Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Օգոստոս 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 29 30
31            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Ուրբաթ, 28 Օգոստոս 2015 00:00

ԴՊՐՈՑԱԿԱՆ ՊԱՅՈՒՍԱԿԻ ՔԱՇԸ ՉՊԵՏՔ Է ԳԵՐԱԶԱՆՑԻ ԱՇԱԿԵՐՏԻ ՔԱՇԻ 10%-Ը

 

«Դպրոցական երեխաների առողջական վիճակը պայմանավորված է մի շարք գործոններով։ Առողջության համար խիստ կարեւոր է երեխայի հիգիենան, սնուցումը, ճիշտ կեցվածքը, երեխայի կեցության վայրի պայմանները եւ այլն»,-  ուսումնական տարվան ընդառաջ, իր դիտարկումներն է անում Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Լիլիթ Ավետիսյանը:

Նույն կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Աիդա Պետիկյանն էլ հավելում է` «Անբարենպաստ գործոնների ազդեցությունն աճող օրգանիզմի վրա կարող է հանգեցնել ողնաշարի եւ կեցվածքի շեղումների։ Ճիշտ կեցվածքը ձեռք է բերվում հիմնականում մինչեւ 18 տարեկանը»։
Նախարարության մասնագետները փաստում են, որ դպրոցականի օրգանիզմի, այդ թվում` հենաշարժիչ համակարգի բնականոն զարգացման համար կարեւոր նշանակություն ունի լիարժեք սննդի ընդունումը, դրանում հանքային աղերի, սպիտակուցների եւ այլ վիտամինների առկայությունը։
Լիլիթ Ավետիսյանի խոսքերով, ծնողները պետք է հետեւեն, որպեսզի երեխաները դպրոց գնալուց առաջ նախաճաշեն, քանի որ առավոտյան սնված երեխան ավելի առույգ եւ կենտրոնացած է լինում. «Բացի այդ` նախաճաշը կարեւոր է նրա օրգանիզմի համար»:
Իսկ եթե երեխաները չեն հասցնում նախաճաշել, եւ ծնողը նրա հետ սնունդ է դնում, Լիլիթ Ավետիսյանը հորդորում է` ոչ մի դեպքում շուտ փչացող մթերք, կրեմային հրուշակեղեն երեխայի հետ չդնել. «Շուտ փչացող մթերքները, երբ գտնվում են ջերմաստիճանային պատճաշ պայմաններում, այնտեղ եղած հարուցիչները սկսում են զարգանալ ու բազմանալ, ինչը կարող է բերել աղիքային որեւէ հիվանդության առաջացմանը` վարակների, հետեւաբար պետք է այնպիսի սնունդ` միրգ, բանջարեղեն կամ ուշ փչացող սնունդ երեխայի հետ դնել, որն անվտանգ է»:
Նրա խոսքերով, ծնողները երեխաներին պետք է սովորեցնեն դպրոցի բուֆետից, խանութներից, հատկապես այս շոգ եղանակներին, նույնպես չգնեն կրեմային թխվածքներ ու կենդանական ճարպերով հագեցած սնունդ` երշիկեղեն, նրբերշիկ եւ այլն:
Նախարարության մասնագետը դպրոցականի առողջության տեսակետից նաեւ կարեւորում է նրա ձեռքերի եւ մաշկի հիգիենան. «Ձեռքերի հիգիենայի պահպանումը կարող է զերծ պահել մի շարք վարակիչ հիվանդություններից։ Նշանակալի է ներքին սպիտակեղենի հիգիենան եւ սեռական օրգանների ճիշտ հիգիենան։ Ծնողը պետք է երեխային սովորեցնի ուտելուց առաջ, զուգարան գնալուց հետո, անպայման, ձեռքերը լվանալ: Ձեռքերի հիգիենայի, կենցաղային հիգիենայի պահպանումը մեզ հնարավորուոթյուն է տալիս ինչ-որ չափով կանխարգելել հիվանդությունների առաջացումը եւ տարածումը»:
Լիլիթ Ավետիսյանի համոզմամբ, շատ կարեւոր է նաեւ բնակչության իրազեկումը` բժշկահիգիենիկ կրթությունը եւ առողջ ապրելակերպի քարոզչությունը. «Որովհետեւ սա գիտելիք է տալիս երեխային, ծնողին, ուսուցչին` հարցերին մոտենալ այնպես, որ պահպանվի առողջությունը ե՛ւ երեխայի, ե՛ւ ուսուցչի, ե՛ւ ծնողի ե՛ւ, հատկապես, երեխայի դպրոցական միջավայրի»:
Այդ նպատակով առողջապահության նախարարի հրամանով երկու ուղեցույց է հրապարակվել` «Դեռահասների առողջությունը» խորագրով, որտեղ մանրամասն, նկարներով ներկայացված են այն ռիսկային գործոնները, որոնք կարող են ազդել դեռահասների առողջության վրա եւ հորդորները` ինչպես պաշտպանվել դրանցից:
Մյուս ուղեցույցը, որը վերնագրված է` «Հոգացեք ձեր երեխայի առողջության մասին», ուղղված է ծնողներին:
Լիլիթ Ավետիսյանն ասում է. «Պետք է ժամանակ գտնել ֆիզիկական ակտիվության համար: Դպրոցականի ֆիզիկական զարգացումը շատ կարեւոր է առողջության պահպանման տեսակետից, ճիշտ ֆիզիկական ակտիվությունը կարող է կանխարգելել հետագայում մի շարք հիվանդությունների առաջացումը։
Աիդա Պետիկյանի խոսքերով, երեխայի օրգանիզմի զարգացման համար կարեւորագույն դեր ունեն դպրոցական կահույքն ու պարագաները, հիմնականում` դպրոցական պայուսակը, կոշիկը, սենյակի լուսավորությունը, օդափոխությունը եւ այլն»։
Ըստ նրա, կարեւոր է ճիշտ պայուսակի ընտրությունը` խորհուրդ է տրվում օգտագործել ուսապայուսակներ, եւ ոչ փափուկ ուսապարկեր` հատկապես ցածր դասարաններում։ Մասնագետը ծնողներին խորհուրդ է տալիս հետեւել, որպեսզի երեխան դպրոցական պայուսակը կրի այնպես, որպեսզի ծանրությունը հավասարաչափ բաշխվի մարմնի վրա. «Եթե պայուսակը ձեռքին են կրում, ապա չի կարելի այն անընդհատ նույն ձեռքով բռնել։ Տարրական դասարաններում սովորողների համար դպրոցական պայուսակների քաշը պետք է լինի, ոչ ավելի, քան 600-700 գրամ, միջին եւ բարձր դասարաններում սովորողների համար` 1000 գրամ։ Դպրոցական պայուսակի քաշը չպետք է գերազանցի աշակերտի քաշի 10%-ը։
Դպրոցականի ճիշտ կեցվածքի ձեւավորման համար աշակերտական նստարանը պետք է լինի հարմար, չափերով այն պետք է համապատասխանի երեխայի տարիքին բնորոշ անթրոպոմետրիկ ցուցանիշներին։ Ուսումնական պարապմունքների ժամանակ պետք է ապահովել երեխայի մարմնի ճիշտ դիրքը նստած վիճակում` էջից աչքերի 35-40 սմ հեռավորություն, սեղանին հենված նախաբազուկներ, ոտնաթաթերը հենված հատակին կամ նստարանի հորիզոնական փայտին, ոտքերը ծալված ծնկային եւ կոնքազդրային հոդում ուղիղ անկյան տակ, ազդրի 3/4-ը պետք է գտնվի նստատեղի վրա, ողնաշարը գոտկային մասով հենվի նստարանի թիկնակին»։
Ըստ Լիլիթ Ավետիսյանի, դպրոցական տարիքի երեխաների առողջության վրա բացասաբար կարող է անդրադառնալ նաեւ համակարգիչների եւ բջջային հեռախոսների, մասնավորապես` սմարթֆոնների երկարատեւ օգտագործումը, ինչը բերում է հոգնածության եւ աշխատունակության անկման. «Դրանց հետեւանքով առաջանում է ուսային գոտու, բազկի եւ նախաբազկի մկանների լարվածություն, սիրտանոթային, նյարդային եւ շնչառական համակարգերում նկատվում են ֆունկցիոնալ փոփոխություններ, առաջացնում է տեսողական օրգանի` աչքերի լարվածություն, ինչը ժամանակի ընթացքում կարող է բերել տեսողության վատացման։ Հետեւաբար պետք է սահմանափակվի համակարգչից օգտվելու ժամանակահատվածը եւ ապահովվի համապատասխան լուսավորություն: Համակարգչի հետ աշխատանքը պետք է լինի սահմանափակ, համակարգչային սեղանի մոտ կեցվածքը պետք է լինի ճիշտ եւ ցանկալի է աշխատանքն ընդմիջել ամեն 20-30 րոպեն մեկ` մի քանի րոպե քայլել մարզվելով»։
Լիլիթ Ավետիսյանը հորդորում է, որպեսզի, հատկապես` դպրոցահասակ երեխաները չկրեն  բջջային հեռախոսներ, իսկ եթե կրում էլ են, ապա դրանք չպահեն մարմնին մոտ` գրպանում, այլ դնեն պայուսակի մեջ, քանի որ զանգեր ստանալիս այդ ռադիոալիքները կարող են տարածվել ներքին օրգանների վրա:
ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ