Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Օգոստոս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 22 23
24 25 26 27 28 29 30
31            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Քրեական
Ուրբաթ, 21 Օգոստոս 2015 00:00

«ԷԴ ՄԻ ՕՐԸ ՏԱՔՍՈՒ ՎԱՐՈՐԴԸ ԵԼԱՎ ԱՅԱՆ, ՀԵՏՈ՝ ԿՈՐԱՎ ՈՒ ԿՈՐԱՎ»

Օգոստոսի 12-ին 102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման` զենքով դասալքության, զենք եւ զինամթերք գողանալու եւ դրա անօրինական ձեռքբերման, փոխանցման, պահպանման, տեղափոխության եւ կրման հանցագործությունների համար նախատեսված ՌԴ քրեական օրենսգրքի երեք հոդվածով: Դատապարտյալը պատիժը կկրի խիստ ռեժիմով գաղութում: Բայց այս պատիժը նրա համար էական չէ, քանի որ Պերմյակովը դեռ պետք է դատվի Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով: Այդ ուղղությամբ նախաքննությունը դեռ չի ավարտվել, դատական նիստի ժամկետները դեռ հայտնի չեն:

Սակայն, ինչպես մեզ հետ զրույցում ասաց Ավետիսյանների ներկայացուցիչ, փաստաբան ԵՐՎԱՆԴ ՎԱՐՈՍՅԱՆԸ` մինչ օրս եղած փորձաքննություններով կարելի ապացուցված համարել, որ «Պերմյակովը եղել է Ավետիսյանների տանը եւ կրակոցներ է արձակել»: Ընդ որում՝ առաջին դատավարության ժամանակ նաեւ հնչեց ոճրագործի բացատրությունը այն գլխավոր հարցի հետ կապված, թե ինչու հենց Ավետիսյանների տուն է մտել. պատահականություն էր, մյուս դռները փակ էին: Բայց այդ բացատրությունն առնվազն կիսատ է, քանի որ նաեւ կա այն հարցը, թե ինչու էր Պերմյակովը գնացել-հասել Ավետիսյանների փողոցը՝ Գյումրիով մեկ` զենքը ձեռքին, ամեն պահի բռնվելու վտանգն աչքի առաջ: Ուստիեւ պարզաբանում խնդրեցինք փաստաբանից:

«ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՐՄՅԱԿՈՎԻ ՎԱՐՔԱԳԻԾԸ ԽԻՍՏ ՏԱՐՕՐԻՆԱԿ ԷՐ»
-Ըստ Պերմյակովի` ինձ թույլատրվող հրապարակման ենթակա ցուցմունքի՝ նա Ավետիսյանների տանը մնացել է 10-15 րոպե, տեղանքին ծանոթ չի եղել: Զինծառայողը ցանկացել է անցնել հայ-թուրքական սահմանը, սակայն սահմանապահները ձերբակալել են: Ըստ  նույն ցուցմունքի՝ Պերմյակովը հայտարարել է, որ սկզբում սպանելու մտադրություն չի ունեցել, այլ ուղղակի վախեցնելու համար օդ է կրակել: Ավետիսյանների տանից նա ուզում էր միայն փող վերցնել, իսկ մեկ այլ տնից հագուստ` Թուրքիա, հետո Ռուսաստան հեռանալու նպատակով: Ինքնաձիգը վերցրել է, որպեսզի շներին քշի, եւ հետագայում մտադիր է եղել վաճառել զենքը: Պատահական տուն է մտել, մարդիկ քնած են եղել, բայց արթնացել են: Նա վախեցել է եւ սպանել նրանց, թողել ամեն ինչ եւ փախել: Պերմյակովն ասել է, որ ուզում էր ընդհանրապես խուսափել ծառայությունից: Նա ասել է, որ մեղսակից չունի, ինքն է որոշել փախչել պահակակետից` դեպքից մի քանի օր առաջ: Ըստ նրա՝ հասկանում էր, որ հանցագործություն է կատարում, երբ զենքով լքում էր զորամասը:
Սակայն որքանո՞վ է արժանահավատ Պերմյակովի նշածը, թե ինչ նպատակով եւ ինչու հենց սպանվածների տուն է մտել, որն է եղել դրդապատճառը: Թալանի նպատակը նորություն չէր. ի սկզբանե էլ պարզ էր, որ Ավետիսյանների տանից կային պակասող որոշակի իրեր, մասնավորապես՝ բջջային հեռախոսներ: Մի բան հստակ է. մինչ այս փուլը մեր ձեռքի տակ ունեցած փորձագետի եզրակացություններով արդեն կարող ենք ստույգ ասել, որ Պերմյակովը եղել է Ավետիսյանների տանը եւ կրակոցներ է արձակել: Այս պահի դրությամբ այդ ապացույցները ես հիմնավոր եմ համարում: Միաժամանակ կարող եմ ասել հետեւյալը` դասալքության գործով դատավարությանը Պերմյակովի վարքագիծը խիստ տարօրինակ էր...
- Հատկապես ինչո՞ւմն էր կայանում տարօրինակությունը:
- Նա ողջ դատաքննության ընթացքում իրեն պահում էր մեկ ագրեսիվ, մեկ էլ լրիվ անտեղյակ` կարծես թե իր հետ ոչ մի կապ չունենար այդ դատաքննությունը: Ոչ մի կերպ չէր արձագանքում հրապարակվող ցուցմունքներին, միայն դատավորի մեկ-երկու հարցերին այո կամ ոչ էր պատասխանում, ընթացքում քնում, արթնանում էր, այսինքն բացարձակ անտարբեր էր:
- Դեպքին հաջորդող օրերին խոսվեց, որ Պերմյակովին Ավետիսյանների տուն է բերել ինչ-որ տաքսու վարորդ: Տեղյա՞կ եք՝ վարորդը հարցաքննվե՞լ է, թե ոչ:
- Քրեական գործի նյութերին այս փուլում մենք ծանոթ չենք, ուստի եւ այդ հարցին ստույգ պատասխանել չեմ կարող: Բայց նման տվյալներ ի հայտ են եկել, երբ դատարանում հրապարկեցին նրա ցուցմունքը: Ցուցմունքի համաձայն` այնպես չէ, որ նա պատահաբար որեւէ տաքսու վարորդի է հանդիպել. նա մինչեւ ռազմաբազան լքելը զանգահարել է տաքսու վարորդի` իր համար սնունդ տանելու համար, սակայն հետագայում հրաժարվել է այդ ցուցմունքից:

«ԻՆՉՈ՞Ւ ՀԵՆՑ ՔՐՈՋՍ ԸՆՏԱՆԻՔԸ ՎԵՐԱՑՐԵՑ...»
Տաքսու պատմությունն այս գործում անչափ էական է: Այսինքն, Պերմյակովը եթե ոչ Ավետիսյանների տուն, ապա գոնե այդ փողոց է հասել տաքսիով, այստեղ պատահականության գործոնը գրեթե բացառվում է. պետք էր չէ՞ տաքսուն կոնկրետ հասցե տալ, թե ուր էր ցանկանում գնալ: Հետո էլ՝ վարորդը տեսնում էր չէ՞, որ զինված ուղեւորի է տեղափոխում: Եվ, վերջապես, եթե նպատակը փախչելն էր, ապա նախ կթալաներ վարորդին եւ նրա մեքենայով էլ կհասներ սահման, այն էլ՝ վրացական, որն անցնելն անհամեմատ ավելի հեշտ էր, քան թուրքականը:
Ի դեպ՝ հանցագործությունից անմիջապես հետո մենք տաքսու անհետացած վարորդի մասին խոսելու առիթ ունեցել ենք, եւ կարծես թե գոնե տաքսու առկայության փաստը հաստատվում է: Ասենք՝ դաժանաբար սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրը` տիկին ՌԻՏԱՆ, ով առաջինն է տեսել Ավետիսյաններին` սպանված վիճակում, մեզ հետ զրույցում իր հերթին ասաց, որ իրենք եւս դեպքի հաջորդ օրը լսել են այդ մասին.
- Առաջին օրը խոսվել է, որ ինչ-որ վարորդ ասել է, որ տվյալ տեղը ոճրագործին երկրորդ անգամ է բերում, բայց թե ո՞վ է, եւ ինչո՞ւ է բերել նրան, այդպես էլ չիմացանք: Քանի որ դեպքից մի քանի օր հետո արդեն դրա մասին այլեւս ոչինչ չխոսվեց, հնարավոր է` վախեցրել են, որովհետեւ տարօրինակ է, որ էդ մի օրը տաքսու վարորդը ելավ այան, հետո կորավ ու կորավ, նույնիսկ այդ տաքսին էլ դեպքի հաջորդող օրերին այլեւս չկար քաղաքում:
- Պերմյակովի ցուցմունքների համաձայն՝ նա մտել է հենց Ավետիսյանների տուն, որովհետեւ միակ բաց դարպասն է գտել: Տեղյա՞կ եք, նրանք առհասարակ փակո՞ւմ էին դրսի դուռը, թե ոչ:
- Չէ, նրանք միշտ փակում էին դարպասները. հնարավոր չէ, որ իրենք «վառոտները» բաց թողնեին: Կարող է` ընդհանուր փականով փակած չլինեին, բայց կար փոքրիկ փական, որն անպայման ֆռացնում, փակում էին: Բայց որ բաց թողած լինեին, դա սուտ է: Հետո էլ՝ էդ նույն փողոցի վրա էնքան անտեր դռներ կային, որ մի հատ հենվեիր, ինքն իրեն կբացվեր:
Մենք համոզված ենք, որ Պերմյակովը մենակ չի գործել, մենք դատավարության ընթացքում էլ համոզվեցինք, որ նա այդ տեսակ մարդասպանի նման չէր: Հետո փաստ է, որ մարդիկ քնել են տարբեր սենյակներում, ու եթե ինքը այդ տանն ընդհանրապես ծանոթ չէր, ինչպե՞ս կարողացավ իմանալ, որ տարբեր սենյակներում մարդիկ կան քնած: Պարզ է, որ նրան ինչ-որ մեկը մատնացույց է արել քրոջս տունը: Հետո էլ հաստատ քույրս քնած չէր լինի, որովհետեւ իր ստամոքսը ցավում էր երկու օր շարունակ ու գիշերները հանգիստ քնել չէր կարողանում:
Մեզ միայն մի բան է տանջում ու ուզում ենք, որ գոնե դատավարության ընթացքում էդ ոճրագործն ասի, թե ինչու հենց քրոջս տունը, ինչու հենց Ավետիսյանների ընտանիքը վերացրեց, ոխակալությո՞ւն կար, թշնամա՞նք...
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ