Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հոկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 31  
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Սպորտ
Ուրբաթ, 30 Հոկտեմբեր 2015 16:09

ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆ. «ՄԵՐ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԹԻՄԻՑ, ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ, ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ»

 

 

Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում նոյեմբերի 12-22-ը կանցակացվի շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանը եւ Կարեն Գրիգորյանը: Կանանց պայքարում Հայաստանը կներկայացնեն Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան, Սուսաննա Գաբոյանը: Առաջնությունից առաջ «Իրավունքը» զրուցեց գրոսմայստեր ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ:

 

-Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտված Եվրոպայի ակումբային առաջնությունում ռուսական «Յուգրայի» կազմում դարձաք բրոնզե մեդալակիր: Շնորհավորում ենք: Ի՞նչ կասեք մրցաշարի եւ Ձեր նվաճման մասին:
- Շնորհակալ եմ: Առաջին անգամ էի «Յուգրա» թիմի կազմում մասնակցում Ռուսաստանի եւ Եվրոպայի ակումբային առաջնությանը: Դրանից առաջ մի քանի տարի խաղացել էի «Միկա» թիմում, ինչպես նաեւ ավելի վաղ՝ ռուսական այլ ակումբի կազմում: Մեր թիմը բավականին ուժեղ էր, մենք չորրորդն էինք մեր գործակցով: Ոչ միայն շախմատային, այլեւ ընդհանուր մթնոլորտը թիմում շատ ջերմ ու ընկերական էր: Մրցաշարն անցավ համառ պայքարում, հատկապես՝ երկրորդ եւ երրորդ տեղերի համար պայքարը շատ բարդ էր, որովհետեւ առաջին տեղի համար պայքարում վրացական «Նոնա» ակումբը բոլոր մրցախաղերը հաղթեց եւ արժանիորեն դարձավ չեմպիոն: Մրցաշարից առաջ մեր առջեւ խնդիր էր դրված մեդալ նվաճելը: Եթե չեմպիոն դառնայինք, իհարկե, հրաշալի կլիներ, բայց բրոնզ նվաճելու դեպքում էլ մեզանից ե՛ւ մարզիչը, ե՛ւ ակումբի ղեկավարները շատ գոհ կմնային: Ուրախ եմ, որ մեր առաջ դրված խնդիրը կարողացանք հաջողությամբ լուծել:
- Նոյեմբերի 11-ին մեկնելու եք Եվրոպայի թիմային առաջնությանը: Ինչպե՞ս եք պատրաստվել մրցաշարին:
- Եվրոպայի ակումբային առաջնությունը, որին մասնակցեցի, կարելի է ասել, նաեւ նախապատրաստական էր Եվրոպայի թիմային առաջնությունից առաջ: Այսօր (հոկտեմբերի 30-ին) արդեն մեկնում ենք հավաքների, որը, ինչպես միշտ. կարեւոր մրցաշարերից առաջ, Շախմատի ֆեդերացիան է կազմակերպել: Մինչ այս էլ, պատրաստվել ենք ու պարապել, իսկ այս հավաքների ընթացքում էլ կփորձենք շախմատն ու հանգիստը համատեղել: Հավաքը լինելու է Ծաղկաձորում, շատ կարեւոր է, բացի մարզումներից, նաեւ լավ էներգիա ստանալ, որպեսզի ավելի լավ լուծենք շախմատային խնդիրները:
- Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի կանանց հավաքականի հնարավորությունները:
- Կարծում եմ՝ Եվրոպայի թիմային առաջնությանը գործակցով կլինենք հինգերորդը կամ վեցերորդը. մեզանից առաջ կլինեն շատ ուժեղ թիմեր՝ Ռուսաստանը, Ուկրաինան, Վրաստանը, եւ, կարծում եմ, չորրորդը կլինի Լեհաստանը: Մրցակցությունը հենց այս թիմերի հետ է լինելու: Բարդ է լինելու, որովհետեւ իսկապես ուժեղ թիմեր են, եւ եթե կարողանանք իրենց հետ խաղերում միավորներ կորզել, ապա բարձր տեղերի հույսեր կլինեն: Այ՝ օրինակ Ռուսաստանի եւ Ուկրանայի թիմերում են ամենաբարձր վարկանիշ ունեցող մարզիկները, իսկ Վրաստանն այս առաջնությանը եւս կխաղա «Նոնա» թիմի կազմով, որով դարձավ Եվրոպայի ակումբային չեմպիոն:
-Ի՞նչ կասեք տղամարդկանց թիմի հնարավորությունների մասին:
- Մեր տղամարդկանց թիմը, ինչպես միշտ, ֆավորիտ է ցանկացած առաջնությունում: Հատկապես թիմային առաջնություններում մեր հավաքականը շատ լավ է խաղում. այսպիսի մրցաշարերում նրանք կարողանում են դրսեւորել իրենց լավագույն որակները: Եռակի օլիմպիական չեմպիոն եւ աշխարհի չեմպիոն՝ սրանով ամեն բան ասված է: Մեր տղամարդկանց թիմից, ինչպես միշտ, սպասելիքները շատ են, իրենք մեդալների ռեալ հավակնորդ են:

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ