Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հոկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 29 30 31  
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Մշակույթ
Չորեքշաբթի, 28 Հոկտեմբեր 2015 16:45

«ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԵՐԲ ԻՄԱՆՈՒՄ ԷԻՆ` ՀԱՅ ԵՆՔ, ԻՐԵՆՔ ԷԻՆ ՍԿՍՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆ ՇՈՇԱՓԵԼ»

 

Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ օրերս է վերադարձել Ստամբուլից, ուր երկու օր` 680 տեղանոց լեփ-լեցուն հանդիսասրահում հայ, թուրք եւ ֆրանսիացի հանդիսականին ներկայացել է «Մարսել» մոնոներկայացմամբ: Ինչպես «Իրավունքին» փոխանցեց դերասանուհին, հանդիսատեսը ջերմ է ընդունել իր խաղը, հատկապես բարձր են գնահատել հոր` ներկայացման բեմադրիչ Հակոբ Ղազանչյանի ռեժիսորական մտահղացումը: Դերասանուհին նաեւ փոխանցեց, որ հյուրախաղերի հրավերը ստացել է Ստամբուլի Բոյալի Կուշ թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժալե Կարեբեկերիից:

 

 

 

«ՉԷԻ ԿԵՆՏՐՈՆԱՆՈՒՄ ԹՈՒՐՔ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ՎՐԱ»

«Առաջին օրը հանդիսատեսի մեջ մեծամասնություն էր կազմում հայ համայնքը, իսկ երկրորդ օրը թուրքեր էին, բայց մեծամասնությունը` ֆրանսիացիներ: Կարծում էի, թե բոլորը հրավիրատոմսերով էին եկել, բայց հետո իմացա, որ վաճառվել է բաց տոմսարկղով: Իրոք, ինձ համար դա շատ ուրախալի փաստ էր, փաստորեն մարդկանց դա հետաքրքրել է, գուցե պատճառը Պիաֆն էր, որ ֆրանսիացիներն այդքան շահագրգռված էին»,- «Իրավունքի» հետ զրույցում ասաց դերասանուհին ու մանրամասնեց. «Զգացողություններս իրարամերժ էին, քանի որ առաջին անգամ էր, որ դահլիճում մեծամասնություն էին կազմում ֆրանսիացիները, ու արդյունքում չէի կենտրոնանում թուրք հանդիսատեսի վրա, որովհետեւ ֆրանսիացի հանդիսականի առջեւ խաղալը պատասխանատու էր. ներկայացնում էի իրենց ամենա-ամենասիրված երգչուհուն, որի մասին բազմաթիվ գրքեր կան գրված, ում երգերով մինչ օրս ապրում են մարդիկ: Եվ ամենակարեւորը` լեզուն, ես անընդհատ մտածում էի, որ հանկարծ բեմում կիքս չանեմ, ֆրանսերենով լղոզված բառ չլինի: Այսինքն ֆրանսիացիների ներկայությունը անկախ ինձնից, պատասխանատվությունս ավելի մեծացրեց: Բայց ամեն ինչ անցավ, երբ վերջում ինձ մոտեցավ մի ֆրանսիացի արվեստագետ, նախ շեշտեց, որ Թուրքիայի այլ քաղաքից հատուկ եկել է Ստամբուլ, որպեսզի դիտի այս ներկայացումը եւ ասաց. «Նայում էի ու մտածում, որ ֆրանսուհու եմ նայում, ես չեմ էլ իմացել, որ հայուհի է խաղում»: Սա ինձ համար մեծ գնահատական էր, փաստորեն նաեւ լեզվական խնդիրն եմ հաղթահարել»:



«ՉԵՄ ՈՒԶԵՆԱ ԱՆԸՆԴՀԱՏ ԽԱՂԱԼ ՄԻԱՅՆ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ»


Իսկ թե ինչու է ներկայացումը քիչ խաղացվել հայ հանդիսատեսի համար, դերասանուհին խոսեց դրա պատճառների մասին. «Նախ բեմը, որովհետեւ ներկայացումը կամերային է ու պահանջում է, որ հանդիսատեսն ավելի մոտ նստած լինի: Մենք փորձեցինք մի տարբերակ` հանդիսականը նստի բեմում, բայց հետո հասկացանք, որ պետք է շատ ավելի մեծ բեմ, որը մի քիչ գոնե տարածություն կունենա: Եվ հետո, ներկայացումը, կարելի է ասել, ունի իր ներքին սկզբունքները, ինչու ոչ, պահանջում է հատուկենտ հանդիսատես, որոնք գոնե մի փոքր տեղեկացված կլինեն, թե ընդհանրապես ով է Մարսել Սերդան, եւ հատկապես ով է եղել Պիաֆի համար: Որպեսզի հետո հարց չառաջանա, թե բոքսի ձեռնոցներն ինչ կապ ուներ Պիաֆի հետ, որ չհարցնեն թե դրանք ականջակալնե՞ր էին, որ դրեցիր... Կամ ինչո՞ւ է ներկայացումը կոչվում Մարսել, այլ ոչ թե Էդիտ Պիաֆ: Ուրեմն ինչ-որ անմիջական կապ ունեն չէ՞ բոքսի ձեռնոցները: Օրինակ` Գերմանիայում երբ խաղացի ներկայացումը, արդեն հանդիսատեսից զգում էի, որ գիտեն, թե ինչ է կատարվելու բեմում, անգամ եթե ծանոթ էլ չեն Պիաֆի կենսագրությանը, գոնե համացանցում նայել են, թե ով է Մարսել Սերդանը: Այնպես չէ, որ Հայաստանում տեղեկացված չեն, ուղղակի քիչ տոկոս են կազմում, իսկ ես չեմ ուզենա անընդհատ խաղալ միայն պրոֆեսիոնալների համար: Հուսամ` այս ներկայացումն անպայման կգտնի իր հանդիսատեսը, մոտ ապագայում ծրագրերում կա, որ երկու անգամ խաղամ Երեւանում»:


«ՈՐՔԱՆ ԷԼ ՀԱՄԱՐԵՆ ՄԶԿԻԹ, ՔՐԻՍՏՈՍԻ ՊԱՏԿԵՐՆԵՐԸ ՎԵՐԱՑՎԱԾ ՉԷԻՆ»


Բացի օտար հանդիսականի առջեւ լեզվական ու օտարության խնդիրը հաղթահարելուց` դերասանուհին իր համար եւս մի կարեւոր բան է հաղթահարել` իրականացրել է անկատար երազանքը. «Երբ 2003 թվականին եղա Ստամբուլում, թույլ չտվեցին մտնել սուրբ Սոֆիայի տաճարը, ասելով, որ այն մզկիթ է, որտեղ արգելված է քրիստոնյաների մուտքը: Նպատակ էի դրել, որ այս անգամ, ինչ էլ լինի, պիտի անպայման մտնեմ տաճարից ներս: Հուրախություն ինձ` այս անգամ հաջողվեց մտնել տաճար: Փաստորեն, հիմա այն էլի մզկիթ է համարվում, բայց որքան հասկացա, ներսում ոչ մի արարողություն տեղի չի ունենում` աշխատում են զբոսաշրջիկների համար: Ի դեպ, մուտքավճարը բավականին թանկ էր, ամեն դեպքում մենք մտանք: Որքան էլ այն համարեն մզկիթ, բայց ես տեսա, որ առաստաղին Քրիստոսի պատկերները վերացված չէին: Անկեղծ` չէի սպասում, ապշած էի, չնայած` շատ ուրախացա ու բջջային հեռախոսով արագ սկսեցի լուսանկարներ անել, որպեսզի հետո ապացույց ունենամ: Տաճարի մեջ կար խանութ, որտեղ վաճառում էին քրիստոնեական հուշանվերներ, իկոնաներ, խաչեր»:



«ԸՆԴՈՒՆՈՒՄ ԷԻՆ, ՈՐ 100 ՏԱՐԻ ԱՌԱՋ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ ԻՐԵՆՑ ՊԱՊԵՐԸ»


Չորս օր լինելով Ստամբուլում, Մարիամը հասցրել է նաեւ երկխոսության մեջ մտնել թուրք երիտասարդների հետ, ովքեր, դերասանուհու խոսքերով, զղջում են ու ընդունում, որ 100 տարի առաջ իրենց պապերը Ցեղասպանություն են իրականացրել հայերի նկատմամբ. «Երկու օր ներկայացումը հաջող խաղալուց հետո` մեկ ազատ օր ունեինք, մեզ հրավիրեցին մի կղզի, որտեղ մեծամասամբ հայեր էին ապրում: Իհարկե, շփվելով թուրքերի նոր սերնդի հետ, ասին, որ իրենք տեղյակ են Ցեղասպանությունից: Ավելին` հյուրանոցում աշխատող տղան մեզ ասաց, որ հիմա այդ մասին կա դասագրքերում` դպրոցական ծրագրով են անցնում»,- ասաց դերասանուհին ու շարունակելով պատմեց. «Ստամբուլում երբ իմանում էին` հայ ենք, իրենք էին սկսում Ցեղասպանության թեման շոշափել: Ամեն դեպքում, այսօրվա սերնդի մեջ ինչ-որ մեղքի զգացում կա, որը չեմ կարող ասել, թե ոգեւորում է կամ ուրախացնում, որովհետեւ գտնում եմ` դա այդպես էլ պիտի լիներ: Չեմ ասում, թե դրանից ինչ-որ շարժ կլինի, կամ ինչ-որ բան կփոխվի, ուղղակի գոնե թուրք երիտասարդներն ընդունում են եւ հասկանում, թե ինչ է տեղի ունեցել 100 տարի առաջ, ու դա իրենք են իրենց բերանով ասում` ընդունում են, որ 100 տարի առաջ Ցեղասպանություն են իրականացրել իրենց պապերը եւ ասում, որ ուզում են գալ Հայաստան»:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ