Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Նոյեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
            1
2 3 4 5 6 7 8
9 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Հարցազրույցներ
Երեքշաբթի, 10 Նոյեմբեր 2015 17:05

«ԿԻԲԵՌՀԱՆՑԱԳՈՐԾ ԿԱՆԱՅՔ ԲԱՎԱԿԱՆ ՔԻՉ ԵՆ»

 

Կիբեռհանցագործություններն աստիճանաբար իսկական գլխացավանք են դառնում աշխարհի համար: Հայաստանում էլ այդ հանցատեսակը գնալով իր դիրքերն է զբաղեցնում: Ի՞նչ իրավիճակ է ներկայումս. թեմայի շուրջ զրուցեցինք Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետի տեղակալ ՎԱՀԱԳՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ: Մեր զրուցակիցը եւս արձանագրեց, որ Հայաստանում, ինչպես աշխարհի այլ երկրներում կիբեռհանցագործությունների աճ է նկատվում.

 

 

Տրամաբանական է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց` կիբեռհանցագործությունները շատանում են: Դրանց թվաքանակն աճի միտում ունի ամբողջ աշխարհում, եւ Հայաստանը բացառություն չէ: Այսինքն՝ մենք նույնպես մտել ենք մի փուլ, երբ զգում ենք այդ հանցագործությունների տարեցտարի ավելացում: Հայաստանում ՏՏ ոլորտն առավել ինտենսիվ զարգացող տնտեսության ճյուղերից է: Բացի դրանից` տնտեսության ամենալայն ճյուղերի  ամենօրյա աշխատանքն անհնար է պատկերացնել առանց համակարգչային տեխնիկայի կամ ցանցային տեխնոլոգիաների: Իսկ նրանք, ովքեր այդ ոլորտում, այսպես ասած, պղտոր ջրում ձուկ որսացողներ են, չեն խորշում օգտագործել իրենց «հմտությունները»` կիբեռ ոլորտում շահույթ ստանալու համար:
- Կիբեռհանցագործներ ավելի շատ հայտնաբերվում են մազերո՞ւմ են, թե մայրաքաղաքում:
- Ընդհանրապես վիճակագրություն չենք վարել, բայց կարող եմ ասել, որ մարզերում կատարվող հանցագործությունները հիմնականում կապված են համակարգչային տեղեկատվության ապօրինի տիրանալու կամ համակարգչային տեղեկատվության համակարգ առանց թույլտվության մուտք գործելու հետ: Իսկ համակարգչային տեխնիկայի միջոցով հափշտակություններ կատարելն առավել յուրահատուկ է մեծ քաղաքներին, որովհետեւ այս հանցագործությունն առավել շատ գործարար կապերի հիման վրա կատարված հափշտակություններն են: Ինչպես նաեւ՝ բանկային քարտերի հետ կապված, ինչը եւս մեծ քաղաքներում է կենտրոնացած: Կուզենայի նշել նաեւ, որ թե՛ իրավաբանական անձանց եւ թե՛ ֆիզիկական անձանց նկատմամբ հանցագործությունների մեջ մեծ թիվ են կազմում այն հանցագործությունները, որոնք կատարվում են արտերկրից: Պետք է ասեմ, որ բացահայտումների առումով կան բավականին լուրջ հաջողություններ, որոնց համար բավական ակտիվ աշխատանք է տարվում` ներգրավելով նաեւ միջազգային համագործակցության հնարավորությունները, որոնք առկա են ՀՀ ոստիկանությունում:

«ԲԱՆԿԱՅԻՆ ՔԱՐՏԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՏԱՑԵԼ ԵՆ»

-Բանկային քարտերի հետ կապված` ի՞նչ դեպքեր են բացահայտվել եւ համեմատած նախորդ տարիների` աճ նկատո՞ւմ եք:
- Կոնկրետ օրինակներ չեմ կարող բերել, քանի որ դրանք նախաքննական գաղտնիք կազմող տեղեկություններ են: Սակայն ընդհանուր առմամբ կարող եմ արձանագրել, որ բանկային քարտերի հետ կապված հափշտակությունները շատացել են Հայաստանի Հանրապետությունում: Ընդ որում՝ հանցագործության այս տեսակը  դրսեւորվում է թե բանկային քարտերից եւ թե էլեկտրոնայն քսակներից հափշտակության եղանակով: Ցավոք՝ քաղաքացիները հաճախ բավական ուշ են հասկանում, որ իրենց քարտային հաշվից գումար է փոխանցվել որեւէ էլեկտրոնային քսակի, սակայն դրանց զուգահեռ կան նաեւ այդ ոլորտում բավական ունակ քաղաքացիներ, որոնք շատ արագ հայտնաբերում են: Այս ոլորտում ունենք բազմաթիվ բացահայտումներ, եւ կարծում եմ, որ հանրությունը  բավականաչափ իրազեկ է տվյալ հանցագործության մասին:
- Պարոն Հարությունյան, որքանով են անչափահասները ներգրավված կիբեռհանցագործության ոլորտում:
- Եթե ասենք, որ անչափահասների ներգրավվածության շատ դեպքեր են արձանագրվել, այդպես չէ: Անչափահասների մեծ մասը ավելի շատ իր գիտելիքների զարգացման առումով հնարավոր է կիբեռոլորտում ինչ-որ փորձարկումներ անի: Եվ եթե նույնիսկ այդ փորձարկումների արդյունքները քրեորեն պատժելի արարք են դառնում, ապա  շատ արագ խնդիրը կարգավորվում է եւ համապատասխան գնահատական է տրվում տվյալ արարքին:
- Ունե՞նք կիբեռհանցագործության ոլորտում կրկնակ հանցագործներ:
- Իմ պրակտիկայում նման դեպք, անկեղծ ասած:
- Իսկ սեռային առումով ի՞նչ միտում է նկատվում այս ոլորտում:
- Կիբեռհանցագործ կանայք այս ոլորտում բավական քիչ են: Այլ պատկեր է, երբ կանայք տուժողի կարգավիճակում են. կիբեռհանցագործություններից տուժած կանայք բավականին շատ են: Կապված նաեւ նրա հետ, որ վիրտուալ հարթությունում մարդիկ մի փոքր ավելի հեշտ են ծանոթանում, վիրտուալ հարթությունը թույլ է տալիս առանց անունն իմանալու ծանոթանալ, շփվել: Տեսեք, օրինակ կա հանցատեսակ, որը մենք անվանում ենք «սիրային ծանրոց», եւ դրա թիրախային խումբը հիմնականում հանդիսանում են 30-50 տարեկան կանայք: Դա չի նշանակում, որ օրինակ 29 տարեկանը չի կարող կիբեռհանցագործության զոհ դառնալ, բայց փորձը ցույց է տալիս, որ հիմնական տուժողները 30-50 տարեկան կանայքեն:
- Ունե՞ք ինչ-որ բան ավելացնելու:
- Կցանկանայի խորհուրդ տալ մեր քաղաքացիներին` ավելի ուշադիր լինեն թե գործարար կապերին, թե  ֆիզիկական անձանց հետ շփումներում, որովհետեւ այդ շփումների արդյունքում քաղաքացիները կարող են ոչ միայն շահել, այլեւ կորցնել: Ընդ որում կորցնել տարիներով հավաքած, կուտակած գումարները, կորցնել հավատը մարդկանց եւ վիտուալ աշխարհի նկատմամբ:

Հարցազրույցը`  ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ