Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Սեպտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 15 Սեպտեմբեր 2015 18:24

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ-ԴԱՏԱՐԱՆ ՇՂԹԱՅՈՒՄ

 

- Երեք հարյուր հազար դրամ գումարի բռնագանձման պահանջով սկզբից դիմեցի ոստիկանություն: Այնտեղ ինձնից գումար վերցնողն ընդունեց, որ պարտք է, սակայն հրաժարվեց տալուց` պատճառաբանելով, որ իբր դա կանխավճար է եւ ենթակա չէ ետ վերադարձման: Ոստիկանությունը գրավոր մերժեց դիմումս` պատճառաբանելով, որ հանցակազմ չկա եւ խորհուրդ տվեց դիմել դատարան: Դիմեցի փաստաբանի օգնությանը, իմ անունից գրավոր հայցադիմում ներկայացվեց Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Դատարանը հայցադիմումը ետ վերադարձրեց` պատճառաբանությամբ, որ պետական տուրքի գումարն իմ անունով չի վճարվել, հայցադիմումին կցված ոստիկանությունից վերցրած ձեռքով գրված բացատրություններն էլ անընթեռնելի են:
Նախ ցանկանում եմ հասկանալ` որքանո՞վ էր ոստիկանության պատասխանն օրինաչափ: Եվ՝ բացատրություններն անընթեռնելի են միայն դատարանի՞ համար, բա ոստիկանությունն ինչպե՞ս այդ բացատրությունների հիման վրա որոշում կայացրեց: Կամ այդ բացատրությունները գրել է մյուս կողմը, ես ինչպե՞ս այն փոխեմ, որպեսզի դատավորի նշած թերությունները վերացնեմ:

-Ինչ վերաբերում է ոստիկանության կողմից քրեական գործի հարուցումը մերժելուն` հանցակազմի բացակայության պատճառով, ապա եթե գտնում եք, որ որոշումն օրինական չէ, օրենքով սահմանված կարգով այն կարող եք բողոքարկել վերադաս դատախազին, այնուհետեւ` դատարան: Ձեռքի տակ չունենալով գործի նյութերը՝ դժվարանում եմ գնահատական տալ, թե որքանով է օրինական ոստիկանության, ենթադրում եմ, հետաքննիչների որոշումը: Սակայն այն հանգամանքը, որ Ձեր միջեւ առկա է եղել պայմանագիր, որի ուժով Դուք գումար եք փոխանցել մյուս կողմին, այնուհետեւ գործարքը չիրականանալու արդյունքւոմ չեք կարողանում ստանալ Ձեր կանխավճարը, որը մյուս կողմը մեկնաբանում է ըստ երեւույթին Ձեր պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ թերի կատարելու հետեւանք, ապա հակված եմ կարծելու, որ հետաքննիչների որոշումն իրավաչափ է եւ այդ վեճը քաղաքացիրավական է եւ պետք է լուծվի դատական կարգով:
Ինչ վերաբերում է դատարանի կողմից հայցադիմումը ետ վերադարձնելուն` պետական տուրքը ոչ հայցվորի անունով վճարելու, ինչպես նաեւ՝ որոշ ապացույցներ անընթեռնելի լինելու հիմքով, ապա դատարանի նման որոշումը, գտնում եմ, անօրինական եւ ոչ հեղինակավոր: Դատական պաշտպանությունն ինքնանպատակ չէ, այն ենթադրյալ իրավունքի խախտման համար դիմած տվյալ անձի համար առաջացած վեճը լուծելու համար դատարան դիմելու օրենքով սահմանված ձեւն է: Օրենքի ուժով տրված են այն պարտադիր պայմանները, որոնք հայցվորը կամ նրա ներկայացուցիչ փաստաբանը պարտավոր են պահպանել, առանց որի հայցադիմումը ենթակա է ետ վերադարձման եւ ժամկետի տրամադրման` թերությունները վերացնելու եւ կրկին ներկայացնելու համար: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում չկա մի իրավանորմ, որն իրավունք վերապահի դատարանին՝ ետ վերադարձնել հայցադիմումը պետական տուրքն այլ անձի անունով վճարված լինելու կամ հայցին կցված ապացույցներն անընթեռնելի լինելու հիմքով: Ավելին, նման մոտեցմամբ առանց դատ ու դատաստանի դատարանն արդեն, ըստ էության, գնահատական է տվել հայցին կցված փաստաթղթերին, որի իրավունքն ունի օրենքի ուժով միայն դատաքննության ժամանակ:
Անհրաժեշտ է, որպեսզի դատարանի որոշումը բողոքարկվի ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան: Կարծում եմ, որ այն ենթակա է վերացման:

ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Լեւ գրուպ» փաստաբանական
գրասենյակի հիմնադիր նախագահ
www.levgroup.am

Հարցեր կարող եք ուղարկել նաեւ
Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար հասցեով