Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Նոյեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Հանդիպում
Ուրբաթ, 13 Նոյեմբեր 2015 00:00

ՍՊԱՐՏԱԿ ՄԵԼԻՔՅԱՆ. «ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵՋ ՉԿԱ ԱՅԴՔԱՆ ԴԵՄ, ՈՐ ԳՆԱՆ ՈՒ ԴԵՄ ՔՎԵԱՐԿԵՆ»

 

«Ժողովրդավարություն եւ աշխատանք» կուսակցության ղեկավար, ՀՀԿ պատգամավոր Սպարտակ Մելիքյանը վերջերս հաճախ է լինում լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Բանն այն է, որ ըստ լուրերի` Սպարտակ Մելիքյանի ֆինանսական գործերը բարվոք չեն: «Իրավունքն» այս եւ այլ հարցերի մասին խոսեց օրենսդիր մարմնի ներկայացուցչի հետ:

–Պրն Մելիքյան, Ձեր ֆինանսական ոչ բարվոք վիճակի մասին լրատվամիջոցները հաճախ են գրում: Տեղեկություններն իրականությանը համապատասխանո՞ւմ են:
– Ավելի շատ իմ մասի՞ն եք մտածում, թե՞ ընդհանուր (ծիծաղում է -խմբ.): Իմ գործերը նորմալ են, իմ հարցերը լուծում եմ: Որոշակի խնդիրներ կան, որոնց լուծումը ժամանակով է պայմանավորված:
– Իսկ միգուցե մեր երկրի սոցիալ-տնտեսական դժվար իրավիճակո՞վ:
– Նաեւ դրանով: Դա ինչ կապ ունի: Երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը բոլորի վրա է ազդել: Պատգամավորը եւս մարդ է, նրա վրա էլ կարող է ազդել:

«ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ ԱՅՍ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ՉԵՆ ԼՈՒԾՎՈՒՄ, ՍԱԿԱՅՆ...»

–Պրն Մելիքյան, Սահմանադրական բարեփոխումների քարոզարշավն արդեն սկսվել է, ձեւավորվել են «Այո»-ի եւ «Ոչ»-ի շտաբերը: Մասնակցո՞ւմ եք Սահմանադրական բարեփոխումների քարոզարշավին: Եթե այո, ինչպե՞ս եք համոզում Ձեր ընտրողներին:
– Իհարկե, մասնակցում եմ, ինչպե՞ս կարող եմ չմասնակցել, անտարբեր մնալ: Կողմնակից եմ այո քվեարկելուն, փորձում եմ համոզել ժողովրդին, բացատրել, որ սա առաջընթաց է: Բոլոր հարցերը, այս Սահմանադրությամբ չեն լուծվում, սակայն հարցերից մեկը, որը դեռ պատգամավոր չլինելով բարձրացրել եմ, այն է, որ հարկավոր է անցնել ամբողջովին համամասնական ընտրակարգին: Շատ հարցեր էլ, որոնք միգուցե կլուծվեն հետագայում:
– Ձեր ընտրողներն ընթերցե՞լ են Սահմանադրությունը:
– Եթե ասեմ` բոլորը կարդացել են, իհարկե` ոչ: Բայց այն ընտրողները, ովքեր իրոք շահագրգռված են տեսնելու, թե ինչ փոփոխություններ կան, նրանք կարդացել են: Մնացածը փորձում ենք տեղում բացատրել:

«ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆՈՎ ԸՆՏՐՎԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՃԱԽ ԻՐԵՆՑ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԻՇԽԱՆԻԿՆԵՐ»

–ՀՀԿ-ական Ձեր գործընկերներից մեկը` Լեւոն Մարտիրոսյանը, «Իրավունք»-ի հետ զրույցում ասել էր, որ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու դեպքում ցանկալի կլինի միայն մեծամասնական ընտրակարգի գոյությունը:
– Ես կատեգորիկ դեմ եմ մեծամասնական ընտրակարգին, քանի որ այդ ընտրակարգով ընտրված պատգամավորները հաճախ իրենց ընտրատարածքում դառնում են իշխանիկներ: Դա սխալ երեւույթ է, հատկապես երբ քաղաքական կուսակցությունները պետք է պատասխանատվություն կրեն ժողովրդի առջեւ: Մեծամասնականով ընտրված պատգամավորը ավելի շահագրգիռ է իր ընտրատարածքում հարցեր լուծել…
– Դե, մեծամասնականով ընտրված օրենսդիր մարմնի ներկայացուցիչները փորձում են անկախ լինել: Դա ճի՞շտ չեք համարում:
– Ոչ: Պատկերացրեք`131 պատգամավոր կա: Եթե ամեն մեկը փորձի իր կողմը քաշել… Ընդհանուր հարցեր կան, որոնք պետք է լուծել:
– «Ոչ»-ի ճակատի ներկայացուցիչները վերջերս հայտարարում էին, որ իրենց հանդիպումները քաղաքացիների հետ ցույց են տվել, որ գրեթե բոլորը «ոչ» են ասում նոր Սահմանադրությանը, «այո» գրեթե չկա:
– Սուտ է, նման բան չի կարող լինել: Նրանք ամբողջ ժողովրդի հետ հո չե՞ն հանդիպել: Եթե Հայաստանում Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին կմասնակցի 1.000.000 ընտրող, նրանք չեն էլ հասցնի բոլորի հետ հանդիպել:
– «Ոչ»-ի ճակատի հակափաստարկներից մեկը սոցիալ-տնտեսական վիճակն է` ժողովուրդը սոված է, նրա ինչին են պետք սահմանադրական բարեփոխումները:
– Եթե դրան նայենք, ապա վերջին 25 տարում` անկախությունից ի վեր, միշտ էլ եղել են սոցիալական խնդիրներ: Ուրեմն պետք է ասեինք` մեզ անկախություն պետք չէ՞, Սովետը փլուզել պետք չէ՞ր: Կարծում եմ` սխալ մոտեցում է:

«ԴԵՄ ՔՎԵԱՐԿՈՂՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ 18 ՏՈԿՈՍ Է»

–«Ոչ»-ի ճակատին կհաջողվի՞ տապալել սահմանադրական բարեփոխումները:
– Ոչ, քանի որ ժողովրդի մեջ չկա այդքան դեմ, որ գնան ու դեմ քվեարկեն: Կան «դեմ»-եր, «այո» ասողներ ու կասկածողներ, որոնց հետ աշխատանք է տարվում: Որքան ես եմ հանդիպել, կատեգորիկ դեմ քվեարկողների քանակը 18 տոկոս է: Բայց կա 30 տոկոս չկողմնորոշված: Կհաջողվի ոչ-ին դեպի իրեն տանել 30 տոկոս չկողմնորոշվածներին, կստացվի ինչ-որ բան: Բայց կարծում եմ` չի ստացվի:
– 2016 թ.-ի բյուջեի նախագծի մասին տարբեր կարծիքներ կան: Ձեր գնահատականը ո՞րն է:
– Դժվար է լինելու, բայց պետք է առաջ գնալ, այլ տարբերակ չկա:
– Կա՞ն ոլորտներ, որտեղ հատկացումները նախորդ տարվա համեմատ պետք է ավելացվեին:
– Կարծում եմ` մեծ ուշադրություն պետք է դարձնել ՓՄՁ-ի զարգացմանը: Աշխատատեղ ապահովելու արդյունավետ ճանապարհը ՓՄՁ-ի զարգացումն է: Խոշոր գործարարների, հիմնարկների վրա հույսը դնելը անիմաստ է: Մյուս խնդիրը ԵՏՄ-ի հետ կապված` կա տենդենց` ավելի լավ պայմաններ ստեղծել, որպեսզի մեր գործարարների արտադրությունը ոչ միայն ունենա, այլեւ պահի: Կա հակառակ գործընթացը, որը պայմանավորված է ռուբլու արժեզրկմամբ, սակայն դրա դեմ պայքարել է պետք:
– Ընդդիմադիրներից մի քանիսի գնահատմամբ` 2016-ին բյուջեն յոլա գնալու բյուջե է:
– Յոլա գնալն էլ է լավ: Երբ հնարավորություն չի լինում ապրելու, յոլա գնալը դեռ լավ է:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ