Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հոկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
      1 2 3 4
5 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Տնտեսություն
Երեքշաբթի, 06 Հոկտեմբեր 2015 17:32

ՀԷՑ-Ի ՎԱՃԱՌՔԸ ԿԱՐՈՂ Է ՕԳՈՒՏ ՏԱԼ, ԵԹԵ...

 

Այսպիսով՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վաճառքի աղմկոտ պատմությունը հասավ իր հանգուցալուծմանը: Ինչպես արդեն պաշտոնապես էլ է հայտարարվել՝ ռուսական «ՌԱՕ ԵԷՍ»-ի փոխարեն ՀԷՑ-ի նոր սեփականատերն է դառնալու Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների  խումբը՝ «Կասկադ-Էներգո» ընկերության միջոցով: Ընդ որում, ըստ եղած լուրերի, ի սկզբանե նախատեսված էր, որ առաջին պլանում երեւար միայն «Կասկադ-Էներգոն», սակայն դա ընդամենն ավելորդ ինտրիգ էր ստեղծելու նոր սեփականատիրոջ շուրջ, առավել եւս, որ գործարքն իրականացվում է օֆշորային ընկերության միջոցով: Արդյունքում՝ ինչքան էլ որ մինչ վերջին պահը Ս. Կարապետյանի մերձավորները հերքում էին, թե «Տաշիրն» է դառնում ցանցերի իրական սեփականատերը, այնուամենայնիվ այդ ընկերության անունը նաեւ պաշտոնապես դուրս եկավ առաջին պլան:

ՆՈՐ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ ՀԱԶԻՎ ԹԵ ԻՆՔՆ ԻՐԵՆԻՑ ԳՈՂԱՆԱ

Չնայած՝ արդեն ամենեւին էլ դա չէ կարեւորը: Էական փաստը հետեւյալն է. ՀԷՑ-ը նոր սեփականատեր է ունենալու, եւ խնդիրն այն է, թե դա ինչ կարող է տալ հայաստանյան էներգետիկային: Առաջին հերթին՝ սակագների հետ կապված, ապա՝ ինչպես ՀԷՑ-ի, այնպես էլ էներգետիկ համակարգի գործունեության որակի առումով:
Նախնական տպավորություններ, իհարկե, արդեն կան: Նախ. մինչեւ գալիք տարվա օգոստոս Հայաստանի բնակչությունն ու փոքր բիզնեսը զերծ կմնան այդքան աղմկոտ սակագնային աճից: Եվ երկրորդը. նոր սակագինը ոչ թե չեղյալ է համարվում, այլ՝ փոխհատուցվում է ՀՀ կառավարության եւ Ս.Կարապետյանի կողմից: Սա, այսպես ասենք, դառնում է նոր սեփականատիրոջ օրոք մեկնարկային սակագնային իրավիճակ: Իսկ հետագայում` ինչ ակնկալիքներ կարող են լինել ՀԷՑ-ի նոր սեփականատիրոջից: Նախ. ի տարբերություն «ՌԱՕ» համակարգի, նոր սեփականատիրոջ դեպքում ընկերությունը ներսից թալանելու հնարավորություններն անհամեմատ կնվազեն: Նկատի ունենք, որ հսկայական ծավալներ ունեցող «ՌԱՕ» համակարգում ներքին կոռուպցիայի, ավելի կոնկրետ՝ միջին պաշտոնյաների ¥հատկապես՝ օտարերկրյա կառույցներում¤ կողմից ընկերությանը, այսինքն՝ նաեւ ընկերության տերերին թալանելու մասին պատմություններին վերջ չկա: Ի տարբերություն դրա՝ ՀԷՑ-ի անհամեմատ ավելի համեստ ծավալներ ունեցող նոր սեփականատեր ընկերությունում ներքին վերահսկողությունը, ըստ ամենայնի, շատ ավելի հեշտ լուծելի խնդիր է լինելու: Այսպիսով՝ ներքին գողությունն այս դեպքում դառնում է մի գրպանից փողը մյուս գրպանը դնելու պես մի բան, այսինքն՝ անիմաստ: Իհարկե՝ ոչ հարյուր տոկոսով. էլ.հաշվիչների միջոցով տեսուչների, կամ, ասենք, գնումների միջոցով գողությունը լիովին բացառելը միամտություն կլիներ: Սակայն սա արդեն կնշանակի ոչ թե «ՌԱՕ»-ի օրինակով հեռուներում գտնվող ինչ-որ սեփականատերերի խմբից գողանալ, այլ՝ միանգամայն տեսանելի ու շոշափելի կոնկրետ սեփականատիրոջ գրպանը մտնել՝ դրանից բխող ռեալ պատիժներով հանդերձ: Ընդ որում, խոսքը նաեւ ներքին ծախսերի ուռճացման, հարյուր միլիոնավոր դոլարների «անհասկանալի» վարկերի, հոսանքի չթույլատրված կորուստների եւ նման այլ թալանային մեխանիզմների մասին է: Եվ այդ ամենը համակարգի ֆինանսական օպտիմալացման լայն հնարավորություններ է տալիս, որը կարող է իր էֆեկտն ունենալ ընկերության եկամտաբերության եւ հոսանքի վերջնական սակագնի ձեւավորման վրա: Սա, իհարկե, տեսականորեն: Իսկ գործնականում այս իրավիճակն ինչ ընթացք կունենա, միայն ժամանակը ցույց կտա: Առավել եւս, որ վերջնական տպավորության համար այս հաշվարկներում պետք է ներառել մի շարք այլ գործոններ եւս: Մասնավորապես՝ ինչ գնով է ՀԷՑ-ը վաճառվել, գործարքում ինչ կերպ են հաշվի առնված ընկերության պարտքերը եւ, հատկապես, 250 միլիոն դոլարի կարգի վարկային պարտքերի հարցը, որի մասին շատ է խոսվել:

ՀՐԱԶԴԱՆԻ ՋԷԿ-Ի ԽՆԴԻՐԸ

Հաջորդը. ՀԷՑ-ի ապագա գործունեության վրա ազդող մեկ առանցքային գործոն եւս կա: Օրերս ներկայացվեց հոսանքի թանկացումն ուսումնասիրող «Դելոիթ եւ Տուշ» ընկերության ուսումնասիրության առաջին փուլի հաշվետվությունը: Հիշեցնենք, որ թեեւ այդ ընկերությունը տեղին էր համարել հոսանքի վերջին թանկացումը, սակայն իր եզրակացության մեջ նման միտք էր ընդգծել: Պաշտոնապես դա հնչում է այս կերպ. «Չնայած ոչ թանկ հիդրո եւ ատոմային էլեկտրաէներգիայի արտադրությանը՝ միշտ կա եզրափակիչ կայանի դերը: Եզրափակիչ կայանը մեզ մոտ հանդիսանում է Հրազդանի ՋԷԿ-ը, որն ունի բարձր ինքնարժեք, ինչի հետեւանքով կան խնդիրներ եւ, ի վերջո, սակագնի բարձրացում հատկապես այն պարագայում, երբ էժան հիդրոռեսուրսները կամ ատոմակայանն ինչ-ինչ պատճառներով հնարավոր չի լինում ամբողջովին օգտագործել»:

Կարճ ասած՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ոչ ռեալ կանխատեսումներ է ունեցել եւ Հրազդանի ՋԷԿ-ի թանկ հոսանքի չնախատեսված ծավալներ են մտել համակարգ: Չնայած՝ այստեղ նոր բան չկա. հենց այդ պատճառաբանությունն էլ դրված էր վերջին երկու թանկացումների հիմքում: Այլ հարց է, թե ինչու է մեր երկրում «եզրափակիչ կայանը հանդիսանում Հրազդանի ՋԷԿ-ը»՝ իր գերթանկ էլեկտրաէներգիայով, երբ ունենք շատ ավելի մատչելի Երեւանի ՋԷԿ-ն ու Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, եւ այս կայանների պոտենցիալն առավել քան բավարարում է Հրազդանի ՋԷԿ-ից հրաժարվելու համար: Սակայն համառորեն չեն հրաժարվում, ինչքանո՞վ դրանում իր դերն ուներ, որ այդ կայանը եւս «ՌԱՕ»-ի համակարգի սեփականությունն էր ու սեփականատիրոջ մտքով տարիներով չի անցել այն արդիականացնելու մասին: Այսինքն՝ ՀԷՑ-ի նոր սեփականատիրոջ օրոք այդ նախնադարյան կայանի անհրաժեշտությունն օրակարգից դուրս կգա՞, այս հարցով ռուսական կողմի հետ պայմանավորվածություններ կա՞ն: Այս հարցի պատասխանը շատ կարեւոր է, հաշվի առնելով, որ գալիք տարի եւս ատոմակայանը կանգնելու է երկարաժամկետ պարապուրդի՝ շահագործման ժամկետը երկարաձգելու ծրագրով: Այսինքն՝ այդ ընթացքում էլ եթե Հրազդանի ՋԷԿ-ը չփոխարինվի մյուս կայաններով, համակարգի խնդիրները ոչ միայն չեն լուծվի, այլեւ նկատելիորեն կխորանան:
Մի խոսքով՝ ՀԷՑ-ի վաճառքը կարող է էֆեկտիվ լինել: Մեկ պարզ նախապայմանով. եթե միայն նորմալ աշխատեն: Բայց հենց դա է, որ մինչեւ չտեսենք, չենք էլ հավատա:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ