Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հուլիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 23 24 25 26
27 28 29 30 31    
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Քրեական
Չորեքշաբթի, 22 Հուլիս 2015 17:35

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՎԵՑԻՆ ՏՈՒՆ

 

Ինչպես գրել էր«Իրավունքը», նախորդ շաբաթ ահազանգ էր ստացել Հանքավանի «Մարմարիկ» հանգստյան տան տնօրինության կողմից, որ հուլիսի 8-ին հանգստյան տուն են դիմել «Հուսո առագաստ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները եւ պայմանավորվածություն են ձեռք բերել, որ իրենց հիմնադրամի երեխաները, որոնք 89-ն են, 15 օր իրենց հանգիստն անցկացնեն «Մարմարիկում»: Սակայն բարեգործությունը դարձել է իսկական չարագործություն «Մարմարիկի» համար, եւ ոչ միայն:

Տնօրեն Սանամյանի փոխանցմամբ` հիմնադրամի կազմակերպիչների հետ բացի նախնական գումարային պայմանավորվածությունից, եղել է նաեւ գրավոր պայմանագիր, ըստ որի` պարտավորվել են մինչ հանգստի ավարտը վճարել հասանելիք գումարը: «Արդեն անցել է 9 օր, ոչ մի կոպեկ չենք ստացել, մենք էլ ի վիճակի չենք ծախսեր ու գնումներ կատարել, հայտնվել ենք աբսուրդ իրավիճակում, իսկ երեխաներին կերակրել է պետք, աշխատողներին աշխատավարձ է պետք տալ, կոմունալ վճարումների ժամանակն է մոտենում, էլ որն ասեմ...»,- վրդովված ասաց Սանամյանը: Ի դեպ, երեխաները վերադարձվել են տուն ոստիկանության միջամտությամբ:
Կապ ենք հաստատել վերոնշյալ բարեգործական ընկերության ղեկավարի հետ, ով, պարզվեց, նախկին դատապարտյալ Գեւորգ Կոշկերյանն է, ըստ Henaran.am-ի հրապարակման` դատապարտված է եղել 17 տարի ազատազրկման: Նա գալով խմբագրություն` հայտարարեց, որ պարտավորվում է այդ գումարը փակել, եւ որ իրեն դրա համար ժամանակ է պետք: Հոդվածը տպագրվելու հաջորդ օրը, կրկին խմբագրություն էր եկել Կոշկերյանը եւ պնդել, որ Henaran.am-ի տեղեկություններն իր մասին (որին հղում էինք արել մեր նախորդ հոդվածում), թե եղել է 17 տարի ազատազրկված` բռնաբարության եւ սպանության համար, սխալ են, նա դատապարտված է եղել մեկ այլ ծանր հանցագործության համար. «Ես դատապարտված եմ եղել մեկ անգամ` 8 տարի ժամկետով, 1993 թվականին, հոդված 90-ի 4-րդ մասով` այն է պետական գույքի խոշոր չափերի յուրացում: 1/3-ը կրելուց հետո ազատվել եմ: Բռնաբարությունը սարսափելի հոդված է, էլ չեմ ասում` սպանությունը: Եթե ուզում եք, կարող եք արխիվներում քրքրել, իմ մասին նման բան չկա»,- պնդեց Կոշկերյանը:
Գ. Կոշկերյանից հետաքրքրվեցինք այդ 89 երեխաների ճակատագրով, քանի որ հարցին միջամտել էր արդեն Հրազդանի ոստիկանությունը. «Դե, երեխաներն արդեն իրենց տանն են: Ես այդ օրը գնացի եւ «Մարմարիկի» հետ նորից պայմանագիր կնքեցի»: Նրա փոխանցմամբ` այդ երեխաներն իրենց շրջապատում գտնվող անապահով ընտանիքների, միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ երեխաներ են, որոնց մեծ մասն ապրում է Մալաթիա-Սեբաստիա համայնքում. «Ես ոչ մի վատ բան չեմ արել, ընդամենը ցանկացել եմ այդ երեխաների հանգիստը կազմակերպել: Դրա համար ստիպված եմ դիմել հացադուլի Ազատության հրապարակում, որ այս հարցին լուծում տրվի»,- չքմեղացավ նա:
Իսկ երեկ մեզ «Մարմարիկ» հանգստյան տան տնօրենը ասաց, որ իրեն զանգել է Սոցապ նախարարության աշխատակից Աստղիկ Մինասյանը եւ ասել, որ նախարարությունը որոշակի փոխհատուցում կտրամադրի հանգստյան տանը: Կապ հաստատեցինք նաեւ նախարարության հետ, որտեղից սոցաջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանն ասաց հակառակը. «Ես պաշտոնապես հերքում եմ, որ զանգահարել եմ «Մարմարիկ» հանգստյան տուն: Ես անգամ չգիտեմ, թե դա որտեղ է եւ ինչ է: Ինչ վերաբերում է «Հուսո առագաստ» կազմակերպությանը, ապա նրանք եղել են մեր նախարարի տեղակալի մոտ, որտեղից էլ ինձ հանձնարարական են տվել, որպեսզի տեսնենք, թե ինչն ինչոց է, այսինքն` թե ինչով են զբաղվում եւ այլն»:
Հուսով ենք` այս պատմությունն օրինակ կլինի, որպեսզի թե պատկան մարմինները եւ թե շատ քաղաքացիներ հետեւություններ անեն եւ ինչ-որ բան նախաձեռնելուց առաջ երկար մտածեն եւ գործեն օրենքի սահմաններում, իսկ որ ամենակարեւորն է` պետական համապատասխան կառույցները ավելի սթափ կլինեն` ինչ-որ կազմակերպությունների արտոնություններ տալուց առաջ:
Ամենաապշեցուցիչը, սակայն, այս պատմությունում այն է, որ քրեական անցյալ ունեցողին թույլատրվել է զբաղվել բարեգործությամբ, այն էլ` աշխատել երեխաների հետ: Ու դա էլ քիչ է` դեռ նրան մի բան էլ ընդունում են պետական պաշտոնյաներ, հարցեր քննարկում... Ինչպես կասեր Վազգեն Սարգսյանը` սա ձեր համար որբի գլուխ չի, որ ով ինչպես ուզի` խուզի: Վաղուց ժամանակն է ոլորտը կարգավորել, որպեսզի երեխաների հետ չկարողանան գործ ունենալ նրանք, ում մեկ կիլոմետր մոտ չի կարելի թողնել...
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ