Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Սեպտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Տնտեսություն
Ուրբաթ, 04 Սեպտեմբեր 2015 15:32

ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԸ ԽՈՒՍԱՓՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐԻՑ

 

Պաշտոնական վիճակագրությունը, ներկայացնելով այս տարվա առաջին կիսամյակի կտրվածքով ՀՀ տնտեսության վիճակի մասին իր պաշտոնական հաշվետվությունը, հայաստանյան զբոսաշրջային ոլորտի մասին միայն հետեւյալն է ասում. «2015թ. երկրորդ եռամսյակում հանրապետություն է ժամանել 256 917 զբոսաշրջիկ կամ 2014թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 1,8%-ով: 2015թ. երկրորդ եռամսյակում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 250 326 մարդ կամ 2014թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 1,0%-ով»:

90-ԻՑ 9 ՀԱԶԱՐԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՀՅՈՒՐԱՆՈՑԻՑ

Դեռ մի կողմ թողնելով ներկայացված ցուցանիշները՝ նկատենք միայն, որ մեկ ամիս անց, արդեն նաեւ հուլիս ամսվա ներառմամբ ցուցանիշները ներկայացնելով, վիճակագիրները նորից գրում են. «2015թ. երկրորդ եռամսյակում հանրապետություն են ժամանել 256 917 զբոսաշրջիկներ...»: Շարունակությունը նույնն է, ինչ հունիսին, չկրկնենք: Ինչ է՝ ամենաեռուն զբոսաշրջային ամիսներից մեկին՝ հուլիսին բան չի՞ փոխվել, թե այնքան զբաղված են եղել, որ բազմիցս ռազմավարական հռչակված այս ոլորտին անդրադառնալու ժամանակ չեն գտել: Եվ, վերջապես, ո՞ւր մնաց առաջին եռամսյակը, երբ կիսամյակային հաշվետվություն են ներկայացնում:
Լավատեսորեն ընդունենք, որ վիճակագիրներն ինչ-որ տեխնիկական կամ մեթոդաբանական պատճառներով են առնվազն կիսատ-պռատ իրավիճակ ներկայացրել եւ ոչ թե ոլորտի նկատմամբ են անտարբեր: Առավել եւս, որ հուլիսի վիճակագրության մեջ մի փոքր բացել են երկրորդ եռամսյակի տվյալները, որոնք, ի դեպ, բավականին հետաքրքիր հետեւությունների տեղիք են տալիս:
Նախ նկատենք, որ երբ երկրորդ կիսամյակում ներկայացնում են Հայաստան 256 917 զբոսաշրջիկի մուտք, նրանցից ոչ բոլորն են իրականում համապատասխանում «տուրիստ» ասվածին: Մասնավորապես, ըստ նույն աղբյուրի, այդ մոտ 257 հազար մարդուց միայն մոտ 44 հազարն է օգտվել «հյուրանոցային տնտեսության օբյեկտներից», իսկ ավելի քան 200 հազարը մնացել է «բարեկամի կամ հարազատի տանը, վարձով տրվող բնակարաններում եւ այլն»: Հասկանալի է, այստեղ առյուծի բաժինը բարեկամների տանը մնացողներն են, իսկ դա նշանակում է, որ Հայաստան ժամանողներից հազիվ 20 տոկոսն է մեր զբոսաշրջության ոլորտի համար «եկամտաբեր կլիենտ»: Ընդ որում, եթե բարեկամների տանը մնացողների թիվը 2014թ. համեմատ աճել է 5,5 տոկոսով, ապա հյուրանոցներից օգտվողների թիվը կտրուկ նվազել է՝ 12,8 տոկոսով՝ անցած տարվա նույն` երկրորդ եռամսյակի 50,5 հազարից հասնելով մոտ 44 հազար մարդու: Ընդ որում՝ երկուսով կրճատվել է նրանց սպասարկող հյուրանոցների թիվը՝ հասնելով 56-ի: Այսինքն՝ ամեն հյուրանոց միջին հաշվով երեք ամսում սպասարկել է մոտ 785 հաճախորդի, ամսական՝ 260 եւ օրական՝ 8-9 մարդու. չնչին թիվ: Եվ եթե հաշվի առնենք, որ այդ բոլոր այցելուների հիմնական մասին մի քանի խոշոր հյուրանոց է սպասարկել, հիմնական մասի հյուրերը միջին օրական կտրվածքով կարող են 2-3 մարդու էլ չհասնել, կոպիտ ասած, որ օրերով այցելուներ չունեն:

ԳԵՐԲԱՐՁՐ ԳՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔԸ

Հյուրանոցներում «միջազգային այցելուների» անկման 6,5 հազարանոց ցուցանիշը ֆիքսելով՝ վիճակագրական նման այլ փաստեր եւս ներկայացնենք: Նախ՝ հյուրանոցներում բնակված այդ զբոսաշրջիկների մոտ կեսն է, որ ունեցել է «հանգստի կամ ժամանցի» նպատակ, այսինքն, որ համեմատաբար երկար են մնացել ու շատ ծախսեր կատարել:
Հաջորդը. ի տարբերություն արտաքին զբոսաշրջության, վիճակագրությունը ներքին զբոսաշրջությունը ներկայացրել է կիսամյակի կտրվածքով ¥տե՛ս աղյուսակը¤: Ըստ այդմ. «2015թ. հունվար-հունիսին հանրապետության տարածքում հյուրանոցային տնտեսության օբյեկտներում ¥նաեւ՝ հանգստյան տներ եւ այդ կարգի այլ հաստատություններ- հեղ.¤ տեղաբաշխված զբոսաշրջիկների թվաքանակը կազմել է 92 716 մարդ (ՀՀ ռեզիդենտներ), ինչը 2014թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ նվազել է 3,0%-ով»: Ընդ որում՝ «հանգստի կամ ժամանցի» նպատակ ունեցողների մասով նվազումն ավելի մեծ է՝ 3,6%: Այսպիսով՝ միջինացնելով միայն երկրորդ եռամսյակի կտրվածքով, կարելի է նկատել, որ հյուրանոցներից եւ այդ կարգի օբյեկտներից օգտված մոտ 90 հազար մարդուց մոտ 9 հազարը, այսինքն՝ 10 տոկոսը, անցած տարվա համեմատ հրաժարվել է դրանց ծառայություններից:
Անցնենք Հայաստանից մեկնած 250 326 զբոսաշրջիկներին: Ասել, թե տարվա երկրորդ եռամսյակում մեկնածներից բոլորն իրոք զբոսաշրջիկներ են, էլի սխալ կլիներ: Բայց երբ ներկայացվեն հուլիս եւ օգոստոս ամիսների ցուցանիշները, դուրս մեկնածների այդ թիվը կարող է մինչեւ իսկ կրկնապատկվել, ընդ որում՝ այստեղ արդեն իրոք ծանրակշիռ տեղ կզբաղեցնեն իրական զբոսաշրջիկները եւ հատկապես՝ Վրաստանում հանգստացողների թիվը: Ընդ որում՝ այդ պատկերը շատ ավելի տխուր տեսք է ստանում հայաստանյան հյուրանոցներում եւ հանգստյան գոտիներում հանգստացողների հիշատակված անկումների ֆոնին: Ճիշտ է, այստեղ եւս հուլիս-օգոստոսին թվերը նկատելիորեն փոխված կլինեն, սակայն կա 10 տոկոսանոց անկումային դինամիկա, ինչը սեզոնայնությամբ չի կարող բացատրվել. մարդիկ աստիճանաբար հրաժարվում են հայաստանյան հյուրանոցահանգստյան համակարգից եւ վերջ: Պատճառն ակնհայտ է բոլորին. մեր հյուրանոցներում, հանգստյան տներում եւ այլն՝ ունենք հաճախ անհեթեթության հասնող գներ եւ դրանից կիլոմետրերով ետ մնացող սպասարկման եւ մատուցված ծառայությունների որակ: Բացատրություններ էլ են հազարավոր անգամներ լսվել. մենք ծով չունենք, այցելուները քիչ են եւ ստիպված ենք գները բարձրացնել ու այդպես շարունակ: Բայց երբ, ասենք՝ սեւանյան, ծաղկաձորյան կամ դիլիջանյան ինչ-որ փոքրիկ «դոմիկների» համար պահանջում են առնվազն 30-40 հազար դրամ օրավարձ, եւ փոխարենը հյուրերի նույն կազմը կարող է վրացական ծովափերում գրեթե նույն պայմանների համար վճարել 10-15 հազար, հասկանալի է, թե ինչու Վրաստանում հանգստացող հարյուրհազարավոր հայերի դիմաց գոնե հազար վրացի չի էլ մտածում մի քանի օրով Հայաստանում հանգստանալու մասին: Արդյունքում, ինչ պատճառաբանություն էլ բերեն, մեկ է՝ մեր չեղած փողերը հանգրվանում են վրացիների գրպաններում, եւ մեր զբոսաշրջային հյուրանոցատերերը ստիպված են յոլա գնալու համար տարեցտարի գները բարձրացնել՝ էլ ավելի կտրվելով ցածր գներով մեծ եկամուտների միակ ճիշտ սխեմայից:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ