագիր կնքեք, նշեք ձեր երեխաների անունները»: Սակայն րոպեներ անց պարզվեց, որ վերոնշյալ մարդիկ չեն հանդիպել Քրմոյանի հետ...
Մի խոսքով՝ «մեծ կոմբինատորի» գործողությունների մասին հայտնել են ոստիկանությանը, իսկ 89 երեխաները պայմանավորվածությունից շուտ վերադարձել են տուն:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Հ.Գ.- Այս պատմության էությունը նույնիսկ այն չէ, որ օրերով գնացել են հանգստյան տուն ու փորձել չվճարել: Դա քրեական հարթությունում է, մինչդեռ կա շատ ավելի խորքային խնդիր. ստացվում է, որ մեր երկրում ցանկացած մեկը, անգամ նա, ով վեց անգամ եղել է դատապարտված, կարող է անարգել զբաղվել երեխաների դաստիարակությամբ, ճամբարների կազմակերպմամբ եւ այլն: Եվ զբաղվում են... աղանդավորները, ռեցեդեվիստները, գրանտակերները, ով ասես: Իսկ պետական համապատասխան մարմինները «անուշիկ» քնած են, թեեւ՝ այս հարցով պատասխանատու պետական համապատասխան մարմին ասվածին այդպես էլ չհայտնաբերեցինք: