Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հոկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Սպորտ
Երեքշաբթի, 20 Հոկտեմբեր 2015 00:00

ՌԱՖԱՅԵԼ ՎԱՀԱՆՅԱՆ. «ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐՆ ԷԼ ՄԵԾ ՎՆԱՍ ՀԱՍՑՐԻՆ ՇԱԽՄԱՏԻՆ»

 

 

ԽՍՀՄ չեմպիոն, ԽՍՀՄ հավաքականի կազմում աշխարհի կրկնակի չեմպիոն, գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը հոկտեմբերի 15-ին տոնում էր իր 64-ամյակը: Այդ կապակցությամբ նույն օրը Երեւանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցում տեղի ունեցավ հանդիպում լեգենդար գրոսմայստերի հետ: «Շատ հետաքրքիր հանդիպում ստացվեց: Կան շատ տաղանդավոր ու խելացի երեխաներ, որոնց ուղղակի պետք է ճիշտ ուղու վրա դնել»,- «Իրավունքի» հետ զրույցում նշեց ՌԱՖԱՅԵԼ ՎԱՀԱՆՅԱՆԸ:

 

 

-Պարոն Վահանյան, փոքրիկ շախմատիստների եւ շախմատասերների հետ հանդիպեցիք նաեւ «Էրեբունի-Երեւան» տոնակատարության շրջանակներում՝ միաժամանակյա խաղի սեանս անցկացնելով: Ի՞նչ կասեք շախմատային Հայաստան ունենալու հեռանկարների մասին:
- Քաղաքի օրը շատ հետաքրքիր միջոցառում էր, միաժամանակյա խաղի սեանս անցկացրի երեխաների հետ, որոնք 8-9 տարեկան էին, եւ ես զարմացած էի նրանց խաղով: Շախմատային Հայաստանը հեռանկարային է, քանի որ հետաքրքիր, խելացի շատ երեխաներ կան, որոնցով ուղղակի պետք է զբաղվել, ստեղծել նախապայմաններ, նաեւ՝ ֆինանսական օգնություն ցուցաբերել, որպեսզի նրանք կարողանան հաջողությունների հասնել:
- Ձեր հարցազրույցներում հաճախ ասում եք, որ շախմատում պակասել է արվեստը: Ի՞նչ նոր դիմագծեր է ձեռքբերել շախմատն այսօր:
- Շախմատը գիտական դիմագծեր է ձեռք բերել: Ես կասեի՝ շատ տխուր  է, որ այսօր շախմատը մոտեցել է գիտությանը, որովհետեւ այն  ստեղծագործ խաղ է: Համակարգիչներն էլ մեծ վնաս հասցրին շախմատին, ու այսօր ամենալավ շախմատիստները չեն կարող ուղղակի գալ եւ խաղալ ստեղծագործ շախմատ: Նրանք ամեն մրցելույթից առաջ պետք է 5-6 ժամ պարապեն, հիշեն ինչ-որ տարբերակներ, եղանակներ, ինչն առաջ անհնար էր, նման բան չկար: Մենք առաջ ինչ-որ ստրատեգիական գաղափարներ էինք մտածում եւ գալիս ու խաղատախտակի առաջ ստաղծագործում: Համակարգիչների մուտքով շախմատում առաջնայինը դարձավ հիշողությունը. դրա համար այսօր 19-20 տարեկան երիտասարդներն ավելի շատ հնարավորություն ունեն: Մինչ դեռ մեր ժամանակ անհնար էր գրոսմայստեր լինել 12-13 տարեկանում: Ես Կարպովի հետ 19 տարեկանում ամենաերիտասարդ գրոսմայստերներից էի, իսկ այսօր գրոսմայստեր դառնում են 13 տարեկանում: Այն շախմատը, որ ես եմ խաղացել, արդեն գոյություն չունի:
- Մեկ անգամ էլի ասել էիք, որ շախմատ չեք խաղում, որովհետեւ շախմատը հիմա ուրիշ է...
- Այո, ես հիմա շախմատ չեմ խաղում: Որովհետեւ սիրում եմ նստել խաղատախտակի առաջ, նայել հակառակորդիս, զգալ այդ մթնոլորտը, աուրան, ամեն ինչը... Ես շախմատ եմ խաղացել անգամ մրցակցիս աչքերին նայելով, հոգեբանորեն ազդելով նրա վրա:  Շախմատը մի արքայավայել խաղ էր, որը տեղափոխվեց համակարգչային ոլորտ: Եվ հիմա անիմաստ եմ համարում հիշողության խաղ խաղալ: Հիշում եմ, որ Կարպովին մի բան ցույց էինք տալիս, նա մեկ ժամ հետո մոռանում էր, բայց հիանալի շախմատիստ էր, հրաշալի չեմպիոն: Իհարկե՝ չեմ բողոքում, ժամանակները փոխվել են, ունենք նոր շախմատ, ուրեմն պետք է ընդունել այն եւ երիտասադներին խորհուրդ տալ, որ ավելի բանիմաց լինեն ու ավելի լավ հիշողություն ունենան:
- Գիտեմ, որ հետեւում եք հայ շախմատիստների ելույթներին: Ինչպե՞ս կգնահատեք մեր այօրվա շախմատային ներուժը:
- Այո, իհարկե, հետեւում եմ մեր շախմատիստների ելույթներին, եւ պետք է ասել, որ ունենք շատ տաղանդավոր շախմատիստներ, ովքեր սակայն միջազգային ասպարեզում չկայացան: Հրաշալի շախմատիստներ, ովքեր արդեն մոտ են 30 տարեկանին, եւ արդեն բարդ է ինչ-որ բան անելը, քանի որ գալիս են նորերը:
- Իսկ ի՞նչ կասեք Լեւոն Արոնյանի վերջին շրջանի ելույթների մասին:
- Լեւոն Արոնյանը կայացած շախմատիստ է բոլոր իմաստներով: Սպասում էինք, որ նա աշխարհի չեմպիոն, հավակնորդ կդառնա, բայց վերջին ժամանակներում, ցավոք, նրա հաջողությունները զգալի նվազել են: Արոնյանը շատ ստեղծագործ շախմատիստ էր: Սկզբնական շրջանում, երբ հաջողություններ էր գրանցում, նա ստեղծագործ շախմատ էր խաղում եւ շատ հետաքրքիր շախմատիստ էր: Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ Արոնյանը ուղղակի սկսեց շատ զբաղվել այդ համակարգիչներով, դա էլ գալիս է հնարավորինս շատ իմանալու եւ հիշելու ցանկությունից: Բայց հիմա կան շատ ուրիշ հետաքրքիր շախմատիստներ, թեեւ Արոնյանը ամենահետաքրքիրներից մեկն է եղել:
Հուսով եմ, որ Կարեն Գրիգորյանին կհաջողվի միջազգային ասպարեզում հասնել հաջողությունների, քանի որ  դեռեւս 20 տարեկան չկա, բայց շատ տաղանդավոր է. այս տարվա Հայաստանի չեմպիոնն է եւ օրեր առաջ Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում մեծ հաջողություն ունեցավ` գրավեց 1-ին տեղը` 9-ը հնարավորից վաստակելով 8 միավոր:  

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ