Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Օգոստոս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 29 30
31            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Տնտեսություն
Ուրբաթ, 28 Օգոստոս 2015 00:00

«ՊԵՏՔ Է ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԻՆՔ ՄԵԶ ՎՐԱ ԱԶԴՈՂ ՌՈՒԲԼՈՒ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆԸ»

 

Այն, որ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու անկումներն իրենց ազդեցությունն են թողնում նաեւ Հայաստանի եւ մասնավորապես՝ մեր երկրի փոխարժեքի շուկայի վրա, նոր բան չէ: Թե ինչ մեխանիզմներով է այդ ազդեցությունն ի հայտ գալիս, շատ է ասվել ու խոսվել: Եվ ահա վերջին օրերին այդ գործոնը նորից ի հայտ եկավ. ռուսական ռուբլու նկատելի անկումից հետո օրերս դրամի փոխարժեքի անկման միտում սկսեց նկատվել Հայաստանում եւս: Բարեբախտաբար՝ այս անգամ դեռ ոչ էական, եւ նկատենք, որ թերեւս դրան նպաստեց այն, որ այս օրերին ռուբլին եւս կայունացավ՝ մի փոքր ետ բերելով կորցրածը: Սակայն ո՞ր ուղղությամբ կգնա իրավիճակը, ռուբլին կմտնի՞ կայունացման փուլ, թե՞ կարող է շարունակել էժանանալ՝ արդյունքում ազդելով նաեւ դրամի վրա: Փոխարժեքային այս հնարավոր ազդեցությունների մասին զրուցեցինք տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻ հետ.

Պարոն Թավադյան, ինչո՞վ է պայմանավորված ռուսական ռուբլու անկումը:
- Ակնհայտ է, որ ռուսական ռուբլու փոխարժեքն ուղղակիորեն փոխկապակցված է նավթի գների հետ: Եթե նավթի գներն իջնում են, այդ ժամանակ նվազում են Ռուսաստանի բյուջետային եկամուտները, եւ դա անմիջապես բերում է փոխարժեքի փոփոխության: Դա նաեւ պայմանավորված է, որ ռուբլով բյուջետային եկամուտները էապես չնվազեն, չնայած, որ ռուսական կառավարությունը, որպես կանոն, փոխհատուցում է անապահով խավերի եկամուտները:
- Փոխարժեքի նվազում է դիտվում նաեւ այլ երկրներում, օրինակ՝ Չինաստանում, թեեւ չինացիներն իրենք գնացին յուանի արժեզրկման:
- Իհարկե՝ ռուսական եւ չինական տնտեսությունների փոխկապակցությունները պարբերաբար ամրանում եւ ուժեղանում են, այսինքն՝ փոխարժեքային որոշակի կապեր կան: Օրինակ՝ ռուսական ռուբլու փոխարժեքի նվազումը բերում է եկամուտների պակասության դոլարային առումով եւ պահանջարկի նվազման: Իսկ մենք գիտենք, որ չինական ապրանքների որոշակի մասը լայն սպառվում է ՌԴ-ում: Բացի դրանից՝ կա չինական ապրանքների գերարտադրություն, աշխարհում գնողունակության անկում: Արդյունքում՝ չինական ապրանքների սպառումը համաշխարհային շուկայում եւս նվազել է: Եվ, վերջապես երրորդը` պարբերաբար տարածվում են լուրեր, որ ԱՄՆ-ում պետք է բարձրացվի վերաֆինանսավորման տոկոսադրույքը. այդ ցուցանիշի խիստ ցածր մակարդակը անդրադառնում է համաշխարհային ֆինանսական շուկայի վրա: Թեպետ այդ հայտարարությունն արվում է, բայց չի իրականացվում:
- Ի՞նչ է տեղի ունենում մեր շուկայում:
- Ես շատ անհանգստացած եմ, որ այս պարագայում կարող է աշխատել հետեւյալ պատճառահետեւանքային կապը, համենայնդեպս՝ դրա հավանականությունը բարձրանում է: Տեսեք՝ մեր արտահանվող պատրաստ արտադրանքի զգալի մասը սպառվում է ՌԴ-ում, եւ պետք է նշել, որ այդ առումով մեր տնտեսությունները խիստ փոխկապակցված են, ինչը հաշվի չառնել հնարավոր չէ: Ելնելով արտահանման կառուցվածքից՝ պետք է մեծ ուշադրություն դարձնել երեք տարադրամների փոփոխության վրա` դոլար, եվրո եւ անպայման ռուբլի: Այլապես տեղի կունենա հետեւյալը. ռուբլու փոխարժեքի փոփոխության պատճառով կարող է լինել մեր արտահանման էական անկում եւ տրանսֆերների` դոլարային արտահայտությամբ նվազում: Այդ ճեղվածքը ստիպված ենք լրացնել արտարժութային պահուստների նվազմամբ: Այսինքն՝ կամ չենք փակում այդ պակասորդն ու նվազեցնում ենք դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ եւ պահպանում ռուբլու նկատմամբ համեմատաբար կայուն փոխարժեք, այսինքն՝ նաեւ դեպի Ռուսաստան արտահանումների կայուն մակարդակ եւ միաժամանակ մեր ներքին գների որոշակի աճ: Կամ` գնաճի կանխելու համար փակում ենք դոլարային պակասորդը եւ դրանով՝ էապես պակասեցնում արտարժութային պահուստները, եւ զուգահեռաբար նվազում է արտահանումը, որը նորից բերում է դոլարային պակասորդի եւ այն փակելու խնդրին: Այս «կամ-կամ»-ը շատ վտանգավոր է: Հենց այստեղ է դրամավարկային քաղաքականության կարգավորման արվեստը, որպեսի համակարգված գործի մեկ այլ բանաձեւ` «եւ-եւ»: Իհարկե՝ տնտեսության համար միշտ էլ ազգային արժույթի նվազումը ձեռնտու է: Բայց դա անպայման պետք է սահուն լինի՝ որպեսզի էական կորուստներ չունենանք եւ արտահանման ծավալները էապես չնվազեն:  

«ՆՊԱՍՏԱՎՈՐ Է ԴՐԱՄԻ ՄԻԱՅՆ ՍԱՀՈՒՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ»

-Իսկ ինչո՞վ եք բացատրում հաճախ բավականին կտրուկ այն փոխարժեքային տատանումները, որոնց ականատեսը պարբերաբար լինում ենք: Ընդ որում՝ վերջին մի քանի ամիսներին կայուն վիճակ էր նկատվում, սակայն այս օրերին նորից մտավախություններ ի հայտ եկան:
- Ես կարծում եմ, որ անորոշության գործոնը բավականին բարձր էր մեզ մոտ: Հաշվի առնելով դա՝ մենք պետք է միշտ պատրաստ լինեինք մեզ վրա էապես ազդող ռուբլու փոխարժեքի փոփոխությանը: Պետք է կայունության փուլում իրականացնեինք դրամական զանգվածի որոշակի աճ, փորձեինք լրացնել մեր արտարժութային պահուստները դրա հաշվին, որպեսզի ռուբլու կտրուկ տատանումների փուլում կարողանայինք այդ գործիքակազմը նույնպես օգտագործել:
Ամփոփելով խոսքս, պետք է նշեմ, որ մենք ոչ մի պարագայում չպետք է թույլ տանք արտահանման անկում, արտարժութային պահուստների էական նվազում եւ փոխարժեքի ոչ սահուն փոփոխություն. սա կլինի լավագույն լուծումը տվյալ իրավիճակում: Կարծում եմ` այս իրավիճակում հատկապես 2016 թվականի պետական բյուջեում պետք է գումարներ հատկացվեն  անապահով խավերին՝ այդպիսով փոխհատուցելով հնարավոր չնախատեսված գնաճը:
- Եվ վերջին հարցը. ըստ Ձեզ` մինչեւ ո՞ւր կարող է բարձրանալ դոլարի փոխարժեքը:
- Մենք, իհարկե, դոլարի առումով կտրուկ փոփոխություններ չպետք է թույլ տանք: Մեզ մոտ փոխարժեքը լողացող է, բայց սա, ըստ էության, կարգավորվող լողացող փոխարժեք է, որը հիմնականում կարգավորվում է մեր պետության արտարժութային պահուստների միջոցով: Եվ այս կարգավորումը, կրկնում եմ, պետք է իրականացվի այնպես, որ որեւէ կտրուկ փոփոխություն տնտեսությունում չլինի: Այսինքն, որ փոխարժեքի որեւէ կտրուկ փոփոխություն չունենանք: Թեկուզեւ այն առումով, որ կտրուկ փոփոխությունները միշտ էլ ավելի են ուժեղացվում հաճախ սպեկուլյատիվ բնույթ կրող խուճապային տրամադրություններով: Ամենակարեւորը՝ որեւէ դեպքում չպետք է թույլ տանք, որ մեր տնտեսվարող սուբյեկտները տնտեսական շոկի տակ ընկնեն: Եվ հենց այդ ամենին հասնելն է դրամավարկային քաղաքականության արվեստը:
Հարցազրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ