Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Նոյեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Քրեական
Չորեքշաբթի, 18 Նոյեմբեր 2015 17:52

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄ՝ ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴԻՆ ԳՈՂ «ԿԱՐԳԵԼՈՒ» ՀԱՄԱ՞Ր

 

Օրերս «Աբովյան» ՔԿՀ-ի դատապարտյալ Ռուզաննա Սարգսյանը նամակով դիմել էր ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանին եւ «Իրավունք» թերթի խմբագրությանը՝ ուշադրություն հրավիրել իր քրեական գործին, որն ըստ նամակագրի «շինծու փաստերի վրա է հիմնված»: Բայց ամենաուշագրավը. նամակագիրը պնդում է, որ 14 բնակարաններից գողություն կատարելու համար 6,5 տարով դատապարտվել է այն դեպքում, երբ ունի հոգեկան խնդիրներ: Թե իրականում ինչ է տեղի ունեցել, փորձեցինք պարզել նրա փաստաբան ՄԿՐՏԻՉ ԴԱՎԹՅԱՆԻՑ:

Նախ նշեմ, որ պաշտպանյալս, ով արդեն մեկ տարուց ավել է, ինչ գտնվում է անազատության մեջ, տառապում է հոգեկան հիվանդությամբ` անձի հիստերիկ խանգարումով, որն ապացուցվել է բազմաթիվ բժշկական փաստաթղթերով: Բացի այդ՝ Ռուզաննայի խնամքին է մեկ տարեկան չորս ամսական մանկահասակ երեխան, ում խնամակալությամբ այժմ զբաղվում է նրա մայրը: Ռուզաննան եղել է ամուսնալուծված իր երեխայի հորից, եւ հենց այդ ժամանակահատվածում` հուսահատված ու լքված պահին հանդիպում է մի երիտասարդի, ում հետ սկսում է հանդիպել: Տղան ի սկզբանե տեղյակ է լինում, որ պաշտպանյալս ունի հոգեկան խնդիրներ, որ օգտագործում է հոգեմետ դեղեր, եւ հենց այդ հանգամանքը հաշվի առնելով հետագայում` Ռուզաննային ակամայից դարձնում է իր հանցակիցը: Նա պարբերաբար Ռուզաննային տանում է տարբեր տների մոտ եւ խնդրում, որպեսզի սպասի, իսկ ինքը մտնի իբր մեկ` իր քրոջ, մեկ` մորեղբոր, մեկ` ընկերոջ տուն: Նման դեպքերը հաճախակի բնույթ էին կրում, բայց պաշտպանյալիս մտքով անգամ չի անցել, որ իր սիրած տղամարդն իրեն խաբում է եւ կամա թե ակամա՝ դարձնում իր հանցակիցը: Այդ գողությունների շղթան այդպես էլ կշարունակվեր, եւ իրավապահներին չէր էլ հաջողվի բացահայտել 14 դրվագներով գողության փաստը, եթե մի օր պատահաբար իրականության մասին չտեղեկանար պաշտպանյալս եւ միանգամից` գիշերով չզանգահարեր ոստիկանություն:
- Ի՞նչ ասել է՝ «պատահաբար իմացավ»:
- Մի օր` երեկոյան, նստած թեյի սեղանի շուրջ, Ռուզաննան Հարությունին (սիրած տղային) հարցնում է՝ արդյոք ուժի մե՞ջ է հաջորդ օրը միասին` Ռուզաննայի համար նվեր գնելու պայմանավորվածությունը: Հարութն ասում է, որ փող չունի, պաշտպանյալս էլ, թե` բա դու ասում էիր, որ մորաքրոջդ տղան պարտք է քեզ: Հենց այդտեղ Հարութը սկսում է անկեղծանալ, թե իրականում տարբեր տներից գողություն էր կատարում: Ռուզաննան միանգամից շոկի մեջ է հայտնվում եւ պահանջում Հարութից, որ նա մեղայականով հանձնվի ոստիկանությանը: Հարութը հրաժարվում է, իսկ Ռուզաննան հենց նույն օրը` գիշերը ժամը 1:30 զանգահարում է 1-02 եւ հայտնում 14  դրվագներով գողության մասին: Նախ չեն հավատում, եւ միայն երրորդ զանգից հետո է ոստիկանությունը գալիս եւ տեղում ձերբակալում Հարութին: Մի քանի օր հետո Ռուզաննայի կողմից բացահայտված 14 դրվագով գողությունների փաստով քրեական գործ հարուցվեց, իսկ պաշտպանյալիս «շնորհակալություն» հայտնեցին, որ օգնել է գողության բացահայտմանը:
- Ինչպե՞ս Ձեր պաշտպանյալը հայտնվեց ճաղերից այն կողմ:
- Ամբողջ զավեշտը հենց դրանում է. պաշտպանյալիս դատապարտելով՝ իրավապահ եւ դատախազական համակարգի մի շարք պաշտոնյաներ բարձր պաշտոններ են ստացել: Մինչեւ վերջին պահը` դատարանում վճռի հրապարակումը, պաշտպանյալիս գլխի տակ քննիչները «փափուկ բարձ» էին դնում, թե՝ «Ռուզաննա ջան, դու խնդիր, պրոբլեմ չունես, դու օգնել ես օրենքին»: Այնինչ՝ իրականում Հարությունին մեղադրանք առաջադրելուց օրեր հետո, որպես մեղադրյալ են ներգրավել նաեւ պաշտպանյալիս՝ նրան այդ մասին անգամ տեղյակ չպահելով եւ ասելով, թե ուղղակի վկա է: Դատի օրը բերել են ինչ-որ պաշտպանի, ով Ռուզաննային ստորագրելու է տվել փաստաթղթեր՝ ասելով՝ միայն ցուցմունք կտաս ու կպրծնես: Այնինչ՝ այդ փաստաթղթերով միջնորդվել է արագացված դատաքննություն իրականացնել, իսկ Ռուզաննան այդ մասին տեղյակ էլ չէր: Արդյունքում՝ Ռուզաննան դատապարտվեց: Չնայած այն հանգամանքին, որ Հարությունն ինչպես նախաքննության ընթացքում, այնպես էլ՝ դատաքննության ժամանակ բազմիցս նշել է, որ կինը տեղյակ չի եղել իր հանցանքներից: Եվ միայն այն փաստը, որ նախաքննական մարմնի եւ դատարանի տիրապետման տակ եղած ապացույցները, որ Ռուզաննան տառապում է հոգեկան հիվանդությամբ, գտնվում է հոգեբույժի հսկողության տակ եւ օգտագործում է հոգեմետ դեղեր, որեւէ նշանակություն չունեցան, արդեն իսկ խոսում է քրեական գործի շինծու լինելու մասին:
- Բայց իրավապահների ինչի՞ն էր պետք մեղադրել նաեւ Ձեր պաշտպանյալին, եթե նրանց ձեռքին էր իսկական հանցագործը:
- 14 դրվագներով տարբեր գողության փաստերը բացահայտել է Ռուզաննան՝ իր ահազանգով: Դա, սակայն, քրեականի աշխատակիցները վերագրել են իրենց, որի համար էլ քրեականի հասարակ օպերը մի քանի օրվա մեջ դարձավ քրեականի պետ, դատախազության աշխատակիցը` բարձր պաշտոն ստացավ: Բա դատարանին պե՞տք էր իրենց կոլեգա-գործընկերներին պաշտոններից զրկել...
Եվ այսքանից հետո Վճռաբեկ դատարանն անգամ վարույթ չընդունեց գործը, իսկ ՄԻԵԴ դիմելու համար Ռուզաննայի մայրը ֆինանսներ չունի:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ