Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հուլիս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30    
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Ուրբաթ, 31 Հուլիս 2015 18:27

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾՈՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՍԵՌՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀՂԻՈՒԹՅԱՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՏՈՒՄԸ

 

Հղիության արհեստական եւ սեռով պայմանավորված ընդհատումները Հայաստանի ժողովրդագրական զարգացման հիմնախնդիրներից են: Առողջապահության նախարարության մասնագետների վկայմամբ, սեռով պայմանավորված հղիության ընդհատման միտումը քիչ է արտահայտված առաջին երեխայի դեպքում, ի տարբերություն երկրորդ եւ երրորդ հղիությունների, երբ արդեն ընտանիքներում պարտադիր է դառնում տղա երեխա ունենալու գաղափարը:

Այս հանգամանքը հաշվի առնելով էլ, այս տարվա հուլիսի 2-ին, ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց «Մարդու վերարտոդրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որն արդեն ուղարկվել է Ազգային ժողով: Նախագծով օրենսդրորեն արգելվելու է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը, ինչը մինչ օրս բացակայում էր Հայաստանի օրենսդրության մեջ:
Առողջապահության նախարարության մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը, մեզ հետ զրույցում մեկնաբանելով օրենքում կատարված փոփոխությունը` ասաց, որ «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում վերախմբագրվել եւ վերանայվել է 10-րդ հոդվածը, որը վերաբերում է հղիության արհեստական ընդհատումներին: Ըստ ԱՆ մասնագետի, նախագծով առաջարկվել է օրենքով ամրագրել մի շարք կարեւոր դրույթներ, որոնցից առաջինն այն է, որ կինը մինչեւ 12 շաբաթական հղիության ժամկետը, կրկին կարող է իր ցանկությամբ, ընտանիքի հետ խորհրդակցելով` ընդհատել հղիությունը: Սակայն նախկինում չկար գրավոր դիմումի պահանջ, նոր օրենքի նախագծով պահանջվում է, որպեսզի կինը գրավոր դիմում ներկայացնի հղիության ընդհատման վերաբերյալ: Դիմումը մուտքագրվում է, հատուկ գրանցամատյանում ֆիքսվում է, եւ միայն երեք օր անց կինը կարող է կատարել հղիության արհեստական ընդհատումը:
Տիկին Ավագյանը կարեւոր փոփոխություն է համարում պտղից ազատվել ցանկացող կնոջը եռօրյա ժամկետ տրամադրելը. «Սա արվում է այն բանի համար, որպեսզի կինը լրացուցիչ մտածի, խորհի իր որոշման մասին: Եվ շատ կարեւոր է, որ այդ ընթացքում բժիշկը նրան անպայման տրամադրի խորհրդատվություն` հոգեբանական սոցիալական եւ փորձի հասկանալ հղիության արհեստական ընդհատմանը դիմելու պատճառները եւ փորձի ցույց տալ, որ կնոջ արգանդում զարգանում է մի էակ, որը գոյության իրավունքն արդեն ձեռք է բերել, ունի սրտի աշխատանք, ունի շարժում, ունի ձեւավորված մարմնի մասեր եւ այլն: Հոգեբանական աշխատանքը, հատկապես գերձայնային հետազոտութայմբ պտղի ներկայացումը մորը եւ ընտանիքի անդամներին, շատ-շատ հղիների, որոնք որոշել են ընդհատել հղիությունը, հետ կպահի այդ մտքից: Եվ սրանով մենք կունենանք հղիության արհեստական ընդհատումների նվազեցում եւ ծնելիության բարձրացում»:
Գայանե Ավագյանը համոզված է, որ սպասման ժամանակի տրամադրումը ոչ միայն պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատման նվազեցման, այլեւ ընդհանրապես, հղիության արհեստական ընդհատումների նվազեցման կբերի:
Հաջորդ կարեւոր բարեփոխումն այն է, որ անկախ հղիության ժամկետից, արգելվելու է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը:
Բացի այդ, նոր օրենքով հղիության արհեստական ընդհատումից հետո բժիշկը պարտավոր է կնոջը տեղեկացնել հակաբեղմնավորիչ ժամանակակից մեթոդների մասին եւ օգնել կնոջը` կատարել ընտրություն: Ըստ Գայանե Ավագյանի, նախկինում էլ կար այս հոդվածը, սակայն նոր օրենքով ավելացել է, որ բժշկական փաստաթղթերում պարտադիր պետք է կատարվի գրառում` նախա եւ հետ աբորտային խորհրդատվության մասին: Այսինքն` այդ ամենը պետք է գրավոր վավերացվի:
Ինչ վերաբերում է վերահսկման մեխանիզմներին, ապա Գայանե Ավագյանը վստահեցնում է, որ բժիշկները` մանկաբարձ-գինեկոլոգները, կդրսեւորեն օրինապաշտ մարդու վարքագիծ եւ կհարգեն օրենքի պահանջները` փորձելով աշխատել օրենքի սահմաններում: Ըստ նրա` կարեւոր է նաեւ այն հարցը, որ բացի սոցիալապես եւ հատուկ խմբերում ընդգրկված անձանցից, եւ բժշկական հատուկ ցուցումներից, հղիության արհեստական ընդհատումը կատարվում է վճարովի հիմունքներով, հետեւաբար, ըստ տիկին Ավագյանի, բժիշկը վճարման հետ ավելի քիչ առնչություն է ունենում, քանի որ այն կատարվում է դրամարկղային կտրոնային համակարգով:
Մեր զրուցակիցը կարեւոր հանգամանք է համարում նաեւ այն, որ բժիշկը հղիության արհեստական ընդհատման որոշումը միանձնյա չի կայացնում: Նախ` կատարվում են հետազոտություններ` մասնավորապես գերձայնային հետազոտություն, որտեղ ֆիքսվում է հղիության ժամկետը, պտղի վիճակի մասին տեղեկատվություն եւ այլն. «Բաժանմունքներում, որտեղ կատարվում է հղիության արհեստական ընդհատումը, կա մանկաբարձ-գինեկոլոգ, բաժնի վարիչ, այսինքն` միանձնյա չի կատարվում գործողությունը, եւ ես ուզում եմ հուսալ, որ շատ փոքր կլինեն այն խախտումները, որոնց նկատմամբ մոնիթորինգ կիրականացնի առողջապահության նախարարության համապատասխան տեսչությունը, որի հիմնական գործառույթներից մեկը օրենքի կիրառման նկատմամբ հսկողություն, գնահատում սահմանելն է»,- մեզ հետ զրույցում նշում է տիկին Ավագյանը:
Նրա ներկայացմամբ, հիմնախնդրի կարեւորությունը անգամ ամենաբարձր մակարդակով է որոշվել, ՀՀ վարչապետի հանձնարարականով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ մշակվել է համապարփակ երկու տարվա ծրագիր եւ այդ ծրագրի կարեւոր բաղադրիչներից մեկը կրթությունն է` իրազեկության բարձրացումը, բնակչության շրջանում աշխատանքը, աղջկա դերի կարեւորումը եւ այլն:
«Շատ նորմալ է, երբ մարդ ուզում է ունենալ տղա երեխա, բայց այն չպետք է լինի աղջիկ երեխային հեռացնելու ճանապարհով, պետք է լինի մի քանի երեխա ունենալու ճանապարհով: Եթե 3-4 երեխա լինի, անպայման ընտանիքում տղա կծնվի: Մեր կոչը պետք է լինի խթանել ծնելիությունը, որովհետեւ պատճառներից մեկը սեռով պայմանավորված աբորտների, ցածր ծնելիությունն է Հայաստանում, 1-2 երեխա ունենալը»:
ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ