Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Սեպտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն
Ուրբաթ, 18 Սեպտեմբեր 2015 17:14

ՀԷՑ-Ի` ՍՊԱՍՎԱԾ-ԱՆԱԿՆԿԱԼ ՎԱՃԱՌՔԻ «ԱՌԵՂԾՎԱԾԸ»

 

Եվ այսպես՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վաճառել-չվաճառելու չարչրկված հարցը հասավ վերջնագծին. երեկ ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի կողմից ՀԷՑ-ը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը վաճառելու գործարքին: Որոշումը, իհարկե, դեռ նախնական է, այսինքն՝ պետք է ընթանա առաջարկն ուսումնասիրելու եւ վերջնական հաստատման փուլ: Սակայն, որ գործարքը կիրականանա, գրեթե կասկածներ չկան: Դե ուրեմն օրակարգ է գալիս այն հարցը, թե սրանից ինչ է ստանալու նախ՝ էլեկտրաէներգիայի շարքային սպառողը, ապա՝ պետությունը:

 

 

ԳՈՐԾԱՐՔԻ ԱՐՄԱՏՆԵՐԸ

Թե ինչ է ենթադրում այդ գործարքը, պաշտոնական մարմինները դեռ լռում են: Մասնավորապես՝ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը երեկ միայն նշեց, թե դեռ պետք է «բոլոր փաստաթղթերը, ինչպես նաեւ՝ առուվաճառքի պայմանագիրն ուսումնասիրվի... Մանրամասն այժմ չեմ կարող ասել, մեկ-երկու օրից` փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո բոլոր հարցերին կպատասխանեմ»:
Իհարկե՝ պատասխանի մեջ թեեւ տրամաբանություն կա, սակայն այս մեդալը հազիվ թե մեկ այլ երես էլ չունենա: Այն, որ ՀԷՑ-ի վաճառքը, ավելի ճիշտ՝ այս կոնկրետ գործարքը պատահական չէր նախարարի համար, ենթադրելի է: Ավելին. մեր միանգամայն արժանահավատ աղբյուրը վստահեցնում է, որ մասնավորապես պարոն Զախարյանը այս թեմայով նաեւ ռուսական կողմի եւ իր ռուս գործընկերոջ հետ է քննարկում ունեցել, որոշակի բանավոր համաձայնություններ է ձեռք բերել: Այսինքն՝ գործարքի ընդհանուր մանրամասներին նախարարը, այսպես ասենք, պետք է, որ ծանոթ լիներ, եւ այդ տեսանկյունից գոնե որոշակի, ընդհանրական դետալներ չտրամադրելն ու թեմայի շուրջ որոշակիորեն ինտրիգային մթնոլորտ ստեղծելու իմաստն է անհասկանալի: Չնայած նման մեկ վարկած էլ կա. մեր նույն աղբյուրը տեղեկացնում է նաեւ, որ այս պատմությունը ռուսական կողմի հետ ունեցել է կոմպլեքս քննարկում: Այսինքն՝ սկսած ընկերության վաճառքից, վերջացրած՝ ՀԷՑ-ում աուդիտի օրակարգով ¥թե կոնկրետ ինչ ուղղություններով պետք է շարժվի աուդիտը, ինչ չափով, ինչը կարելի է մինչեւ վերջ բացել, ինչը՝ կիսատ կամ առհասարակ ձեռք չտալ¤ նույն պայմանավորվածությունների մեջ են: Մեր աղբյուրը դա բացատրում է այսպես. «Ռուսական պաշտոնական մարմիններն էլ են ընդունում, որ «ՌԱՕ ԵԷՍ»-ը, այսպես ասած, «համը հանել է»: Դրա հետ մեկտեղ, որոշակի ուղղություններով ¥ՀԷՑ-ի պարտքերի առաջացումը, ընկերության ներքին չարաշահումները եւ այդպես շարունակ¤ եթե աուդիտորները մի փոքր անգամ «խորանան», շատ բան է ջրի երես դուրս գալու: Եվ որքան տեղյակ եմ, բացի պաշտոնական աուդիտից, կա նաեւ պայմանավորվածություն, ուսումնասիրություններն առաջ տանել՝ արդյունքները գաղտնի պահելու պայմանով: Իմաստը հետեւյալում է. մեծ չարաշահումների պաշտոնական արձանագրումը ծանր ստվեր կգցի ոչ միայն ՀԷՑ-ի նախկին ու ներկա ղեկավարության կամ «Ինտեր ՌԱՕ»-ի վրա, այլեւ «ՌԱՕ ԵԷՍ»-ի` մասնավորապես այլ երկրներում ծավալած գործունեության վրա: Իսկ այդ ընկերությունն ընկալվում է որպես պետական, եւ սկանդալը շատ հեռուները կարող էր գնալ: Իսկ այսպես՝ որոշ գլուխներ էլի կարող են թռչել, բայց ոչ այդպես ցուցադրաբար: Բացի դրանից՝ հայկական կողմը եւս խնդիրներ կարող էր ունենալ: Ի վերջո, չարաշահումների երկու խումբ կա, եւ միայն ռուսական ղեկավարությունը չէր կարող դրանք իրականացնել: Առաջինը՝ ընկերության ներսում չարաշահումներն են: Եվ դրանից զատ էլ՝ լուրջ սկանդալ կարող էր առաջանալ՝ կապված ՀԷՑ-ին տարբեր արտադրող կայանների կողմից մատակարարված էլեկտրաէներգիայի բաշխվածության հետ: Այսինքն, թե ինչու է շատ դեպքերում ՋԷԿ-երին մեծ քվոտաներ տրվել, այն էլ՝ հիդրոհամակարգի եւ ատոմակայանի հաշվին: Չմոռանանք, որ հենց այդ գործոնն էր ներկայացվում, որպես հոսանքի թանկացումներ առաջ բերած միլիարդավոր դրամ պարտքերի հիմնական պատճառ: Ուրեմն՝ երկու կողմն էլ հարվածի տակից ելնելու խնդիր ունեին, ինչի շուրջ պետք էր պայմանավորվել: Բայց նաեւ, որ վերջնական լուծումներ եւս լինեն, ինչը արտահայտված է ՀԷՑ-ի վաճառքի պայմանագրով: Նկատի ունեմ, որ երբ մանրամասները բացվեն, կտեսնենք, որ «ՌԱՕ ԵԷՍ»-ը բավականին լուրջ զիջողությունների է գնացել, ինչն էլ ընկերության վաճառքը հնարավոր է դարձրել: Հակառակ դեպքում, այսպես ասեմ, եթե ընկերության բոլոր ֆինանսական պարտավորությունները մնային գնորդի վրա կամ, ավելի ճիշտ, դա ինչ-որ կողմնակի ձեւերով փոխհատուցելու մեխանիզմ չմշակվեր, գնորդ առհասարակ չէր լինի: Այսպիսով՝ ամեն ինչ լավ է, թե՝ ոչ, չեմ կարող գնահատել: Բայց մի բան հաստատ է՝ առանց պայմանավորվածությունների՝ ՀԷՑ-ի թեման փակուղուց ոչ միայն դուրս չէր գա, այլեւ էլ ավելի կխրվեր»:

ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՐՑԸ ՄՆՈՒՄ Է ՕՐԱԿԱՐԳՈՒՄ

Մեր աղբյուրի խոսքի մեջ, անշուշտ, ռեալ տրամաբանություն կարելի է տեսնել: Իհարկե՝ ապագայի առումով շատ կարեւոր է, թե ով է ընկերության տերը, ինչ պայմաններով, պարտավորություններով, ինչքանով կարող է զարգացնել այդ ռազմավարական համակարգը եւ այլն: Բայց, անկեղծ ասած, սպառողին առաջին հերթին մեկ բան է հետաքրքրում. ինչքա՞ն է վճարելու էլեկտրաէներգիայի դիմաց եւ ո՞րն է երաշխիքը, որ էլի ամեն տարի հոսանքի թանկացման պատմությունը մեյդան չի գա: Եվ այս պահին Երվանդ Զախարյանի տեսակետն ամենեւին էլ լավատեսություն չի ներշնչում. «Սակագինն արդեն գործում է, սակագնի վերաբերյալ վերջնական դիրքորոշում կառավարությունը կունենա հանձնաժողովում կատարվող ուսումնասիրություններից հետո... Սակագինը ո՞նց կարող է վերանայվել, եթե սակագինն այսօր գործում է»:
Մնում է նախարարին հիշեցնել մեկ փաստ. ինչպես անցած, այնպես էլ այս տարվա սակագնային թանկացումների հիմքում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը դնում էր ՀԷՑ-ում անսպասելիորեն առաջացած պարտքերի հարցը: Այսինքն՝ եղել է սակավաջուր տարի, ատոմակայանը նախատեսվածից երկար է վերանորոգվել, այդ պատճառով՝ ջէկ-երից ավելի շատ թանկ էլեկտրաէներգիա է գնվել, որն էլ պարտքեր է առաջացրել: Այսինքն՝ սակագինը վերջին երկու տարիներին բարձրացնելով՝ հենց այդ պարտքերի հարցը պետք է լուծվեր: Այսինքն՝ այդ պարտքերը փակելուց հետո սակագինը չի՞ նվազելու: Եթե ոչ, ապա ՀԷՑ-ը կդառնա գերշահութաբեր օբյեկտ:
Ինչ վերաբերում է նոր սեփականատիրոջը, ապա այս պահին հայտնի է միայն, որ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդը» օֆշորային ընկերություն է: Իսկ թե կոնկրետ ում է պատկանում, ապա մի կողմից շոշափվում է Սամվել Կարապետյանի անունը: Այլ վարկածով նրան այլ ռուսահայ գործարարներ են միացել: Մեկ այլ տարբերակով էլ` այնտեղ հայաստանյան գործարարներ եւս կան եւ այդպես շարունակ: Սակայն սեփականատիրոջ անունն ամենեւին էլ այս պատմության թիվ 1 հարցը չէ:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ