Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Սեպտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 26 27
28 29 30        
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Քրեական
Ուրբաթ, 25 Սեպտեմբեր 2015 16:59

ԻՐ ԻՍԿ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՉՔԻ ԱՌԱՋ ՏԱՐԻՆԵՐՈՎ «ՎԱՃԱՌԵԼ» Է ԿՆՈՋԸ

 

Բազում առիթներ ենք ունեցել անդրադառնալու այն պատմություններին, թե ինչպես են մեր վայ-հայրենակիցները մինչեւ իսկ իրենց հարեւան-ծանոթ հայ կանանց, աղջիկներին խաբեությամբ հասցնում են թուրքիաներն ու արաբական երկրները՝ սեռական կամ էլ պարզապես աշխատանքային ստրկության վաճառելու համար: Թվում էր, թե ծանոթ աղջնակին Թուրքիայում վաճառքի հանելուց ավելի սարսափելի բան չկա:

Բայց ի՞նչ ասի երկու անչափահաս երեխաների մայրը, ով միանգամից սեռական եւ աշխատանքային շահագործման է ենթարկվել Հայաստանում... իր իսկ տանը, իր իսկ երեխաների հոր` ութ տարվա ամուսնու կողմից: Այո, որքան էլ զարմանալի ու զարհուրելի, բայց նման դեպքի մասին է փաստում օրերս  Քննչական կոմիտեի ՀՔԳՎ վարչությունում ավարտված քր.գործով նախաքննությունը: Գործը դեռ պետք է դատական փուլով անցնի, այսինքն՝ կա անմեղության կանխավարկած ասվածը, եւ որոշ կոնկրետացումներից ստիպված ենք խուսափել: Սակայն գործի մանրամասներին քաջատեղյակ մեր աղբյուրի պատմածը, մեկ է, մնում է սարսափելի.
- Ավարտվել է միանգամից երկու քրեական գործով նախաքննությունը, որոնցով 35-ամյա Վազգենը (անունը փոխված է) մեղադրվում է թրաֆիքինգի եւ կավատության մեջ: Վազգենն ապրել է սոցիալապես վատ պայմաններում, բայց նաեւ ունեցել է սեր թղթախաղի հանդեպ: Եվ ահա որոշել է սեռական եւ աշխատանքային թրաֆիքինգի ենթարկել իր հետ գրեթե ութ տարի քաղաքացիական ամուսնությամբ ապրող կնոջը՝ երկու անչափահաս երեխաների մորը` Մարինեին (անունը փոխված է): Ավելի կոնկրետ` Վազգենը, իր նյութական պահանջմունքները բավարարելու համար, չորս տարի անընդմեջ իր երեխաների մորը ստիպել է սեռական ծառայություններ մատուցել իր կողմից տուն բերվող հաճախորդներին: Ի սկզբանե կինը չի ցանկացել ընդունել ամուսնու առաջարկը, բայց ամուսինը դիմել է կոշտ քայլերի` մասնավորապես ծեծուջարդի: Իսկ որպեսզի հետագայում կինն այլեւս չհնազանդվելու տեղ չունենա, առաջին ծեծից անմիջապես հետո Վազգենը տուն է բերել մի ամուսնական զույգի եւ կնոջը առաջարկել, ապա նաեւ՝ ստիպել, որ զույգերով սեռական հարաբերություն ունենան միմյանց հետ: Դրա ընթացքում ամուսին կոչվածը կնոջ եւ անծանոթի սեռական հարաբերության ընթացքը տեսանկարահանել է, որպեսզի կարողանա այդ տեսանյութով ճնշել, շանտաժի ենթարկել կնոջը, ասելով. «Եթե իմ պահանջները, առաջարկները չկատարես, ես այս տեսանյութը կհանրայնացնեմ, քեզ կզրկեմ մայրական իրավունքից եւ կվերցնեմ երեխաներին»: Այդ կերպ չորս տարի շարունակ հաջողվել է լռեցնել կնոջը, դրան զուգահեռ չդադարեցնելով ծեծերը, երեխաներից զրկելու եւ այլ շանտաժի միջոցներ օգտագործելը: Այլ խոսքով՝ քննությամբ ապացուցվել է, որ Վազգենը կնոջը չորս տարի շարունակ իր իսկ վարձակալած բնակարանում ենթարկել է նախ` սեռական, ապա՝ աշխատանքային թրաֆինգի:
Իսկ թե ինչպես է ամուսնուն հաջողվել հաճախորդներ գտնել` իր իսկ բնակարան այցելելու նպատակով, մեր աղբյուրը նշում է.
- Իրենց բնակարանում կնոջը պարտադրել է իր գտած հաճախորդ-տղամարդկանց մերսի, ապա նաեւ սեռական ծառայություն մատուցի: Ի դեպ՝ հաճախորդներից մերսման եւ սեռական ցանկությունները կատարելու համար նա ի սկզբանե էր գումարները վերցնում, ապա ուղեկցում բնակարան: Ամենասարսափելին ու զազրելին այն է, որ նմանատիպ ծառայություններ մատուցելիս` հաճախ անչափահաս երեխաները լինում էին տանը` հարեւան սենյակում...
Բայց միայն կնոջը շահագործելով` Վազգենը չէր կարողանում «վաստակել» այն գումարը, որն իրեն անհրաժեշտ էր` իր պահանջմունքները բավարարելու համար: Ուստիեւ, որոշ ժամանակ հետո, որոշել է զբաղվել նաեւ կավատությամբ. նա մարմնավաճառներ է հավաքագրում, նրանց համար հաճախորդներ գտնում, հրավիրում իր իսկ բնակարանը, որտեղ, կրկնում եմ, բնակվում էին նաեւ երկու անչափահաս երեխաները: Այդ կանանց հետ վարվում էր նույն սկզբունքով` ինքն էր հաճախորդներից գումարները վերցնում՝ վերջում աղջիկներին տալով դրա միայն չնչին մասը: Այդպիսով՝ Վազգենը չորս-հինգ մշտական հավաքագրած աղջիկներ է ունեցել, որոնց օրվա ցանկացած ժամին, «կլիենտ» ունենալու դեպքում, հրավիրում էր իր բնակարան:
Անշուշտ, սույն թրաֆիքյոր-կավատը կշարունակեր կնոջը եւ հավաքագրած մարմնավաճառներին դեռ երկար տարիներ շահագործել, եթե, ինչպես պատմում է մեր աղբյուրը.
- Մի օր կինը, հերթական ծեծուջարդից հետո` մոր հետ խոսելիս, այլեւս չդիմանալով ամուսնու սպառնալիքներին, շանտաժներին, հուզմունքի ազդեցության տակ պատմում է, թե ինչ դժոխքի միջով է անցնում: Ամուսինը տեղեկանալով, որ կինը մորը պատմել է տանը տիրող իրավիճակի մասին, չի զլացել եւ կրկին ծեծել է նրան: Այն աստիճան, որ կնոջ աչքին այլեւս որեւէ սպառնալիք չի երեւացել ու դիմել է իրավապահներին:
Սույն գործը առաջիկայում կքննվի Աջափնյակ եւ Դավթաշեն համայնքների դատարանում: Մեր ունեցած տեղեկություններով՝ տուժող կողմի շահերը դատարանում ներկայացնելու է փաստաբան Հովիկ Արսենյանը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ