Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հոկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Տնտեսություն
Երեքշաբթի, 20 Հոկտեմբեր 2015 17:37

ԲԱՅՑ ԵՄ-Ի ԻՆՉԻ՞Ն Է ՊԵՏՔ ԵՏՄ ԱՆԴԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ

 

Եվ այսպես՝ կրկին գործնական օրակարգում է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ քաղաքական ու առեւտրատնտեսական համաձայնագրի թեման: Ու չնայած Հայաստանը տեւական ժամանակ է, որ ԵՏՄ կազմում է, ԵՄ չինովնիկներից էլ դեռ ոչ մեկը չի հայտարարել, թե իրենց երբեմնի հայտնի «կա՛մ-կա՛մ» պահանջը սխալ էր, այնուամենայնիվ օրերս  ԵՄ-ն իր բանակցային խմբին նման փաստաթուղթ կազմելու համար համապատասխան մանդատ տվեց՝ ըստ էության ընդունելով դեռ այն օրերին Հայաստանի առաջարկած «ե՛ւ-եւ» տարբերակը: Ուրեմն՝ ի՞նչ պետք է սպասել...

 

 

ԷԼԻ ՃՈԽ-ՃՈԽ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ

Թե ինչ պայմանագրի մասին է խոսքը, որն է այնտեղ գերիշխող լինելու՝ քաղաքակա՞ն, թե առեւտրատնտեսական ուղղությունը, այս պահին գոնե հրապարակային հարթակում դեռ որեւէ որոշակիություն չկա: Չնայած դրան՝ եվրոպական որոշ պաշտոնյաներ արդեն իսկ հասցրել են բավականին ճոխ խոստումներով աչքի ընկնել: Մասնավորապես՝ հազիվ էր ԵՄ-ն պաշտոնապես բանակցային մանդատ տրամադրել, որ առաջ ընկավ Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը, թե՝ «Հայաստանը քայլում է դեպի Եվրոպա»:
Նախորդ համաձայնագրի ձախողումից հետո Գերմանիայի դեսպանը հաճախակի էր հայտարարությունների մակարդակով օրակարգում պահում այս թեման, ինչը հուշում է, թե շահերի տեսանկյունից դեպի ուր է պետք նայել: Հաշվի առնելով նաեւ, որ այս տարի նույն «սիրալիրությամբ» Բեռլինը Բունդեսթագի օրակարգ բերեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը՝ զուգահեռաբար բավականին ծանր «լեզվակռիվ» սկսելով Ադրբեջանի հետ, միաժամանակ թեժ պահելով նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունների մակարդակը: Թե ինչու՝ շատ է մեկնաբանվել եւ շրջանցենք՝ նկատելով միայն, որ ինչ-որ բան կարծես թե սկսել է փոխվել: Համենայնդեպս՝ օրերս Անկարա այցելեց կանցլեր Մերկելը: Նպատակը սովորական «բազար» էր. Բեռլինը փախստականների հայտնի խնդրի ձեռքը կրակն է ընկել, իսկ փախստականների հիմնական մասը Եվրոպա է հասնում Թուրքիայով: Այսինքն՝ տիկին կանցլերը խոստանում է մի քանի միլիարդ վճարել ու թեթեւացնել Եվրոպա մեկնել ցանկացող թուրքերի խնդիրները, միայն թե Էրդողանը նախ՝ հնարավորինս փակ պահի դեպի Եվրոպա փախստականների ճանապարհները: Ու միաժամանակ շրջանառության մեջ մտավ նաեւ այն լուրը, որ՝ Ցեղասպանության ճանաչման թեման Բուդեսթագում անորոշ ժամանակով սառեցվում է, ու հիմա պետք է բացատրի, թե այդ հանուն ինչի՞ է «Հայաստանը քայլում դեպի Եվրոպա»:
«Բացատրություն» փորձեց տալ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, թե՝ ԵՄ-ը Հայաստանից արտահանվող ապրանքների խոշորագույն շուկան է, եւ պատրաստ է նոր հնարավորություններ ընձեռել: Կամ. «ԵՄ-ը հանձնառու է Հայաստանում օտարերկրյա ներդրումների մակարդակի բարձրացմանը»: Բայց էլի շատ բան մնում է «անհասկանալի»: Նախ. հայաստանյան ¥ասենք նաեւ ցանկացած այլ երկրի¤ այն բոլոր ապրանքները, որոնք Եվրոպային պետք են, առանց ամեն մի հատուկ համաձայնագրի էլ մտնում է եվրոպական շուկա: Արտահանումն էականորեն ավելացնելու եւ ոչ մի տարբերակ Հայաստանը չունի, քանի որ համապատասխան որակի եւ մրցունակության արտադրություն մեր երկրում պարզապես չկա եւ դեռ երկար ժամանակ չի լինի: Լինելու դեպքում էլ, երբ անգամ ԵՄ շատ անդամներ խիստ քվոտավորման պատճառով եվրոպական շուկայում լուրջ խնդիրներ ունեն, աբսուրդի կնմանվեր, որ Հայաստանի առաջ բոլոր դռները լայնորեն բացվեին:

ՀԱՅԱՍՏԱՆՈՎ՝ԴԵՊԻ ԻՐԱ՞Ն

Մյուս կողմից էլ, ի տարբերություն «եվրաասոցացված» մյուս երկրների՝ Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի, հայաստանյան շուկան Եվրոպայի համար լուրջ հետաքրքրություն չի ներկայացնում, որ հանուն դրա կարողանայինք բացատրել այս համառությամբ մեր երկրի հետ ինչ-որ փաստաթուղթ ստորագրելու եվրոպական ցանկությունը: Եվ այստեղ նկատենք, որ անգամ Պյոտր Սվիտալսկին է այն մտքին, որ. «Համաձայնագրի ազդեցությունը կարող է սահմանափակ լինել, մասնավորապես՝ այն առումով, որ վերաբերում է առեւտրի հարցերին»: Ակնարկը հասկանալի է. Հայաստանը ԵՏՄ անդամ է, այսինքն՝ ԵՄ պաշտոնյան էս գլխից է ակնարկում, որ ամենեւին էլ միտք չունեն համաձայնագրի մեջ կետեր մտցնել, որոնք կհակասեն ԵՏՄ կանոնակարգերին: Նախ՝ Հայաստանն է քանիցս պաշտոնապես հայտարարել, որ նման դրույթներ չեն կարող լինել: Իհարկե՝ Եվրոպան կարող էր փորձել ճնշումներ բանեցնել, սակայն անգամ նման մտքից է հրաժարվում՝ ակնհայտորեն հաշվի առնելով ռուսական գործոնը: Առավել եւս, որ Ռուսաստանի հետ Ուկրաինայի «ասոցացման» առնչությամբ ծանր կռիվներից ու կորցրած տասնյակ միլիարդներից հետո Բեռլինը հազիվ թե ուզենար այս պահին մի նման թատերաբեմ էլ Հայաստանում ունենալ՝ անշուշտ աչքի առաջ ունենալով նաեւ Սիրիայում ռուսների հաջողությունները:
Թե այսքանից հետո ինչ դրույթներ կլինեն համաձայնագրում, կարելի է ենթադրել. բավականին թույլ, Հայաստանին, առավել եւս՝ Եվրոպային, գործնականում տնտեսապես քիչ բան խոստացող եւ, թերեւս, ավելի շատ քաղաքական բարի ցանկությունների ուղղվածությամբ: Ու եթե այս պարագայում անգամ Եվրոպան, այն էլ՝ բավականին հրատապ, գնում է այդ նոր փաստաթղթին, պետք է, որ բավականին ծանրակշիռ շարժառիթներ ունենա: Միակ տրամաբանական բացատրությունը, թերեւս, Իրանն է: Այս օրերին հայտնի դարձավ, որ գալիք տարեսկզբին Իրանի նկատմամբ առնվազն եվրոպական պատժամիջոցները չեղյալ կհամարվեն: Զուգահեռաբար՝ եվրոպական շատ առաջատար ընկերություններ փորձում են տեղավորվել իրանական շուկայում, բայց նաեւ աչքի առաջ ունենալով մեկ բարդ խնդիր. ինչպե՞ս են մուտք գործելու Իսլամական հանրապետություն: Իհարկե՝ կա ծովային ուղին, սակայն ցամաքային կապը եւս անհրաժեշտություն է: Մինչդեռ՝ մի կողմից Թուրքիան է, սակայն այս ուղղությամբ մեծ առեւտրաշրջանառությունը Եվրոպայի նկատմամբ լուրջ քաղաքական լծակներ է տալիս Անկարային, էլ չասած, որ ճանապարհն անցնում է քրդական անհանգիստ շրջաններով, որտեղ ցանկացած պահի կարող են գազատարներ պայթել: Մյուս՝ Իրաք-Սիրիա ուղին նույնպես գոնե այս պահին պիտանի չէ: Մնում է Իրանին սահմանակից Ադրբեջանի ու Հայաստանի տարբերակը: Ադրբեջանական տարբերակն էլ, ի վերջո, բավականին խնդիրներով է լցված:
Իսկ Հայաստանը կարող է հարմար ուղի դառնալ, առավել եւս, որ ԵՏՄ-ի գործոնն այս առումով կարող է եւ շատ օգտակար լինել` նաեւ ռուսական շուկա դուրս գալու համար: Մի խոսքով՝ հայկական ուղղությունն առնվազն մտածելու տեղիք տալիս է, եւ որոշակի իրավիճակ ֆիքսող փաստաթուղթը հաստատ Եվրոպայի համար ավելորդ չէր լինի: Ու այն տպավորությունն է, որ հենց այդ կարգի փաստաթուղթ էլ կմշակվի:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ