Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Սեպտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 9 10 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Տնտեսություն
Ուրբաթ, 11 Սեպտեմբեր 2015 16:17

«ՌԱԶԱՄԱՎԱՐԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆՈՒՄԸ ՌՈՒԲԼՈՎ ՆՊԱՍՏԱՎՈՐ Է ՄԵԶ ՀԱՄԱՐ»

 

Թե ինչ են մտածում մասնագետները ԵՏՄ շրջանակներում ապրանքաշրջանառության սեփական արժույթներով իրականացնելու գաղափարի մասին, եւ թե դա ինչքանով է իրատեսական դարձնում միասնական արժույթի անցնելու հնարավորությունը, փորձեցինք պարզել հայաստանյան մի քանի ճանաչված տնտեսագետներից:

Երեւանի տնտեսական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԸ մեզ հետ զրույցում նախ անդրադարձավ այդ առաջարկի հիմնական նպատակներին. «Վարչապետը նշել է, որ ԵՏՄ շրջանակներում պետք է առեւտուրն արվի մասնավորապես ռուբլով: Ընդգծեմ` խոսքը հիմնականում ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների մասին է: Քանի որ նմանատիպ ապրանքները, ինչպիսիք են` գազը, նավթամթերքը եւ պաշտպանության բնույթի ապրանքները, մենք ներկրում ենք հիմնականում Ռուսաստանից, միանշանակ ճիշտ է արվել, որ հարցն այսպես է բարձրացվել: Թերեւս՝ հաշվի առել նաեւ  ԵՏՄ-ի պայմանագրի 64-րդ հոդվածը, ըստ որի՝ Միության անդամները պետք է վարեն համաձայնեցված արժույթային քաղաքականություն: Եվ իհարկե պայմանագրի 4-րդ հոդվածը, որտեղ նշվում է, որ Միության առանցքային նպատակն անդամ երկրների կոոպերազիցիայի, մոդեռնիզացիայի եւ հատկապես՝ մրցունակության բարձրացման հարցերը լուծելն է: Իսկ սեփական արժույթով առեւտրին անցումը նպաստավոր պայմաններ է ստեղծում նաեւ այդ բոլոր խնդիրների լուծման համար:
Անդամ երկրները դրանով նաեւ սեփական որոշակի խնդիրներ են լուծում: Եթե ՌԴ-ն լուծում է դոլարիզացիայի նվազման եւ որոշ այլ ստրատեգիական խնդիրներ, ապա մեզ համար սա ակնհայտ ձեռնտու է զուտ տնտեսական շահի տեսակետից` նպաստավոր է համախառն ներքին արդյունքի աճի, դեպի ՌԴ արտահանման եւ, ինչպես նշեցի, էներգակիրների եւ մի շարք  այլ ապրանքների գնագոյացման համար»:  
- Սեփական արժույթով առեւտուրն ակնարկ չէ՞ միասնական արժույթ ստեղծելու մասին:
- Մենք այժմ Միության շրջանակներում վարում ենք տարբեր դրամավարկային քաղաքականություններ, եւ այստեղ համաձայնեցման խնդիրներ կան: Իսկ նման համաձայնեցումը, ի դեպ, նպաստավոր է Հայաստանի համար. հատկապես արժութային քաղաքականության համաձայնեցման հարցերը: Եթե բազմաթիվ խնդիրներ այսպես լուծվեն` փոխարժեքի համաձայնեցված փոփոխություններ տեղի ունենան, գնաճը բավականին ցածր լինի, այդ դեպքում միայն միասնական արժույթի անցնելու հարցը կարող է գալ օրակարգ: Եվ այդ դեպքում մենք` մասնագետներս, օբյեկտիվ հաշվարկներ իրականացնելուց հետո կգնահատենք, թե որ դեպքում նման անցումը մեր պետության համար շահավետ կլինի, որից հետո միայն միասնական արժույթաին համակարգ ստեղծելու հարցը կառաջարկենք կառավարությանը:
Ամփոփելով խոսքս, կարող եմ ասել հետեւյալը` վարչապետի առաջարկությունը` ակտիվացնել ազգային արժույթների օգտագործումը հատկապես ստրատեգիական նշանակություն ունեցող ապրանքների առեւտրում, ակնհայտորեն նպաստավոր քայլ է մեր տնտեսական խնդիրների լուծման համար: Միաժամանակ՝ թեկուզեւ հետագայում միասնական արժույթ ստեղծելու հետ անմիջական կապ չունի:

«ՍԱ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է, ՈՐ ԵՏՄ-ՈՒՄ ԱՆՑՆԵՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՐԺՈՒՅԹԻ»

Տնտեսագետ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ հետեւյալ կարծիքը հայտնեց. «Ըստ էության՝ ԵՏՄ-ում սեփական արժույթով առեւտրին անցնելը միասնական արժույթ ստեղծելու հիմքերից մեկն է: Սակայն միասնական արժույթի անցնելու գործընթացը, ըստ էության, բավականաչափ այլ խնդիրների հետ է կապված եւ, բնականաբար, այդ խնդիրներն էլ լուծման առումով ժամանակ են պահանջում»:
Հայաստանի գործատուների միության նախագահ, տնտեսագետ ԳԱԳԻԿ ՄԱԿԱՐՅԱՆԸ եւս չբացառեց, որ  ռուբլին աստիճանաբար կարող է դառնալ շրջանառվող արժույթը ԵՏՄ տարածքում. «Այսօր մենք հիմնականում երեք տեսակի արժույթ ենք օգտագործում` դոլար, եվրո եւ ռուբլի: Իսկ ռուբլու զանգվածը վերջին շրջանում մեծացել է Հայաստանում, որովհետեւ ՌԴ մեր ապրանքների արտահանման մի մասի դիմաց արդեն ռուբլով է վճարվում: Էլ չենք խոսում, որ ՌԴ-ից տրանսֆերներն արդեն մեծ չափով ռուբլով են գալիս: Հետեւաբար՝ մենք պետք է մտածենք, թե ինչպես ծախսենք այդ ռուբլին: Այդ իսկ առումով վարչապետը ճկուն հայտարարություն է կատարել` շեշտելով ռազմավարական ոլորտներում ¥իսկ դա խոսում է, որ նաեւ էներգառեսուրսների եւ հումքի առեւտուրը¤ ԵՏՄ երկրների սեփական արժույթով, այսինքն հիմնականում՝ ռուբլով իրականացնելու մասին: Դա միայն ու միայն նպաստավոր պայմաններ կստեղծի մեզ համար եւ ժամանակավորապես որոշակի տնտեսական առողջացում կառաջացնի: Բայց եկեք չմոռանանք, որ որքան որեւէ երկրի արժույթ քո երկրում շատ ես օգտագործում, այնքան այդ արժույթի ազդեցությունը քո երկրի տնտեսության վրա մեծանում է: Հիշեք` 6-7 տարի առաջ, երբ Տ. Սարգսյանը ԿԲ-ի նախագահն էր, ինչ սուր պայքար մղեց «չենջերի» գործունեությունները կարգավորելու համար, որովհետեւ ժողովուրդն անընդհատ օգտագործում էր դոլար, նույնիսկ որոշ սպառողներ դոլարով էին առեւտուր անում շուկաներում: Ապագայում նույն կերպ մենք մեզ վրա կարող ենք զգալ ռուբլու ազդեցությունը, քանի որ Ռուսաստանը նպատակ ունի ինչքան հնարավոր է ամրապնդել ԵՏՄ-ն եւ իր ռուբլին աշխարհում դարձնել ազդեցիկ, կոնվերտացիայի ենթարկվող արժույթ: Եվ իհարկե՝ կարող է ձգտել, որ ռուբլին աստիճանաբար դառնա միակ շրջանառվող արժույթը ԵՏՄ տարածքում: Այսինքն՝ ԵՏՄ անդամ երկրները որոշակի ժամանակ կարող են տարբեր փոխարժեքներով աշխատել, մինչեւ գան միացյալ արժույթի գաղափարին: Ամեն դեպքում՝ ժամանակը կթելադրի, թե ինչպիս ճանապարհով կգնա Ռուսաստանի էկոնոմիկան»:
Տնտեսագետ ՎԻԼԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ էլ նկատեց. «Սա քայլերից մեկն է, որը ցույց է տալիս, որ կարելի է ԵՏՄ անդամ երկրերի տարածքում միասնական խաղի կանոններով աշխատել եւ ստեղծել  միասնական արժութային համակարգ: Այսինքն՝ առանց դոլարի եւ այլ արժույթներով միջնորդավորված գործելու տարբերակներից մեկն է սա»:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ