Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հոկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 28 29 30 31  
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ
Երեքշաբթի, 27 Հոկտեմբեր 2015 15:18

ԴԵՊԻ Ո՞ՒՐ ԿՇԱՐԺՎԻ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ

 

imagԱՄՆ դոլարի փոխարժեքը դրամի նմատմամբ, որ մեկ-երկու շաբաթ առաջ դանդաղ վեր էր սողում եւ անցավ 1 դոլարը 480 դրամ սահմանագծից, անցած շաբաթ էլ սկսեց աստիճանաբար նվազել՝ մոտենալով 465 դրամին: Դրանից հետո նորից դինամիկան փոխվեց, եւ երեկ դոլարը կրկին մի փոքր անցավ 470 դրամի սահմանագծից:

«ՄԵՂԱՎՈՐԸ» ՈՉ ԹԵ ԴՐԱՄՆ Է, ԱՅԼ՝ ԴՈԼԱՐԸ

Այսպիսով՝ ի՞նչ իրավիճակ կարող է ձեւավորվել հայաստանյան փոխարժեքի շուկայում, դեպի ո՞ւր են տանում այդ տատանումները, հնարավո՞ր են ավելի կտրուկ ցնցումներ: Այս հարցերի պատասխանն ստանալու համար, հասկանալի է, նախ պետք է գլուխ հանել նրանից, թե ինչ գործոններով են պայմանավորված ներկայիս տատանումները:  Այդ հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց տնտեսագետների հետ:
Տնտեսագետ ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԸ, թերեւս արդարացիորեն, իրավիճակը կապում է ոչ թե դրամի, այլ՝ դոլարի հետ.
- Դժվար է ասել, թե փոխարժեքի նվազման գործընթացը դեպի ուր կգնա: Եվ, առհասարակ, պետք է զգույշ լինել տերմինների հետ: Օրինակ՝ նախորդ տարի ամբողջ մամուլով շատ էր շրջանառվում դրամի արժեզրկում տերմինը, ինչին կտրականապես դեմ եմ: Որովհետեւ տեղի էր ունեցել ոչ թե դրամի արժեզրկում, այլ՝ դոլարի արժեւորում, որին զուգահեռ` բոլոր արժույթները արժեզրկվեցին: Այսպիսով՝ կան շատ իրավիճակներ, որոնց պարագայում հայկական դրամը կարող է արժեզրկվել, որովհետեւ տնտեսության մեջ առկա միտումները բերում են դրան: Այսինքն՝ մենք ոչ թե արտաքին խթանիչներով պետք է դրամը պահենք կայուն, այլ պետք է ունենանք առողջ տնտեսություն, որտեղ արտարժույթն ավելի շատ դրսից կգա, քան թե կարտահոսի երկրից:
Տնտեսագետ ՎԻԼԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ եւս պատճառները Հայաստանից դուրս է փնտրում.
- Դոլարի փոխարժեքի նվազման միտումը պայմանավորված է համաշխարհային տնտեսության զարգացումներով, նաեւ՝ մեր երկրի ներքին գործոններով: Առաջին հերթին` ներմուծումների համակարգով, քանի որ ներմուծումը Հայաստան օգոստոս ամսվա դրությամբ կրճատվել է 740 միլիոնով, իսկ արտահանումը պահպանվել է անցած տարվա մակարդակի վրա: Կրճատվել են նաեւ տրանսֆերները. նախորդ տարվա համեմատ այս տարի 280 միլիոնով: Թվարկածները ներքին գործոններն են, իսկ արտաքին գործոնները, հավանաբար, Ռուսաստանի տնտեսությունն է, նավթի գների թանկացումը նույնպես կարող է ավելի իրական ազդեցություն թողնել: Մյուս գործոններն արդեն ԱՄՆ-ի եւ եվրոպական բանկի քաղաքականության հետ է կապված: Այս պահին ԱՄՆ հայտարարել է, որ մինչեւ տարեվերջ դժվար թե բարձրացնի վերաֆինանսավորման տոկոսադրույքները, այդ պատճառով էլ առաջացել է որոշակի վստահություն տեղական արժույթների նկատմամբ եւ դրանց՝ դոլարի արժեւորման վտանգը որոշակի առումով նվազել է:
Վերջապես, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ եւս իր հակիրճ պատասխանով հիմնական պատճառ է համարում ոչ թե դրամի վիճակը, այլ՝ աշխարհում դոլարի.
- Դոլարի փոխարժեքի աստիճանական նվազումը պայմանավորված է համաշխարհային տնտեսությամբ, եւ դժվար է ասել, թե գործընթացը մինչեւ երբ կշարունակվի:

ԷԼԻ ՍԻՐԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱ՞ԶՄԸ

Այսպիսով՝ մեր երեք զրուցակիցներն էլ Հայաստանի ներսում փոխարժեքի այս տատանումների արմատները խորհուրդ են տալիս փնտրել մեր երկրի սահմաններից դուրս. դոլարն աշխարհում է դրսեւորում անկայուն վարքագիծ: Տեխնիկական մանրամասները, որոնք հիմնականում ընթերցողին քիչ կհետաքրքրեն, թողնենք մի կողմ՝ նկատելով միայն, որ արդյունքում դոլարի նման անորոշ դինամիկա ներկայումս գործնականում արձանագրվում է բոլոր հիմնական արժույթների հետ կապված, եւ ամենաթարմ օրինակներից մեկը, երբ անցած շաբաթվա վերջերին դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքը մեկ օրում 1,11-ից նվազեց մինչեւ 1,1՝ մոտ 1 տոկոսով: Եվ այն, որ դրանից հետո բացառվում էր, որ նույն անորոշությունները չծավալվեին նաեւ անհամեմատ ավելի «համեստ» արժույթների եւ այդ թվում՝ հայկական դրամի ուղղությամբ: Արդյունքում՝ թե առաջիկաում դրամի հետ կապված ինչ դինամիկա պետք է սպասել, նույնիսկ ամենահամարձակ մասնագետներն են հրաժարվում կանխատեսել՝ պնդելով, թե դրա համար նախ պետք է կանխատեսել աշխարհում դոլարի հետագա ընթացքը: Իսկ դա, ինչպես նկատեց մեր զրուցակիցներից մեկը, երբ «դարձել է կախված ոչ միայն համաշխարհային տնտեսական, այլեւ՝ քաղաքական զարգացումներից, կանխատեսել, իհարկե, կարելի է, բայց նույնիսկ ամենաառաջնակարգ մասնագետների նման կանխատեսումները մեծապես կախված կմնան պատահականության գործոնից, որը ներկայումս ամեն քայլափոխի կարող է նկատվել»:
Ինչ վերաբերում է դրամի վարքագծին, ապա մեր զրուցակիցն այն էլ ավելի անկանխատեսելի է համարում. «Դրամի վրա, գաղտնիք չէ, որ մեծապես ազդում է ոչ միայն դոլարի վիճակն աշխարհում, այլեւ, միգուցե ավելի շատ, ռուբլու գործոնը»:
Այն, որ ողջ տարվա ընթացում ռուբլու անկումներից բխող ծանր ճնշումները Հայաստանի վրա պահպանվեցին, հայտնի փաստ է: Ավելի կոնկրետ՝ գործում էր արդեն հանրահայտ դարձած մեխանիզմը. նավթն աշխարհում պարբերաբար նվազում էր՝ իր հետեւից ներքեւ տանելով ռուբլուն, ինչն էլ գրեթե մեխանիկորեն սրում էր Հայաստանում ֆինանսատնտեսական լարվածությունը: Բայց ահա վերջին ժամանակներս մեկ այլ դինամիկա է նկատվում, որը հատկապես ցայտուն դարձավ անցած շաբաթ: Այսպես՝ շաբաթվա ընթացքում թեեւ նկատվեց նավթի միջինացված գների մոտ 5 տոկոսանոց անկում, սակայն դա ոչ միայն չնվազեցրեց, այլեւ ռուբլու փոխարժեքը բավականին տեսանելի, բայց աճ ունեցավ: Ընդ որում՝ նկատելի էր հավասարակշռված դինամիկա, ինչը հուշում է, որ ռուսական Կենտրոնական բանկը միջամտում է՝ փորձելով թույլ չտալ ռուբլու կտրուկ արժեւորում: Փորձագիտական շրջանակները բացատրում են, թե դա պետք է կապել ռուսական տնտեսության կայունացման, «նավթային ասեղի» թուլացման, ֆինանսական արտահոսքի փոխարեն վերջին ամիսներին դեպի ՌԴ ներհոսքի արձանագրման հետ եւ այլն: Դրանք բոլորն էլ համոզիչ տնտեսական բացատրություններ են, բայց որոշ փորձագետներ, այնուամենայնիվ, ուշադրություն են հրավիրում նրա վրա, որ նավթից ռուբլու կախվածության այս թուլացումը հատկապես ընդգծված դարձավ Սիրիայում ռուսական գործողություններից հետո. աշխարհում Ռուսաստանից սպասելիքները բոլորովին նոր մակարդակ են տեղափոխվել:
Կարո՞ղ է ռուսական այս դինամիկան ազդել նաեւ Հայաստանի վրա. համենայնդեպս նկատենք, որ հենց Սիրիայում ռուսական գործողություններից հետո էր, որ գրեթե 480 դրամից այն կողմ անցնող դոլարի փոխարժեքը նվազեց գրեթե մինչեւ 465-ի մակարդակի, իսկ վերջին երկու-երեք օրերի աճը թերեւս պետք է բացատրել ՀՀ ԿԲ-ի միջամտությամբ:
Ինչեւէ՝ թե ուր կգնա դրամի փոխարժեքը, իրոք կանխատեսելն անշնորհակալ գործ է դարձել: Բայց այն տպավորությունն է, որ շատ բան կախված է սիրիական պատերազմի հետագա ընթացքից:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ