Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հոկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 31  
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Մշակույթ
Ուրբաթ, 30 Հոկտեմբեր 2015 16:00

35 ՏԱՐԻ ԱՆՑ. «ԿՏՈՐ ՄԸ ԵՐԿԻՆՔ» ՖԻԼՄԻՑ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԱԾ ԿԱԴՐԵՐՆ ՈՒ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԻՐԱԿԱՆ ԿԵՐՊԱՐՆԵՐԸ

 

Տարին հոբելյանական է երբեք չհնացող ու այդքան սիրված «Կտոր մը երկինք» ֆիլմի համար: Ուղիղ 35 տարի առաջ կայացավ ֆիլմի պրեմիերան` Թորիկի եւ Անժելի արգելված թվացող սիրո պատմությունը: Եվ առ այսօր ֆիլմից ցիտված խոսքերը մնացին յուրաքանչյուրիս ընտանիքում, շրջապատում: Ժամանակի համար բավական համարձակ այս ֆիլմը թե՛ երաժշտությամբ, թե՛ դերակատարումներով ու ռեժիսուրայով առ այսօր հայ ֆիլմադարանի լավագույն գոհարներից է համարվում: Ի վերջո, թե ո՞րն էր այս ֆիլմի հարատեւման գաղտնիքը, «Իրավունքը» պարզեց «Կտոր մը երկինք»-ում իրենց ներդրումն ունեցած արվեստագետներից:

 

«ՖԻԼՄՈՒՄ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՀԱՏԿԱՆԻՇԸ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔՆ Է»


Ֆիլմում կարճ, բայց եւ բավական բարդ դեր ուներ ՀՀ վաստակավոր արտիստ ԷՎԵԼԻՆԱ ՇԱՀԻՐՅԱՆԸ, ով ունենալով հարգված ընտանիք` այնուամենայնիվ, վստահել էր ռեժիսորին ու նկարահանվել անբարո կնոջ կերպարում: 35 տարի անց անդրադառնալով ֆիլմի շեշտադրումներին` դերասանուհին ասաց. «Այս ֆիլմում ամենակարեւոր հատկանիշը, որ գնահատում եմ, մարդկային վերաբերմունքն է ամեն ինչի նկատմամբ` այդ սերը, որ հաշվի չառնելով ոչինչ` ծնվեց երկու երիտասարդների միջեւ: Մանավանդ այն շրջանում, երբ շատ բարդ էր, բայց տղան (Թորիկը) կարողացավ գնալ ընդդեմ հասարակության կարծիքների եւ ճիշտ ընտրություն կատարեց: Իսկապես, ֆիլմի հիմքում դրված է բարությունը: Եվ չպետք է մոռանանք, որ գրական գործն ինչքան էլ լավը լինի, կարեւոր է, թե այն ինչպես կնկարահանվի: Իսկ այն իրականություն դարձնելուն ձեռնամուխ էր եղել մեր տաղանդավոր ռեժիսորներից մեկը` Հենրիկ Մալյանը, որը շատ նուրբ մոտեցում ունեցավ: Նույնիսկ այն կտորները, որտեղ մենք էինք նկարահանվել (նկատի ունի անբարո կանանց մուտքը ֆիլմում-խմբ.) շատ նուրբ էր ամեն ինչ արված»:


«ՈՉ ՄԻ ԱՆԲԱՐՈ ՏԵՍԱՐԱՆ ՉՆԿԱՐՎԵՑ»


Տիկին Շահիրյանը խոսեց նաեւ ժամանակի համար համարձակ թվացող իր դերակատարումից. «Միշտ ասում են` վա՜յ, այդ մուտքն ինչպե՞ս նկարվեցիր, բայց չեն նկատում մի կարեւոր բան, որ այնտեղ իրավիճակը եւ դերասանական խաղը այնքան ճիշտ էր, որ իրականում ոչինչ չկատարվեց: Ոչ մի անբարո տեսարան չնկարվեց, բայց այնքան ճիշտ էր ամեն ինչ լուծված, որ ենթադրվում էր արդեն մնացածը: Եթե նկատել եք, այնտեղ ոչ մեկի ո՛չ թեւն է երեւում, ո՛չ ոտքն է երեւում, ընդհանրապես, լպիրշ տեսարաններ չկան, եւ դրա համար էլ համաձայնել էի նկարվել, որովհետեւ գնահատում էի այդ հանճարեղ ռեժիսորի աշխատանքը»: Ամեն դեպքում, ֆիլմի անձնակազմը բավական երկար է համոզել Է. Շահիրյանին, որպեսզի համաձայնի նկարահանվել այդ կտորում, իսկ թե ինչպես է երեք «անբարո» կանանց մուտքը նկարահանվել իրականում, պարզեցինք հետեւյալը. «Այդ հատվածը, որտեղ երեքով մուտք ենք գործում, նկարահանվել է Սուխումիում` բոլորովին դատարկ փողոցում` առավոտյան ժամը` 4-5-ը: Իսկ հետո առանձին նկարվել է այն տեսարանը, թե իբր այդտեղ տղամարդիկ կան: Մինչդեռ իրականում հանդիսատես չի եղել, ոչ ոք չկար, մենք միայնակ փողոցում քայլում էինք: Այսինքն` դերասանական ճիշտ խաղով կարողացանք ներկայացնել այն»:


«ՍՈՖԻԿՈ ՃԻԱՈՒՐԵԼԻԻ ՓՈԽԱՐԵՆ` ԿՈՒԶԵՆԱՅԻ ՀԱՅՈՒՀԻ ՆԿԱՐՎԵՐ»


Ըստ ՀՀ վաստակավոր արտիստուհու` ֆիլմի հաջողության գրավականներից էր նաեւ ճիշտ դերաբաշխումը. «Շնորհալի մարդիկ էին հրավիրված: Ֆրունզե Մկրտչյանն էլ շատ փոքր դեր ուներ, բայց տպավորիչ: Երիտասարդները շատ ճիշտ էին խաղում, Գալինա Բելյաեւան (Անժելը) հրաշալի կերտեց այդ աղջկա կերպարը: Եվ այս ամենը ճիշտ էր ընտրված ու օպերատորական աշխատանքն էր նուրբ արված, այսինքն` մալյանական ոճը կար: Սակայն ուզում եմ նշել, որ Սոֆիկո Ճիաուրելիի (Թորիկի մորաքույրը) փոխարեն, որին շատ եմ սիրում, կուզենայի հայուհի նկարվեր: Իսկ մենք ունեինք այդպիսի դերասանուհի, որ կարող էր նկարվել այդ կերպարում: Կրկնում եմ` շատ սիրում եւ գնահատում եմ այդ դերասանուհուն, թող սխալ տպավորություն չստեղծվի»:


«ԵՎ ՈՉ ՄԵԿԸ ՉՔՆՆԱԴԱՏԵՑ»


Ի վերջո, թե ինչպես ընդունվեց Էվելինա Շահիրյանի կերտած կերպարը 35 տարի առաջ` պրեմիերային ներկա հանդիսատեսի կողմից, դերասանուհին ժպիտով է հիշում. «Պրեմիերայի օրը ամուսնուս հետ լեփ-լեցուն դահլիճում նստած էի: Երբ մեր մուտքը սկսվեց, դահլիճն անդադար ծափահարում էր: Յուրաքանչյուր բան, եթե ճաշակով է արված, լպիրշ չէ, չնայած լպիրշ կերպար է ներկայացված, արվեստի գործ է: Եվ սա կար այս ֆիլմում, ինչի արդյունքում եւ ոչ մեկը չքննադատեց»:


ԱՆԺԵԼԻ ԴԵՐԻ ՀԱՄԱՐ ՄՈՏ 4 ՀԱԶԱՐ ԱՂՋԻԿ Է ՓՈՐՁՎԵԼ


ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ, ով ֆիլմում մարմնավորում է սկսնակ մսագործին, մեզ հետ զրույցում մտովի գնալով 35 տարի հետ` ասաց. «1980 թվականն էր, Գյումրիում էինք նկարահանում ֆիլմը, դա իմ առաջին դերն էր...»,- հիշեց դերասանն ու հատուկ առանձնացրեց ֆիլմում Անժելի կերպարը մարմնավորած` Գալինա Բելյաեւային. «Շատ համեստ աղջիկ էր եւ իսկական աստվածային գեղեցկություն ուներ, ես այդ ժամանակ նայում էի ու մտածում, որ Աստված նրան ստեղծելիս ոչինչ չի խնայել: Բայց այդքան գեղեցկության հետ շատ համեստ էր: Նկարահանման ընթացքում, երբ ավարտում էր իր կտորները, մի անկյունում նստում էր ու ինչ-որ բան գործում, աղջիկներից ինչ-որ մեկը ձեռագործ էր սովորեցրել իրեն: Հետո ընթացքում հասկացա, որ 3 ամսական հղի է:  Ամուսինն էլ ճանապարհելիս` Մալյանին ասել էր` հղի է, վախենում եմ նրան մենակ թողնել: Մալյանն ասել էր, որ հանգիստ եղիր, մենք նրան լավ կնայենք: Ֆիլմում պիտի լիներ նաեւ բաղնիքային տեսարան, ու Գալինան պիտի մտներ մերկ, որտեղ բոլոր  աղջիկներն ու կանայք էլ էին մերկ: Այդ տեսարանը նկարահանել են, բայց Գալինայի 3 ամսական հղիությունը երեւացել է, ու հենց այդ պատճառով այդ կտորը չընդգրկվեց  ֆիլմում»,- պատմեց Մովսիսյանն ու շեշտեց, որ Անժելի դերի համար մոտ չորս հազար աղջիկ է փորձվել. «Գեղեցիկ աղջիկներ էին գալիս, բայց Մալյանն ընտրեց Բելյաեւային: Մի օր Մալյանին հարցրի` իրեն որպես հա՞յ եք տեսնում, որ ընտրել եք, ասաց` այո, ասացի` բայց նա հայի քիչ է նման, պատասխանեց` ոչ, նա շատ է նման հայի` հատկապես Արեւմտյան Հայաստանի հայուհու: Սոֆիկո Ճիաուրելիի համար մեծ վեճեր եղան արդեն ավագ դերասանուհիների մեջ: Նրանք ասում էին` ինչու մենք չենք խաղում, իրոք, ոմանք նեղացան Մալյանից»:


«ՄԱԼՅԱՆՆ ՈՒՍԻՍ ՀԱՐՎԱԾԵԼՈՎ ԱՍԱՑ` ՔՈ ՀԱՐՑԵՐՆ ԷԼ ԼՈՒԾՎԵՑ»


Իսկ թե որն է ֆիլմի երկարակեցության գաղտնիքը, Հ. Մովսիսյանը շեշտեց. «Նախ` բոլոր շնորհքով մարդկանց կապը, որոնք հասկանում էին այն նյութը, թե ինչ է ուզում աշխարհին ասել Վահան Թոթովենցը, որին աքսորել էին իբրեւ գերմանական շպիոն: Շատ սիրով էինք աշխատում ֆիլմի վրա, այդ տարիներին բոլորը լավ էին ապրում, ամեն ինչ լավ էր, թեպետ` էլի արտագաղթ կար: Բայց ինչ գեղեցիկ ժամանակներ էին, ինչ վերածնունդ էր ապրում հայ ժողովուրդը»,- մտաբերեց դերասանն ու ժպիտով հիշեց, թե ինչպես գտան իր կերպարի պատանեկությունը մարմնավորող փոքրիկին. «Հետաքրքիր գտանք իմ երիտասարդ դերակարատարին: Բոլորինը կար, իմը չէինք կարողանում գտնել: Մալյանն ասաց. «Հարութ, արի գնանք Գյումրի, ման գանք, տեսնենք ինչ կարող ենք գտնել»: Մալյանի հետ քայլելն ու խոսելը  հաճույք էր, նա թեման թեմայի վրա չէր թողնում, կարող էր արագ փոփոխել թեման, ու պիտի արագ ուղեղ ունենայիր, որ հասնեիր իր հետեւից: Այդպես, արդեն 7-րդ դպրոցից էինք դուրս գալիս, հուսահատված ասաց. «Գնանք մի տեղ հաց ուտենք, սոված ենք»: Մեկ էլ տեսնեմ մի տղա, մոտ 12 տարեկան, տաբատի մեջից վերնաշապիկը դուրս եկած, վզկապը կիսատ-պռատ կապած, կոշիկների շնորոքները քանդված, գրքերը պայուսակից թափվելով վազելով գնում է: Ասացի, վա՜յ, սա լրիվ ես եմ, ես այսպես էի դպրոց գնում: Մալյանն ուսիս հարվածելով ասաց` քո հարցերն էլ լուծվեց: Բայց նկարահանման ժամանակ բացարձակ չերեւաց այդ երեխայի ակտիվությունը, մինչեւ հիմա իրեն չեմ տեսել, բայց կուզենայի գտնել ու շփվել իր հետ»:



«ՄԱԼՅԱՆԸ ԾԻԾԱՂԻՑ «ՈՒՇԱԹԱՓՎԵՑ»»


Հ. Մովսիսյանը նաեւ առանձնացրեց ռուս դերասանուհի Նատալյա Կրաչկովսկայայի ու իր կտորները. «Ֆիլմում տեսարան կա, որ Նատաշան ինձ գրկում է, այդ տեսարանը նկարահանելիս` բոլորը ծիծաղում էին, ինձ թվում էր` իմ վրա էին ծիծաղում: Հետո կողքից ասացին, որ Նատաշան այնքան գեր է, երբ ինձ գրկում է, իմ ձեռքերն իր մեջքին չեն հասնում, այդ տեսարանից առաջինը Մալյանը ծիծաղից «ուշաթափվեց»: Հետո, ֆիլմում խնձորների հատվածն է շատ հետաքրիր, երբ Թորիկի հետ խնձոր ենք բերում, ստիպված եղանք 3 անգամ 3 կիլոգրամ խնձոր բերել, որովհետեւ Նատաշան բոլորն ուտում էր նկարահանման ընթացքում ու ասում էր, որ կարող է ոտքը կամ մարմնի մի մասը բացել, բայց Մալյանն ասաց, որ մենք նման կադրեր ֆիլմում չենք ցուցադրելու»:


«ՄԱԼՅԱՆԸ ՉՈՒԶԵՑ ԻՆՁ ՀԵՏ ՌԵԺԻՍՈՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼ»


Իհարկե, ֆիլմի մասին խոսելիս, յուրաքանչյուրի ականջներում նախեւառաջ շշնջում է մանսուրյանական մեղեդին: Մեզ հետ զրույցում ՀՀ ժողովրդական արտիստ ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԸ հիշեց, թե ինչպիսի դժվարությամբ, բայց երիտասարդական խանդավառությամբ ստեղծեց այս կախարդական մեղեդին. «Այս ֆիլմում Մալյանի հետ աշխատեցինք: Երբ համաձայնությունս տվեցի` այդ երաժշտությունը գրելու, հանդիպեցինք եւ սպասում էի, որ ինձ իր ռեժիսորական առաջարկները, մտահղացումները կամ իր պահանջները կներկայացնի, բայց Մալյանը ռեժիսորություն չուզեց ինձ հետ անել: Սա ավելի դժվարացրեց իմ վիճակը, որովհետեւ պետք է ինքս ինձ հարցեր բարձրացնեի եւ ինքս էլ պատասխանեի այդ հարցերին: Մալյանը չեղավ այդ հարցեր բարձրացնողը»:

Ի դեպ, նյութն էլ գրելիս հիշեցինք, որ վարպետը` Սոս Սարգսյանը, մի անգամ բեմից ելույթ էր ունենում, երբ գրպանից հնչեց բջջայինի զանգը ու սիրված մեղեդին...Հանդիսատեսը ոտքի կանգնեց ու սկսեց զանգի հնչյունների ներքո ծափահարել վարպետին:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ