Իրավունք Թերթ - Սպառողի անկյուն | |||
Ուրբաթ, 02 Հոկտեմբեր 2015 16:19 | |||
«ԲՐԵՆԴԱՅԻՆ» ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏՆԵՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԽԱԽՏԵԼ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Սա առաջին դեպքը չէ, երբ խախտվում են սպառողի իրավունքները, սակայն վերջինս, համապատասխան մարմիններին դիմելու փոխարեն, դրա մասին հայտնում է միայն համացանցի տիրույթում: Այս դեպքում կամ համապատասխան մարմինները լավ չեն աշխատում, եւ սպառողները հիասթափված են, կամ համացանցում արտահայտվելը դարձել է նորաձեւ: Սպառողները պակաս դժգոհ չեն նաեւ Երեւանի մեկ այլ «բրենդային» սուպերմարկետից` «ՍԱՍ»-ից, որտեղ ապրանքները վաճառվում են աստղաբաշխային գներով եւ մեծ խախտումներով. վերջին ամենթարմ դեպքը կապված էր սատկած խավարասերի հետ, որը հայտնաբերվել էր տորթի մեջ: Վերը նշված երկու դեպքերի առնչությամբ «Իրավունքը» դիմեց Սննդի անվտանգության պետական ծառայությանը, որպեսզի պարզի, այդյո՞ք տեղյակ են դեպքերին, որեւէ դիմում-բողոք ստացել են եւ ինչ քայլեր են ձեռնարկել: Ծառայության մամուլի պատասխանատու ՆՎԱՐԴ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ խոսքով` դեպքերի հետ կապված սպառողներից որեւէ դիմում-բողոք չեն ստացել. «Հորդորում եմ բոլոր սպառողներին, եթե հայտնաբերում են խախտումներ, ապա անմիջապես զանգահարեն մեր Թեժ գծին, որպեսզի մեր տեսուչները գնան եւ տեղում հայտնաբերեն խախտումը»,- նշեց Ն. Առաքելյանը: Ըստ նրա, եթե խախտման մասին տեղեկանան համացանցից, ապա դրա հայտնաբերումը դժվարանում է, քանի որ սպառողները խուսափում են նշել, թե կոնկրետ որ խանութում է եղել դեպքը: Այդուամենայնիվ, կան նաեւ գիտակից սպառողներ, որոնք խախտումներ հայտնաբերելիս` անմիջապես զանգահարում են Թեժ գիծ. «Մեր Թեժ գծին զանգերի թիվն աճել է 48 տոկոսով: Կոնկրետ այս երկու դեպքերի հետ կապված` մենք կանցակցնենք ուսումնասիրություն եւ արդյունքերի մասին կտեղեկացնենք»,- ավելացրեց Նվարդ Առաքելյանը: Դեպքերի հետ կապված` «Իրավունքը» փորձեց մեկնաբանություններ ստանալ «Երեւան սիթիից» եւ «ՍԱՍ»-ից, սակայն մեր բոլոր զանգերը մնացին անպատասխան: ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
|