Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հոկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 31  
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Հանդիպում
Ուրբաթ, 30 Հոկտեմբեր 2015 15:24

«Ի ՎԵՐՋՈ, ԱՄԵՆ ՄԵԿԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ Է ԻՐ ՏԵՂԸ ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ»

 

Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի մեկնարկից անցել է 20 օր, որքան մոտենում է վճռորոշ դեկտեմբերի 6-ը, այնքան քաղաքական տրամադրություններն առավել սրվում են: Հենց սահմանադրական բարեփոխումների շուրջ էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ:

 

 

–Պարոն Մինասյան, այսօր կկայանա սահմանադրական «ոչ»-ի ճակատի առաջին, ըստ իրենց խոստումների, մասշտաբային հանրահավաքը: Չե՞ք կարծում, որ այս հարցում «այո»-ի կողմնակիցները մի փոքր հապաղում են:
– Ոչ, չեմ կարծում, եւ դրա համար կա մի քանի պատճառ. առաջինը` պետք է հասկանալ, թե վաղվա «ոչ»-ի միջոցառման շրջանակներում ինչ արժեքային համակարգեր է ներկայացվում: Եթե խոսքը նրանց մասին է, ովքեր «ոչ» են ասում միայն այն պատճառով, որ նախաձեռնության հեղինակը ՀՀ նախագահն է, բացարձակ անընդունելի մոտեցում է: Եթե նրանք քիչ, թե շատ հարգում են ՀՀ Սահմանադրությունը, պետք է առնվազն կարդային եւ իմանային, որ որեւէ սահմանադրական փոփոխության նախաձեռնության հեղինակ կարող է լինել կա՛մ ՀՀ նախագահը, կա՛մ Ազգային ժողովը: Իսկ Ազգային ժողով նշանակում է նաեւ նույն քաղաքական մեծամասնության համաձայնություն, այլ կերպ ասած` բոլոր դեպքերում նախաձեռնությունը պետք է բխի իշխանությունից: Այլ խնդիր է, որ նախաձեռնություն կարող են հրահրվել կամ առաջ մղվել հասարակության կամ քաղաքական տարբեր ուժերի կողմից: Ուզում եմ` հիշեցնել, որ երկար ժամանակ է, ինչ գրեթե բոլոր քաղաքական ուժերը, թերեւս բացառությամբ միայն իշխանությունների, խոսել են սահմանադրական փոփոխությունների կարեւորության մասին: Զգալի հատվածը խոսել է նաեւ կառավարման համակարգի փոփոխության մասին` նորից բացառությամբ Հանրապետական կուսակցության: Եվ գրեթե բոլորը` բացառությամբ ՀՀԿ-ի, խոսել են մեծամասնական ընտրական համակարգը հանելու ու համամասնական ընտրակարգ հաստատելու մասին: Այդ առումով ոչ թե պետք է դեմ արտահայտվել իշխանության նախաձեռնությանը, այլ հակառակը` պետք է համարել, որ յուրաքանչյուր քաղաքական ուժի, որն առաջադրել է այս խնդիրը` փոփոխությունների մասով, հենց իրենց հաղթանակն է այս փոփոխությունները: Մինչդեռ այդ անձինք կամ ուժերը «ոչ» են ասում միայն այն պատճառով, որ իշխանությունը համաձայնել է քաղաքական պահանջներին` այն ուժերի կողմից, ովքեր ժամանակին խոսել են փոփոխության կարեւորության մասին: Սա համարում եմ ոչ ճիշտ մոտեցում: Դրանով նաեւ երկխոսության, հանդուրժողականության եւ Հայաստանում ստեղծված սոցիալ-տնտեսական ու բարոյահոգեբանական վիճակը համատեղ ուժերով դուրս բերելու հանձնառությունից հրաժարվել է նշանակում: Մենք` Դաշնակցությունը, սահմանադրական այս փոփոխությունները համարում ենք մեր հաղթանակը, որովհետեւ մեր 20 տարուց ավելի պայքարը այսօր արժեւորվել է: Օրվա իշխանությունը ընդունել է մեր առաջարկությունների ճշմարտացիությունը, եւ հետեւաբար, սա համարում ենք փոփոխություններ, որոնց մեծ մասը իրացնում է հենց մեր այս երկու տասնամյակից ավելի պայքարը: Ահա թե ինչու մենք կանգնած ենք «այո»-ի կողքին եւ չենք ընդունում «ոչ»-ի փաստարկները:
– Ի դեպ, այսօրվա «ոչ»-երն էլ են խիստ տարբեր...
– Անշուշտ, կա «ոչ»-ի մեջ մի առանձին հատված, որը գաղափարական է դեմ փոփոխություններին: Սակայն ցավում եմ, որ դրանց մեջ էլ կան այնպիսիները, որոնք նորից այդ գաղափարականը առաջ չեն մղում, որպեսզի բանավեճ ծավալվի, այլ ընդամենը ասում են` «ոչ», քանի որ իշխանությունն է այն նախաձեռնել: Եվ թացը չորի հետ խառնելով` այսօր «ոչ»-ի ճամբարում կան շատ ուժեր, որոնք փորձում են բովանդակային «ոչ»-ի կողքին ձեւականը դնել եւ առաջ մղել իրենց մոտեցումներն ու ցանկությունները: Ի տարբերություն այս ամենի, «այո»-ն հանդես է գալիս մի քանի հիմնավորումներով եւ մի քանի դեմքով: Մենք` իբրեւ «այո» ասող քաղաքական ուժ, մեր համոզմունքով ամբողջությամբ համարում ենք, որ ճիշտ են այս փոփոխությունները: Եվ հարկավոր է ոչ միայն փոփոխությունները հանրաքվեի դնելու եւ քարոզելու առումով, այլ նաեւ հետագայում հանրության կողմից վսահության արժանանալու դեպքում, սա կյանք դարձնելու տեսակետից: Այսինքն` մեր հիմնական նպատակը չի ավարտվում դեկտեմբերի 6-ով: Եթե այդ օրը հանրության մեծամասնությունը, հույս ունենանք, որ «այո» կասի, եւ այն կհիմնվի գիտակցված քվեարկության վրա, ու քվեարկությունն էլ կգնա, իսկապես, օրենքի պահանջների խստիվ պահպանմամբ, մենք դրանից հետո հսկայական անելիքներ ենք ունենալու: Չէ որ համակարգային փոփոխություն է նախատեսվում, եւ դրա հիմքում ՀՀ քաղաքացին է ու պատասխանատու իշխանությունը, որ պետք է իրար հետ փորձենք ձեւավորել: Ուստի` շատ կուզենայի, որ նաեւ «այո»-ի մեջ գտնվող շատերը գիտակցեն այս ամենը:
– Դուք ԱԺ ամբիոնից ՄԻՊ-ի զեկույցին անդրադառնալով` նաեւ ակնարկեցիք այդ մասին: Արդյո՞ք տպավորություն է ստեղծվում, որ «այո» ասողների մի մասը արդեն իր առաքելությունն ավարտված է համարում` խորհրդարանում «կողմ» քվեարկելով նախագծին:
– Իսկապես կան այդպիսի մտահոգություններ, եւ դրանք միայն իմ կամ մեր քաղաքական ուժի մտահոգությունները չեն, այլ նաեւ հանրության մեջ է տարածված այն: Ոմանց թվում է, թե Ազգային ժողովում «կողմ» քվեարկելով սահմանադրական փոփոխություններին` դրանով իրենց առաքելությունն ավարտվեց, մինչդեռ կարծում եմ` այդ անձինք ոչ միայն պետք է իրենց քվեարկությունը կառուցեին իրենց համոզումների վրա, այլ նաեւ այդ համոզումներին համապատասխան` նաեւ հանրությանը ներկայացնեն փոփոխությունների դրական կողմերը: Եթե իրենք իրավիճակային են «կողմ» քվեարկել, ապա այդպիսի «կողմը», կարծում եմ, չի կարող օգտակար դեր խաղալ հանրաքվեի քարոզչության շրջանակներում: Ինչու, որովհետեւ մի կողմից  տեսնում ենք հակաքարոզչություն սահմանադրական փոփոխություններին, որտեղ բարձրաձայնվում են մոտեցումներ, մտքեր, որոնք իրականում առնչություն չունեն այդ փոփոխությունների հետ: Իսկ մյուս մասը փորձում է շանտաժի մեթոդով ահաբեկել հանրությանը, կեղծ տեղեկատվություն տարածել, թե սահմանադրական փոփոխություններով այսինչն է կատարվում, այնինչն է կատարվում: Եվ եթե «այո»-ի խմբում գտնվող քաղաքական ուժերի ներկայացուցիչները իրենք ծանոթ չեն փոփոխությունների ամբողջ ծավալին եւ համոզված չեն դրա ճշմարտության մեջ կամ ընդունում են այդ հակաքարոզչությունը, իրենք էլ իրենց հերթին են իրենց շրջապատում տարածում այդ բացասականը կամ առնվազն չեն դիմադրում, ինչը նույնպես բացասական ազդեցություն է թողնում հանրության վրա: Եվ ոչ միայն սահմանադրական փոփոխությունների «այո»-ի կամ «ոչ»-ի տեսակետից, այլ նաեւ այն սպասումների, որ հանրությունը պետք է ունենա: Իսկապես, շատ կուզենայի, որ «կողմ» արտահայտվող քաղաքական ուժերը լինեն ավելի խորքային վերլուծությունների եւ բանավեճերի պատրաստ, որպեսզի «ոչ»-ի բոլոր հակաքարոզչությանը կարողանան ներկայացնել սահմանադրական փոփոխությունների իրական բովանդակությունը: Հակառակ դեպքում, պարզապես, այն հիմնական ինստիտուտները, որոնք այսօր գործում են այդ մասով, կարծես թե, անտեսում ենք` մտածելով, որ այն առնչություն չունի սահմանադրական փոփոխությունների հետ: Ամենավառ օրինակը հենց մարդու իրավունքների պաշտպանի զեկույցն էր, որտեղ ՄԻՊ-ն իսկապես մեծածավալ աշխատանք էր կատարել, սակայն այն, ըստ էության, համակարգի առանձին տարրերի բացահայտումն էր իր ամբողջության մեջ եւ այն հենց հիմնավորումն էր նրա, որ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն կա:
– Ըստ Ձեզ, արդյո՞ք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի աքիլլեսյան գարշապարը կդառնա այս օրերին այդքան չարչրկված նույնականացման քարտերի խնդիրը:
– Ոչ, ի վերջո, նույնականացման քարտը, համաձայն օրենքի, համարվում է անձը հաստատող փաստաթուղթ: Սակայն, քանի որ հանրության մոտ տարածված պատկերացում կա առ այն, որ հանրաքվեի արդյունքների կեղծման գործում կարող են էական դեր խաղալ նույնականացման քարտերը, սա նպաստում է, որպեսզի բացասական էմոցիաները գերիշխեն: Իսկ առանձին դեպքերում նաեւ արջի ծառայություն մատուցողների համար լրացուցիչ մեխանիզմ կամ հնարավորություն է ստեղծվում` ցույց տալու համար, թե տեսեք, մենք որքան նվիրված ենք ու կարող ենք ապահովել այսքան ձայն: Մյուս կողմից` սա կարող է ստվեր գցել հենց նույն հանրաքվեի արդյունքների վրա, ինչը իբրեւ «այո»-ի կողմնակից ուժ, մեզ  բացարձակապես ձեռք չի տալիս, որովհետեւ համոզված ենք, որ եթե քաղաքացիների վստահության քվեն ստանալու է այն նույն գնահատականը, ինչ բազմաթիվ ընտրությունների կամ հանրաքվեների ժամանակ տրված գնահատականներն են, նշանակում է հանրությունն այս Սահմանադրությունն էլ չի համարի իրենը: Մինչդեռ երկրում սահմանադրականացման հիմնական ուժը հասարակության հավատն է, որ այն իրենց փաստաթուղթն է, իրենց ընդունած համաժողովրդական իրավունքն է, եւ իրենք այդ իրավունքն ընդունել են իրենց ընդհանուր կամքով, այլ ոչ թե ինչ-որ խումբ պարտադրել է իրենց կամ իրենց փոխարեն է քվեարկել: Այդ տեսակետից նույնականացման քարտերի օգտագործումը, իսկապես, պետք է այնպիսի ընթացակարգեր սահմանվի դրա օգտագործման համար, որպեսզի հանրության մոտ հնարավորինս փոքրացվի այն անվստահությունը, որ կա:
– Երեկ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, ով 90-ականներին իշխանական թեւում էր, մեղադրանքներ էր հնչեցնում ՀՅԴ-ի հասցեին` պատմական ակնարկ կատարելով Առաջին հանրապետության կարճատեւ տարիները: Այս համատեքստում հետաքրքիր է Ձեր տեսակետը նույն 1995 թվականին ընդունված սահմանադրական հանրաքվեի ու մերօրյա առաջիկա հանրաքվեի միջեւ:
– Նորանկախ հանրապետության ղեկավարությունը որոշեց կերտել սեփական պատմությունը` ընդ որում աղավաղելով եւ այլանդակելով անցած ուղին: Եվ հիմա, եթե հետահայաց նայում ենք, 1991 թվականին անցում կատարելով, ըստ էության, նախագահական կառավարման համակարգի, այն դեպքում, երբ մենք ունեցել էինք հոյակապ ընտրություններ` անկախության հրաշալի հանրաքվե, 1991 թվականից հետո երկրում հաստատվեց տոտալիտար կառավարման համակարգ: Եվ 1995 թվականի Սահմանադրությունը ընդունվեց հենց տոտալիտար համակարգը հաստատելու նպատակադրումով: Այն անցկացվեց, ըստ էության, քաղաքական բռնաճնշումների պայմաններում, երբ Դաշնակցությունը փակված էր, երբ Ազգային ժողովի, Գերագույն խորհրդի ընտրություններն ու Սահմանադրության հանրաքվեն իրականացվում էր զանգվածային ընտրախախտումներով: Սահմանադրական հանրաքվեն անցկացնելու համար անգամ ժամը 20:00-ին ընտրատեղամասերը փակելու փոխարեն, երկու ժամ ավելացրին, որպեսզի ապահովեն անհրաժետ տոկոս: Այսինքն` այս ամենի արմատավորումը եկավ եւ հաստատվեց նախագահական համակարգի պայմաններում, որը ոչ այլ ինչ էր, քան տվյալ պահին իշխող քաղաքական ուժի դիկտատուրայի իրավական մակարդակով ամրագրում: 1995-2005 թվականը երկիրն ապրել է այդ ձեւով: Ինչ վերաբերում է երեկվա` 1918-1920 թվականներին վերաբերող Հրանտ Բագրատյանի արտահայտություններին, կարծում եմ` սա նրա անհասկանալի պոռթկումն էր: Այն դեպքում, երբ փոխանակ ինքն ընդունի իմ հրապարակային բանավեճի պատրաստակամությունը, որոշեց չանել այդ եւ փորձեց իրականությունից կտրված կեղծ ինչ-որ հայտարարություններ անել: Հարգում եմ իմ քաղաքական ընդդիմախոսներին, չեմ ընդունում իրենց փաստարկները, առավել եւս սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ սխալ, իրականությունից դուրս հայտարարությունները: Իսկ ինչ վերաբերում է պատմական անցյալին, ապա պարոն Բագրատյանը շատ հեռու է, որպեսզի ՀՀ առաջին հանրապետությունը կերտող անձանց արժեքային համակարգի գոնե 10 տոկոսին տիրապետի: Ի վերջո, ամեն մեկին պատմությունն է իր տեղը ցույց տալիս:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ