Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Սեպտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Տնտեսություն
Չորեքշաբթի, 09 Սեպտեմբեր 2015 17:36

ՄԵՆՔ ԷԼ ԳԻՏԵԻՆՔ, ԹԵ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆՔ

 

Օրերս մեզ զանգահարած քաղաքացին պատմեց այն անսպասելի դժվարությունների մասին, որոնց բախվել է Մոսկվայի «Դեմոդեդովո» օդանավակայանում: «Սիբիր ավիա» ավիաընկերության ինքնաթիռով վերադառնալով Չերնոգորիայից, նա պետք է օդանավը փոխեր Մոսկվայում, քանի որ Չերնոգորիա-Երեւան ուղիղ չվերթ չկա: Եվ ահա մոսկովյան օդանավակայանում քաղաքացին հայտնվում է նման վիճակում:

Բոլոր տրանզիտային ուղղություններով ուղեւորները «բագաժը» ստանում են երթուղու վերջում` տեղ հասնելուց: Կոնկրետ դեպքում բացառություն էին Հայաստան եւ Ղազախստան մեկնողները: Պարզվեց, որ մենք պետք է «Դեմոդեդովոյում» ստանանք ուղեբեռը, հետո նորից այն հանձնենք Երեւան մեկնող օդանավի համար: Պարզվեց նաեւ, որ ուղեբեռ ստանալուց բացի, մենք պետք է երկու անգամ անցնեինք անձնագրային հսկողություն: Այսինքն՝ տրանզիտային գոտուց դուրս գանք եւ մտնենք ՌԴ տարածք եւ անմիջապես այնտեղից դուրս գայինք, որպեսզի մեկնեինք Հայաստան: Ես հարցրեցի, թե ինչու է Հայաստանի համար այդքան անհարմարություն ստեղծված, սահմանապահներից մի կին ԿԳԲ-ական տոնով պատասխանեց, թե լավ կլինի` ես քիչ խոսեմ: Եվ սա այն դեպքում, երբ  Չերնոգորիայից ժամանելու եւ Երեւան մեկնելու տարբերությունն ընդամենը երկու ժամ էր»,- զայրացած պատմեց քաղաքացին:
Այսպիսով՝ նա ընտանիքի հետ միասին ստիպված է եղել շնչակտուր վազել է ուղեբեռի բաժին, ստանալ այն, նորից վազել դեպի գրանցում, որպեսզի չուշանա Երեւան մեկնող ինքնաթիռից:
Թե ինչն է այդ ամենի պատճառը՝ նախ փորձեցինք պարզաբանումներ ստանալ ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայությունից, որտեղից, սակայն, մեզ միայն ուղղորդեցին դեպ Քաղավիացիայի գլխավոր վարչություն՝ պատճառաբանելով. «Այդ ոլորտը մեր ենթակայության տակ չէ, նման խնդիրները կարգավորում է Քաղավիացիան: Լավ կլինի` Ձեր հարցով հենց իրենց դիմեք»:
Իհարկե՝ այսպես, թե այնպես դիմելու էինք նաեւ վերոնշյալ վարչություն: Բայց էլի անպտուղ, քանի որ այս կառույցը եւս զարմանալիորեն մեր հարցի պատասխանը չտվեց: Վարչության մամուլի պատասխանատու Նելլի Չերչինյանն ընդամենը նկատեց. «Խնդրի վերաբերյալ պարզաբանումներ պետք է խնդրեք «Սիբիր ավիա» ավիաընկերությունից, նրանք են նման հարցերը կարգավորում»:
Այս վերջին պատասխանը պարզապես ստիպում է ապշել. դրսում անհարմար վիճակի մեջ է հայտնվել Հայաստանի քաղաքացին, ով նույնիսկ շատ ավելի բարդ իրավիճակներում իր հարազատ պետության աջակցությունն ստանալու իրավունք ունի: Նույն այդ քաղաքացին չի ցանկացել այնտեղ մեր պետական պատկան կառույցների «բազմաչարչար» վիճակը ծանրացնել, ինչ-որ կերպ իրենով հարցերը լուծել է եւ հիմա պարզապես փորձում է հասկանալ, թե ինչու է այդպես: Եվ արդյունքում պարզվում է, որ նման իրավիճակներում օգնություն պետք է ակնկալի ոչ թե սեփական պետական կառույցներից, այլ... ռուսական ավիաընկերությունից: Լավ, եթե «Սիբիր ավիան» է «նման հարցերը կարգավորում», այդ դեպքում մեկ շատ կարեւոր հարց է առաջ գալիս՝ բա էլ ո՞ւմ է պետք մեր Քաղավիացիայի վարչությունը, որ մի բան էլ այդքան պետական փողեր են ծախսվում դրա վրա. թող «Սիբիր ավիան» այդ գործերն անի եւ բավականին միջոցներ կխնայենք:
Դե ուրեմն, քանի որ «Սիբիր ավիան» է հարցերը լուծողը, դիմեցինք ավիաընկերությանը, որը, ի տարբերություն մեր հարազատ պետական կառույցների, գոնե բացատրեց, թե ինչու է նման վիճակում հայտնվել Հայաստանի քաղաքացին. «Դա ԵՏՄ-ի օրենքներից մեկն է: Եթե քաղաքացին Մոսկվա է եկել ինչ-որ այլ տեղից, այլ թռիչքով եւ Մոսկվան իր համար եղել է տրանզիտային քաղաք, ապա ԵՏՄ անդամ պետությունների քաղաքացիները պետք Միություն մտնելուն պես անցնեն մաքսային սահմանով, այսինքն՝ նաեւ ուղեբեռն ստանան, կրկին հանձնեն եւ նոր միայն ԵՏՄ տարածքում շարունակեն ճանապարհը: Այսինքն՝ սա ոչ թե խնդիր է կամ ինչ-որ մեկի քմահաճույքը, այլ՝ օրենք»:
Լավ օրենք է, թե ոչ՝ այլ հարց է: Բայց գոնե բացատրեցին, մինչդեռ նման պարզաբանում ոչ թե մասնավոր ավիաընկերությունը պետք է տար մեզ, այլ՝ մեր պատկան կառույցները:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ