Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Սեպտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Քրեական
Երեքշաբթի, 01 Սեպտեմբեր 2015 17:49

ԱՐՅՈՒՆՈՎ ԱՎԱՐՏՎԱԾ ԿԵՐՈՒԽՈՒՄ

 

Շաբաթ օրը Լոռու մարզի Կուրթան գյուղում երիտասարդ ազգականների միջեւ տեղի ունեցած վեճն ավարտվել է ողբերգությամբ: Դանակի մահացու հարվածից սպանվել է գյուղի բնակիչ Վարդան Գեւորգյանը: Թե որ մեղքի պատճառով էր դանակն ուղղվել 16-ամյա պատանուն, Վարդանի հարազատները բացատրում են. «Այս պատմության մեջ նա ընդամենն անմեղ զոհ է»: Ուրեմն այդ ի՞նչ պատմություն էր, որ նման ողբերգական ավարտ ունեցավ պատանու համար...

Համաձայն տարածված խոսակցությունների՝ դեպքը տեղի է ունեցել գյուղի տաղավարում: Նույնիսկ պատմում են, թե ինչ-որ ծանրակշիռ պատճառ էլ չի եղել. կենցաղային թեման վերածվել է հիմնական կասկածյալի ու սպանվողի եղբոր միջեւ լեզվակռվի, վիճաբանել են, քաշքշել իրար: Հետո վեճին խառնվել են երկու կողմերի եղբայրները, եւ այս ամենն ավարտվել է դանակահարությամբ:
Գյուղացիները կատարվածից ցնցված են, ասում են` սպանված տղան ֆուտբոլ էր պարապում, ընտանիքում 4 երեխա են, ինքը տան փոքրն էր: Դեպքից ժամեր անց արդեն սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Սեյրան անունով 22-ամյա մի երիտասարդի, ով սպանվածի հետ բարեկամական կապի մեջ է: Սակայն այդ պարագայում անգամ կան խոսակցություններ, որ չի բացառվում, որ սպանված տղայի մերձավորները կդիմեն ծայրահեղ քայլերի, ինչի պատճառով էլ ոստիկանները ուժեղացած հսկողություն են իրականացնում գյուղում:
Իսկ թե կոնկրետ ի՞նչն է եղել վեճի բուն պատճառը, ինչպե՞ս եւ ինչո՞ւ է դեպքի վայրում հայտնվել 16-ամյա պատանին, ո՞վ է հրահրել դանակահարողին նման քայլի: Այս եւ այլ հարցերի շուրջ մեզ մանրամասներ ներկայացրեց այս դեպքում երկուսի` սպանվածի եւ դանակահարողի հարազատներից մեկը, ով չցանկանալով բորբոքել կողմերից ոչ մեկին՝ խնդրեց չհրապարակել անունը:

«ՉԷ, ԱԽՊԵՐՍ, ՄԵՆԱԿ ԴՈՒ ՉԷ...»

-Թե սպանվողը, եւ թե սպանողը շատ խելացի, մեծին` մեծ, փոքրին` փոքր, հասկացող տղաներ էին, երբեք որեւէ կոնֆլիկտների կիզակետում չէին հայտնվում: Դեպքը տեղի է ունեցել գյուղի տաղավարում, կենցաղային թեթեւ հարցերի շուրջ: Սպանողը ու սպանվողի եղբայրը վիճաբանել են, քաշքշել իրար, հետո՝ վեճին խառնվել են երկու կողմերի եղբայրները, եւ... Սպանված 16-ամյա Վարդանը անմեղ զոհ դարձավ: Նրա մեղքը միայն նրանում է, որ տեսել է, թե ինչպես է եղբայրը ալկոհոլի ազդեցության տակ կռվում, հայհոյում իրենց ազգականին, մյուսն էլ՝ նրան, եւ միանգամից հասել է, որ բաժանի: Բայց մինչեւ հասնելը դանակահարողը արդեն հանել էր դանակը եւ հասել եղբոր վրա, ասելով. «Գիտես չեմ խփի՞, դե տես...»: Էս էրեխեն հենց էդ պահին վազելով եկել ու ընկել է իրենց մեջտեղը, եւ դանակահարողն էլ, ըստ երեւույթին չզգալով, թե ինչ է անում, դանակը խրել է թիակի մեջ: Չնայած դեպքից ընդամենը վայրկյաններ հետո, թեեւ ալկոհոլի ազդեցության տակ, բայց այնուամենայնիվ զգալով, թե ինչ ողբերգության պատճառ է դարձել, փռվել է դանակահարվածի վրա ու գոռացել. «Չէ, ախպերս, չէ, մենակ դու չէ, ասա, որ լավ ես...»: Էդ էրեխեն նույնիսկ էդ վեճից էլ տեղյակ չի եղել, փորձել է բաժանել կռիվը, ու տեսեք, թե ինչ ողբերգություն դառավ: Մեծ ախպերը հիմա մեռած ա` թաղած չի, իրեն կյանքում չի ների: Մենք էլ մեզ չենք ներում, որ էդ րոպեներ տեւացող վեճին չենք հասցրել ժամանակին տեղեկանալ ու խառնվել: Վարդանն էր առաջինը հեռվից նկատել ու վազելով եկել, որ բաժանի ախպերներին, ու, փաստորեն, էդ էրեխու մոտ ստացվեց` իր կյանքի գնով կանգնեցրեց վեճը` շվարած թողնելով բոլորին: Չեք պատկերացնում` ինչ իրավիճակ է գյուղում, ազգականներ, երկու մտերիմ ընտանիքներ, դուռ-դռան վրա հարեւաններ դժբախտացան անհիմն վեճի պատճառով` մեկը  ֆիզիկապես ու հոգեպես կորցրեց իր բալին, իսկ մյուսի տղան տարիներով կմնա բերդում: Էլ չեմ խոսում, թե էդ ընտանիքների հետագա հարաբերությունները ոչ ոք չգիտի ոնց կավարտվի:

«ԴԱՆԱԿԱՀԱՐՈՂԻ ՀԱՅՐՆ Է ԱՅԴ ՔԱՅԼԻՆ ԴՐԴՈՂԸ»

-Իսկ ի՞նչն էր երկու ազգականների վեճի պատճառը:
- Սպանվածի մեծ եղբայրն ու սպանողը միասին գնացել, մի տեղ նստել են, հաց կերել, լավ խմել ու մեքենայով հետ են եկել: Ճանապարհին դանակահարողն արագ է վարել մեքենան, ինչն էլ դուր չի եկել սպանվածի եղբորը, եւ դեռ ճանապարհին սկսել են իրար հետ վիճաբանել: Հասնելով տաղավար՝ վեճը շարունակվել է, գնալով ավելի թեժ բնույթ կրելով: Ու վերջում էլ եղավ այն, ինչ եղավ... Չնայած ասում են` պետք չի հանրայնացնել, մամուլի բերանը գցել, բայց պետք է ասեմ. էդ դանակահարող տղան էլ էդքան մեղավոր չի: Պատճառը, ախր ոնց ասեմ, պատճառը էդ դանակահարողի հայրն է եղել, տղային այդ քայլին դրդողը հայրն է եղել: Ավել բան չեմ կարող հիմա ասել, ուղղակի հունից դուրս ենք գալիս, որ էդ հոր պատճառով երկու ջահելներ` մեկը հողի տակ գնաց, մյուսն էլ բերդում է փտելու:
- Ասում են, որ հնարավոր է` սպանվածի հարազատները վրեժխնդիր լինեն: Հնարավոր համարո՞ւմ եք նման բան:
- Չեմ կարող ասել, չեմ կարող... Բայց որ էսօր (զրույցը եղել է երեկ- Հեղ.) էրեխու թաղման արարողությանը դանակահարողի հարազատներից ոչ մեկին չեն թողել մասնակցել, նույնիսկ՝ գերեզման գալ, դա հաստատ է: Իսկ արդեն կալանավորված Սեյրանի ընտանիքը դեպքից անմիջապես հետո հեռացել է գյուղից: Սակայն դեպքից հետո մինչ օրս գյուղում, հատկապես երկու տների մոտ ոստիկանները ուժեղացված հսկողություն են իրականացնում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ