Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հոկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 31  
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Արտաքին Քաղաքականություն
Ուրբաթ, 30 Հոկտեմբեր 2015 15:02

ԱՆԿԱԽ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՑ՝  ԹՈՒՐՔԻԱՆ ԿՄՆԱ ՍԻՐԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՎՏԱՆԳԻ ԱՌԱՋ

 

Վերջերս Անկարայում 102 մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակման կազմակերպիչների մասով պաշտոնական մեղադրանքներ դեռ չկան: Եվ դա կարելի է հասկանալ. թեման ոչ միայն ներթուրքական քաղաքականության, այլեւ՝ աշխարհաքաղաքական հարթությունում է, իսկ դա հուշում է, որ մեղավորների բացահայտել-չբացահայտելը ամենատարբեր ուժերի ձեռքին դարձել է քաղաքական հարված-պաշտպանությունների գործիք:

ԷՐԴՈՂԱՆԸ` ՓԱԿՈՒՂՈՒՄ

Այդ գործոնը հատկապես նկատելի է ներթուրքական քաղաքականության մեջ: Բերենք թեկուզեւ այս պարզ օրինակը. դեռ առաջին օրերին նախագահ Էրդողանն ու նրա թիմակից վարչապետ Դավութօղլուն չհապաղեցին մեղադրանքների սլաքներն ուղղել քրդերի դեմ՝ ահաբեկչությունը որակելով որպես Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները տապալելու փորձ: Թե ինչու քրդերը պետք է ցանկանային տապալել ընտրությունները, դա դեռ հարցի մի կողմն է: Բայց ահա արդեն այս կիրակի կայանալիք ընտրությունների շեմին բոլորովին այլ մեղադրյալների մասին սկսեց խոսել Անկարայի դատախազությունը, թե ունեն փաստեր, որ ահաբեկչությունը «Իսլամական պետության» ¥ԻՊ¤ ձեռքի գործն էր: Սակայն նպատակը էլի նույնն է` «քաոս ստեղծել երկրում եւ հետաձգել ընտրությունները»:
Այն, որ դատախազության այս պնդումը արմատապես հակասում է երկրի նախագահի եւ վարչապետի քրդական ուղղվածության մեղադրանքներին, նկատել են նաեւ թուրքական լրատվամիջոցները՝ որոշ դեպքերում հնչեցնելով ակնարկներ, թե՝ դատախազությունը «թռել է Էրդողանի գլխից» եւ իր սեփական կամ միգուցե՝ դրսից, ավելի կոնկրետ՝ Վաշինգտոնից թելադրված խաղ է խաղում:

Այն է՝ վերջին պահին քրդերին հանել մեղադրանքների տակից, դրանով քրդական էլեկտորատի համար համեմատաբար հանգիստ քվեարկելու հնարավորություն ստեղծել, ինչը կվերահսկեն նաեւ օտարերկրյա դիտորդները: Եվ, արդյունքում, Էրդողանին հնարավորություն չտալ քրդական էլեկտորատին մեկուսացնելու  միջոցով ընտրությունների ժամանակ արհեստականորեն իր տոկոսները մեծացնել եւ խորհրդարանական մեծամասնությունը հետ վերցնել:
Հնարավոր տարբերակ է, միայն թե մի շարք աղբյուրներ էլ բոլորովին այլ կարծիքի են, թե՝ թուրքական դատախազության նկատմամբ Էրդողանն ունի հստակ վերահսկողություն, այսինքն՝ «գլխից թռնելու» տարբերակը պարզապես բացառվում է: Այսինքն, եթե դատախազությունը հերքում է Էրդողանի հին մեղադրանքները, ապա դա նշանակում է, որ պարզապես պաշտոնական Անկարայի համար է ձեռնտու դարձել մեղադրանքներն ԻՊ-ի դեմ ուղղել: Նախ՝ ընտրությունների հետ կապված, քրդերին ինչքան հնարավոր է, արդեն ճնշել են, եւ ընտրական օրերին այդ ճնշումները մինչեւ վերջ սրելն արդեն ձեռնտու չէ. դա կարող է առիթ դառնալ, որ մեծամասնությունը հետ վերցնելու դեպքում Էրդողանի ուղղությամբ դասական «գունավոր սխեմայով» միանգամից գործի գցվի արեւմտյան քարոզչամեքենան՝ ոչ լեգիտիմ ընտրությունների մեղադրանքով, դրան գումարվեն ներքին «հեղափոխական զարգացումները», քրդական հակահարվածները: Մի խոսքով՝ սովորական «հեղափոխական քաոս»՝ անորոշ հեռանկարներով, էլ չասած, որ դրան կարող են ավելանալ Անկարայի կողմից ԻՊ-ին օգնելու մեղադրանքները, որոնց ապացույցները որքան ասես` կան:
Բայց անկախ նրանից, թե Էրդողանն ինչքան կշարունակի կամ չի շարունակի քրդերին ճնշել, թուրքական «հեղափոխության» լուրջ վտանգը, միեւնույն է, օրակարգում է: Ընդ որում՝ անկախ նրանից՝ Էրդողանը կվերցնի՞ խորհրդարանական մեծամասնությունը ¥ինչը քիչ հավանական է համարվում¤, թե՝ ոչ: Պարզապես երկրորդ դեպքում Թուրքիան զրկվում է կառավարություն կազմելու հնարավորությունից՝ մտնելով քաոսի փուլ, իսկ արհեստականորեն մեծամասնությունը վերցնելով՝ Էրդողանը հայտնվում է «հեղափոխական քաոսի» հեռանկարի առաջ: Դրանից արդեն Թուրքիան երկրորդ Սիրիայի վերածելն էլ հեռու չէ, այն տարբերությամբ, որ Էրդողանը հազիվ թե կարողանա ստանալ Ռուսաստանի եւ Իրանի այն լայնամասշտաբ աջակցությունը, որն ստացավ Ասադը. ռուս-թուրքական հարաբերություններն ակնհայտորեն տեղափոխվել են աստիճանական սառեցման փուլ, թեեւ կա նաեւ այն վարկածը, որ սա կարող է եւ խաղ լինել:

«ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀՈՍՔՆ» ԷԼ ՌԴ-Ի ՀԱՄԱՐ ԷԱԿԱՆ ՉԷ

Չնայած փաստերը, որ իրոք Սիրիայի հետ կապված Մոսկվայի եւ Անկարայի ճանապարհները գնալով ավելի են իրարից հեռանում, դժվար կլինի խաղով բացատրել: Օրինակ՝ հարաբերությունների սառեցման մասին է ակնարկում, որ չնայած բազում խոստում-հայտարարություններին, այդպես էլ դեռ ստորագրված չէ «Թուրքական հոսք» գազատարը, որը պետք է Թուրքիայով տարեկան մոտ 60 միլիարդ խմ գազ հասցներ Եվրոպա: Ավելին. ստորագրված չէ անգամ դրա, այսպես ասած, առաջին փուլի՝ 15 մլրդ խմ-անոց խողովակաշարի պայմանագիրը: Այդ ծրագիրը, հիշեցնենք, ի հայտ եկավ այն պահին, երբ Եվրոպան մերժեց Սեւ ծովով Բուլղարիա եւ Հարավային Եվրոպա գազ հասցնելու «Հարավային հոսք» գազատարը: Այսինքն՝ «Թուրքական հոսքի» միջոցով Ռուսաստանը կոմպենսացնում էր «Հարավային հոսքի» տնտեսաքաղաքական կորուստները, իսկ Թուրքիան, բացի կոնկրետ տնտեսական շահից, Եվրոպայի հանդեպ երկարաժամկետ գործունեության «քաղաքական մահակ» էր ձեռք բերում: Կար այն վարկածը, որ «Թուրքական հոսքի» մեկնարկը ձգձգվում է՝ կապված Թուրքիայի ներքին այս անորոշությունների հետ, եւ ամբողջական իշխանությունը հետ ստանալով՝ Էրդողանն անմիջապես կվերադառնա իր համար այդքան շահավետ «Թուրքական հոսքին»: Միգուցե ի սկզբանե հենց այդպես էլ մտածում էին, բայց ահա Սիրիայում ռուսական գործողութունները չէին կարող իրենց խորքային ուղղումները չմտցնել ռուս-թուրքական հարաբերություններում: Նախ՝ Էրդողանը հայտարարեց, որ կարող են եւ հրաժարվել ռուսական գազից: Բայց ամենակարեւորը. կոնկրետ այսօր ռուսները հարվածում են իսլամիստներին, որոնց արդյունահանած ապօրինի նավթը գնում է Թուրքիա, եւ այնտեղից էլ վարձատրությունը Սիրիա է վերադառնում իսլամիստական նոր խմբերի եւ զենք-զինամթերքի տեսքով: Եթե սրան ավելացնում ենք, որ ըստ սիրիական միանգամայն արժանահավատ աղբյուրների՝ մասնավորապես Հալեպում իսլամիստների շարքերում քիչ չեն իսլամիստ ներկայացող թուրքական զինուժի ներկայացուցիչները, ստացվում է, որ Ռուսաստանն ու Իրանը Սիրիայում ոչ միայն անուղղակի, այլեւ ուղղակի պատերազմում են նաեւ Թուրքիայի դեմ: Հիշատակված թուրքական ահաբեկչությունը ԻՊ-ի դեմ ուղղելը միգուցե Անկարայի կողմից մեսիջ էր, որ սիրիական իրավիճակի հանդեպ կփորձի այլ վերաբերմունք ձեւավորել, առավել եւս, որ Վաշինգտոնն անգամ կամաց-կամաց ստիպված է Սիրիայի հետ կապված ռուսների հետ բանակցությունների մեջ մտնել՝ անգամ հանդուրժելով Իրանի մասնակցությունը: Բայց անգամ այս նոր իրավիճակը ռուս-թուրքական հարաբերությունները եւ, մասնավորապես գազի թեման, հաստատ նախկին մակարդակին այլեւս հետ չի բերի: Այն պարզ պատճառով, որ Եվրոպան կարողացավ արագորեն լեզու գտնել ռուսների հետ, եւ արդեն իսկ տրված է «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարության մեկնարկը: Այն նույնպես տարեկան 55-60 մլրդ թողունակությամբ գազատար է, այսինքն՝ գազի այն հավելյալ ծավալը, որը ռուսները պատրաստվում էին Եվրոպա հասցնել նախ՝ «Հարավային հոսքով», ապա՝ «Թուրքական հոսքով», կհասցնեն «Հյուսիսային հոսք-2»-ով եւ կլուծեն իրենց ծրագրած տնտեսաքաղաքական շահի խնդիրը: Միայն թե ավելորդ խաղերի մեջ մտնելով՝ Թուրքիան, ինչպես որ ժամանակին Բուլղարիան, կորցրին գազի նման ծավալների տրանզիտից ստանալիք շահը, եւ ոչ միայն տնտեսական: Իսկ Եվրոպան եւ առաջին հերթին՝ Գերմանիան մի կողմից՝ ստիպված եղան ռուսական գազի առաջ բացել ճանապարհը, բայց օգտվեցին նրանով, որ այդ գազի Թուրքիայով անցնելու եւ այդ կերպ թուրքերի ձեռքը այդքան վտանգավոր «քաղաքական մահակ» տալու հեռանկարը վերացավ: Միգուցե «Թուրքական հոսքի» մեկ-երկու փուլ այնուամենայնիվ՝ իրականացվի: Բայց դա արդեն առավելագույնը 30 միլիարդ խմ գազ կկազմի, որից 8-10 միլիարդը հենց Թուրքիայի համար է: Դա արդեն Գերմանիան կկարողանա մարսել:
Մի խոսքով՝ ԱՄՆ-ը տեւական ժամանակ փորձում էր կտրել Եվրոպա ռուսական գազի մուտքն ու լուծել դրա քաղաքական հետեւանքների հարցը, եւ կարելի է ասել, որ այդ պայքարն ավարտվեց ռուսների օգտին: Ընդ որում՝ կա եւս մեկ պարտված կողմ՝ Ադրբեջանը, որն իրեն արդեն Եվրոպայի «գազային փրկիչի» դերում էր պատկերացնում:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ