Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հոկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 31  
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Ուրբաթ, 30 Հոկտեմբեր 2015 15:51

ՏԱՐԵԿԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՋՈՂՎԵԼ Է. 56 ՀԱԶԱՐ ՍՈՑՓԱԹԵԹԻ ՇԱՀԱՌՈՒ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԵԼ Է

 

2015 թվականից կառավարության որոշմամբ ուժի մեջ մտավ սոցիալական փաթեթի շահառուների համար նախատեսված տարեկան կանխարգելիչ բժշկական քննության ծրագիրը, որի նպատակն էր ՀՀ առողջապահության ոլորտի քաղաքականության մեջ շեշտը դնել կանխարգելիչ ծրագրերի վրա: Այսինքն՝ որպեսզի ոլորտը համակարգող մարմինը՝ Առողջապահության նախարարությունը, կարողանա հիվանդությունները հայտնաբերել ավելի վաղ փուլերում եւ համապատասխանաբար՝ ավելի արդյունավետ կազմակերպի քաղաքացիների հետագա բուժումն ու կանխարգելումը:

Նշենք, որ այս ծրագրի շահառուներ են հանդիսանում շուրջ 89 հազար քաղաքացիներ, որոնք պետական հիմնարկների աշխատակիցներ են, հանրային ոլորտների ծառայողներ՝ դպրոցների ուսուցիչներ եւ այլն:
Ի սկզբանե որոշված էր, որ շահառուները տարեկան կանխարգելիչ բժշկական քննությունները պետք է անցնեն ամբուլատոր պոլիկլինիկական բժշկական կազմակերպություններում, որտեղ նրանք սպասարկվում են:
Մեզ հետ զրույցում Առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանը, ամփոփելով ծրագրի ինն ամիսները, ասաց, որ այն կարելի է համարել հաջողված:
«Ծրագիրը ողջ թափով սկսեց աշխատել ապրիլ-մայիս ամիսներից, երբ արդեն բոլոր շերտերի՝ ե՛ւ շահառուների ե՛ւ բուժանձնակազմի իրազեկվածությունը բավականին բարձր էր»,- ասաց մեր զրուցակիցը: Ինն ամսվա տվյալներով, տարեկան կանխարգելիչ բժշկական քննություն են անցել ավելի քան 56 հազար շահառու, ինչը կազմում է նրանց ընդհանուր թվի շուրջ 63 տոկոսը:
«Պետք է ասեմ, որ սա նոր ծրագրի համար բավականին հուսադրող ցուցանիշ է, առավելեւս, որ տարին դեռեւս չի վերջացել եւ մենք ունենք եւս երեք ամիս: Եվ հիմա մեր նպատակն է, որպեսզի ե՛ւ առողջապահական ոլորտը, ե՛ւ պետական մարմինները համատեղ ուժերով ապահովեն մինչեւ տարեվերջ, այս ծրագրում շահառուների հնարավորինս առավելագույն ընդգրկվածություն: Որովհետեւ ծրագրի բուն իմաստը կայանում է նրանում, որ ոչ թե մարդը հիվանդանա եւ գնա բժշկի արդեն  հիվանդ վիճակում, այլ՝ քանի դեռ առողջ է, աշխատանքային վիճակում է, մտահոգվի իր առողջության մասին: Եվ եթե կան որոշակի խնդիրներ, ապա դրանք ավելի շուտ բացահայտվեն»,- ասաց Սարո Ծատուրյանը: Առողջապահական գործակալության պետը համոզված է, որ այս ծրագիրն իր արդյունքին կհասնի, եթե ունենանք սոցփաթեթի շահառուների առավելագույն ընդգրկվածություն:
Պարոն Ծատուրյանը մեկ անգամ եւս հիշեցնում է, որ սկսած 2016 թվականից, այսինքն՝ հաջորդ տարվա սկզբից, եթե սոցփաթեթի շահառուն չանցնի իր տարեկան կանխարգելիչ բժշկական քննությունը, չի կարող օգտվել իր սոցիալական փաթեթի մյուս ծառայություններից. «Այսինքն՝ այն գումարը, որը կուտակվում է շահառուի բանկային հաշվի վրա, եւ նա կարող է օգտագործել մի քանի ուղղություններով, ինչպես գիտենք, դրա համար անհրաժեշտ է, որպեսզի նա բանկ ներկայացնի տեղեկանք՝ տրված պոլիկլինիկայի կողմից, որ նա անցել է այս կանխարգելիչ քննությունը»:
Նկատենք, որ սոցփաթեթի շահառուն, որն իր փաթեթի շրջանակներում կարող է ստանալ նաեւ հիվանդանոցային բուժօգնություն, եթե չանցնի կանխարգելիչ քննությունը, չի կարող ստանալ անվճար բուժօգնություն` նաեւ հիվանդանոցային պայմաններում, բացառությամբ շտապ եւ անհետաձգելի դեպքերի:
Մնացած բոլոր պլանային բուժօգնության դեպքերում նույնպես կպահանջվի ներկայացնել տեղեկանք, որ նա անցել է իր տարեկան կանխարգելիչ քննությունը: «Որպեսզի մեր շահառուները չունենան նման խնդիրներ` հաջորդ տարվա սկզբից, մենք մեկ անգամ եւս անհրաժեշտ ենք համարում բոլորին հիշեցնել եւ կոչ անել, որպեսզի մինչեւ տարեվերջ օգտագործեն մնացած ժամանակահատվածը, եւ ովքեր դեռ չեն անցել այս կանխարգելիչ բժշկական քննությունները, անպայման, կազմակերպեն: Մեր պոլիկլինիկաներում արդեն բավականաչափ փորձ է կուտակվել, մեխանիզմները մշակված են եւ առանց ավելորդ քաշքշուկների, ձգձգումների, հնարավորինս սեղմ ժամկետներում՝ մեկ, առավելագույնը մեկուկես օրում այդ ամբողջ գործընթացը կավարտվի»,- վստահեցրեց պարոն Ծատուրյանը:
Նա համոզված է, որ այդ ամենը բխում է հենց շահառուի շահերից, եւ մեկ-երկու անգամ այդ քննությունն անցնելիս մարդկանց մոտ կձեւավորվի սեփական առողջության մասին հոգ տանելու մշակույթը. «Սա համարում ենք դրական երեւույթ, որովհետեւ, եթե սա հոգեբանորեն մտնում է մարդկանց մեջ, հետագայում դառնում է վարքագծի մի բաղկացուցիչ մասը»:
Սարո Ծատուրյանը ողջունելի է համարում, որ բժշկական կանխարգելիչ քննություն անցած 56 հազար շահառուներից մի զգալի մասը՝ կեսից ավելին,  մարզերի բնակիչներն են. «Այսինքն, կարող ենք արձանագրել, որ մարզերում այս գործընթացն ավելի ակտիվ է գնում, շուրջ 34 հազար շահառուներ մարզերում են անցել եւ մոտ 22 հազարը՝ Երեւան քաղաքում: Հուսով ենք, որ Երեւանի ցուցանիշը մինչեւ տարեվերջ ավելի կբարելավվի»:
Նրա խոսքերով, իրականում սոցփաթեթի շահառուների մի զգալի մասը Երեւանում են կենտրոնացած, որովհետեւ այստեղ են գտնվում հանրապետական, գործադիր իշխանության մարմինները, նախարարությունները եւ այլ գերատեսչություններ:
Առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Ռուզաննա Յուզբաշյանն ընդգծելով ծրագրի կարեւորությունը` վստահեցրեց, որ ամեն տարի հազարավոր մարդիկ են մահանում ոչ վարակիչ տարբեր հիվանդություններից, որոնց մասին հաճախ չեն կասկածում: Շատ հիվանդություններ անգամ արտաքին ախտանշաններ չունեն ու միայն բժշկական քննությամբ է հնարավոր ախտորոշել:
«Այսինքն՝ մեր հետազոտության բուն նպատակը շատ վաղ շրջանում հիվանդությունը հայտնաբերելն է, հատկապես այն հիվանդությունները, որոնք մարդուն չեն տալիս երեւացող ահազանգեր: Մենք քայլում ենք, ուտում ենք, խոսում ենք, աշխատում ենք, բայց ինքն այնտեղ զարգանում է, եւ դու չգիտես՝ ի՜նչ է զարգանում: Շատերս գիտենք, որ մեր մերձավոր ազգականներից մեկը՝ հայրը, մայրը, տատիկը կամ պապիկը, դիաբետ ունի, բայց ո՞վ է գնում հենց այնպես հետազոտվելու, իմանալով էլ չենք գնում: Սա, կարծում ենք, կհանգեցնի վարքագծի փոփոխության։ Մարդը, որը մեկ անգամ անցնի այդ հետազոտությունը, կհասկանա դրա կարեւորությունը եւ հաջորդ անգամ առանց ստիպելու կգնա»,- ասում է Ռուզաննա Յուզբաշյանը՝ նշելով, որ ոչ վարակիչ հիվանդություններն ամենամեծ մահացության բեռն են Հայաստանում: Ըստ մեր զրուցակցի՝ առաջին տեղում արյան շրջանառության հիվանդություններն են, ապա՝ չարորակ նորագոյացությունները, շաքարային դիաբետը: Ռուզաննա Յուզբաշյանը նաեւ ասաց, որ հետազոտությունների ընթացքում քաղաքացուն տրվում է խորհրդատվություն, օրինակ՝ ծխելը թողնելու հետ կապված, առողջ սննդի օգտագործման, ֆիզիկական ակտիվության եւ այլն:

ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ