Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հուլիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 25 26
27 28 29 30 31    
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 24 Հուլիս 2015 16:42

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԴՐԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԸ ՍՊԱՍՎԱԾԻՑ ԱՎԵԼԻ Է

 

Ինչպիսի՞ն կլինի այս տարի Հայաստանի տնտեսական աճը հարցի պատասխանը երբեք կանխատեսումների նման լայն բացվածք չէր ունեցել` 1 տոկոս անկումից մինչեւ 4,1 տոկոս տնտեսական աճ: Մասնավորապես, միջազգային ֆինանսական կառույցներն ավելի հոռետեսական կանխատեսումներով են հանդես գալիս, դա պայմանավորելով տարածաշրջանային գործոններով եւ Ռուսաստանի տնտեսական կացությամբ: Ելնելով դրանից, Համաշխարհային բանկը 2015-ին Հայաստանի համար կանխատեսել է 0,8 տոկոս աճ, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամը` 1 տոկոս անկում:

Կենտրոնական բանկի կանխատեսումը մինչեւ 2 տոկոս աճն է: Միասնական գնահատական չկա անգամ կառավարության կանխատեսումներում: Եթե պետական բյուջեի հիմքում դրված է 4,1 տոկոս աճը, ապա 2016-2018 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրում` 1 տոկոս տնտեսական աճը: Թե որ կանխատեսումը ճիշտ կամ իրականությանը ամենամոտը կլինի, կերեւա 6 ամիս հետո: Սակայն արդեն տարվա առաջին կեսն անցել է, եւ հայտնի է առաջին կիսամյակի տնտեսական ակտիվության ցուցանիշը: Այն կարող է որոշակի պատկերացում տալ, թե տարեկան աճի որ կանխատեսումն ավելի իրական կարող է լինել: Ըստ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների, 2015-ի հունվար-հունիս ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա հունվար-հունիսի համեմատ աճել է 3,8 տոկոսով: Աճի այս ցուցանիշը ինչ-որ առումով անակնկալ էր, քանի որ տարեսկզբից տնտեսական ակտիվության ցուցանիշը անհամեմատ ավելի ցածր աճ էր արձանագրում: Այսպես` հունվարին աճի տեմպը կազմել էր 1,8 տոկոս, հունվար-փետրվարին եւ հունվար-մարտին` 2,5-ական տոկոս, հունվար-ապրիլին եւ հունվար-մայիսին` 2,7-ական տոկոս: Եվ ահա` 6 ամիսների արդյունքում 3,8 տոկոս տնտեսական ակտիվության աճի ցուցանիշ: Փաստորեն, հունիս ամսին տնտեսական աշխուժացման ավելի բարձր տեմպ գրանցվեց` 2014-ի հունիսի համեմատ 7,9 տոկոս աճ, իսկ նախորդ ամսվա` մայիսի նկատմամբ` 15,8 տոկոս: Սա իսկապես բավականին բարձր տեմպ է` հատկապես նկատի ունենալով այս տարվա դժվարին եւ մարտահրավերներով լի լինելը: Ինչպես երեւում է վիճակագրական ցուցանիշներից, աճի տեմպի ավելացումը մեծապես պայմանավորված է գյուղատնտեսական համախառն արտադրանքի ավելացմամբ: Նախորդ տարվա հունիսի նկատմամբ գյուղատնտեսությունում աճը կազմել է 38 տոկոս, իսկ այս տարվա մայիսի նկատմամբ` ավելի քան 79 տոկոս: Նկատի ունենալով այս տարվա բարենպաստ գյուղատնտեսական տարին եւ անցյալ տարվա խիստ անբարենպաստ տարին, կարելի էր ակնկալել գյուղատնտեսության դրական տեղաշարժ: Սակայն այն սպասվածից ավելին եղավ, ինչը պայմանավորված է նաեւ պետության կողմից վերջին տարիներին այս ոլորտի հանդեպ առանձնահատուկ մոտեցմամբ` ոռոգման խնդրից, հակակարկտային ծառայությունից սկսած` մինչեւ գյուղվարկերի, դիզվառելիքի, պարարտանյութերի գների սուբսիդավորում, հարկային արտոնություններ սահմանային բնակավայրերին եւ այլն: Միաժամանակ հարկ է նշել, որ արդյունաբերությունում նույնպես համեմատաբար բարձր աճ է արձանագրվել` 6 ամսվա ընթացքում 5,1 տոկոս: Այն որոշ չափով պայմանավորված է դարձյալ գյուղատնտեսության ցուցանիշներով, քանի որ արդյունաբերության մեջ զգալի բաժին ունի գյուղմթերքների վերամշակող ճյուղը: Նոր զարգացումներ կան նաեւ հանքարդյունաբերության ոլորտում: Տնտեսության մյուս ճյուղերում պատկերը էապես չի փոխվել` ծառայություններն աճել են 3,3 տոկոսով, շինարարությանը` 0,6 տոկոսով, առեւտրի շրջանառությունը նվազել է 8,2 տոկոսով: Ինչպես երեւում է այս ցուցանիշներից, այս պահին աճի ցուցանիշում հիմնական մասնաբաժին ունի տնտեսության իրական հատվածը` գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը, ինչը միանշանակ, դրական երեւույթ է: Եթե տարվա երկրորդ կեսին սկսեն իրագործվել նաեւ շինարարության ոլորտում նախատեսված ներդրումային ծրագրերը, ապա այս ոլորտը կավելացնի իր մասնակցությանը տնտեսական աճին, դրանով իսկ նպաստելով այդ ցուցանիշի բարձր լինելուն: Այսպես, թե այնպես, տարվա առաջին կեսին ունենք 3,8 տոկոս տնտեսական ակտիվության աճ: Դա հույս է ներշնչում, որ տնտեսական աճի տարեկան ցուցանիշը կտատանվի 3 տոկոսի շրջակայքում, ինչը բավարար արդյունք կարող է համարվել, նկատի ունենալով, ինչպես արդեն նշեցինք, արտերկրից եկող աշխարհաքաղաքական եւ տնտեսական մարտահրավերները:
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ