Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հոկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 29 30 31  
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Հարցազրույցներ
Չորեքշաբթի, 28 Հոկտեմբեր 2015 16:34

ՍՈՂՈՄՈՆ ՔՈՉԱՐՅԱՆ. «ԵԹԵ ԱՊԱՔԻՆՎԵՄ, ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՆՈՐԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԱՇՏ»

 

20 տարվա ազատազրկումից հետո` հոկտեմբերի 22–ին, դատարանի որոշմամբ` պատժի հետագա կրումից ազատված ցմահ բանտարկյալ, Արցախյան ազատամարտի մասնակից, պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամ Սողոմոն Քոչարյանը իր ազատումը «ուշացած ազատություն է համարում»: Ի՞նչն է նրան ստիպում այդպես մտածել, ի՞նչ մարտական ուղի է անցել, ի՞նչ դրվագներ են տպավորվել պատերազմի դաշտից, ինչպե՞ս է երկու անգամ փախուստի դիմել տարբեր կալանավայրերից եւ ի՞նչ երազանք ունի պարսկահպատակ ադրբեջանցու սպանության մեղադրանքով մահապատժի դատապարտված արդեն նախկին դատապարտյալը: Այս ամենի մասին «Իրավունքի» հետ բացառիկ զրույցում պատմեց հիվանդանոցում գտնվող ՍՈՂՈՄՈՆ ՔՈՉԱՐՅԱՆԸ:

ՈՒՇԱՑԱ՞Ծ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

-Այո, ես ազատ եմ, բայց այս ազատությունը ուշացած ազատություն է, որովհետեւ այլեւս չգիտեմ, թե ինչպես կդասավորվի իմ առողջական վիճակը, որն օր օրի ավելի ու ավելի է վատանում: Հինգ րոպեն մեկ էնպիսի ցավեր եմ ունենում, որ շունչս կտրվում է, ու ամեն հինգ րոպեն մեկ ինձ թվում է՝ արդեն վերջ...
Այնուհանդերձ ես շնորհակալ եմ բոլորին, ովքեր պայքարեցին իմ ազատության համար, ովքեր չէին մոռանում ու վանդակաճաղերից այն կողմ անդրադառնում էին ինձ ու իմ պատմությանը: Եթե Աստված տա, ես ապաքինվեմ,  պատրաստ եմ նորից դուրս գալ պատերազմի դաշտ ու մարտնչել հակառակորդի դեմ:
- Իսկ առաջին անգամ ե՞րբ եւ ինչպե՞ս որոշեցիք մասնակցել պատերազմին:
- Ծնվել եմ Բաքվում, եւ այնտեղ էլ մեծացել եմ: Դեռ դպրոցական տարիքից սեր ու ձգտում ունեի դեպի զենքը, զինվորական գործը: Չեմ հիշում որ դասարանում էի, մի օր մտա ռազմագիտության ուսուցչի սենյակ ու նրան խնդրեցի, որ ինձ սովորեցնի զենքի հետ վարվելու հմտությունները: Նա հարցրեց` ինչո՞ւ: Պատասխանեցի` մի քանի գրքեր եմ կարդացել հայկական պատմությունից, ուզում եմ ապագայում դառնալ զինվոր, որ իմ ազգին պաշտպանեմ... Չորրորդ օրը ուսուցիչը զարմացած մնաց. 12 վայրկյանում քանդում-հավաքում էի ավտոմատը: Հայրս «Դավիթ Բեկը» դրեց առաջս, ասաց՝ կարդա: Հետո կարդացի «Վերք Հայաստանին», «Մխիթար սպարապետը», եւ արդեն ատելություն կար մեջս դեպի թուրքերը: Հայրս ասում էր, որ ապրում ենք կոմունիստական դարաշրջանում, ու ազգասիրական տրամադրությունները չեն ողջունվում: Ասում էր` պիտի իմանաս մեր պատմությունը, քանի որ ազգը, եթե մոռանում է իր պատմությունը, այն կկրկնվի...
Հետո սկսվեց ոչ բացահայտ հակահայկական քարոզչություն գնալ Բաքվում: Հորս ասածները մինչ օրս հիշում եմ. 1983 թվականն էր, մի օր եկավ տուն ու ասեց. «Սողոմո՛ն, հիշիր, մենք ապրում ենք թշնամիների շրջապատում: Հա, ադրբեջանցի ընկերներ ունեմ, ժպտում են, ծիծաղում, բայց միշտ պիտի իմանաս, որ գրպաններում դանակ են պահում եւ ամեն պահի կխրեն սիրտդ: Որովհետեւ ամեն պահի ատելությունը կարող է գլուխ բարձրացնել` նույնիսկ ընկեր կոչվածի մոտ, քանի որ մենք հայ ենք, իսկ իրենք` ադրբեջանցի»: Անցան տարիներ, ու հորս ասածները, որոնք պատգամի էին նման, իրականություն դարձան...
Էն լարված իրավիճակների ժամանակ էլ եկանք Հայաստան, 1988 թվականի նոյեմբերն էր: Գնացի, որ մտնեմ ջոկատ, ասում են` դու բաքվեցի ես, մենք բաքվեցիներին չենք ընդունում, չենք վստահում: Համոզեցի, որ ինձ կարող եք վստահել, եւ ասեցին` գնա, հետազոտի Շուռնուխը: Տվել էին մի հատ «տոզի» հրացան: Ինչ զենք ուզում է լինի, պիտի իմ ձեռքով ստուգեի. ստուգեցի, տեսա լիցքավորված չէ, հետ գնացի նյարդայնացած ասեցի` էս ի՞նչ եք տվել, ես գիշերը պիտի հերթապահեմ եւ չկարողանա՞մ կրակել: Ես հեչ, բայց կնանիք, էրեխեք կան գյուղում: Պատասխանեցին՝ թուրքը որ գա, չես էլ հասցնի կրակես: Ասեցի` դուք ինձ չեք ճանաչում` ինչ ձեւի եմ կրակում:

«ՀԵՆՑ ԹՈՒՐՔԻ ԶԵՆՔՈՎ ՍՊԱՆՈՒՄ ԷԻՆՔ ԻՐԵՆՑ ԱԶԳԱԿԻՑՆԵՐԻՆ»

-Ո՞ր հատվածներում եք պատերազմական գործողություններին մասնակցել:

- Մասնակցել եմ Կոռնիձորի, Կուբաթլուի գործողություններին, որտեղ էլ առաջին կոնտուզիան եմ ստացել: Կռվել եմ հիմնականում Մարտակերտի շրջանում, մասնակցել եմ Լաչինի ազատագրմանը: Թշնամու դեմ պայքարել եմ մինչեւ 1994 թվականը, չնայած 1992 թվականից արդեն 2-րդ կարգի հաշմանդամ էի: Պատերազմի ընթացքում երեք անգամ կոնտուզիա եմ ստացել, մի քանի հրազենային վնասվածք: Առաջին անգամ վիրավորվել եմ հենց Շուռնուխում, առաջին կոնտուզիան Կոռնիձորում է եղել: 14 հայ տղերքով մտանք, փակեցինք Լաչին-Կուբաթլու ճանապարհը: Առաջին գործողություններն էին, որ ցույց տվեցինք, թե ինչի ենք ունակ: Մի օր ճանապարհը պահել ենք փակ՝ Լաչինը գրավելուց առաջ: Հիշում եմ՝ էդ թվերին զենքի պակաս շատ ունեինք, բայց մենք թուրքի վերջը տալու ելքեր գտնում էինք: Միշտ հարված էինք հասցնում այն վայրերից, որտեղից թուրքը երբեք չէր սպասի, անակնկալի էինք բերում, անընդհատ խուճապային տրամադրություն էինք ստեղծում իրենց մոտ: Հենց այդ ժամանակ էլ հակառակորդի զոհերի զենք-զինամթերքը վերցնում էինք, ու հենց թուրքի զենքով սպանում էինք իրենց:

Եղել է ժամանակ, որ տասը զենքով էինք կռվում թուրքական մի ամբողջ խմբի դեմ, բայց միշտ էլ կարողացել ենք պատվով դուրս գալ, չէինք նահանջում, նույնիսկ երբ արդեն փամփուշտ չունեինք:
- Ունե՞ք այնպիսի մի հիշողություն պատերազմի տարիներից, որը հատկապես տպավորվել է Ձեզ մոտ:
- Հա, մի հատ կա (արցունքները աչքերին պատմում է- Ի.Ա.). հիշողությանս մեջ պատերազմի տարիներից մի աղջիկ է մնացել` Սուսաննա անունով: Երեւանից էր, 19 տարեկան: Պատահաբար Մարտակերտում հանդիպեցի այդ աղջկան: Անձրեւի տակ նստած լաց էր լինում: Մոտեցա, հարցրի՝ ի՞նչ է եղել, ասեց` գնա, բոլորդ էլ նույնն եք, կեղտոտ մարդիկ: Ձեռքը բռնեցի բարձրացրի, տարա այն տունը, որտեղ որ ապրում էինք մեր վաշտի տղաներով: Տանը պատմեց, որ հայրը պատերազմի ժամանակ զոհվել է, իսկ ինքը մենակ է մնացել ու եկել է իր հոր փոխարեն կռվի, բայց վիրավորված էր, որ զինվորականները նրան այլ առաջարկություններ են անում: Ասեցի՝ ոչ բոլորն են այդպես մտածում, զինվորական հագուստ տվեցինք ու էդ օրվանից մեր ջոկատի քույրն էր: Բայց պատերազմի ժամանակ Սուսաննան անհետ կորավ` ո՛չ մահացածների, ո՛չ ողջերի մեջ չկարողացանք գտնել նրան...
Հիշողությանս մեջ էդ աղջիկը մնացել է, ու միշտ էլ` մինչեւ կյանքիս վերջ կմնա:

«ԵԹԵ ՈՒԶԵՆԱՅԻ ՍՊԱՆԵԼ, ՄԻ ՀԱՏ ԿՐԱԿՈՑՈՎ ԿՍՊԱՆԵԻ ՆՐԱՆ»

-Անդրադառնանք Ձեր քրեական գործին: Դուք դատապարտվեցիք պարսիկ վարորդի կանխամտածված, շահադիտական սպանության հոդվածով: Սակայն գործում կա դատաբժշկական փորձաքննությունը, ըստ որի` Իրաջ Փուր Միրզաբեկը մահացել է գլխի վնասվածքից, որն առաջացել է վայր ընկնելուց: Ի վերջո, իրականում ի՞նչ է եղել, եւ ինչո՞ւ Ձեզ այդքան խիստ դատեցին:
- Երեւանում էինք, ընկերս գնացել էր «Էրեբունի» հյուրանոցի տակ գտնվող պարսիկների խանութը: Ասեց` գիտե՞ս ում եմ հանդիպել, ադրբեջանցու: Ասում եմ` ուրեմն մենակ չի, թե չէ ո՞նց է մտել Հայաստան: Մինչեւ գնացինք, փախավ: Մենակ հասցրեցի գրել «ֆուռի» համարները: Ասեցի` Սաքո, պիտի բռնենք, որ տանենք, հանձնենք անվտանգությանը: Ինչ ուզում է լինի, Հայաստանից գնալու է, ու փախչելու միակ ճանապարհն էլ Գորիսն է...
- Այսինքն՝ Ձեր արարքը թալանի կամ սպանության նպատակ չունե՞ր, ուզում էիք ազերիին բռնել ու հանձնել անվտանգությա՞նը:
- Այո, ով ինչպես էլ հիմա մտածի, իրականում հենց այդպես էլ ուզում էի անել...
Այդ օրը մեքենան` «ֆուռը», որ եկավ, ես մի հատ կրակեցի անիվին: Գործի մեջ կարծեմ կա նշված պատյանով դանակի մասին. դա իրենն էր: Նա հանեց դանակը, եւ ես կրակեցի ձեռքին` արմունկին: Ձեռքի վիրավորվելը պատահական չէր, բայց պատահականություն էր, որ ընկավ եւ գլուխը հարվածեց: Ես չէի ուզում նրան սպանել. եթե ուզենայի, հաստատ մի հատ կրակոցով կսպանեի նրան:
- Բանտում էլ հանգիստ չէիք մնում: Երկու անգամ` 2004 եւ 2009 թվականներին Ձեզ եւ Ձեր խցակից Մհեր Ենոքյանին հաջողվել է փախչել, այն էլ՝ անհամեմատ ավելի խիստ պահպանվող ցմահ ազատազրկյալների պահպանման գոտուց, եւ ամեն անգամ էլ այդ փախուստների հետ կապված լեգենդներ էին շրջանառվում: Առավել եւս՝ երկրորդի դեպքում, քանի որ ենթադրվում էր, որ առաջին փախուստից հետո Ձեր եւ Մհերի նկատմամբ հսկողությունը պետք է որ էլ ավելի խստացվեր: Ուրեմն՝ ինչպե՞ս ստացվեց, որ երկու փախչելու կարողություն ունեցաք, սակայն երկու անգամն էլ չկարողացաք «դրսում» թաքնվել եւ հայտնաբերվեցիք:
- Փախուստ կազմակերպելը ինձ համար դժվար չէր. դրանում ինձ օգում էր իմ մասնագիտությունը` հետախույզ լինելը: Եթե ես չկարողանայի փախչել, ուրեմն` ես էլ ինչ հետախույզ:
- Ո՞վ էր պլանավորել փախուստի ծրագիրը:
- Երկուսով` ես եւ Մհերը: Առաջին անգամ փախանք Գորիսի բերդից. այդ փախուստը կազմակերպել ենք վեց ամիս, այդքան ժամանակ պատրաստվում էինք, բայց ոչ ոք չէր էլ նկատում, որ պատրաստվում ենք փախուստի: Երբ ամեն ինչ պատրաստ էր, գիշերը ժամը 12-ին մեր փորած անցքով կարողացանք ազատության մեջ հայտնվել: Երկրորդ անգամ փախանք Երեւանի բերդից. այս անգամ էլ օգտվեցինք առիթից, որ բերդում վերանորոգում էր գնում: Էդ ընթացքում կարողացանք փախուստի համար անհրաժեշտ գործիքներ ձեռք բերել ու քիչ-քիչ փախուստի համար պայմաններ էինք ստեղծում:
Փախչելուց հետո՝ երկու անգամ էլ մեզ հայտնաբերեցին հեռախոսային զանգերի միջոցով:
Հիշում եմ, երբ Գորիսի բերդից փախա, գնացի Դավիթաշենի այգում նստեցի ու չգիտեի` որն է լինելու իմ երկրորդ քայլը: Առաջինն ինձ մոտեցողները եղան երեխաներ: Էդ երեխեքից մեկը` մի 10-11 տարեկան, հազիվ քայլելով եկավ, ձեռքերը դրեց ծնկներիս ու նայեց աչքերիս մեջ: Եվ դրանով այդ պահին կարծես  ինձ ուժ տվեց (արտասվում է-Ի.Ա.): Դրանից հետո մի տարեց մարդ մոտեցավ, նստեց կողքիս, ասեց` առավոտվանից նստել ես այգում, ինչի՞ չես շարժվում: Ասեցի` հոպար ջան, ոտներս ուռել են, ցավում են: Նա էլ, թե՝ գիտեմ, ով ես, բայց զարմանում եմ, որ քո մասին էնքան վատ լուրեր են տարածել: Ես կյանքը տեսած մարդ եմ, քո հետ խոսալով էլ տեսնում եմ, որ նման լուրերը սուտ են տարածում, վատ մարդուն էրեխեքը էդ ձեւի չեն ձգի...
Վերջում նշենք, որ Սողոմոն Քոչորյանը այժմ բուժվում է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Նա ունի առողջական լուրջ խնդիրներ՝ սրտի ծանր հիվանդություն. մեզ հետ զրույցի ընթացքում էլ մի քանի անգամ սուր նոպաներ ունեցավ: Իսկ վերջերս, ինչպես նրա մայրը` տիկին Զինան մեզ տեղեկացրեց, նրա մոտ հայտնաբերվել է ողնաշարի քաղցկեղ, եւ Սողոմոնն այժմ չի կարողանում նույնիսկ անկողնում շարժվել: Այդ վիճակում անգամ Սողոմոնը մտահոգվում էր, թե իր մասին ինչ կմտածեն, եւ այդ պատճառով նույնիսկ հրաժարվեց լուսանկարվել. «Չեմ ուզում, որ այս վիճակով ինձ տեսնեն»:

Հարցազրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ