Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հոկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 31  
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Ուրբաթ, 30 Հոկտեմբեր 2015 15:35

ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ՀԻՆ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐԸ ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿԵԼ

 

Օրերս ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հայտարարեց, որ նախարարությունը կսկսի ուսումնասիրել ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հայաստանում կանգնած գործարանների ճակատագիրը: Ըստ նախարարի` խոսքը 90-ականներին սեփականաշնորհված գործարանների մասին է, երբ ներդրողների վրա պարտավորություններ չէին դրվում: Արդյոք կա՞ որեւէ շանս, որ վերագործարկվեն գոնե ամենահայտնի եւ ամենահզոր գործարանները: Կա՞ն նման նախադրյալներ, թե հիմնականում մինչեւ վերջին հաստոցը վաճառվել է, եւ այդ ձեռնարկություններն իրենցից միայն «դատարկ պատեր» են ներկայացնում: Չնայած, եթե հավատանք «Նաիրիտի» կոլեկտիվի վերջերս արված հայտարարությանը, թե բավականին համեստ ներդրումներով այդ ձեռնարկությունը կարող է հաջողությամբ աշխատել, կարող ենք մտածել, թե մի քանի այլ երբեմնի հսկաներ եւս հնարավոր է տեղից շարժել: Այս հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան տնտեսագետների հետ:

Տնտեսագետ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ նշեց.

- Ամեն ինչ հնարավոր է, եւ այդ ամենն ուղղակիորեն կապված է մեր ցանկությունների, կամքի եւ ֆինանսական հնարավորությունների հետ: Եթե էկոնոմիկայի նախարարը գործարանները վերագործարկելու մասին ակնարկներ է արել, ապա նշանակում է, որ անկախ մեր սոցիալ-տնտեսական զարգացման աստիճանից, պետք է որոշ գործարաններ վերագործարկվեն: Մենք ունենք հնարավորություն` եթե ոչ բոլորը, ապա գոնե մի քանիսը վերագործարկելու: Այս քայլը միայն ողջունում եմ եւ ասում, որ առաջնային տեղում թող լինեն այնպիսի գործարաններ, որոնց կարիքն ու գործարկելու հնարավորությունը՝ ինչպես կադրային, այնպես էլ ֆինանսական առումով այս պահին ունի մեր երկիրը: Գործարանների վերագործարկումը կլինի այն դեպքում, երբ այդ ուղղությամբ աշխատեն միայն մասնագետներ:

Հայաստանի գործատուների միության նախագահ, տնտեսագետ ԳԱԳԻԿ ՄԱԿԱՐՅԱՆԸ փաստեց.
- Պետությունը երբեք չի կարող իր նախադրյալները ժխտել, գործարանների վերագործարկումը կարելի է իրականացնել միայն ներդրումների ճանապարհով: Որովհետեւ գործարաններն ինքնուրույն դժվար թե կարողանան ոտքի կանգնել: Բացի այդ,  նրանք չունեն մրցունակ բիզնես գաղափար: Էկոնոմիկայի նախարարի հայտարարությանը պետք է մի քիչ զգուշավոր վերաբերվել այն իմաստով, որ շատ գործարաններում ավերակ վիճակ է, այսինքն` հին տեխնոլոգիաները, որով նրանք աշխատել են նախկինում,  այժմ հեռու են իրականությունից: Միջինից ցածր մրցունակության համար նախատեսված ապրանքների համար Կ. Ճշմարիտյանի ասածը կարող է ճշմարիտ լինել, բայց ժամանակակից արտադրանքի համար հին գործարանները չեն կարող մրցունակ լինել: Առնվազն՝ 20-30 տարվա սարքավորումներով հնարավոր չէ որակյալ ու մրցունակ արտադրանք թողարկել, հետեւաբար այդ խնդրին պետք է մի քիչ լուրջ վերաբերվել: Որպեսզի Հայաստանի տնտեսությունը հասցվի Խորհրդային Միության ժամանակների մակարդակին, նվազագույն հաշվարկներով 4-5 մլրդ դոլար է հարկավոր ներդրումների համար: Այդ դեպքում արդեն հնարավոր կլինի գործարանների շահագործումը: Այստեղ շատ կարեւոր է, թե որ ոլորտներին հիմնականում ուշադրություն կդարձնեն. եթե պատահական գործարաններում ներդրումներ լինեն, պարզ է` արդյունքը զրո կլինի: Իսկ լավ հաշվարկի դեպքում մի քանի տարի հետո գերազանց արդյունք կգրանցվի տնտեսությունում:

«Հայրենական ապրանք արտադրող միության» նախագահ ՎԱԶԳԵՆ ՍԱՖԱՐՅԱՆՆ ընդգծեց.
- Գործարանները վերագործակելուց առաջ նախ պետք է ուսումնասիրվի ամեն կոնկրետ ձեռնարկության արտադրական վիճակը, տնտեսական կապերն ինչպիսին են եղել նախկինում, եւ արդյոք այդ կապերն այսօր կարող են իրականացնել գործարքներ: Եթե կոնկրետ գործարանն ունի հումքի, պատրաստի արտադրանքի իրացման շուկա եւ մնում է միայն, որ Էկոնոմիկայի նախարարությունը Արդյունաբերության աջակցման հիմնադրամի միջոցներով աջակցի եւ միջոցներ հատկացնի, ապա այս քայլը միայն պետք է ողջունել: Մեզ մոտ առաջինը պետք է գործարկվի Վանաձորի քիմպրոմը, որովհետեւ այս գործարանի ապրանքի իրացման շուկան հենց Հայաստանում է: Գործարանն արտադրում է ամոնյակային պարարտանյութ, ինչը մեր երկիր ներմուծվում է Վրաստանից՝ տարեկան 8 հազար տոննա: Հնարավոր է վերագործարկել նաեւ «Նաիրիտը», որը պետք է դիտարկվի համակարգաստեղծ գործարան: