Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Նոյեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
            1
2 3 4 5 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Հանդիպում
Ուրբաթ, 06 Նոյեմբեր 2015 16:14

«Ո՛Չ ԱՐԵՎՄՈՒՏՔԸ, Ո՛Չ ՀՅՈՒՍԻՍԸ, Ո՛Չ ԷԼ ԱՅԼ ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ԽԱՌՆՎԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻՆ»

 

Մերժելով ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության`  բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնության էսկալացիան Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» հակահայկական զեկույցի քննարկումը հետաձգելու եւ նոր զեկուցող նշանակելու առաջարկը` նոյեմբերի 4-ին 24 «կողմ» եւ 16 «դեմ» ձայների հարաբերակցությամբ` ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովն այն ընդունեց եւ լիագումար նիստ տեղափոխեց: Այս եւ մի քանի այլ հարցերի շուրջ էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը ԱԺ Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ:

 

- Տիկին Զոհրաբյան, վերոնշյալ փաստին անդրադառնալով` Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ նպատակ ունեք ԵԽԽՎ-ից հայկական պատվիրակության անդամների վերադարձից հետո քննարկել նրանց հետ ՀՀ-ի` ԵԽԽՎ-ի հետ հետագա հարաբերությունների որակը: Արդյո՞ք խոսքն ընդհանրապես ԵԽԽՎ-ի աշխատանքները բոյկոտելու մասին չէ:
– Բացարձակ` ոչ, մենք Եվրոպայի խորհուրդը բոյկոտելու որեւէ իրավունք չունենք, որովհետեւ այն նույնքան մեր կառույցն է, որքան այդ կառույցի անդամ մնացյալ 46 երկրներինը: Ուղղակի, պետք է Եվրոպայի խորհրդի ղեկավար կազմի հետ ճշտենք` արդյոք ԵԽԽՎ-ն պետք է հավատարիմ մնա իր հիմնարար սկզբունքներին` այն է` մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, ազատություն, անաչառություն, թե պետք է շարունակի իր այս արժեքների նենգափոխումը: Կարծում եմ`  շատ լուրջ զրույց պետք է ունենանք նաեւ ԵԽԽՎ-ում: Ինքս` որպես ԵԽԽՎ պատգամավոր, կոչ եմ անելու այդ հարթակում կազմակերպել բաց, հրապարակային քննարկում` ԵԽԽՎ-ի ներքին խնդիրների վերաբերյալ: Մենք չպետք է ներքին խնդիրները թաքցնենք, եւ ժամանակն է, որ խոսենք այն մասին, որ գերմանական հասարակական կազմակերպությունը, որը ժամանակին հեղինակել էր «Խավիարային դիվանագիտություն» աշխատությունը, հիմա նույնպիսի մի վերլուծություն է արել, որտեղ հստակ նշում է, որ իրենց իսկ ունեցած աղբյուրներով` ԵԽԽՎ 165 պատգամավոր ամսական ֆիքսված աշխատավարձ է ստանում (10 հազար եվրո)` Ալիեւի աշխատակազմից: Եվ պետք է խոսենք այն պատգամավորների ներկայությամբ եւ մասնակցությամբ, որոնց անունները շոշափվում են` որպես Ադրբեջանի դոլարային թմրանյութի ասեղին նստած մարդիկ: Այդ քննարկումը պետք է լինի թե՛ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովներում, թե՛ լիագումար նիստում, որովհետեւ եթե շարունակենք հետահայաց անընդհատ արձագանքել տեղի ունեցածին, ուղղակիորեն, այդ կառույցը տանելու է փակուղի եւ էապես խոչընդոտելու է այդ կառույցում այն պատվիրակությունների, այն երկրների աշխատանքը, որոնց նպատակը մեկն է` իսկապես, այդ կառույցում ստանալ անաչառ գնահատական` իրենց աշխատանքների:
Եվ, ի վերջո, եթե Եվրոպայի խորհուրդն իրեն իրավունք է վերապահում Հայաստանը շարունակ պահել մոնիթորինգի տակ եւ Հայաստանում տեղի ունեցող բոլոր գործընթացների վերաբերյալ գնահատական տալ, ինչը, բնականաբար մեր համաձայնությամբ է, ապա մենք էլ պետք է իրավունք ունենանք ԵԽԽՎ ղեկավարությունից պահանջել` հավատարիմ մնալ այդ կառույցի հիմնարար արժեքներին: Ի դեպ, ասեմ, որ նման առաջարկներ հնչել են նաեւ Լիբերալ-դեմոկրատների խմբի մի քանի գերմանացի պատգամավորների կողմից, այնպես որ, ճիշտ ժամանակն է, որ մենք էլ բաց եւ հրապարակային խոսենք Եվրոպայի խորհուրդը կոռոզիայի ենթարկող արատների մասին:
– ԵԽԽՎ-յան խնդիրներն Ադրբեջանի հետ է կապված եւ, ըստ էության, թվում էր, որ այս հարցում հասարակության, հայրենի ԶԼՄ-ների ու քաղաքական գործիչների մեկնաբանությունները պետք է միանշանակ լինեին: Մինչդեռ այս օրերին տեսնում ենք, որ մեղադրանքների սլաքներն ուղղվում են նաեւ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության հասցեին: Ի՞նչ կասեք այս մասին:
– Նախ նշեմ, որ ինձ համար կանխատեսելի էր այս զեկույցի ողջ ընթացքն այն պահից, երբ պարզ դարձավ, որ զեկուցողը Ռ. Ուոլթերն է: Մի մարդ, որը ԵԽԽՎ կանոնակարգի համաձայն, իրավունք չուներ ստանձնելու նման զեկույց, որովհետեւ կանոնակարգը այն անձանց, ովքեր ունեն հստակ շահերի բախում, իրավունք չի տալիս տվյալ խնդրի վերաբերյալ նման զեկույց պատրաստել: Իսկ նրա կինը Ադրբեջանում հսկայական բիզնեսներ ունի, Ռ. Ուոլթերն ունի երկքաղաքացիություն` Մեծ Բրիտանիայի եւ Թուրքիայի: Եվ երբ շահերի հստակ բախում ունեցող այս անձին ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովն այդուհանդերձ նշանակեց նման կարեւորագույն խնդրի վերաբերյալ զեկուցող, պարզ էր, որ զեկույցը չի լինելու անաչառ, որովհետեւ դրա նպատակը բացարձակ այլ է: Սա թուրք-ադրբեջանա-բրիտանական լոբբիի արդյունքում ծնված զեկույց է, որի նպատակը Արցախյան հիմնախնդրի կարգավորման իրական պատկերը խեղաթյուրելն է եւ փորձել խնդրի կարգավորումը Մինսկի խմբի մանդատից շատ սահուն կերպով տեղափոխել միջազգային այն կառույցներ, որտեղ Ադրբեջանը կարողանում է ֆինանսական իր լուրջ ներարկմամբ բազմաթիվ խնդիրներ լուծել: Մեզ համար դեռ այն ժամանակ ակնհայտ էր, որ շատ դժվար է լինելու: Ադրբեջանն այսօր Եվրոպայի խորհրդում ունի որոշիչ, գնված ձայների փաթեթ, որոնց մոբիլիզացնելով` կարողանում է ցանկացած նախաձեռնություն անցկացնել կամ տապալել: Չնայած, երբեմն նաեւ իրենց նախաձեռնություններն են տապալվում: Հիշենք վերջին դեպքը` քաղկալանավորների հետ կապված: Ինչ վերաբերում է հայաստանյան պատվիրակության դեմ ուղղված մեղադրանքներին, միշտ էլ մեղադրանքների համար ընտրվում է ամենազգայուն օղակը: Եվ այս դեպքում պատվիրակության վրա են մեղքը փորձում բարդել: Իմ գործընկեր Արմեն Ռուստամյանը ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում քննարկման ժամանակ ասել է, որ, իր տպավորութամբ, մենք գտնվում ենք Միլի մեջլիսում, խնդրում եմ` ինձ վերադարձնել ԵԽԽՎ: Այո, այդպես է, եւ սա չափազանցություն չէ: Եվ ես` որպես ԵԽԽՎ պատվիրակության անդամ, Ձեր թերթի միջոցով, ամենայն պատասխանատվությամբ, հայտարարում եմ, եթե ՀՀ խորհրդարանում կա որեւէ պատգամավոր, ով կարող է Ադրբեջանի դուստր ձեռնարկության վերածված ԵԽԽՎ-ում աշխատել շատ ավելի արդյունավետ, պատրաստ եմ պատգամավորական իմ տեղը զիջել այդ պատգամավորին: Իրապես շատ բարդ է, երբ խոսում ես եվրոպացի պատգամավորի հետ ու պետք է հակադրես քո ճշմարտությունը ադրբեջանական նավթադոլարներին: Նրանք լսում են քեզ եւ ասում` այո, Դուք ճիշտ եք, բայց... Իսկ այդ «բայց»-ը Ադրբեջանի կողմից ամեն ամիս հստակ ֆինանսական ներարկումներն են:

Միգուցե, հոգու խորքում նրանք հասկանում են, որ իրենք սխալ են իրենց վարքագծում, բայց, երեւի թե, ֆինանսական նարկոմանիան, ինչպես կվկայեն բժիշկները, շատ ավելի մեծ է: Բայց չեմ ուզում ամբողջ մեղքը բարդել օբյեկտիվ պատճառների վրա, մենք այստեղ լուրջ անելիքներ ունենք: Ըստ իս, պատվիրակությունը պետք է քննարկի մեր ներքին աշխատակարգի հարցերը:

Մասնավորապես` ի՞նչ աշխատակարգ պետք է լինի, որպեսզի կարողանանք այս կառույցում դիմակայել ադրբեջանական նավթադոլարների ազդեցությանը:

– Քանիցս ասել եմ եւ հիմա պիտի կրկնեմ` մենք ճիշտ չենք կարողանում աշխատեցնել ՀՀ խորհրդարան, Արտաքին գործերի նախարարություն, եվրոպական երկրներում մեր դեսպանություններ եւ Սփյուռք քառամիասնությունը: Շատ դեպքերում Սփյուռքը դիտարկում ենք որպես տարեց, շատ հարգարժան բարերարների ակումբ` այս կամ այն ծրագրի համար ֆինանսական ներդրում անելու նպատակով: Բայց, Սփյուռքում ունենք հրաշալի երիտասարդներ, ովքեր միջազգային կառույցներում են աշխատում, եւ որոնց ներուժը կարող ենք օգտագործել այսպիսի դեպքերում: Եվ նաեւ պետք է կարողանանք մեր դիվանագիտական կորպուսի նշանակումները ճիշտ եւ համարժեք կատարել: Չեմ ուզում կոնկրետ դիվանագետի մասին խոսել, բայց ունենք զավեշտի հասնող կուրյոզ դեպքեր` երբ մի երկրում նշանակվում է ՀՀ դեսպան եւ նա տանում իր հավատարմագիրը նոտարում վավերացնելու: Թվում է ֆանտաստիկայի ժանրից է, բայց վստահեցնում եմ, որ նման դեպք եղել է: Եթե մենք կարող ենք ունենալ այդպիսի դեսպան` հասկանալով, որ նրանից աշխատանքային արդյունավետությունն էլ պիտի հավասար լինի նոտարում վավերացրած իր հավատարմագրի կազուսի համարժեքությանը, ուրեմն` լուրջ անելիքներ ունենք:

– Ի դեպ, անելիքների մասին: Երեկ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Դուք հարց բարձրացրեցիք եվրոպական խողովակներից սնվող ՀԿ-ների գործունեության մասին: Չե՞ք կարծում, որ այստեղ մեծ բաց ունենք` հաշվի առնելով, որ լուրջ ֆինանսական աջակցություն ունեցող շատ ՀԿ-ներ այսօր միայն կրոնական կամ սեռական փոքրամասնությունների աջակցության համար են գործում:
– Այո, եւ մեր հանձնաժողովի որոշ անդամների հետ էլ քննարկեցինք այս հարցը: Ուզում ենք Եվրոպական ինտեգրման հանձնաժողովով շատ մեծ լսումներ կազմակերպել, հրավիրել տվյալ հասարակական կազմակերպություններին, Հայաստանում Եվրամիության դեսպանության ներկայացուցիչներին, նաեւ կառավարության ներկայացուցիչներին, որովհետեւ շատ դեպքերում, Եվրամիության ներկայացուցչության տարբեր մեր գործընկերներ հղում են անում, որ իրենք այս կամ այն ՀԿ-ն ընտրում են, որովհետեւ իրենց ուղղորդում են այս կամ այն նախարարությունից: Այդ ինչպե՞ս է լինում, որ 2009 թվականից այս հանձնաժողովի նախագահ եմ եւ տեսնում եմ, թե ինչպես են անընդհատ նույն ՀԿ-ները ստանում դրամաշնորհներ, եւ ինչպես Դուք իրավացիորեն նշեցիք, այդ կազմակերպություններից որոշներն ինչով են զբաղված: Սա լուրջ մտահոգության խնդիր է` ո՞վ է անընդհատ Եվրամիությանն ուղղորդում դեպի այդ ՀԿ-ները, կամ եթե շատ անաչառ ընտրության արդյունքում է լինում, չէ որ այդ կազմակերպությունների խնդիրը պետք է լիներ Հայաստան-Եվրամիություն կապի խորացման լոբբինգն իրականացնելը: Մինչդեռ արդյունքում բացարձակապես այլ արժեքների լոբբինգ է տարվում:
– Եվ մի վերջին հարց` օրերս Հայաստան ժամանած ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակության հետ ՀՀ ԱԺ-ում հանդիպման ժամանակ ներկա էիք նաեւ Դուք: Իրականում ի՞նչ ոչ կոռեկտ հայտարարություններ են հնչել խորհրդարանական որոշ ընդդիմադիր պատգամավորների կողմից, ինչն այսօր դարձել է լայն քննարկման առարկա:
– Անկեղծ ասած, նպատակահարմար չեմ գտնում փակ հանդիպման ֆորմատի մանրամասները հրապարակայնացնել: Միայն կարող եմ ասել այն, ինչ բառացի ես եմ ասել` ո՛չ Արեւմուտքը, ո՛չ Հյուսիսը, ո՛չ էլ այլ գերտերություն իրավունք չունի խառնվելու Հայաստանի ներքին գործերին եւ որեւէ բան թելադրելու Հայաստանին` լինի սահմանադրական փոփոխություն, թե` որեւէ այլ հարց: Որոշողը բացառապես ՀՀ քաղաքացին է, ինչն ի դեպ այն էր, ինչ որ ասաց տիկին Մատվիենկոն:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ