Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հուլիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 25 26
27 28 29 30 31    
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Քրեական
Ուրբաթ, 24 Հուլիս 2015 16:59

ՊԵՐՄՅԱԿՈՎԻ ԳՈՐԾՈՎ ՎԱՐԿԱԾՆԵՐԻ ՊԱԿԱՍ ՄԻՆՉ ՕՐՍ ԷԼ ՉԻ ԶԳԱՑՎՈՒՄ

 

Գյումրիում Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի դաժան սպանությունից ամիսներ անց դեռ առաջ են գալիս ողբերգության պատճառների հետ կապված վարկածներ, որոնք, ըստ Ավետիսյանների հարազատների, նպատակ ունեն ոչ միայն խճճելու ամեն ինչ, այլեւ հանրության ուշադրությունը սեւեռելու մի այնպիսի վարկածի, որը հանցագործության պատվիրատու է ուզում տեսնել հայերի, գյումրեցիների: Այս օրերին էլ սկսել է շրջանառվել վարկած, ըստ որի՝ բարձրաստիճան մի զինվորական պատմել է, որ երբ Երազգավորս գյուղի մոտակայքում հայտնաբերել են դեպի Թուրքիա գնացող Վալերի Պերմյակովին, նա ասել է. «Ես որեւէ մեկին չեմ սպանել: Ինձ տվել են երկու պեպսիկոլա եւ երկու շաուրմա»: Ապա այդ զինվորականը շարունակել է. «Բայց հետաքրքիր է, որ կոլայի եւ շաուրմայի եւ «չեմ սպանել»-ու մասին այս ցուցմունքը, չգիտես ինչու, անհետացել է հարցաքննության արձանագրությունից»:

Չնայած այն վարկածը, թե Պերմյակովը հանցագործությունն իրականացրել է ինչ-որ մեկի կողմից նրան տված հոգեմետ նյութերի ազդեցության տակ կամ, պարզապես, կողմնակի ազդեցությամբ, նոր չէ: Եվ այն, որ այդ վարկածը տարբեր վարիացիաներով առ այսօր էլ շրջանառվում է, կարելի է՝ հասկանալ. ի վերջո այդպես էլ մնում է գոնե հրապարակայնորեն չբացատրված, թե ինչո՞ւ նոր-նոր Գյումրի ժամանած Պերմյակովը պետք է գնար նման ծանրագույն հանցագործության՝ ձեռք բարձրացնելով մինչեւ իսկ ամսական երեխայի վրա, եւ ինչո՞ւ նա մտավ հենց Ավետիսյանների տուն: Ընդ որում, եթե ի սկզբանե շատերի մոտ կար այն մտավախությունը, թե՝ ռուսներն այդ մասին գիտեն եւ իրենց ձեռնտու չէ ասել, ապա գոնե դա է շրջանառությունից դուրս եկել, հաշվի առնելով, որ Պերմյակովը փոխանցվելու է հայկական կողմին, այսինքն, եթե որեւէ նրբերանգ մութ մնա, դա արդեն մեր իրավապահների մեղքով կլինի:
Այնուամենայնիվ, թե որքանով է պեպսիով եւ շաուրմայով Պերմյակովին հանցագործության մղելու կամ՝ հանցագործությունը նրա վրա բարդելու այդ նոր վարկածը խելքին մոտ, եւ առհասարակ եզրափակիչ այս փուլում ինչ ընթացքի մեջ է յոթ ամիս ընթացող նախաքննությունը, փորձեցինք պարզել Ավետիսյանների ընտանիքի փաստաբան ԵՐՎԱՆԴ ՎԱՐՈՍՅԱՆԻՑ: Այսինքն՝ հնարավո՞ր է, որ Պերմյակովն այս գործում պարզապես «զոհ» է:
- Համենայնդեպս այս պահի դրությամբ մեզ հայտնի քրեական գործում առկա ապացույցներով, մասնավորապես փորձագետի եզրակացությունները, միանշանակ խոսում են այն մասին, որ Վալերի Պերմյակովը գտնվել է Ավետիսյանների տանը եւ անձամբ կրակել: Երկրորդը. տան ներսում երկրորդ անձի առկայության մասին որեւէ ապացույց այս պահի դրությամբ մեզ հայտնի չէ:
Ինչ վերաբերում է նաեւ ռուսական լրատվամիջոցներում տեղ գտած այդ նոր վարկածին, ապա մեզ համար առնվազն զարմանալի է, որ մեջբերումներ են արվում Վալերի Պերմյակովի ցուցմունքներից, որին այս պահին առնվազն մենք ծանոթ չենք եւ լրագրողներն էլ, բնականաբար, պետք է ծանոթ չլինեին: Ուստի, կարծում եմ, որ ավելի ուշ, երբ համապատասխան փուլում ծանոթ կլինենք Պերմյակովի ցուցմունքներին եւ այդ մեջբերումների հետ համեմատելու հնարավորություն կստանանք, նոր համապատասխան մեկնաբանություններ կլինեն:
- Այս պահի դրությամբ ի՞նչ ընթացքի մեջ է նախաքննությունը: Հաշվի առնելով նաեւ, որ ռուսական կողմն իր իրականացրած նախաքննության նյութերն արդեն հայ քննիչներին է փոխանցել:
- Այո, ռուսական կողմը ՀՀ Քննչական կոմիտեին փոխանցել է քրեական գործի ինը հատորները, որոնք այս պահին գտնվում են թարգմանության փուլում: Բնականաբար՝ թարգմանությունից հետո որոշում կկայացվի քրեական գործերը միացնելու մասին, եւ պարզ կլինի, թե կոնկրետ որ նյութերի մասին է խոսքը գնում:
- Ունե՞ք տեղեկատվություն` իրեղեն ապացույցները եւս ռուսական կողմը փոխանցե՞լ է, թե՝ ոչ:
- Այս պահի դրությամբ նման տեղեկատվության չեմ տիրապետում. նմանատիպ հարցերի պատասխաններ դեռ հասու չեն մեզ:
- Համենայնդեպս ներկայումս Պերմյակովը գտնվում է ռուս իրավապահների հսկողության ներքո: Ե՞րբ կփոխանցեն նրան. եթե մինչեւ դատավարությունը նրան չհանձնեն հայկական կողմին, ինչպե՞ս է ապահովվելու մեղադրյալի ներկայությունը դատական նիստերին:
- Քանի որ այս գործը ինքնին իրավական առումով աննախադեպ գործ է, ուստի այդ առումով ես որեւէ կանխատեսում անել չեմ կարող, որովհետեւ արդեն բավականին անակնկալներ եղել են: Երբ զարգացումները կլինեն, նոր մեր մեկնաբանությունները կանենք:
- Ըստ Ձեզ՝ ե՞րբ կավարտվի նախաքննությունն ամբողջությամբ եւ գործը կմտնի դատարան, քանի որ ռուսական լրատվամիջոցները արդեն ստույգ դատական նիստի օր են նշում:
- Այդ հարցին կարող եմ պատասխանել այսպես. սպանության մասով մինչեւ օգոստոսի տասը, բնականաբար, գործը դատարան չի ուղարկվի:

ԱՎԵՏԻՍՅԱՆՆԵՐԻ ՏԱՆԸ ՊԵՐՄՅԱԿՈՎԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇԱԿԻ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ԿԱՆ


Ավետիսյանների հարազատների մեկ այլ փաստաբան ԼՈՒՍԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԸ եւս հիշատակված վարկածը, թե կարող է Պերմյակովի անվան տակ մեկ ուրիշն է հանցագործություն իրականացրել, մեկնաբանել չկարողացավ.
- Գործի բոլոր նյութերին ծանոթ չեմ, որեւէ վարկած չեմ կարող ոչ հաստատել, ոչ հերքել: Չնայած Պերմյակովի մատնահետքերը չեն հայտնաբերվել սպանվածների տանը, բայց կան` տանը նրա ներկայության մասին որոշակի ապացույցներ: Ամեն դեպքում՝ ոչինչ ասել դեռ չեմ կարող:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ